ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0272/02/08 |
Նախագահող դատավոր՝ Վ. Թորոսյան |
Դատավորներ՝ |
Է. Մուրադյան |
|
Ն. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հրիտա Հակոբյանի ընդդեմ Հենրիկ Հովհաննեսի և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի` 17.12.2007 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 9038 և 01.12.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 9039 վկայագրերն անվավեր ճանաչելու, ինչպես նաև փաստացի տիրապետման ուժով Հրիտա Հակոբյանին Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Հասմիկ Հարությունյանին կտակով ու փաստացի տիրապետման ուժով Հրիտա Հակոբյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հրիտա Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանի անվամբ տրված ըստ կտակի, ինչպես նաև Հենրիկ Հովհաննեսի և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:
Ավելացնելով հայցապահանջը` Հրիտա Հակոբյանի իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանը պահանջել է փաստացի տիրապետման ուժով Հրիտա Հակոբյանին ճանաչել Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և Հրիտա Հակոբյանի դուստր Հասմիկ Հարությունյանին կտակով և փաստացի տիրապետման հիմքով ճանաչել Հրիտա Հակոբյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2008 թվականի որոշմամբ Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրիտա Հակոբյանի իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ, 1221-րդ և 1225-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի դրույթները, անտեսել է այն հանգամանքը, որ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին զրկել է լրացուցիչ հայցադիմումը ստանալու և դրա վերաբերյալ օրենքով նախատեսված երկշաբաթյա ժամկետում իր պատճառաբանությունները ներկայացնելու իրավունքից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ եթե նույնիսկ Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը բաց է թողել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետը, այնուամենայնիվ, ներկայացման իրավունքով փաստացի տիրապետմամբ ինչպես Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը, այնպես էլ Սյուզաննա Հարությունյանն ընդունել են Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգությունը:
Ավելին, Հասմիկ Հարությունյանին ճանաչելով ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ` դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հրիտա Հակոբյանի կողմից կատարված կտակն իրավական ուժ ունենալ չէր կարող, քանի որ ժառանգության բացման ժամանակ կտակում նշված գույքը չի պատկանել Հրիտա Հակոբյանին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության կամ հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը ներկայացել է դատական նիստին, դատարանին խնդրել է դատական նիստը հետաձգել մեկ օրով: Դատարանը բավարարել է միջնորդությունը, և այն հետաձգել է մեկ օրով: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի խախտում դատարանի կողմից թույլ չի տրվել:
Հենրիկ Հովհաննեսի և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները երբևիցե չեն տիրապետել իրենց հասանելիք ժառանգական գույքը, որի վերաբերյալ գործում առկա են ապացույցներ:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն դիրքորոշմանը, որ Հրիտա Հակոբյանի ժառանգության բացման պահին վերջինս գույք չի ունեցել, ապա այն անհիմն է, քանի որ ժառանգության բացման ժամանակ Հրիտա Հակոբյանն ունեցել է բնակելի տուն և հողամաս, մինչև մահանալը տիրապետել է Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգությունը, հետևաբար ժառանգության բացման պահին իր ամուսնուն պատկանող ամբողջ գույքը պատկանել է նրան:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2008 թվականի դատական նիստում հայցվորի իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանի ներկայացուցիչ Էդգար Բեդեմյանն ավելացրել է հայցապահանջը:
2) Սույն գործով Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը հրապարակվել է 27.02.2008 թվականին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասով սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտում է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ դատարանը հնարավորություն չի տվել Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին օգտվել օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու իր իրավունքից: Դրա արդյունքում վերջինս զրկվել է ոչ միայն փոփոխված հայցի վերաբերյալ պատասխան ներկայացնելու դատավարական հնարավորությունից, այլև ընդհանրապես դատաքննությանը մասնակցելու և օրենքով սահմանված դատավարական այլ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, քանի որ ունենալով փոփոխված հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանը երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնելու իրավական հնարավորություն՝ անձը ողջամտորեն կարող էր դատարանից ակնկալել իր գործի քննության նշանակում առնվազն այդ երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո:
Ավելին, նույն հոդվածով սահմանված դրույթն անձին իրավունք է վերապահում ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ: Սա ևս հիմնավորում է այն եզրակացությունը, որ դատարանը պարտավոր է դատական նիստ նշանակել ոչ շուտ, քան այդ երկշաբաթյա ժամկետի լրանալը (տե՜ս, օրինակ՝ «Դավիթ առևտրի տուն» ՓԲԸ-ի ընդդեմ «Դվին կոնցեռն» ՓԲԸ՝ 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-59(ՏԴ) գործով 01.02.2008 թվականի որոշումը):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր չեն և Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր երկշաբաթյա ժամկետ տրամադրել Հենրիկ Հարությունյանին փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար:
Վճռաբեկ բողոքի մյուս հոդվածների խախտումներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ անձին փոփոխված հայցադիմումին պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետ չտրամադրելը հանգեցրել է անձի արդար դատաքննության իրավունքի խախտման, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական փաստարկները պատշաճ կերպով չեն ներկայացվել և չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա: Հետևաբար, դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|