Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.14/12(78)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0695/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/0695/05/08
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան

Դատավորներ`

 Ա. Ղազարյան
 Հ. Բեդևյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 25.06.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Գրվաչ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության` ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Արաբկիրի հարկային տեսչության (այսուհետ՝ Ծառայություն) 26.04.2007 թվականի թիվ 1107563 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 26.04.2007 թվականի թիվ 1107563 ակտը:

ՀՀ տնտեսական դատարանի 02.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.12.2007 թվականի որոշմամբ Ծառայության վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ տնտեսական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը «կրկնական փաստ» արտահայտության տակ հասկացել է այն դեպքը, երբ մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտը նորից է ձեռք բերում ապրանք և դրանք չի գրանցում:

Դատարանն անտեսել է, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, 25.12.2007 թվականի որոշմամբ անդրադառնալով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածին, պարզաբանել է, որ առաջին անգամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու համար պատասխանատվության ենթարկելուց հետո, եթե անգործությունը փաստացի շարունակվել է, այն իրենից ներկայացնում է ինքնուրույն իրավախախտում, որի համար պատասխանատվությունը նախատեսված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ: Փաստորեն սույն գործով նույն հարցի վերաբերյալ արդեն առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը, որը Դատարանը հաշվի չի առել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 25.06.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության պետի 29.03.2007 թվականի թիվ 1107563 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է ստուգում:

2) 26.04.2007 թվականի թիվ 1107563 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել է 3.030.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն` իրացված ապրանքները սահմանված կարգով չգրանցելու համար:

3) Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշմամբ ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի սխալ մեկնաբանության հիմքով, և գործն ուղարկվել է նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար: Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով:

Վճռաբեկ դատարանը սույն գործով արդեն արտահայտել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ իր դիրքորոշումը (Իրավական հիմնավորումները տես՝ «Գրվաչ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` 26.04.2007 թվականի թիվ 1107563 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1799(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Նշված հոդվածով ուղղակիորեն սահմանվում է Վճռաբեկ դատարանի կողմից տրված իրավական հիմնավորումների պարտադիր բնույթը բոլոր դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործեր քննելիս:

Ավելին, սույն գործով առկա են ոչ միայն նույնանման փաստական հանգամանքներ, այլև խոսքը գնում է նույն գործի մասին, որով Վճռաբեկ դատարանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջների խախտում, հետևաբար ավելորդ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցի մեկնաբանմանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 25.06.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. «Գրվաչ» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան