ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0746/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/0476/05/08 |
Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ս. Օհանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Եվա Գևորգյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 30.05.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ռուբեն Միրաքյանի ընդդեմ Եվա Գևորգյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման՝ Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և տան 1/2 մասի սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռուբեն Միրաքյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի (այսուհետ՝ Քաղաքապետ) 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշման 100-րդ կետը և սեփականության իրավունքի գրանցումը, և ճանաչել տան 1/2 մասի սեփականատեր:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշման հավելվածի 100-րդ կետը և Երևանի Լեոյի փողոցի 76/5 բնակելի տան նկատմամբ Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Երևանի Լեոյի փողոցի 76/5 բնակելի տան 1/2 մասի նկատմամբ Ռուբեն Միրաքյանի սեփականության իրավունքի ճանաչման մասով գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Եվա Գևորգյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը և Ռուբեն Միրաքյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով:
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ռուբեն Միրաքյանը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշման 100-րդ կետը և սեփականության իրավունքի գրանցումը՝ 1/2 մասով այն հիմքով, որ տարածքի նկատմամբ Ռուբեն Միրաքյանի օգտագործման իրավունք ունենալու պայմաններում վիճելի որոշմամբ ճանաչվել է միայն Եվա Գևորգյանի սեփականության իրավունքը: Այսինքն՝ Ռուբեն Միրաքյանի կողմից Քաղաքապետի որոշման իրավաչափությունը չի վիճարկվել: Մինչդեռ, Դատարանը Քաղաքապետի 09.11.2005թ. թիվ 2391-Ա որոշման 100-րդ կետը և Երևանի Լեոյի փողոցի 76/5 բնակելի տան նկատմամբ Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր է ճանաչել ամբողջությամբ՝ եզրահանգելով, որ վիճարկվող որոշումն իրավաչափ չէ: Այսինքն՝ Դատարանը, ըստ էության, դուրս է եկել հայցապահանջի սահմաններից, ինչը հանգեցրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի խախտմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 30.06.2008 թվականի վճիռը, փոփոխել այն կամ գործն ուղարկել համապատասխան դատարան նոր քննության:
2.1. Ռուբեն Միրաքյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Վարչական դատարանը կատարելով գործի ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն հանգել է ճիշտ հետևության, քանի որ գործի քննությամբ հիմնավորվել է, որ Ռուբեն Միրաքյանը վիճելի տարածքի օրինական օգտագործող է:
2.2. Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը, որը հիմք է հանդիսացել վիճարկվող որոշման ընդունման համար: Քաղաքապետի որոշումն օրինական է, հետևաբար այն չի կարող անվավեր ճանաչվել: Նման պայմաններում վճռաբեկ բողոքի փաստարկները հիմնավոր են:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Դատարանը 30.05.2008 թվականի վճռով Քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը և Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և տան 1/2 մասի սեփականատեր ճանաչելու պահանջների մասին հայցը մասնակիորեն բավարարելիս Քաղաքապետի վերոնշյալ որոշումը և Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի գրացումը անվավեր է ճանաչել ամբողջությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանում գործը հարուցում է միայն հայցի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վերոնշյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է վարչական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի հիման վրա, գործը քննել և վեճը լուծել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
Ռուբեն Միրաքյանը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշման 100-րդ կետը և սեփականության իրավունքի գրանցումը՝ 1/2 մասով այն հիմքով, որ տարածքի նկատմամբ Ռուբեն Միրաքյանի օգտագործման իրավունք ունենալու պայմաններում վիճելի որոշմամբ ճանաչվել է միայն Եվա Գևորգյանի սեփականության իրավունքը: Մինչդեռ, Դատարանը Քաղաքապետի որոշման 100-րդ կետը և Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր է ճանաչել ամբողջությամբ: Այսինքն՝ Դատարանը, դուրս է եկել հայցի շրջանակներից, ինչը հանգեցրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ, 64-րդ և 113-րդ հոդվածների պահանջների խախտմանը և վարչական գործի սխալ լուծմանը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ռուբեն Միրաքյանի վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 30.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |