«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2005 թվականի N 1045-Ն
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին
(Վերնագիրը խմբ. 15.01.09 N 52-Ն)
Հիմք ընդունելով «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 15.01.09 N 52-Ն)
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Էներգետիկայի պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 15.01.09 N 52-Ն)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 15.01.09 N 52-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը ՓՈՓ. 15.01.09 N 52-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչությունը (այսուհետ՝ տեսչություն) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 23.03.06 N 366-Ն, 15.01.09 N 52-Ն)
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրությանը համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքներով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը,
բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:
(7-րդ կետը խմբ. 23.03.06 N 366-Ն)
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների կատարում, բայց ոչ հաճախ, քան տարեկան մեկ անգամ՝
էլեկտրաէներգետիկական համակարգում՝ 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում՝ գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,
մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման և ցածր ճնշման գազի համակարգերում` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ` «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների, ինչպես նաև պատահարների տարեկան վերլուծության արդյունքներով, էներգատեղակայանքների շահագործումն ու կառավարումն իրականացնող անձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով.
բ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, ակտ-կարգադրագրերի կազմում, դրանցում նշված պահանջների կատարման վերահսկում և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին որոշման ընդունում.
գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, նոր կառուցվող և վերակառուցող 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի էներգատեղակայանքների գործարկման մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եզրակացություններ տալը՝ թույլատրելով դրանց գործարկումը.
դ) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրանց մասնագիտական քննության իրականացում` տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումները բացահայտելու և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով.
ե) էներգատեղակայանքներում տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերլուծության կատարում և դրանց վերաբերյալ վիճակագրության վարում.
զ) նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:
(8-րդ կետը խմբ. 23.03.06 N 366-Ն, խմբ., փոփ. 02.08.07 N 876-Ն, փոփ. 15.01.09 N 52-Ն)
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարը (այսուհետ՝ նախարար): Տեսչության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ՝ տեղակալ):
Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Տեսչության պետը պատասխանատու է էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
(10-րդ կետը փոփ. 23.03.06 N 366-Ն)
11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը՝
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար,
բ) նախարարին (տեղակալին) ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ,
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին,
է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները,
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները,
ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները,
ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ,
ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ,
ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ,
ժդ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին` դրանց կիրառման օրվանից 10 օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավասու մարմիններ ներկայացնում է հաղորդում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում իրավախախտումներ թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու մասին,
ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
(12-րդ կետը փոփ. 23.03.06 N 366-Ն)
13. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և (կամ) նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալներից մեկը:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը ՓՈՓ. 15.01.09 N 52-Ն)
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Էլեկտրաէներգետիկական վերահսկողության բաժին
Գազամատակարարման և ջերմամատակարարման վերահսկողության բաժին
Վերլուծության, վիճակագրության և շահագործման համակարգման բաժին
(1-ին բաժինը լրաց. 23.03.06 N 366-Ն)
II. Տարածքային մարմիններ
Երևանի քաղաքային բաժին
Կենտրոնական միջմարզային բաժին
Հյուսիսային միջմարզային բաժին
Հարավային միջմարզային բաժին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.03.2019, N 236-Ն | 28.03.2019, N 1045-Ն | |
05.05.2011, N 564-Ն | 28.05.2011, N 1045-Ն | |
15.01.2009, N 52-Ն | 30.01.2009, N 1045-Ն | |
02.08.2007, N 876-Ն | 16.08.2007, N 1045-Ն | |
23.03.2006, N 366-Ն | 13.04.2006, N 1045-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|