040.0020.13.01.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2001 թվականի N 20
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.08.01 N 770)
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվության տրամադրման կարգը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 25.08.01 N 770)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվության տրամադրման
(վերնագիրը փոփ. 25.08.01 N 770)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը:
(1-ին կետը փոփ. 25.08.01 N 770)
2. Սույն կարգով նախատեսված տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն պետական համապատասխան մարմին է ներկայացնում մաքսային արժեքի մասին տեղեկատվություն ստանալու հայտ:
(2-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
3. Հայտը կարող է լինել սովորական` տեղեկատվության մեկանգամյա տրամադրման համար, և պարբերական` ըստ ներկայացվող չափանիշների տեղեկատվության պարբերաբար տրամադրման համար:
4. Պարբերական հայտում նշվում են նաև տեղեկատվության տրամադրման պարբերականությունը, որը պետք է լինի առնվազն 15 օրից ոչ պակաս, և ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել 365 օրը:
5. Կոմիտեն ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով, սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից կարող է ստանալ տեղեկատվություն, որը վերաբերում է`
ա) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հասցնելու համար կատարված (սովորաբար` կատարվող) տեղափոխման, պահեստավորման, բեռնման, բեռնաթափման և համանման այլ ծախսերին` կախված ապրանքների բնույթից, քանակից, փաթեթավորումից, տրանսպորտային միջոցի տեսակից, տեղափոխման երթուղուց կամ պահպանման վայրից, ժամանակահատվածից և համանման այլ չափանիշներից.
բ) ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման կամ արտահանման հետ կապված Հայաստանի Հանրապետությունում կամ արտասահմանում կատարված (սովորաբար` կատարվող) ապահովագրական ծախսերին` կախված սույն կետի «ա» ենթակետում նշված և համանման այլ չափանիշներից.
գ) պայմանագրի որևէ կողմից մյուսին կամ որևէ երրորդ կողմի պայմանագրի շրջանակներում ռոյալթիների և թույլտվությունների դիմաց, որպես փոխհատուցում, զեղչ կամ տոկոսի տեսքով վճարման ենթակա, կամ տրամադրվող վճարների (գումարների) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման առնչությամբ կնքվող առևտրային պայմանագրերում սովորաբար կիրառվող մեծություններին (առևտրային վարկ, ռոյալթի, ֆակտորինգ, առևտրային զեղչեր և այլն).
դ) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գործարքներում սովորաբար կիրառվող գներին` ըստ ապրանքատեսակի, քանակի, գործարքի կնքման և մատակարարման ժամկետների.
ե) փաթեթավորման աշխատանքների արժեքին` ըստ ապրանքատեսակի, փաթեթավորման տեսակի, աշխատանքները կատարող երկրի, աշխատանքների կատարման ժամանակահատվածի և համանման այլ չափանիշների.
զ) Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արտահանվող ապրանքներից արտահանման երկրում գանձվող անուղղակի հարկերի դրույքաչափերին կամ ապրանքների արտահանմամբ պայմանավորված մատակարարին վճարված անուղղակի հարկերի գումարների վերադարձին.
է) ապրանքների իրացման ժամանակ որոշակի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում սովորաբար կիրառվող կոմիսիոն վճարների և առևտրային վերադիրների մեծությանը.
ը) Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում որոշակի ժամանակահատվածում որոշակի ապրանքների իրացման գներին:
(5-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
6. Կոմիտեն սույն կարգի համաձայն մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն ստանալու համար ներկայացնում է հայտ`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն` սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկատվության համար.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված տեղեկատվության համար.
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն` սույն կարգի 5-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերում նշված տեղեկատվության համար.
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն` սույն կարգի 5-րդ կետի «ը» ենթակետում նշված տեղեկատվության համար:
(6-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
7. Սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը պետական մարմնի կողմից կոմիտեին է տրամադրվում հայտ ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, այնուհետև, եթե հայտը պարբերական է, տեղեկատվությունը թարմացվում է հայտում նշված պարբերականությամբ մինչև հայտում նշված տեղեկատվության տրամադրման ժամանակահատվածի ավարտը:
(7-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
8. Հայտ ստացած պետական մարմինը հայտատուին կարող է առաջարկել փոփոխություններ մտցնել պահանջվող տեղեկատվության չափանիշներում, եթե ըստ ներկայացված չափանիշների տեղեկատվության մշակումն առկա տեղեկատվական հիմքի վրա անհնար է, որից հետո կոմիտեի և հայտ ստացած մարմնի միջև համաձայնեցվում են տեղեկատվության նոր չափանիշները:
(8-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
(կարգը փոփ. 25.08.01 N 770)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.07.2013, N 773-Ն | 10.08.2013, N 20 | |
25.08.2001, N 770 | 28.09.2001, N 20 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|