Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-783
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1336
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

16 դեկտեմբերի 2008 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև զարգացման համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 06.12.2008թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Երևան քաղաքում: Համաձայնագրի նպատակն է ամրապնդել փոխադարձ զարգացման համագործակցության իրավական և կառուցվածքային համակարգը:

2. Համաձայնագրի համաձայն՝ դանիական կողմը հայկական կողմին տրամադրում է ֆինանսական աջակցություն, նյութական միջոցներ, տեխնիկական օժանդակություն և վերապատրաստման հնարավորություններ: Հայկական կողմն ապահովում է վերոնշյալ աջակցության և վերապատրաստման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը:

3. Համաձայնագրով սահմանված է, որ Ծրագրերն իրականացնող գործակալությունները (ԾԻԳ-երը) երկու պետությունների ընտրած պետական մարմին և պետական ու մասնավոր, ինչպես նաև ցանկացած պետական կամ մասնավոր կազմակերպություններ են:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ապահովել մյուս կողմի տրամադրած աջակցության և վերապատրաստման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը,

անվճար և առանց անհիմն հետաձգումների ԾԻԳ-երին տրամադրել անհրաժեշտ բոլոր թույլտվությունները և լիազորությունները,

ԾԻԳ-երին ազատել Հայաստանի Հանրապետությունում մատուցած իրենց ծառայությունների դիմաց ՀՀ-ից դուրս գտնվող հիմնադրամներից կամ այլ աղբյուրներից վճարվող վարձատրություններից գանձվող եկամտահարկից կամ այլ ուղղակի հարկերից ու վճարներից,

ԾԻԳ-երին ազատել համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված եկամուտների մասին որևէ հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից,

   տրամադրել մյուս կողմի իրավասու մարմնի կողմից նշանակված աշխատակազմում ընդգրկված անձանց պաշտոնների ամբողջական անվանումը և անձնագիրը, համապատասխան կարգով սահմանել պաշտոններն զբաղեցնող անձանց պարտականությունները և մատուցվող ծառայությունները, ինչպես նաև թեկնածուի անհրաժեշտ և ցանկալի որակավորումները,

   աշխատակազմին տրամադրել գրասենյակային տարածք, փոխադրամիջոց, քարտուղարական ծառայություններ և անհրաժեշտ այլ հարմարություններ,

   ապահովել, որ օտարերկրյա աշխատակազմի անդամները և նրանց ամուսիններն ու խնամարկյալները լիովին պաշտպանված լինեն օրենքով, իսկ հետագայում ապահովել նաև, որ նրանք օգտվեն այն նույն արտոնություններից, որոնցից օգտվում են ՀՀ-ում նշանակված այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների աշխատակիցները,

   ապահովել, որ աշխատակազմի օտարերկրյա աշխատակիցները, նրանց ամուսիններն ու խնամարկյալներն ազատվեն զինվորական ծառայությունից և զինվորական այլ պարտականություններից, իրավունք ունենան բացելու բանկային հաշիվներ, ազատվեն ՀՀ ներմուծվող արտաքին դրամական միջոցների նկատմամբ կիրառվող արժույթի կամ արտարժույթի փոխանակման սահմանափակումներից,

   աշխատակազմի օտարերկրյա աշխատակիցներին, նրանց ամուսիններին ու խնամարկյալներին ազատել եկամտահարկից կամ այլ ուղղակի հարկերից կամ վճարներից, բոլոր մաքսատուրքերից, տրամադրել մեկանգամյա (բազմակի) մուտքի-ելքի անվճար արտոնագիր կամ բնակության, աշխատանքի թույլտվություն և անհրաժեշտ բոլոր թույլտվությունները,

   դանիական կողմին և նրա աշխատակազմին հատուցել ցանկացած կորուստ և ազատել ցանկացած պատասխանատվությունից, որն առաջանում է վերոնշյալ մեկ կամ մի քանի անձանց գործողությունների կամ բացթողումների հետևանքով,

   անհրաժեշտության դեպքում ծանուցել դանիական կողմին մաքսազերծման հարցերով զբաղվող գործակալների կողմից մաքսազերծման համար պահանջվող փաստաթղթերի և Հայաստանում կիրառվող ներմուծման և մաքսազերծման ընթացակարգերի մասին,

   անհապաղ և անվճար հիմունքներով տրամադրել գույքի ներմուծման համար անհրաժեշտ արտոնագրեր և գույքի ներմուծման համար անհրաժեշտ այլ թույլտվություններ,

   գույքն ազատել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հետ կապված մաքսատուրքերից, հարկերից և նմանատիպ այլ վճարներից կամ ծախսերը կատարել իր հաշվին,

   ապահովել ներմուծված գույքի արագ և անվնաս ընդունումը, տնօրինումը, մաքսազերծումը, առաքումը, ինչպես նաև պահեստավորումը և հետագա փոխադրումը,

  ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները և սկսել դատավարություն գույքի ցանկացած խմբաքանակի լրիվ կամ մասնակի կորստի կամ վնասի վերաբերյալ ներկայացված պահանջի դեպքում և անհապաղ ծանուցել դանիական կողմին:

5. Համաձայնագրի համաձայն՝ դանիական կողմը կատարում է ԾԻԳ-երի վճարները և ծախսերը՝ բացառությամբ այն ծախսերի, որոնք կրում է հայկական կողմը:

6. Սույն համաձայնագիրը սահմանում է նաև աշխատակազմի ձևավորման, գույք և նյութական այլ միջոցներ ձեռք բերելու, կրթաթոշակներ սահմանելու, աշխատանքների գնահատման, կողմերի միջև վեճերի կարգավորման, համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և դադարելու կարգն ու պայմանները:

7. Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում Հանրապետության Նախագահի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ ինքն առաջարկելու է Ազգային ժողովին սույն համաձայնագրի վավերացման ժամանակ քննության առնել համաձայնագրի 3 հոդվածի 16 ա կետի վերաբերյալ վերապահում անելու հարցը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև զարգացման համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


16 դեկտեմբերի 2008 թ.

ՍԴՈ-783

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան