Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

քրեական վերաքննիչ դատարանի որոշում

գործ հ. ԼԴ/0162/06/08

  ԼԴ/0162/06/08

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

 

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

 

 

Ե. Խունդկարյանի

 

քարտուղար

Ա. Աբրահամյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով մեղադրյալ Գևորգ Սուրիկի Շահինյանի պաշտպանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. Գևորգ Սուրիկի Շահինյանի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով և հասարակական կարգի պահպանության պարտականությունն իրականացնող անձանց դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ 2008 թվականի հուլիսի 28-ին Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2. Գևորգ Շահինյանը 2008 թվականի հուլիսի 29-ին ձերբակալվել է, հուլիսի 31-ին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

3. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Գևորգ Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Վանաձորի քննչական բաժանմունքի քննիչի միջնորդությունը, Գևորգ Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանք 2 ամիս ժամկետով, և մերժվել է Գ.Շահինյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:

4. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Գ.Շահինյանի պաշտպանը:

5. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ առանց քննության է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը:

6. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք է բերել Գևորգ Շահինյանի պաշտպանը:

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները

 

7. Գևորգ Սուրիկի Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 2150-ի սահմաններում, իրեն պատկանող «Վազ 21214» մակնիշի 55 ՍՕ 355 պետհամարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 24 շենքի մոտ, ճանապարհի երթևեկելի գոտում խախտել է ՃԵԿ-ի պահանջները և չենթարկվելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու օրինական պահանջներին՝ դիմել է փախուստի: Այնուհետև, ժամը 2200-ի սահմաններում, Գևորգ Շահինյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 34 շենքի դիմաց նշված հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Մերուժան Կարապետյանի, նույն վաշտի առաջին դասակի ՃՊԾ տեսուչներ Միքայել Ստեփանյանի, Արծրուն Մինասյանի և Սմբատ Քառյանի հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ շուրջ 30 րոպե հայհոյանքներ է տվել նրանց հասցեին, ինչը զուգորդվել է նաև Մերուժան Կարապետյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով և հասարակական կարգի պահպանության պարտականությունն իրականացնող անձանց դիմադրություն ցույց տալով:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

8. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել 2008 թվականի օգոստոսի 7-ին: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ նյութերն ընդունել է վարույթ և նշանակել դատական ստուգման 2008 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 1600-ին:

9. 2008 թվականի օգոստոսի 25-ին Լոռու մարզի դատախազության դատախազ Խ.Մուրադյանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան այն մասին, որ քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Սուրիկի Շահինյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

10. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը գտել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտը սահմանափակվում է նախաքննության ավարտով, հետևաբար քրեական գործի նախաքննությունն ավարտվելու և գործը դատարան ուղարկվելու պահից տվյալ դատարանն է իրավասու քննարկել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Նշված պատճառաբանությամբ վերաքննիչ դատարանը 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ առանց քննության է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքում նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից: Սակայն վերաքննիչ դատարանը, չկիրառելով վերը նշված հոդվածը, խախտել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերությունը, 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը:

Դատարանը դատական ստուգման չի ենթարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը: ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերության, 19-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի և դատավարական նորմի համադրումը թույլ է տալիս մեկնաբանելու, որ ստորադաս դատարանի՝ կալանավորման մասին որոշումը բողոքարկելու միջոցով վերադաս դատարանում ստուգման ենթարկելու իրավունքը պատկանում է յուրաքանչյուր կալանավորված անձի: Հետևաբար, վերադաս դատարանի պոզիտիվ պարտականությունն է ստուգման ենթարկել անձին կալանավորելու մասին որոշումը, անկախ նրանից՝ գործի նախաքննությունն ավարտվել է, թե՝ ոչ:

12. Բողոքում նշվում է նաև, որ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Դատարանը վերաքննիչ բողոքը կարող է թողնել առանց քննության, եթե առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքերի սպառիչ ցանկը, սակայն վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության վերոհիշյալ հոդվածով չնախատեսված հիմքով:

13. Բողոք բերած անձը գտնում է, որ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ և 381-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բողոքն ընդունել վարույթ, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշումը և ընդունել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ և 381-րդ հոդվածների մեկնաբանության մասին.

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից: Նշված հոդվածի իմաստով վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվող ակտերը վերանայող դատարան, որի խնդիրն է նշված ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումը:

Ընդհանուր իրավասության դատարանի կողմից անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշման կայացումը և վերջիններիս` վերաքննության կարգով վերանայումը իրականացվում են տարբեր դատավարական գործառույթների շրջանակներում: Վճռաբեկ դատարանն այն տեսակետն է արտահայտում, որ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումների` վերաքննության կարգով բողոքարկման իրավունքի սահմանափակումը` ելնելով այն հանգամանքից՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, թե գործի դատական քննության փուլում գտնվող գործի շրջանակներում են դրանք բողոքարկվել, անթույլատրելի է: Նշված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն արտահայտված է Ա.Ղավալյանի գործով 28.11.2008թ. որոշման մեջ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը պարտավոր էր պատասխանել իր առջև դրված մի հարցի` արդյոք Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Գևորգ Շահինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին հիմնավոր և օրինական է, թե՝ ոչ:

15. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ խախտել է նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, երբ կալանավորումն անօրինական է: Փաստորեն, վերաքննիչ դատարանը նախ՝ ըստ էության չքննելով կալանավորման օրինականության և հիմնավորվածության հարցը՝ չի ապահովել կալանավորման օրինականությունը վիճարկելու անձի իրավունքի իրականացումը, և երկրորդ՝ այդ հարցը չի քննել ողջամիտ ժամկետում և չի կատարել անհապաղ որոշում կայացնելու իր պարտականությունը:

Նշված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իր արտահայտությունն է ստացել Ա.Ղավալյանի գործով 28.11.2008թ. որոշման մեջ: Նշված որոշման մեջ նաև Վճռաբեկ դատարանն այն կարծիքն է արտահայտել, որ օրենքով սահմանված կարգի պահպանմամբ հարցը քննելու իրավասություն ունեցող դատարանի կողմից առանց օրենքով նախատեսված հիմքերի, կամայականորեն վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը հանգեցնում է դատարանի մատչելիության իրավունքի (արդարադատության մատչելիության իրավունքի) խախտմանը, որը նախատեսված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով:

16. Գործի նյութերից երևում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Գևորգ Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Վանաձորի քննչական բաժանմունքի քննիչի միջնորդությունը, Գևորգ Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանք 2 ամիս ժամկետով, և մերժվել է Գ.Շահինյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը: Իսկ 2008 թվականի օգոստոսի 25-ին Գևորգ Շահինյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նույն դատարան: Փաստորեն, համաձայն վերաքննիչ դատարանի որոշման, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը պետք է կրկին անգամ դատական ստուգման ենթարկեր իր իսկ կողմից կայացված՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը, սակայն նշված դատարանը նման իրավասություն չունի: Այդպիսի լիազորությամբ օժտված է միայն վերաքննիչ դատարանը, այսինքն՝ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման իրավասությունը վերապահված է բացառապես քրեական վերաքննիչ դատարանին:

Դատավարական իրավունքի վերը նշված խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն, դատական ակտը բեկանելու հիմք են (տե'ս Ա.Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի 28.11.2008թ. որոշումը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

 

Ե. Խունդկարյան