Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.14/12(78)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշում

գործ հ. ԱՎԴ2/0059/01/08


ԱՎԴ2/0059/01/08

Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան

             Դատավորներ՝ Ս. Ավետիսյան

                                Մ. Սիմոնյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

 

 Հ. Ղուկասյանի

 

   

Ս. Օհանյանի

Ս. Սարգսյանի

   

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

2008 թվականի նոյեմբերի 28-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով բողոք բերած անձ Հուսիկ Բաղդասարյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը Հուսիկ Սուրիկի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի մայիսի 21-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. Լևոն Տեր-Պետրոսյանի և մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ 2008 թվականի փետրվարի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության մարմնի 2008 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ Հուսիկ Սուրենի Բաղդասարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

2008 թվականի մարտի 18-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

2. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 31-ի դատավճռով Հուսիկ Սուրենի Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով:

Ամբաստանյալ Հուսիկ Բաղդասարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի մայիսի 21-ի որոշմամբ պատժի մասով փոփոխել է Հ.Բաղդասարյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 31-ի դատավճիռը և նրան դատապարտել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով:

3. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի մայիսի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել հավատարմագրված փաստաբանը:

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

4. 2008 թվականի փետրվարի 24-ին որոշում է կայացվել քննչական խումբ կազմելու մասին և ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչին հանձնարարվել է ղեկավարել խմբի գործողությունները:

5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ բավարարել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և թույլատրել խուզարկություն կատարել Հուսիկ Բաղդասարյանի բնակության վայրում՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի 38-րդ շենքի թիվ 14 բնակարանում:

6. 25.02.2008 թվականին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին ուղարկվել է առանձին քննչական գործողություն կատարելու հանձնարարություն, որով խնդրվել է կատարել խուզարկություններ Արարատի մարզի մի շարք բնակիչների բնակության վայրերում՝ այդ թվում նաև Հուսիկ Բաղդասարյանի բնակարանում:

7. 2008 թվականի փետրվարի 26-ին խուզարկություն է կատարվել Հուսիկ Բաղդասարյանի բնակության վայրում՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի 38-րդ շենքի թիվ 14 բնակարանում և կազմվել է խուզարկություն կատարելու մասին արձանագրություն, համաձայն որի՝ Հուսիկ Բաղդասարյանը կամովին ներկայացրել է իրեն պատկանող զենքը և զինամթերքը, այդ թվում նաև 16 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտները:

8. 2008 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ Հուսիկ Սուրենի Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականին ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակարանում պահել ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի 16 հատ փամփուշտներ, որոնք 2008 թվականին խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են նրա բնակարանից:

9. Հանդիսանալով ՀՀ որսորդների միության հասարակական կազմակերպության անդամ և ունենալով զենք կրելու իրավունք՝ Հուսիկ Բաղդասարյանը 1999 թվականին Երևանի «Որսորդ» խանութից ձեռք է բերել «Տիգր» տեսակի որսորդական ակոսափող հրացան և դրա համար նախատեսված 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք սահմանված կարգով գրանցել է, իսկ 2004 թվականին՝ վերագրանցել:

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 27.03.2008 թվականի թիվ 20/1203 գրության համաձայն՝ ՀՀ ոստիկանության ՓՔՎ փորձագետի «N 380»-08 եզրակացությանը ներկայացված 1998 թվականի գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի 22651 համարի «Տիգր» տեսակի որսորդական ակոսափող ինքնալից կարաբինից ստուգողական վեց կրակոցների արդյունքում ստացված փորձանմուշները (գնդակներ և պարկուճներ) ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հանրապետական գնդակապարկուճադարանում վերցված են համապատասխան հաշվառման 2004 թվականից: Վերը նշված որսորդական ակոսափող ինքնալից կարաբինից (երկու պահունակներով՝ յուրաքանչյուր պահունակից երեքական փամփուշտներ) փորձանմուշներ ստանալու նպատակով ՀՀ ոստիկանության ՀԿԱ վարչությունից ներկայացվել են 6 հատ 7,62մմ տրամաչափի (7.62.54R) որսորդական փամփուշտներ. 4 հատը՝ «7.62.54R WOLF», իսկ 2-ը՝ «7.62.54R 00 VE» գործարանային դրոշմվածքներով:

10. ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետների 2008 թվականի մարտի 13-ի թիվ 380 եզրակացության համաձայն՝ Հ.Բաղդասարյանի բնակության վայրից խուզարկությամբ հայտնաբերված 16 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտները պիտանի են օգտագործման համար և հանդիսանում են ռազմամթերք:

Հ.Բաղդասարյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերված 16 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտները նախատեսված են «ՊԿ» տեսակի գնդացիրներից, «ՍՎԴ» տեսակի նշանառու հրացաններից և այլ տեսակի մարտական զենքերից կրակելու համար, սակայն դրանք նախատեսված չեն Հ.Բաղդասարյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերված 7.62մմ տրամաչափի «Տիգր» տեսակի 22651 գործարանային համարի որսորդական ակոսափող ինքնալից կարաբինից կրակելու համար:

11. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները, Հ.Բաղդասարյանի հանցավոր արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, գտել է, որ սույն քրեական գործի շրջանակներում բավարար հիմքեր չկան նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման համար:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոք բերած անձը գտնում է, որ դատական ակտում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներին, իսկ դատարանի պատճառաբանությունները բացարձակ անհիմն են, քանի որ նշված ապացույցները ձեռք չեն բերված օրենքով սահմանված կարգով և չէին կարող հանդիսանալ ապացույց Հուսիկ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար:

13. Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Հուսիկ Բաղդասարյանն ունեցել է մարտական զենք, ինչպես նաև «Տիգր» տեսակի որսորդական ակոսափող ինքնալից կարաբին հրացան պահելու և կրելու իրավունք: Նրա այդ իրավունքը հաստատված է գործում գտնվող ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից սահմանված կարգով տրված թույլտվությամբ: Այսինքն` նա ունեցել է մարտական զենքից և հրացանից կրակվող ցանկացած տիպի փամփուշտ ձեռք բերելու և պահելու իրավունք: Հետևաբար, նա ունեցել է նաև իր օրինական կարգով ունեցած զենքերից կրակվող 7,62 մմ տրամաչափի փամփուշտները ձեռք բերելու և պահելու իրավունք: Հուսիկ Բաղդասարյանը հայտնել է, որ իր բնակարանում հայտնաբերված 7,62 մմ տրամաչափի փամփուշտները նա գնել է Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Որսորդ» խանութից՝ հրացանի հետ միասին, որոնք եղել են ազատ վաճառքում, այսինքն՝ դրանք ձեռք են բերվել օրինական հիմքով: Եվ եթե նույնիսկ համարվի, որ Հ.Բաղդասարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ապա առկա է արարքի «ոչ դիտավորությամբ» կատարելը: Ուստի սխալ է վերաքննիչ դատարանի եզրահանգումը, թե Հ.Բաղդասարյանը նշված արարքը կատարել է ուղղակի դիտավորությամբ:

14. Դատարանը պետք է անթույլատրելի համարեր 2008 թվականի փետրվարի 26-ի խուզարկության արձանագրությունը, քանի որ այն կազմվել է տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի՝ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ավագ հետաքննիչ Միրզոյանի կողմից:

15. Սույն գործով փորձաքննությունը կատարվել է դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ, փորձագետների թիվ 380 եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 250-րդ հոդվածի պահանջներին, ուստի այն դատարանի կողմից պետք է համարվեր անթույլատրելի ապացույց, ինչը դատարանը չի արել:

16. Դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքի վրա, որ Հուսիկ Բաղդասարյանը նշված փամփուշտները կամովին ներկայացրել է խուզարկությանը մասնակից ոստիկաններին, որը նշված է խուզարկության արձանագրության մեջ: Այս դեպքում պետք է կիրառվեր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված պահանջը, որի համաձայն՝ սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Մինչդեռ դատարանը չի կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի իմպերատիվ պահանջը և ապօրինի նրան ենթարկել է քրեական պատասխանատվության:

17. Չնայած վերաքննիչ դատարանը նշել է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չի առել Հ.Բաղդասարյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, թվարկել է դրանք, սակայն այդ ամենն ավելի շուտ կրում է ձևական բնույթ, որով փորձել է օրինական տեսք տալ առաջին ատյանի դատարանի ակնհայտ անարդար դատավճռին և իբր թե մեղմացնել դրա անբարենպաստ հետևանքները:

18. Գտնելով, որ վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումները հանգեցրել են ծանր հետևանքների, ինչպես նաև սույն գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար՝ բողոք բերած անձը պահանջել է բողոքը ընդունել վարույթ, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի մայիսի 21-ի որոշումը, փոփոխել դատական ակտը և Հուսիկ Բաղդասարյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

19. Ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող 16 հատ մարտական փամփուշտներ ձեռք բերելու և պահելու մեջ Հուսիկ Բաղդասարյանի մեղավորությունը հաստատված է նրա բնակարանում խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, իրեղեն ապացույց 16 հատ 7,62մմ տրամաչափի մարտական փամփուշտներով, ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչության փորձագետների 2008 թվականի մարտի 13-ի թիվ 380 եզրակացությամբ, ինչպես նաև դատարանին տրված նույն վարչության 27.03.2008 թվականի թիվ 20/1203 գրությամբ:

Որոշման հիմքում դրված վերը նշված ապացույցները վերաքննիչ դատարանը հետազոտել է դատաքննության ժամանակ և դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգել է ճիշտ եզրակացության: Այս ապացույցների առկայության պայմաններում կատարված հանցագործության մեջ Հ.Բաղդասարյանի մեղավորության մասին վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքում բերված փաստարկները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտել:

Այսպես՝ անհիմն է բողոքի այն փաստարկը, թե դատարանը պետք է անթույլատրելի համարեր 2008 թվականի փետրվարի 26-ի խուզարկության արձանագրությունը, քանի որ այն կազմվել է տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի՝ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ավագ հետաքննիչ Միրզոյանի կողմից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ: Նույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ քննիչը լիազորված է իր կողմից նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնին նրա համար պարտադիր գրավոր հանձնարարություններ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին: Իսկ նշված հոդվածի 10-րդ կետը սահմանում է, որ նա լիազորված է առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարել հետաքննության մարմնին:

Քրեական գործի նյութերից (գ.թ. 4) երևում է, որ 24.02.2008 թվականի որոշմամբ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Մարուքյանի կողմից հարուցվել է քրեական գործ, և այն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ (գ.թ.5) ստեղծվել է քննչական խումբ, և Մ.Մարուքյանին հանձնարարվել է ղեկավարել խմբի գործողությունները: 25.02.2008 թվականին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին ուղարկվել է առանձին քննչական գործողություն կատարելու հանձնարարություն, որով խնդրվել է խուզարկություններ կատարել Արարատի մարզի մի շարք բնակիչների բնակության վայրերում՝ այդ թվում նաև Հուսիկ Բաղդասարյանի բնակարանում (գ.թ. 10): Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ քննիչը առանձին քննչական գործողության կատարումը հանձնարարել է հետաքննության մարմնին, որն էլ օրինական կարգով կատարել է խուզարկությունը:

20. Անհիմն է բողոքի այն փաստարկը, թե Հուսիկ Բաղդասարյանը 16 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտները կամովին ներկայացրել է խուզարկությանը մասնակից ոստիկաններին, հետևաբար, նա պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ազատվեր քրեական պատասխանատվությունից:

Հանձնումը համարվում է կամովին, եթե անձը, գիտակցելով, որ այդ պահին իրեն բացահայտելու իրական սպառնալիք չկա, իր հայեցողությամբ հանձնում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածում նշված առարկաները, այսինքն՝ անձի ընդունած այդ որոշումը պետք է լինի ազատ և գիտակցված ընտրության արդյունք: Բացահայտման իրական սպառնալիքի առկայությունը և դրանից դրդված հանձնումը չի կարող համարվել կամովին: Այն դեպքերում, երբ իշխանությունները տեղյակ են կոնկրետ անձի մոտ նշված առարկաների առկայության մասին և առաջարկում են հանձնել դրանք, հանձնումը կամովին համարվել չի կարող: Այս պայմաններում դա կարող է դիտվել միայն որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք: Սույն գործով ռազմամթերք հանդիսացող 16 հատ 7,62մմ տրամաչափի մարտական փամփուշտները հանձնվել են ապօրինի զենք ու ռազմամթերք հայտնաբերելու և առգրավելու հետ կապված քննչական գործողություն կատարելու ընթացքում, որը վերը շարադրված պատճառաբանությամբ կամովին հանձնում չէ և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք հանդիսանալ չի կարող:

21. Անհիմն է նաև բողոքի այն փաստարկը, թե Հուսիկ Բաղդասարյանը նշված արարքը կատարել է «ոչ դիտավորությամբ», այսինքն՝ բացակայում է ուղղակի դիտավորությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ. անձը գիտակցում է, որ ապօրինի կերպով ձեռք է բերում, իրացնում, պահում, փոխադրում կամ կրում զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր, գիտակցում է իր գործողությունների՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկանում է կատարել այդ գործողությունները:

Գործի նյութերից երևում է, որ Հուսիկ Բաղդասարյանը նախկինում ՀՀ ՊՆ նախարարության համակարգում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, ունի զինվորական մայորի կոչում, մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախի ինքնապաշտպանության մարտերին, քաջատեղյակ է զենքի ու ռազմամթերքի մարտական և ոչ մարտական լինելու մասին, իրազեկ է եղել, որ այդ փամփուշտները մարտական են, դրանց ապօրինի շրջանառությունը «Զենքի մասին» ՀՀ օրենքի խախտում է և քրեական պատասխանատվության հիմք, սակայն ռազմամթերք հանդիսացող այդ փամփուշտները նա ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել, այսինքն՝ գործել է ուղղակի դիտավորությամբ:

22. Անհիմն է նաև փորձագետների թիվ 380 եզրակացությունն անթույլատրելի ապացույց համարելու մասին բողոքի փաստարկը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված եզրակացությունը հիմնված է փորձագետներին տրամադրված բոլոր օբյեկտների հետազոտման վրա, բովանդակում է սպառիչ պատասխաններ առաջադրված բոլոր հարցերին, դրանք չեն հակասում գործի փաստական հանգամանքներին, փորձաքննություն նշանակելիս և անցկացնելիս թույլ չեն տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, այն գնահատվել է ապացույցների համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված դատարանի ներքին համոզմամբ, ուստի այդ եզրակացությունն անթույլատրելի ապացույց համարելու հիմքեր չկան:

23. Անհիմն է նաև բողոքի այն փաստարկը, թե Հ.Բաղդասարյանի բնակարանում հայտնաբերված 7,62մմ տրամաչափի մարտական փամփուշտները նա գնել է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Որսորդ» խանութից՝ «Տիգր» տեսակի հրացանի հետ միասին, որոնք եղել են օրինական վաճառքում: Ինչպես երևում է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 27.03.2008 թվականի թիվ 20/1203 գրությունից, ՀՀ ոստիկանության ՓՔՎ փորձագետի «N 380»-08 եզրակացությանը ներկայացված 1998 թվականի գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «22651» համարի «Տիգր» տեսակի որսորդական ակոսափող ինքնալից կարաբինից ստուգողական վեց կրակոցների արդյունքում ստացված փորձանմուշները (գնդակներ և պարկուճներ) ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հանրապետական գնդակապարկուճադարանում վերցված են համապատասխան հաշվառման 2004 թվականից: Վերը նշված որսորդական ակոսափող ինքնալից կարաբինից (երկու պահունակներով՝ յուրաքանչյուր պահունակից երեքական փամփուշտներ) փորձանմուշներ ստանալու նպատակով ՀՀ ոստիկանության ՀԿԱ վարչությունից ներկայացվել են 6 հատ 7.62մմ տրամաչափի (7.62.54R) որսորդական փամփուշտներ. 4 հատը՝ «7.62.54R WOLF», իսկ 2-ը՝ «7.62.54R 00 VE» գործարանային դրոշմվածքներով:

Մինչդեռ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետների 2008 թվականի մարտի 13-ի թիվ 380 եզրակացությունից երևում է, որ Հ.Բաղդասարյանի բնակության վայրից խուզարկությամբ հայտնաբերված 16 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտները պիտանի են օգտագործման և հանդիսանում են ռազմամթերք: Նույն եզրակացության համաձայն՝ դրանք հրացանային մարտական փամփուշտներ են, որոնք նախատեսված են «ՊԿ» տեսակի գնդացիրներից, «ՍՎԴ» տեսակի նշանառու հրացաններից և այլ տեսակի մարտական զենքերից կրակելու համար և նախատեսված չեն Հ.Բաղդասարյանի բնակության վայրից խուզարկությամբ հայտնաբերված 7.62մմ տրամաչափի «Տիգր» տեսակի 22651 գործարանային համարի որսորդական ակոսափող ինքնալից կարաբինից կրակելու համար:

24. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ պատճառաբանված չէ վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, թե Հ.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմքեր չկան:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: Փաստորեն պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց իրական պատիժ նշանակելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Ինչպես երևում է գործի նյութերից, Հ.Բաղդասարյանն առաջին անգամ կատարել է միջին ծանրության հանցանք, նախկինում արատավորված չի եղել, մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախի ինքնապաշտպանության մարտերին, ունի մայորի զինվորական կոչում, երկար տարիներ հրամանատարական տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է անվանական զենքով, խնամքին ունի 3 անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ մինչև 14 տարեկան: Հուսիկ Բաղդասարյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Հաշվի առնելով Հ.Բաղդասարյանի անձը բնութագրող վերը նշված տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Հ.Բաղդասարյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:

25. Գործում Հ.Բաղդասարյանի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայության և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում որոշում կայացնելով նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը մերժելու մասին՝ վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. չի կիրառել օրենքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման:

Դա հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող չհիմնավորված որոշման կայացման:

26. Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա բեկանել և փոփոխել վերաքննիչ դատարանի դատական ակտը, քանի որ վերջինիս կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնել նման ակտ, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

27. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի մայիսի 21-ի որոշումը բեկանել և փոփոխել. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Հուսիկ Բաղդասարյանի նկատմամբ նշանակված 2 (երկու) տարի ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

Հուսիկ Բաղդասարյանին անհապաղ ազատել պատիժը կրելուց:

2. Որոշման մնացած մասը թողնել անփոփոխ:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

 

Ե. Խունդկարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան