ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ 2/0038/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ 2/0038/05/08 |
Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Մարտունու հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանի` 26.965.003 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ծառայությունը պահանջել է Վաղարշակ Մկրտչյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 26.965.003 ՀՀ դրամ:
Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` բռնագանձվել է 24.439.753 ՀՀ դրամ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ և 113-րդ հոդվածները, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճռում նշել է, որ ըստ հայցադիմումի` հաշվարկն իրականացվել է 21.08.2007 թվականի դրությամբ, ինչպես նաև այն, որ հաշվարկի մեջ մտցվել է նաև 2007 թվականի հոկտեմբեր ամիսը: Սակայն, ըստ հայցադիմումի, Վաղարշակ Մկրտչյանի հարկային պարտավորությունների հաշվարկը կատարվել է 15.11.2007 թվականի դրությամբ:
Վաղարշակ Մկրտչյանի անձնական հաշվի քարտի ամսական հաշվարկի 01.10.2007 թվականի դրությամբ հաշվարկված 975.000 ՀՀ դրամը Դատարանն ընդունել է որպես 2007 թվականի հոկտեմբեր ամսվա պարտավորություն և այդ գումարը հաշվի չառնելով` չի բռնագանձել: Մինչդեռ 01.10.2007 թվականի դրությամբ հաշվարկված 975.000 ՀՀ դրամը վերաբերում է մինչև 14.09.2007 թվականն ընկած ժամանակաշրջանին:
Վճռով հիմք է ընդունվել 2007 թվականի Վաղարշակ Մկրտչյանի 8 լրիվ ամիսների համար հաշվարկված պարտավորությունը և 2006 թվականի նոյեմբերի պարտավորությունը մեկ խողովակի համար, սակայն Վաղարշակ Մկրտչյանն իրականում գործունեություն է իրականացրել երկու խողովակով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճիռը՝ հայցը մերժելու մասը, և փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 07.11.2006 թվականին անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանը հայտարարություն է տվել Մասիս քաղաքում և Արգավանդ գյուղում մեկ խողովակով 03 ՍԼ 806 պետհամարանիշի ԶԻԼ-130 շրջիկ մեքենայով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնելու մասին:
2. 07.11.2006 թվականին անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանը հայտարարություն է տվել Աշտարակ քաղաքում մեկ խողովակով 01 ՍՏ 188 պետհամարանիշի ԶԻԼ-130 շրջիկ մեքենայով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնելու մասին:
3. 14.09.2007 թվականին Վաղարշակ Մկրտչյանը հայտարարություն է տվել 14.09.2007 թվականից գազալիցքավորման գործունեության անժամկետ դադարեցման մասին:
4. Վաղարշակ Մկրտչյանի անձնական հաշվի քարտում 2007 թվականի սեպտեմբերի հաշվարկները կատարվել են 01.10.2007 թվականին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պետք է պարզի կողմերի ներկայացրած պահանջների և առարկությունների, ինչպես նաև այն իրավական ակտերի հիման վրա, որոնք կիրառելի են տվյալ գործով: Դրանց միջոցով է Դատարանի համար պարզ դառնում, թե տվյալ գործով որ փաստի (փաստերի) առկայությունը կամ բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ հայցը բավարարելու կամ մերժելու և համապատասխան իրավական նորմերը տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի դարձնելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
1. գնահատում է ապացույցները,
2. որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել,
3. որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը,
4. որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Դատարանը հաստատված է համարել, որ 2007 թվականի 8 լրիվ ամիսների համար պատասխանողի հիմնական պարտքը կազմել է 18.000.000 ՀՀ դրամ: Դատարանը, դրան ավելացնելով 2006 թվականի նոյեմբեր ամիսը, հաստատագրված վճարների գծով պարտքի հիմնական գումարը հաշվարկել է 19.125.000 ՀՀ դրամ` հիմք ընդունելով, որ Վաղարշակ Մկրտչյանը 2006 թվականին գործունեություն է իրականացրել մեկ խողովակով:
Մինչդեռ սույն գործում առկա է Վաղարշակ Մկրտչյանի 07.11.2006 թվականի հայտարարությունը Մասիս քաղաքում և Արգավանդ գյուղում մեկ խողովակով շրջիկ մեքենայով գազալցման գործունեություն իրականացնելու վերաբերյալ: 07.11.2006 թվականի Վաղարշակ Մկրտչյանի մեկ այլ հայտարարության մեջ նշված է Աշտարակ քաղաքում մեկ խողովակով շրջիկ մեքենայով գազալցման գործունեություն իրականացնելու վերաբերյալ:
Վերոնշյալ հայտարարություններից հետևում է, որ Վաղարշակ Մկրտչյանի կողմից ներկայացված յուրաքանչյուր հայտարարություն առանձին հայտարարություն է մեկ խողովակով գազալցման գործունեություն իրականացնելու վերաբերյալ: Հետևաբար` 2006 թվականի նոյեմբեր ամսին Վաղարշակ Մկրտչյանը գազալցման գործունեություն է իրականացրել ոչ թե մեկ խողովակով, այլ երկու առանձին խողովակներով, որոնց վերաբերյալ տվել է առանձին հայտարարություններ: «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:
Դատարանը գտել է նաև, որ անճշտությունն առաջացել է հաշվարկի մեջ 2007 թվականի հոկտեմբեր ամիսը ներառելու հետևանքով:
Մինչդեռ սույն գործում առկա Վաղարշակ Մկրտչյանի հաստատագրված վճարի անձնական հաշվի քարտում 2007 թվականի հունվար ամսվա հաշվարկները կատարվել են 01.02.2007 թվականի դրությամբ: Նման տրամաբանությամբ էլ սեպտեմբեր ամսվա հաշվարկները կատարվել են 01.10.2007 թվականի դրությամբ: Մինչդեռ Դատարանը բռնագանձվող գումարի մեջ չի հաշվարկել 2007 թվականի սեպտեմբեր ամսվա 14 օրվա (մինչև գործունեության դադարեցումը) համար նախատեսված 975.000 ՀՀ դրամի չափով հաստատագրված գումարը:
Այսինքն՝ հաստատագրված վճարների գծով գումարը պետք է հաշվարկվի 2006 թվականի նոյեմբեր ամսվա համար` 2.250.000 ՀՀ դրամի չափով` երկու խողովակով գազալիցքավորման գործունեություն իրականացնելու համար, 2007 թվականի 8 լրիվ ամիսների համար` 18.000.000 ՀՀ դրամ և 2007 թվականի սեպտեմբեր ամսվա համար 975.000 ՀՀ դրամ` որպես 14 օրվա հաստատագրված վճարի գումար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի վճռի մասը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճռի՝ հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել Վարչական դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
|
Վ. Աբելյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |