Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-793
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.18/15(681) Հոդ.251
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.03.2009
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
10.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 մարտի 2009 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Սոցիալական ներդրումների հիմնադրամ երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Սոցիալական ներդրումների հիմնադրամ երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի փետրվարի 26-ին՝ Երևան քաղաքում:

Համաձայնագիրը կնքվել է սկզբնական ծրագրին (Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2006թ. նոյեմբերի 1-ին ստորագրված՝ «Սոցիալական ներդրումների հիմնադրամ III ծրագիր» թիվ 4238-AM ֆինանսավորման համաձայնագրին) առնչվող միջոցառումների համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

Համաձայնագիրն ունի երեք առդիր` Առդիր 1 («Ծրագրի նկարագրություն»), Առդիր 2 («Ծրագրի իրականացումը»), Առդիր 3 («Մարման ժամանակացույց») և Հավելված: Առդիր 1-ը ներառում է Ծրագրի նպատակների իրականացման համար նախատեսվող միջոցառումները: Առդիր 2-ը ներառում է Ծրագրի իրականացման ինստիտուցիոնալ միջոցառումները, հակակոռուպցիոն միջոցառումները, Ծրագրի հաշվետվությունները, ֆինանսական կառավարումը, աուդիտը, գնումները, ապրանքների և աշխատանքների գնման առանձին մեթոդները, խորհրդատուների ծառայությունների գնման առանձին մեթոդները, ֆինանսական միջոցների մասհանումը, մասհանման պայմաններն ու ժամանակահատվածը: Առդիր 3-ը նախատեսում է մարման ժամանակացույցը` ներառելով վճարման կոնկրետ ժամկետը:

Համաձայնագրով սահմանված պայմաններին և դրույթներին համապատասխան Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է հինգ միլիոն երկու հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքին համարժեք (ՓՀԻ 5.200.000) գումարով փոխառություն: Փոխառության հիմնական գումարի մարման ժամկետներն են` յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը և հոկտեմբերի 1-ը, սկսած 2019թ. ապրիլի 1-ից մինչև 2028թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ:

2. Ըստ քննության առարկա համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունը Ծրագրի իրականացման շրջանակներում ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

ինստիտուցիոնալ միջոցառումների մասով`

պահպանել ՀՍՆՀ-ի (Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ) այնպիսի կառուցվածք, աշխատակազմ և այլ ռեսուրսներ, որոնք կբավարարեն Ընկերակցության պահանջները,

ապահովել, որ ՀՍՆՀ-ի գործողություններն իրականացվեն համաձայն Գործառնական ձեռնարկում ամրագրված կամ նշված ընթացակարգերի,

ՀՍՆՀ-ի միջոցով ապահովել, որ Միկրոծրագրերը որոշվեն, գնահատվեն, հաստատվեն, իրականացվեն և վերջնական գնահատման ենթարկվեն համաձայն Գործառնական ձեռնարկում ամրագրված կամ նշված ընթացակարգերի,

ՀՍՆՀ-ն պետք է ուսումնասիրման և հաստատման նպատակով ընկերակցությանը ներկայացնի տարեկան աշխատանքային ծրագրերն ու բյուջեն, արդյունքների եռամսյակային հաշվետվություններ և արդյունքների տարեկան հաշվետվություններ Ծրագրի իրականացման վերաբերյալ.

լրացուցիչ համաձայնագրի մասով`

Հայաստանի Հանրապետությունը պետք է իր իրավունքներն այնպես իրականացնի, որ պաշտպանվեն և' ՀՀ-ի, և' Ընկերակցության իրավունքները և իրագործվեն Ֆինանսավորման նպատակները.

հակակոռուպցիոն միջոցառումների մասով`

ապահովել, որ ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն և այլն:

Հարկ է նշել նաև, որ Ծրագիրն ուղղված է աջակցելու աղքատ և խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանը, և Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքականությունն իրականացնելու է հետևյալ գործիքների միջոցով`

ա. բարելավելով համայնքային ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու որակը,

բ. խթանելով լրացուցիչ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը,

գ. ստեղծելով համայնքային ենթակառուցվածքների ստեղծմանն ու ծառայությունների մատուցմանն առնչվող աշխատատեղեր:

Քննարկվող համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծում աղքատության հաղթահարման բնագավառում Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության համագործակցության համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Սոցիալական ներդրումների հիմնադրամ երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

10 մարտի 2009 թ.

ՍԴՈ-793

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան