ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 3-625(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
|
Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գոռ Մուսաելյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Երևանի Նորք-Մարաշ համայնքի թաղապետարանի (այսուհետ` Թաղապետարան) ընդդեմ Գոռ Մուսաելյանի և Արա Մուրադյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Թաղապետարանը պահանջել է Գոռ Մուսաելյանից և Արա Մուրադյանից բռնագանձել 831.975 ՀՀ դրամ գույքահարկի գումար:
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.04.2008 թվականի որոշմամբ Արա Մուրադյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ գումարը բռնագանձվել է միայն Գոռ Մուսաելյանից: Միաժամանակ որոշվել է բռնագանձել 16.638 ՀՀ դրամ պետական տուրք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոռ Մուսաելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա Նոր Նորքի զինվորական կոմիսարի և զորահավաքային բաժնի պետի 10.12.2007 թվականի թիվ 71 տեղեկանքը, ինչի արդյունքում, հարկվող ժամանակաշրջանից չի հանել 2004-2005 թվականներին Գոռ Մուսաելյանի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնված լինելու ժամկետը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.04.2008 թվականի որոշումը՝ 2004-2005 թվականների համար հաշվարկված գույքահարկի և տույժի մասով և հայցն այդ մասով մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 23.07.2003 թվականին Արա Մուրադյանն իրեն պատկանող ԲՄՎ-750 մակնիշի ավտոմեքենան վաճառել է Գոռ Մուսաելյանին:
2) Նշված մեքենայի գույքահարկի գծով պարտավորությունը 2004-2007 թվականների համար կազմում է 831.975 ՀՀ դրամ:
3) Նոր Նորքի զինվորական կոմիսարի և զորահավաքային բաժնի պետի տեղեկանքի համաձայն` Գոռ Մուսաելյանը 11.12.2003 թվականից մինչև 16.12.2005 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծառայության ընթացքում գուքահարկից ազատվում են ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ որոշումներում նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղաքացիական գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):
Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՜ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843(ՎԴ)):
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա Նոր Նորքի զինվորական կոմիսարի և զորահավաքային բաժնի պետի տեղեկանքը, որով հիմնավորվում է 11.12.2003 թվականից մինչև 16.12.2005 թվականն ընկած ժամանակաշրջանում Գոռ Մուսաելյանի ՀՀ զինված ուժերում ծառայելու փաստը, որը «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հիմք է համապատասխան ժամանակաշրջանի համար ավտոմեքենայի գույքահարկի վճարումից ազատելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008 թվականի որոշումը Գոռ Մուսաելյանից 2004-2005 թվականների գույքահարկի, տույժի և պետական տուրքի գումարներ բռնագանձելու մասով և գործն այդ մասով ուղարկել Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|