Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ 

Վարչական գործ թիվ ՎԴ/0694/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/0694/05/08
2
008 թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան

Դատավորներ` Ա. Ղազարյան

               Հ. Բեդևյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Մուստանգ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Էրեբունու հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն)` 13.06.2007 թվականի թիվ 1023320 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 13.06.2007 թվականի թիվ 1023320 ստուգման ակտը:

Տնտեսական դատարանի 25.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշմամբ Ծառայության վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է 25.09.2007 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Սույն գործի փաստերի համաձայն` Կոոպերատիվն իր սեփականությունը հանդիսացող շինությունը նվիրատվության պայմանագրով օտարել է Ռոբերտ Սահակյանին:

Պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը կազմում է շինության գույքահարկով հարկման նպատակով դրա համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս: Եթե օրենքով սահմանված չափից պակաս հատուցումը լինի նույնիսկ 100 տոկոսով պակաս (այսինքն` անհատույց), ապա հարկվող շրջանառությունը որոշելիս համախառն եկամտի մեջ պետք է հաշվարկվի նաև այդ շենքի, շինության այն արժեքը, որով հաշվարկվում է գույքահարկը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և դատական ակտը փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 20.10.2006 թվականին կայացած Կոոպերատիվի ընդհանուր ժողովը որոշել է այն լուծարել:

2) Կոոպերատիվի երկու փայատերերն ամբողջությամբ հրաժարվել են Կոոպերատիվում ունեցած իրենց փայաբաժիններից՝ հօգուտ երրորդ փայատեր Ռոբերտ Սահակյանի:

3) 04.12.2006 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Կոոպերատիվը քաղաքացի Ռոբերտ Սահակյանին է նվիրել Երևանի Նուբարաշեն 9-րդ փողոցի թիվ 1 հասցեի խանութը:

4) Նշված հաշվետու ժամանակահատվածի համար Կոոպերատիվը հարկային տեսչություն է ներկայացրել զրոյական հաշվետվություններ:

5) Ծառայության կողմից Կոոպերատիվում իրականացվել է ստուգում, ինչի արդյունքում 13.06.2007 թվականին կազմվել է թիվ 1023320 ստուգման ակտը, որով Կոոպերատիվին առաջադրվել է պարզեցված հարկի գծով 1.658.400 դրամի չափով (ներառյալ տույժի և տուգանքի գումարները) լրացուցիչ պարտավորություններ:

6) Ծառայությունն ակտով առաջադրված պարտավորությունների հաշվարկի հիմքում դրել է Երևանի Նուբարաշեն թաղային համայնքի ֆինանսաբյուջետային բաժնի 08.06.2007 թվականի տեղեկանքն այն մասին, որ խանութի արժեքը կազմում է 14.463.000 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարզեցված հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը: Պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը որոշելիս շենքերի, շինությունների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:

Սույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն արտահայտել է «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածների մեկնաբանության հետ կապված իր դիրքորոշումը:

Մասնավորապես, վերոնշյալ հոդվածը հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ սույն գործով պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը կազմում է տվյալ շինության գույքահարկով հարկման նպատակով դրա համար oրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս (տես՝ «Մուստանգ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Էրեբունու հարկային տեսչության՝ 13.06.2007 թվականի թիվ 1023320 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1765(ՏԴ) գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գույքահարկով հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտի արժեքային մեծությունը: Ընդ որում, շինությունների հարկման բազա է համարվում նույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը: Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ սույն գործով գույքի արժեք պետք է համարել առնվազն դրա կադաստրային արժեքը: Այսինքն՝ «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը վերը նշված դեպքերում եկամտի հաշվարկման համար հիմք է ընդունում դրա կադաստրային արժեքը` անկախ նրանից` շինությունն օտարվել է հատուցմամբ, թե անհատույց:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածից ամենևին չի բխում եկամուտ ստանալու փաստի պարտադիր լինելը:

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Մինչդեռ սույն գործով Դատարանը, անտեսելով նույն գործով նույն իրավական հարցի շուրջ նախկինում արձանագրած Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, խախտել է օրենքի վերոնշյալ իմպերատիվ պահանջը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. «Մուստանգ» արտադրական կոոպերատիվի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան