Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

քրեական վերաքննիչ դատարանի որոշում

ԵԿԴ/0050/11/08

  ԵԿԴ/0050/11/08

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

 

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

 

 

Ե. Խունդկարյանի

 

քարտուղար

Ա. Աբրահամյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով «Նարեկ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Արա Զոհրաբյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. «Պիցցա Դի Ռոմա» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ 2007 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնի քննիչի 2007 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ կալանք է դրվել «Պիցցա Դի Ռոմա» ՍՊԸ հանրային սննդի սպասարկման գործունեություն իրականացնող օբյեկտների, այդ թվում նաև Խորենացու փողոցի թիվ 43 հասցեում «Նարեկ» ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի վրա:

3. 2008 թվականի ապրիլի 29-ին Ընկերությունը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով վերացնել քննիչի կողմից 2007 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը` «Նարեկ» ՍՊ ընկերությանը պատկանող ք.Երևան, Խորենացու 43 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը:

2008 թվականի ապրիլի 29-ի դիմումի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը որևէ պատասխան չի ներկայացրել:

4. 2008 թվականի հունիսի 9-ին Ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերացնել քննիչի կողմից 2007 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը` «Նարեկ» ՍՊ ընկերությանը պատկանող ք.Երևան, Խորենացու 43 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը:

5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ առանց քննության է թողել «Նարեկ» ՍՊ ընկերության ներկայացուցչի բողոքը:

6. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել «Նարեկ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը:

7. «Նարեկ» ՍՊ ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել գույքի վրա կալանք դնելու մասին որոշման դեմ «Նարեկ» ՍՊ ընկերության ներկայացուցչի բողոքը առանց քննության թողնելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 26-ի որոշումը:

8. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել «Նարեկ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանը:

9. Վճռաբեկ դատարանը 2008 թվականի օգոստոսի16-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

10. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

11. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 03.05.2006 թվականին տրված թիվ 2112823 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Կենտրոն համայնքի Մ.Խորենացու փողոցի թիվ 43 շենքը սեփականության իրավունքով պատկանում է «Նարեկ» ՍՊ ընկերությանը:

12. «Նարեկ» ՍՊ ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող Մ.Խորենացու փողոցի թիվ 43 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը 26.12.2006 թվականի վարձակալության պայմանագրով վարձակալության է հանձնել «Պիցցա Դի Ռոմա» ՍՊ ընկերությանը:

13. 2008 թվականի փետրվարի 26-ին «Նարեկ» ՍՊ ընկերության և «Պիցցա Դի Ռոմա» ՍՊ ընկերության միջև կնքվել է համաձայնագիր անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:

14. 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանումը թիվ ԵԼ-86 գրությամբ մերժել է «Նարեկ» ՍՊ ընկերությանը սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրումը, քանի որ ՀՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնի կողմից 06.11.2007 թվականին կալանք է դրված Մ.Խորենացու փողոցի թիվ 43 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

15. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ «Նարեկ» ՍՊ ընկերության ներկայացուցչի բողոքը թողել է առանց քննության` գործի նախաքննությունն ավարտված լինելու պատճառաբանությամբ:

16. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 26-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

17. Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը:

Այդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ յուրաքանչյուր անձ, ում իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի գործողություններով և որոշումներով` դրանք բողոքարկելու իրավական հնարավորություն է վերապահվում անկախ այն հանգամանքից, թե քրեական գործը ինչ փուլում է գտնվում: Նշված հոդվածով նախատեսված խախտումները կարող են կատարվել բացառապես քրեական գործի մինչդատական վարույթի շրջանակներում, իսկ երբ գործն անցել է դատական քննության փուլ, նշված հոդվածում թվարկված սուբյեկտները չեն կարող իրենց որոշումներով ու գործողություններով խախտել դատավարության մասնակիցների կամ այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի առաջին մասը չպետք է պայմանավորել բացառապես մինչդատական վարույթի ընթացքում բողոքարկման հնարավորությամբ: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության համար կարևոր է միայն, որ խախտումը տեղի ունեցած լինի մինչդատական փուլում:

18. Բողոք բերած անձը գտնում է, որ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Այդ հոդվածի համաձայն` բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու, կամ եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոքը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ և սպառիչ սահմանել է, թե մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումները որքան ժամկետում կարող են բողոքարկվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան: Ուստի, վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ մինչդատական վարույթի դատական վերահսկողությունը սահմանափակված է մինչդատական վարույթի ժամկետներով, իսկ տվյալ դեպքում քրեական գործով մինչդատական վարույթն ավարտված է, չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

19. Բողոք բերած անձը նշում է, որ անհիմն է դատարանի այն պատճառաբանությունը, թե քանի որ գործը գտնվում է քրեական դատարանում, վերջինն է իրականացնելու գույքի վրա կալանք դնելու որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգումը:

Ընդհանուր իրավասության դատարանը սխալ հետևություն է արել այն մասին, որ Երևանի քրեական դատարանն է իրավասու դատական ստուգման ենթարկելու գույքի վրա կալանք դնելու որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը: Ինչպես Երևանի քրեական դատարանը, այնպես էլ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, համաձայն օրենքի, հանդիսանում են առաջին ատյանի դատարաններ, ուստի քրեական դատարանը չի կարող ունենալ և չունի օրենքով նախատեսված լիազորություն` նույն ատյանի մեկ այլ դատարանի դատական ակտը վերանայելու համար: Այդպիսի լիազորությամբ օրենքի համաձայն օժտված է վերաքննիչ դատարանը, որը չկատարելով իր պարտականությունը` հրաժարվել է արդարադատության իրականացումից:

20. Խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

Բողոք բերած անձը գտնում է, որ գործի քննության մինչդատական վարույթի ընթացքում ընդունված և օրենքի ուժով դատական ստուգման ենթակա որոշումների դեմ բերված բողոքները չեն կարող առանց քննության թողնվել գործի նախաքննությունն ավարտված լինելու պատճառաբանությամբ, քանի որ բողոքն առանց քննության թողնելու նման հիմք օրենքով նախատեսված չէ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ բողոքը ճանաչելով հիմնավորված, դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիման վրա բերված բողոքի քննության արդյունքում դատարանը որևէ այլ որոշում կայացնելու լիազորություն չունի: Մինչդեռ, բողոքն առանց քննության թողնելու որոշում կայացնելով` առաջին ատյանի դատարանը դուրս է եկել իրեն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից, իսկ վերաքննիչ դատարանն էլ անհիմն կերպով օրինական ուժի մեջ է թողել նշված որոշումը:

21. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 18-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

I. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի մեկնաբանության մասին.

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ- հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Նշված հոդվածի իմաստով դատական կարգով բողոքարկման ենթակա են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունները և որոշումները, որոնք կայացվել են մինչև գործն ըստ էության լուծելու համար դատարան ուղարկելը: Սահմանելով հետագա դատական վերահսկողություն մինչդատական վարույթի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը հետաքննության և նախաքննության մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման որևէ սահմանափակում չի նախատեսում` կապված գործի քննության դատավարական փուլի հետ: Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, նախաքննության ավարտված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` ՀՀ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների դատական բողոքարկման համար:

Ելնելով վերագրյալից` Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ առկա այն մոտեցմանը, որի համաձայն` «(…) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը սահմանափակված է մինչդատական վարույթի ժամկետներով (…)»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ չնախատեսված ժամկետային սահմանափակման է ենթարկում նախնական քննության մարմինների որոշումների և գործողությունների դատական բողոքարկման իրավունքը` դրանով իսկ հակասելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասին, որը բողոքը մերժելու կամ դրա վերաբերյալ մեկ ամսվա ընթացքում պատասխան չստացվելուց հետո վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան բողոք ներկայացնելու մեկամսյա ժամկետից բացի որևէ այլ ժամկետ չի սահմանում:

II. Մինչդատական վարույթն ավարտված լինելու դեպքում անշարժ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումների օրինականության և հիմնավորվածության ստուգումը քրեական դատարանի իրավասությանը վերապահելու իրավաչափության մասին.

23. ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններն են ընդհանուր իրավասության դատարանները և մասնագիտացված դատարանները: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ մասնագիտացված դատարաններն են քրեական դատարանները, քաղաքացիական դատարանները և վարչական դատարանը:

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

ՀՀ օրենսդրության նշված կարգավորումից հետևում է, որ ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված դատարանները հանդիսանում են նույն ատյանի դատարանի տաբեր օղակներ: Մասնագիտացված դատարանները, հանդիսանալով առաջին ատյանի դատարանի ինքնուրույն օղակ, իրավասու չեն նույն ատյանի այլ օղակի` ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումների օրինականության ու հիմնավորվածության դատական ստուգում իրականացնել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման մեջ արտահայտված մոտեցումն այն մասին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված ակտի օրինականության ու հիմնավորվածության ստուգում գործի դատական քննության փուլում պետք է իրականացվի Երևանի քրեական դատարանի կողմից, հակասում է ՀՀ ներպետական օրենսդրությանը:

Նշված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է Ա.Ղավալյանի վերաբերյալ գործով 28.11.2008թ. որոշման մեջ:

III. Գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից առանց քննության թողնելու իրավաչափության մասին.

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի հոդվածի իմաստով դատարանը պարտավոր է բողոքի քննության արդյունքներով կայացնել կամ ներկայացված բողոքը մերժելու կամ անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու մասին որոշում, մինչդեռ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է ներկայացված որոշումն առանց քննության թողնելու մասին որոշում, ինչը Վճռաբեկ դատարանի կարծիքով հանդիսանում է ՀՀ քրեադատավարական օրենսդրության խախտում: Սույն գործով քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշում` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ վերջինս դուրս է եկել իր իրավասության շրջանակներից և կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասով չնախատեսված որոշում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2008թ. որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննության առնել այն փաստը, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ չնախատեսված որոշում, և իր որոշմամբ վերացներ և ոչ թե անփոփոխ թողներ վերջինս: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պետք է անդրադառնար այն հարցին, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, կայացնելով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում, չի գործել որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»: Նշված հարցի վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործով (20 հուլիսի 2006թ., գանգատներ թիվ 29458/04 և 29465/04) որոշման մեջ, որում նշվում է, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան:

25. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատավարական իրավունքի խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դրանք հիմք են սույն գործով կայացված դատական ակտերն ամբողջությամբ բեկանելու և գործը քննած առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

26. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 26-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 18-ի որոշումները ամբողջությամբ պետք է բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

27. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունիսի 26-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 18-ի որոշումը ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

 

Ե. Խունդկարյան