ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0358/02/08 |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ |
Տ. Սահակյան |
|
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի նոյեմբերի 28-ին
քննարկելով Ռաֆայել Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բորիս Հովհաննիսյանի ընդդեմ Ռաֆայել Հովհաննիսյանի և Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նարինե Սարգսյանի՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և փաստացի տիրապետման ու կառավարման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ և սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը.
Դիմելով դատարան՝ Բորիս Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ռաֆայել Հովհաննիսյանի անվամբ տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և փաստացի տիրապետման ու կառավարման ուժով իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ և սեփականատեր:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.06.2008 թվականի որոշմամբ Դատարանի 11.04.2008 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆայել Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բորիս Հովհաննիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ, 1227-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ կտակի մասին Ռաֆայել Հովհաննիսյանն իմացել է միայն 2006 թվականի հունվարին, որպիսի հանգամանքը հիմնավորվել է հարևանների հայտարարությամբ:
Մինչդեռ, միայն հայցվորի բանավոր բացատրությունների հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ կտակի մասին բոլորը, այդ թվում՝ Ռաֆայել Հովհաննիսյանն իմացել են դեռևս 2000 թվականից՝ անմիջապես Արեքնազ Հովհաննիսյանի մահից հետո, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Ռաֆայել Հովհաննիսյանը բաց է թողել ժառանգությունն ընդունելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետը:
Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա բոլոր ապացույցների, այդ թվում՝ հարևաններ Էլզա Սառաջյանի, Սվետա Ամյանի և Հասմիկ Ավետիսյանի հայտարարության, օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության:
Վերոգրյալի հիման վրա՝ վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը, կատարելով գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հանգել է ճիշտ հետևության, քանի որ գործի քննությամբ հիմնավորվել է, որ Ռաֆայել Հովհաննիսյանն իմացել է կտակի մասին ավելի վաղ, մինչդեռ կտակի հիման վրա իրավունքների գրանցման համար դիմել է միայն 2006 թվականին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
Վեճի առարկա հասցեի հարևաններ Էլզա Սառաջյանի, Սվետա Ամյանի և Հասմիկ Ավետիսյանի հայտարարության hամաձայն` Ռաֆայել Հովհաննիսյանին կտակի մասին հայտնի է դարձել 2006 թվականի հունվարին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը միայն հայցվորի բանավոր բացատրությունների հիման վրա հաստատված համարելով, որ Ռաֆայել Հովհաննիսյանը կտակի մասին իմացել է դեռևս 2000 թվականին, հետևաբար բաց է թողել ժառանգությունն ընդունելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածով սահմանված 6-ամսյա ժամկետը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել վիճելի հասցեի հարևաններ Էլզա Սառաջյանի, Սվետա Ամյանի և Հասմիկ Ավետիսյանի հայտարարությունը:
Մասնավորապես, նշված հայտարարության համաձայն՝ Ռաֆայել Հովհաննիսյանին կտակի մասին հայտնի է դարձել 2006 թվականի հունվարին, ինչից հետո էլ վերջինս իրականացրել է անհրաժեշտ գործողություններ կտակի հիման վրա ժառանգությունն ընդունելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերը միմյանց ներկայացրեցին գրավոր հաշտության համաձայնության տարբերակներ, սակայն հաշտության համաձայնություն չկայացավ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2402-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|