Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/1928/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/1928/05/08 
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան

Դատավորներ`

 Ա. Աբովյան
 Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

2008 թվականի նոյեմբերի 28-ին

քննարկելով ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը` վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու և վճռի պարզաբանումը մերժելու մասին 06.08.2008 թվականի որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքը մերժելու մասին 19.08.2008 թվականի Վարչական դատարանի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.08.2008 թվականի վճռով մերժվել է ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ՀՀ Նախագահի 19.02.2008 թվականի ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ Հանձնաժողովի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Միաժամանակ Դատարանի վճռի եզրափակիչ մասում նշվել է, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ Վճռաբեկ դատարան:

Դիմելով դատարան՝ ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանը պահանջել է պարզաբանել Դատարանի 01.08.2008 թվականի թիվ ՎԴ/1928/05/08 «վճռի եզրափակիչ մասում (վճռի նախավերջին մասում) բողոքարկման հիմք հանդիսացող իրավական նորմի բացակայությունը կամ, եթե դա վրիպակ է, ինչպե՞ս պետք է կատարվեն» ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Դատարանի 06.08.2008 թվականի որոշմամբ ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի դիմումը մերժվել է: Միաժամանակ որոշվել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/1928/05/08 վարչական գործով 01.08.2008թ. կայացված վճռի եզրափակիչ մասից առաջ «Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-115-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը» նախադասությունը փոխարինել «Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-115-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով և ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով դատարանը» նախադասությամբ:

Դատարանի 06.08.2008 թվականի որոշման դեմ բողոք է ներկայացրել Ռուբեն Թորոսյանը:

Դատարանի 19.08.2008 թվականի որոշմամբ Ռուբեն Թորոսյանի բողոքը՝ Դատարանի 06.08.2008 թվականի որոշումը վերացնելու մասին, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ռուբեն Թորոսյանի 04.03.2008 թվականի հայցադիմումի հիման վրա հարուցված գործը համարվում է ընտրական գործ: Մինչդեռ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա՝ վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «վերացնել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1928/05/08 վարչական գործով «ՎԴ 01.08.08թ. վճռում թույլ տված վրիպակն ուղղելու և վճռի պարզաբանումը մերժելու մասին 06.08.08թ. ՀՀ ՎԴ որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքը մերժելու մասին» 19.08.08թ. ՎԴ որոշումը»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դատարանի 13.03.2008 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի հայցն ընդդեմ Հանձնաժողովի՝ ՀՀ Նախագահի 19.02.2008թ. ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ Հանձնաժողովի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

2) Դատարանի 01.08.2008 թվականի վճռով ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի վերը նշված հայցը մերժվել է: Միաժամանակ, վճռի եզրափակիչ մասում նշվել է, որ վճիռը «կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ ՀՀ վճռաբեկ դատարան»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերն են (այսուհետ՝ ընտրական գործ): Նույն օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն իր բնույթով ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործ է և դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները: Հետևաբար Դատարանի վճիռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և վերանայման ենթակա չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի հիմքով, վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի

240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 19.08.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի եզրափակիչ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան