ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2009 թվականի N 115-Ն
ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունիսի 2008 թվականի ՀՕ-111-Ն) 76-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հավատարմատարների մասին կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 15-ի «Արտոնագրային հավատարմատարների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 527 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնադրությամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտոնագրային և արդյունաբերական նմուշների հավատարմատարների (այսուհետ նաև՝ հավատարմատար) մասնագիտական գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Հավատարմատար համարվում է այն անձը, որին արդյունաբերական սեփականության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն իրավունք է վերապահված գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքի ծագման տեղանունների հայտերը ներկայացնելու, հայտերով նամակագրության վարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքների ձեռքբերման և տնօրինման հարցերով ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն):
3. Որպես հավատարմատար չեն կարող որակավորվել և գրանցվել նախարարության աշխատողները, ինչպես նաև այն անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
II. ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԳՐԱՆՑՈՒՄԸ
4. Հավատարմատարների որակավորումն ու գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի (այսուհետ՝ նախարար) հաստատած կարգով:
5. Որակավորման քննություն հանձնած թեկնածուն որպես հավատարմատար գրանցվում է իր դիմումի համաձայն, որին կցվում է օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
6. Նախարարությունը դիմումն ստանալուց հետո ընդունում է որոշում հավատարմատարին գրանցելու մասին և նրան գրանցում է արտոնագրային հավատարմատարների կամ արդյունաբերական նմուշների հավատարմատարների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում:
7. Արտոնագրային հավատարմատարը կարող է դիմել նախարարություն՝ իրեն արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանից արդյունաբերական նմուշների հավատարմատարների գրանցամատյան տեղափոխելու խնդրանքով: Արդյունաբերական նմուշների հավատարմատարը կարող է դիմել նախարարություն, որ իրեն արդյունաբերական նմուշների հավատարմատարների գրանցամատյանից տեղափոխեն արտոնագրային հավատարմատարների գրանցամատյան:
8. Նշված դիմումները բավարարվում են, եթե հավատարմատարը համապատասխանում է «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:
III. ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Հավատարմատարի գործունեության իրավունքը ծագում է նրա գրանցման պահից:
10. Հավատարմատարը կարող է իր գործունեությունը սահմանափակել արդյունաբերական սեփականության առանձին օբյեկտներով (գյուտեր և օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային (սպասարկման) նշաններ և ապրանքի ծագման տեղանուններ), որը հաշվի է առնվում որակավորման քննությունն անցկացնելիս:
11. Հավատարմատարն իրավունք ունի ներկայացնելու յուրաքանչյուր անձի` իր հետ կնքած պայմանագրի հիման վրա:
12. Հավատարմատարի իրավասությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրով:
13. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք լիազորագիրը ձևակերպում են այն օտարերկրյա պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, որտեղ դա կազմվում է:
14. Հավատարմատարը պարտավոր է լիազորագիր տված անձի կողմից իրեն վստահված տեղեկատվությունը պահել գաղտնի, եթե լիազորագիր տվող անձից այլ հատուկ ցուցում չի ստացել:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |