ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1514-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1908-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրին ներկայացվող պահանջները և դրա հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1908-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1514-Ն որոշման
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1908-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում կանխիկ տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագիրը (այսուհետ` անդորրագիր) խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` յուրաքանչյուր եռամսյակից մեկ ամիս առաջ ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված նախնական պատվերի հիման վրա:
2. Ճանապարհային ոստիկանությունում անդորրագրերը հաշվառում են վարչական իրավախախտումները հաշվառող և գանձապահի պարտականությունները կատարող համապատասխան պաշտոնատար անձինք (այսուհետ` գանձապահ):
3. Ճանապարհային ոստիկանության ծառայողները հերթափոխի անցնելուց առաջ գանձապահից ստանում են անդորրագրերը, ինչի մասին կատարվում է նշում համապատասխան մատյանում` նշելով անդորրագրերն ստացող ծառայողի և ստացված անդորրագրերի փաթեթի առաջին ու վերջին համարները: Ճանապարհային ոստիկանության ծառայողը հերթափոխի անցնելուց առաջ կարող է գանձապահից չստանալ անդորրագրեր, եթե չի օգտագործել նախորդ հերթափոխի համար ստացած անդորրագրերի փաթեթը:
4. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հայտնաբերումից և արձանագրումից հետո ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է, իրավախախտում կատարողի համաձայնությամբ, տեղում կանխիկ տուգանք գանձելու համար լրացնել և նրան տալ վճարման անդորրագիր:
5. Անդորրագիրը լրացվում է երկու` նույնաբովանդակ oրինակից, որոնցից մեկը տրվում է տուգանքը վճարողին (վարորդին), իսկ մյուսը մնում է ճանապարհային ոստիկանության ծառայողի մոտ և կցվում վարչական իրավախախտման մասին արձանագրությանը:
6. Հերթափոխի ավարտին ճանապարհային ոստիկանության ծառայողը տեղում կանխիկ ձևով գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի, վարչական իրավախախտման մասին արձանագրությունների հետ միասին, հանձնում է գանձապահին:
7. Անդորրագիրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի, եթե վնասված է դրա ամբողջականությունը, կամ դրանում առկա են տպագրական կամ բովանդակային թերություններ:
8. Եթե ճանապարհային ոստիկանության ծառայողի հերթափոխի ավարտը չի համընկնում գանձապահի աշխատանքային ժամերի հետ, ապա ծառայողը գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի ու արձանագրությունների հետ միասին, գանձապահին է հանձնում ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային oրվա ավարտը:
9. Գանձապահը ճանապարհային ոստիկանության ծառայողներից կանխիկ գումարն ստանալուց հետո` ոչ ուշ, քան մինչև հաջորդ բանկային oրվա ավարտը, հավաքված կանխիկ դրամը փոխանցում է ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին:
10. Փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը կցվում է տվյալ oրը կազմված վարչական իրավախախտումների մասին այն արձանագրությունների փաթեթին, որոնցով նշանակված տուգանքը գանձվել է տեղում:
11. Ճանապարհային ոստիկանության այն ստորաբաժանումներում, որտեղ վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է հատուկ այդ նպատակով առանձնացված ստորաբաժանումների կողմից, ճանապարհային ոստիկանության պետի հանձնարարությամբ, սույն կարգի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված գործողությունները կարող են իրականացվել շարային ստորաբաժանումների (դասակների) հրամանատարների կողմից, ովքեր անդորրագրերն ստանում են տվյալ ստորաբաժանումն սպասարկող գանձապահից, և սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գործողությունն իրականացնելուց հետո փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի ու արձանագրությունների հետ միասին, տվյալ ստորաբաժանումն սպասարկող գանձապահին պետք է հանձնեն ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային oրվա ավարտը:
12. Գանձապահը ոչ ուշ, քան մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային oրը ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմին է ներկայացնում անդորրագրերի հաշվառման, ըստ անդորրագրերի` տեղում գանձված տուգանքների և դրանք սահմանված ժամկետում ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին փոխանցելու մասին հաշվետվություն: Հաշվետվությունում` առանձին սյունակում պետք է նշվեն այն անդորրագրերի հերթական համարներն ու դրանց լրացման ամսաթվերը, որոնցով տեղում տուգանքը գանձվել է հաշվետու ամսվա վերջին, սակայն ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին է փոխանցվել հաշվետու ամսվան հաջորդող ամսին:
13. Ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը գանձապահներից ստացված հաշվետվությունների հիման վրա իրականացնում է անդորրագրերի տվյալների կենտրոնացված հաշվառում և անդորրագրերում նշված տուգանքների գումարները յուրաքանչյուր ամիս համեմատում արտաբյուջետային հաշվից քաղվածքի հետ: Արտաբյուջետային հաշվից քաղվածքը ճանապարհային ոստիկանությանը տրամադրում է կենտրոնական գանձապետարանը: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմինը միջոցներ է ձեռնարկում այն պարզելու և, պակասորդ հայտնաբերելու դեպքում, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով վերականգնելու համար:
14. Օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերը պահպանվում են ճանապարհային ոստիկանությունում` առնվազն մեկ տարի ժամկետով, որից հետո, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, կատարվում է դրանց վերահաշվառումը` համեմատելով համապատասխան մատյանում կատարված գրառումների հետ, և ոչնչացվում` օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի այրման միջոցով, ու դրա մասին կազմվում է համապատասխան երկկողմանի ակտ:
15. Ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերը գանձապահին չհանձնելը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայողի կամ գանձապահի կողմից` սույն կարգով սահմանված ժամկետների խախտումը համարվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական զանցանք, որի համար առաջանում է oրենքով սահմանված պատասխանատվություն:
16. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին աուդիտի համապատասխան ստորաբաժանման ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |