Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ 

Վարչական գործ թիվ ՎԴ/0557/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/0557/05/08
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Սամվել Հովսեփյանի` գումարի բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ օրենսդիրը ներմուծվող ապրանքների արժեքի որոշումը կարևորում է միայն մաքսային սահմանով ապրանքները տեղափոխելիս, այլ ոչ թե ապրանքները մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին սահմանված ժամկետում չհասցնելիս, որի դեպքում ապրանքների արժեքը որևէ հետևանք չի առաջացնում:

Բացի այդ, ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածը սահմանում է մաքսատուրքի վճարման արտոնություններ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար, մինչդեռ մաքսային մարմինը Սամվել Հովսեփյանի նկատմամբ հայց է հարուցել մաքսային կանոնների խախտման, այն է` ապրանքները տասնօրյա ժամկետում նշանակման վայր չհասցնելու և չհայտարարագրելու համար 100.000 ՀՀ դրամ տույժի գումար բռնագանձելու պահանջով:

Տվյալ դեպքում Դատարանը պետք է կիրառեր ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածը, որը 100.000 ՀՀ դրամի չափով պատասխանատվություն է սահմանում ՀՀ մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չհասցնելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Թիվ 439408 փոխադրման ամփոփագրով սահմանվել է, որ դրանում նշված բեռը նշանակման վայր` Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատուն, հասցնելու ժամկետն է 07.11.2007 թվականը:

2. Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան 15.11.2007 թվականի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Սամվել Հովսեփյանը 29.10.2007 թվականին թիվ 439408 ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել անվադող և անվահեծ, որոնք 10 օրվա ընթացքում` մինչև 08.11.2007 թվականը, մաքսային մարմին չեն հասցվել:

3. Կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի 26.11.2007 թվականի որոշմամբ, ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կանոնների խախտման համար Սամվել Հովսեփյանի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով տուգանք:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սույն օրենսգրքով սահմանված չէ զրո տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150.000 ՀՀ դրամը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն` ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով. եթե դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով:

ՀՀ մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն` ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության միջոցների իրականացումը և տրանսպորտային միջոցների բացթողումը ապրանքներ և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ներմուծելիս` ներմուծելուն հաջորդող տասնօրյա ժամկետում:

ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մեկ մաքսային մարմնից մյուս մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չհասցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 ՀՀ դրամի չափով:

Սույն գործով հայցապահանջի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Սամվել Հովսեփյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի հիման վրա իրավունք ունի առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը նույն օրենսգրքով սահմանված չէ զրո տոկոս և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150.000 ՀՀ դրամը և սույն գործով չի հիմնավորվել ներմուծված անվադողերի և անվահեծերի արժեքի` 150.000 ՀՀ դրամից ավելի լինելու հանգամանքը:

Մինչդեռ Սամվել Հովսեփյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները Արարատյան տարածաշրջանային մաքսատուն սահմանված ժամկետում չհասցնելու համար: Այսինքն՝ սույն գործով կիրառման ենթակա է ՀՀ մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածը, որով վարչական պատասխանատվություն է նախատեսվում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չհասցնելու համար:

Հետևաբար, ներկայացված հայցապահանջի հիմնավորվածությունը գնահատելիս Դատարանը պետք է գնահատման առարկա դարձներ ամփոփագրի մեջ նշված ապրանքները Սամվել Հովսեփյանի կողմից մինչև օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը Արարատյան տարածքային մաքսային կետ հասցված լինելու հանգամանքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հայցը բավարարել՝ Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան