Գլխավոր տեղեկություն
Համար
N 66-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.02.2009-11.09.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.26/12(247) Հոդ.199
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2003 թվականի N 66-Ն

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» և 111-րդ հոդվածի «ա» կետերով, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերությամբ, 13-րդ հոդվածի երկրորդ մասով, 15-րդ հոդվածի յոթերորդ պարբերությամբ, 18-րդ հոդվածի առաջին մասով, 19-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 28-րդ կետով և 391-րդ հոդվածով, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետով, «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետով, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) բարեգործական (ներառյալ մարդասիրական օգնության) ծրագրերի շրջանակներում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցումն իրականացնելու ժամանակավոր կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

Սահմանել, որ բարեգործական (ներառյալ մարդասիրական օգնության) ծրագրերի շրջանակներում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցումն իրականացնելու ժամանակավոր կարգն ուժի մեջ է մինչև 2003 թվականի դեկտեմբերի 30-ը:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝

Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրականացվող բարեգործական ծրագրերի, դրանց կատարման ընթացքի ու դրանց շրջանակներում իրականացված գործարքների մասին ստացված տեղեկատվությունը, եթե այն չի տրված Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից, այն ստացվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հաղորդումը նախորդ տարում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի փետրվարի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. հունվարի 27

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 66-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմակերպման և գործունեության կարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բարեգործության մասնակիցներ հանդիսացող օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարեգործության մասնակից անձինք:

Հանձնաժողովի անդամներ են նաև հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը:

4. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

5. Հանձնաժողովի աշխատակազմի գործառույթների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը, որի պետն ի պաշտոնե հանդիսանում է հանձնաժողովի նախագահը:

(5-րդ կետը փոփ. 16.12.04 N 1752-Ն)

6. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:

7. Հանձնաժողովն ունի իր անվանմամբ կլոր կնիք և ձևաթուղթ:

8. Հանձնաժողովն իր գործունեության համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Հանձնաժողովի նպատակը Հայաստանի Հանրապետությունում բարեգործական ծրագրերի համակարգումն է:

10. Հանձնաժողովի գործառույթներն են՝

ա) ծրագրերը բարեգործական որակելը.

բ) ծրագրի՝ բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը, կասեցնելը), իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին միջնորդություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին.

գ) բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների (այսուհետ՝ հարակից գործարքներ) շրջանակը որոշելը.

դ) բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը վարելը, ներառյալ բարեգործական ծրագրերը գրանցելը, բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը վարելը.

ե) բարեգործական ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, դրանց ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը.

զ) բարեգործական (ներառյալ մարդասիրական օգնության) ծրագրերի շրջանակներում 2002 թվականին իրականացված, ավարտված գործարքներով, «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան, ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման վերաբերյալ դիմումները քննարկելն ու դրանց լուծում տալը.

է) դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները սահմանված ժամկետներում չօգտագործվելու դեպքում դրանց օգտագործման ժամկետների երկարաձգումը մինչև 6 ամիս ժամկետով.

ը) բարեգործական ծրագրերի իրականացման փորձի ուսումնասիրությունը, դրանց արդյունավետության բարձրացման միջոցներ ձեռնարկելը, այդ թվում՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ներառյալ ստուգում անցկացնելու վերաբերյալ համապատասխան պետական մարմիններ միջնորդություններ ներկայացնելը.

թ) բարեգործական ծրագրի ավարտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության քննարկումը և ծրագրի իրականացման հավաստումը.

ժ) բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետություն ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները կազմակերպելը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տվյալ ապրանքների տնօրինման մասին որոշմամբ սահմանված լիազորություններին համապատասխան.

ժա) բարեգործության բնագավառում հրապարակայնություն ապահովելը.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ իրականացնելը:

11. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև բարեգործության մասնակիցների հետ:

Իր գործառույթների իրականացման նպատակով հանձնաժողովն իրավասու է օրենքով սահմանված կարգով պահանջելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստանալու իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր և այլ փաստաթղթեր:

12. Հանձնաժողովը կարող է հրավիրել համաժողովներ՝ հանձնաժողովի կատարած աշխատանքների և Հայաստանի Հանրապետությունում իրագործվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցերի քննարկման նպատակով:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր իրավասությունների սահմաններում, նիստերի, հարցման կարգով (հեռակա քվեարկությամբ) որոշումների ընդունման, հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի աշխատակազմի, ինչպես նաև որոշակի խնդիրների լուծման նպատակով իր լիազորություններին համապատասխան և իր կողմից ստեղծված աշխատանքային խմբերի միջոցով:

Հանձնաժողովի աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է հանձնաժողովի հաստատած աշխատակարգին և աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան:

Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատողների և մասնագետների:

14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նախագահի հրավերով կամ հանձնաժողովի որոշմամբ խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձինք:

15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների, իսկ հարցման կարգով քննարկում կազմակերպելու դեպքում՝ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում ընդունված որոշման մասին նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

16. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի քարտուղարը:

17. Ծրագրերը բարեգործական որակելու, այդպիսի որակումը փոփոխելու, ինչպես նաև հարակից գործարքների շրջանակը որոշելու մասին հարցերը քննարկվում, դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

18. Հանձնաժողովի նախագահը՝

ա) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը, ապահովում նրա բնականոն աշխատանքը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը.

գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը, իսկ անհրաժեշտության դեպքում առանձին հարցերի քննարկումը կազմակերպում է հարցման միջոցով, ընդ որում, եթե ծրագիրը բարեգործական որակելու կամ հարակից գործարքների շրջանակը որոշելու վերաբերյալ հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին կամ դրանց պարունակած տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների, ապա 10 օրացուցային օրվա ընթացքում ծրագիրն իրականացնողին տեղեկացվում է դրա մասին, և եթե 30 օրացուցային օրվա ընթացքում չի ստացվում պատասխանը, ապա հայտը հանվում է քննարկումից.

դ) վարում է հանձնաժողովի նիստերը.

ե) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.

զ) հանձնաժողովի կազմի փոփոխման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին.

է) հանձնաժողովի նախագահի տեղակալի ներկայացմամբ՝ մակագրությամբ հավաստում կամ անհրաժեշտության դեպքում ծրագրի ավարտի հավաստման հարցը ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը.

ը) հանձնաժողովի նախագահի տեղակալի ներկայացմամբ քննարկում և սահմանված կարգով ընթացք է տալիս բարեգործական (ներառյալ մարդասիրական օգնության) ծրագրերի շրջանակներում 2002 թվականին իրականացված, ավարտված գործարքներով, «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան, ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման վերաբերյալ դիմումներին.

թ) կազմում է հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվություններ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ժ) բարեգործական ծրագրերի իրականացման փորձի ուսումնասիրության հիման վրա միջոցներ է ձեռնարկում այդ փորձը կատարելագործելու, ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու համար, ինչպես նաև հայտնաբերված խախտումների կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություններ և առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պետական մարմիններ.

ժա) անհրաժեշտության դեպքում միջնորդություն է ներկայացնում մաքսային մարմին՝ բարեգործական ծրագրի իրականացման համար ներմուծվող ապրանքների՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծումը թույլատրելու վերաբերյալ.

ժբ) կազմակերպում է բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետության անունով ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները.

ժգ) հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ՝ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերի լուծման համար.

ժդ) ապահովում է հանձնաժողովի աշխատանքի լուսաբանումն ու հրապարակայնությունը.

ժե) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, տալիս է հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր.

ժզ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝

ա) կատարում է հանձնաժողովի նախագահի՝ հանձնաժողովի աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հանձնարարականները.

բ) հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

գ) («գ» ենթակետն ուժն կորցրել է 16.12.04 N 1752-Ն)

դ) համակարգում է հանձնաժողովի աշխատանքային խմբերի աշխատանքը.

ե) ստանում և ուսումնասիրում է՝

ծրագրերն իրականացնողներից բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի և ավարտի մասին տեղեկությունները,

ծրագրի կատարման արդյունքների հանձնման-ընդունման վերաբերյալ փաստաթղթերը, եթե հանձնման-ընդունման կարգ է սահմանված ծրագրով կամ ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ, կամ այլ իրավական ակտով,

ծրագրի կատարման արդյունքների նկատմամբ հսկողություն իրականացնող անձի հաշվետվությունը, եթե ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ նշանակված է այդպիսի անձ,

ծրագիրն իրականացնողի, այլ շահագրգիռ անձանց՝ սեփական նախաձեռնությամբ ներկայացրած փաստաթղթերը,

իր կամ այլոց նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործություն ստացողների հարցման արդյունքում ձեռք բերված տվյալները,

«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջին համապատասխան, բարեգործական կազմակերպության՝ հանձնաժողով ներկայացված իր գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կատարված ստուգումների արդյունքները,

բարեգործական ծրագրերի, դրանց ընթացքի և արդյունքների մասին ձեռք բերված այլ տեղեկություններ.

զ) ստացված տեղեկությունների հիման վրա վարում է բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը.

է) բարեգործական ծրագրերի ընթացքի և ավարտի մասին տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկություն՝

ծրագրի ավարտը հավաստելու վերաբերյալ,

ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու, այդ թվում՝ ծրագրի բարեգործական որակումը կամ հարակից գործարքների շրջանակը փոփոխելու վերաբերյալ՝ համապատասխան հիմնավորմամբ (չեն իրականացվել (չեն իրականացվում) ծրագրի նպատակները կամ ծրագիր իրականացնող կազմակերպությունը հանձնաժողովին չի տրամադրել սահմանված տեղեկությունները, կամ ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, կամ ծրագիրն իրականացնող կազմակերպության գործունեության մեջ առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների էական խախտումներ),

անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար համապատասխան պետական մարմիններ միջնորդություններ ներկայացնելու վերաբերյալ,

ծրագրերի իրականացման պրակտիկան կատարելագործելու, ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ.

ը) քննարկում է բարեգործական (ներառյալ մարդասիրական օգնության) ծրագրերի շրջանակներում 2002 թվականին իրականացված ու ավարտված գործարքներով, «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան, ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման վերաբերյալ դիմումները և առաջարկություն ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

թ) քննարկում է դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները սահմանված ժամկետներում չօգտագործվելու դեպքում դրանց օգտագործման ժամկետները մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու մասին դիմումները և առաջարկություն ներկայացնում հանձնաժողովի նախագահին՝ հարցը հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

ժ) իր իրավասությունների սահմաններում իրականացնում է բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետության անունով ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները.

ժա) հանձնաժողովի նախագահին ներկայացնում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ բարեգործության բնագավառում հրապարակայնության ապահովման նպատակով զանգվածային լրատվության միջոցներին տրամադրելու համար.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը, անհրաժեշտ նյութերն ու որոշումների նախագծերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

բ) ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստից երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին է ուղարկում նիստի օրակարգի նախագիծն ու նախատեսված հարցերին առնչվող նյութերը.

գ) կազմակերպում է հանձնաժողովի նիստի նախապատրաստումը.

դ) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները և հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

ե) սահմանված ժամկետում համապատասխան կազմակերպություններ է ուղարկում հանձնաժողովի որոշումները.

զ) կազմակերպում է հանձնաժողովի գործավարությունը.

է) հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության դեպքում վարում է հանձնաժողովի նիստերը.

ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի անդամները՝

ա) պարտավոր են սահմանված կարգով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

բ) պատասխանատու են հանձնաժողովի որոշմամբ իրենց տրված հանձնարարականների կատարման համար.

գ) իրավունք ունեն ծանոթանալու ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի աշխատակազմում առկա նյութերին ու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

դ) հանձնաժողովի նիստից առաջ կարող են առաջադրել հարցեր հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև հայտնել իրենց կարծիքն օրակարգի մասին:

Հանձնաժողովի անդամներն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված այլ լիազորություններ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 66-Ն որոշման

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգը սահմանում է ծրագիրը բարեգործական որակելու, այդպիսի ծրագրերի հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների (այսուհետ՝ հարակից գործարքներ) շրջանակը որոշելու վերաբերյալ հայտը (այսուհետ՝ հայտ) ներկայացնելու, քննարկելու, որոշում ընդունելու, բարեգործական որակում ունեցող ծրագրերը գրանցելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև նշված որակումը փոփոխելու ընթացակարգերը:

2. Ծրագրերը բարեգործական որակելու և հարակից գործարքների շրջանակը որոշելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. Ծրագիրը սույն կարգով սահմանված ընթացակարգով բարեգործական որակելու հարցը կարող է դրվել այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացնող անձինք (բարեգործներ, կամավորներ)՝

ա) ակնկալում են խրախուսում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված).

բ) նախատեսում են ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից (այսուհետ՝ հարկային արտոնություններ), եթե նշված հարկային արտոնությունները կամ հիշյալ որակումն ուղղակիորեն չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մաս).

գ) ակնկալում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ համապատասխան համայնքից ստանալ նյութատեխնիկական աջակցություն և դրամական օժանդակություն («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մաս):

4. Բարեգործական որակման ենթակա չէ շահառություն ենթադրող, կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ միջոցների հատկացում ներառող կամ կազմակերպության՝ իր աշխատողների կամ իր առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի, կամ դրանց աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարման ծրագիրը:

Բարեգործական որակման ենթակա չէ բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման՝ ապրանքների առուվաճառքի գործարք (դրամայնացում) ներառող ծրագիրը:

5. Հարկային արտոնությունների ստացման նկատառումով բարեգործական կարող են որակվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից և նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին:

6. Բարեգործական որակման ներկայացվող ծրագրում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվում են դրանց կատարողները և ստացողները: Ծրագիրը ներառում է նաև կանխատեսվող մուտքերի և ծախսերի («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդված) նախահաշիվը, սահմանում է ծրագրի իրականացման փուլերն ու ժամկետները: Ծրագիրը կարող է ներառել այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն, այլ հիմնավորումներ, որոնք կարևոր կհամարվեն ծրագիրն իրականացնողների կողմից:

Հարակից գործարքների շրջանակը որոշելու համար հայտում պետք է նկարագրվեն ծրագրի շրջանակներում նախատեսվող գործարքները, որոնցով ծրագիրն իրականացնողները նախատեսում են հարկային արտոնությունների, դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը ծրագրի իրականացման համար և դրանցից յուրաքանչյուրի առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները և արժեքը: Հարակից գործարքները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի արդյունավետ կատարումն ապահովելուն, մասնավորապես, ապրանքների ներմուծումը, ձեռքբերումը, ստացումը, մաքսային ձևակերպումը, փոխադրումը, բեռնաթափումը, սերտիֆիկացումը, պահպանումը, պահեստավորումը և (կամ) բաշխումը, ինչպես նաև ծառայությունների մատուցումն ու աշխատանքների կատարումն ապահովելուն և (կամ) կազմակերպելուն: Այդ գործարքների կողմ պետք է հանդիսանա ծրագիրն իրականացնող անձը: Ընկերությունը, որի հիմնադիրն է կամ որին մասնակից է ծրագիրն իրականացնող անձը, այդ գործարքները կատարող կողմ չի կարող հանդիսանալ:

7. Ծրագիրն իրականացնողը հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

Ծրագիրն իրականացնողը հայտը կարող է ներկայացնել պետական կառավարման այն մարմին, որի գործունեության ոլորտին առնչվում է ծրագիրը: Վերջինս, 10 օրացուցային օրվա ընթացքում, կցելով իր կարծիքը ծրագրի վերաբերյալ, հայտը ներկայացնում է հանձնաժողով:

8. Յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ հանձնաժողով պետք է ներկայացվի առանձին հայտ:

Բացի ծրագրի և (կամ) հարակից գործարքների՝ սույն կարգի 6-րդ կետում նշված նկարագրությունից, հայտին կարող են կցվել ծրագրին առնչվող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, նյութեր, այլ հիմնավորումներ, այդ թվում՝ ծրագրի մասին համապատասխան պետական մարմինների կարծիքները, եթե այդպիսիք ստացվել են ծրագիրն իրականացնողի նախաձեռնությամբ:

9. Հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվությունը կրում է ծրագիրն իրականացնողը:

10. Եթե հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում կամ չեն բավարարում սույն կարգի պահանջներին կամ դրանց պարունակած տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների, ապա հանձնաժողովը 10 օրացուցային օրվա ընթացքում ծրագիրն իրականացնողին տեղեկացնում է դրա մասին: Այդ դեպքում հայտի քննարկման ժամկետը կասեցվում է մինչև պատասխանի ստացումը: 30 օրացուցային օրվա ընթացքում պատասխանը չստացվելու դեպքում հայտը հանվում է քննարկումից:

11. Հայտը պետք է ներկայացվի վաղօրոք՝ մինչև ծրագրի իրականացումը նախաձեռնելը, որպեսզի ծրագրի իրականացումն սկսելու պահին որոշակի լինեն դրա բարեգործական որակումը և դրա շրջանակներում իրականացվող հարակից գործարքները: Այս կանոնից շեղում կարող է լինել, եթե ծրագիրն իրականացնողը կհիմնավորի հայտն ավելի վաղ ներկայացնելու անհնարինությունը:

12. Հայտը և կից ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:

13. Հայտը հանձնաժողովում ստացվելուց հետո, մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելը, պետք է ստացվեն Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների կարծիքները հայտի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կարծիքի ստացումը պարտադիր է:

Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունները և պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմիններն իրենց կարծիքները ծրագրի վերաբերյալ պետք է հայտնեն համապատասխան նյութերն ստացվելուց հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հանձնաժողովում հայտի քննարկման առավելագույն ժամկետը 30 օրացուցային օր է:

Հանձնաժողովում հայտը քննարկվում է ծրագիրն իրականացնողի մասնակցությամբ: Քննարկման օրվա, ժամի և վայրի (հասցե, սենյակ) մասին ծրագիրն իրականացնողը պետք է տեղեկացվի առնվազն 2 օր առաջ: Պատշաճ տեղեկացված ծրագիրն իրականացնողի բացակայությունը խոչընդոտ չէ քննարկման համար, սակայն կարող է հայտի քննարկումը հետաձգելու մասին որոշում ընդունելու հիմք հանդիսանալ:

Հայտի քննարկումը կարող է հետաձգվել նաև այն դեպքում, երբ որոշում ընդունելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ:

Հայտի քննարկումը հետաձգելու մասին հանձնաժողովի որոշած ժամկետը չի կարող 30 օրից ավելի լինել:

15. Հանձնաժողովը հայտի քննարկման արդյունքում ծրագիրը բարեգործական որակելու և (կամ) հարակից գործարքների շրջանակի մասին իր որոշումը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ծրագիրն իրականացնողին:

Հայտի մերժումը կամ հայտի քննարկման հետաձգումն արձանագրվում են՝ նշելով համապատասխան հիմնավորումը: Արձանագրությունից համապատասխան քաղվածքը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծրագիրն իրականացնողին:

16. Ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ, ծրագիրն իրականացնողի համաձայնությամբ, կարող են փոփոխվել ծրագրի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև սահմանվել ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգ և այդ արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձ:

17. Հանձնաժողովի որոշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) որոշման անվանումը (մարմնի անվանումը, որոշման վերնագիրը, ընդունման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և հերթական համարը).

բ) ծրագրի գրանցման համարը.

գ) ծրագիրն իրականացնողը.

դ) ծրագրի մասին կարծիքներ տված մարմինների անվանումները.

ե) ծրագիրը որակելու նպատակը՝ ըստ սույն կարգի 3-րդ կետի.

զ) հարակից գործարքների վերաբերյալ որոշման մեջ պետք է հղում կատարվի հանձնաժողովի այն որոշմանը, որով հարակից գործարքներին առնչվող ծրագիրը (ծրագրերը) որակվել է բարեգործական.

է) ծրագիրը որակելու և (կամ) հարակից գործարքների մասին դրույթները.

ը) ծրագրի իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունները (եթե հանձնաժողովը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան սահմանել է այդպիսի փոփոխություններ).

թ) ծրագրի արդյունքների հանձնման-ընդունման կարգը, այդ արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը (եթե այդպիսիք սահմանվել են).

ժ) ծրագիրն իրականացնողի կողմից հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների ծավալն ու պարբերականությունը.

ժա) այն պետական մարմինները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք (բացի ծրագիրն իրականացնողից), ում պետք է ուղարկվի որոշման օրինակը:

18. Հանձնաժողովի որոշմանը պետք է կցվի ծրագիրը կամ որոշումը պետք է բովանդակի սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների համառոտ շարադրանքը: Որոշմանը կցված ծրագրի բոլոր էջերին պետք է լինի հանձնաժողովի պաշտոնատար անձի ստորագրությունը՝ վավերացված հանձնաժողովի կնիքով:

19. Յուրաքանչյուր ծրագրի որակման վերաբերյալ ընդունվում է առանձին որոշում, որը գրանցվում է հանձնաժողովի կողմից վարվող վարչական ռեգիստրում:

20. Ծրագրի որակման և հարակից գործարքների վերաբերյալ հայտը կարող է մերժվել, եթե՝

ա) հայտում և կից փաստաթղթերում ներկայացված տվյալներն ու տեղեկությունները չեն բավարարում սույն կարգի պահանջները կամ հիմնավորված կամ հավաստի չեն.

բ) քննարկման արդյունքում աննպատակահարմար է դիտվում տվյալ ծրագրի որակումը կամ հարակից գործարքներին հարկային արտոնությունների տրամադրումը:

21. Ծրագիրն իրականացնողը ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին տեղեկությունները հանձնաժողով է ներկայացնում հանձնաժողովի որոշմամբ սահմանված ծավալով ու պարբերականությամբ:

Բարեգործական կազմակերպությունը, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջին համապատասխան, հանձնաժողով է ներկայացնում իր գործունեության մասին տարեկան հաշվետվությունը:

22. Հանձնաժողովը ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում՝

ա) ծրագրի կատարման արդյունքների հանձնման-ընդունման միջոցով, եթե նման կարգ է սահմանված ծրագրով կամ ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ.

բ) ծրագրի կատարման արդյունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձի միջոցով, եթե ծրագրով կամ ծրագիրը բարեգործական որակելու մասին որոշմամբ նշանակված է այդպիսի անձ.

գ) ծրագիրն իրականացնողի, այլ շահագրգիռ կողմերի՝ սեփական նախաձեռնությամբ կամ սույն կարգին համապատասխան հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև բարեգործական աջակցություն ստացողների հարցման արդյունքում ձեռք բերված տվյալների և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կատարված ստուգումների արդյունքների ուսումնասիրության միջոցով:

23. Սույն կարգի 21-րդ կետում նշված տեղեկությունները ծրագիր իրականացնողի կողմից հանձնաժողով չներկայացվելու, ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնաբերվելու, ծրագիրն իրականացնողի գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների էական խախտումների առկայության կամ ծրագրի նպատակները չիրականացվելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է գրավոր զգուշացնելու ծրագիրն իրականացնողին, ինչպես նաև վերանայել ծրագիրը բարեգործական որակելու և (կամ) հարակից գործարքների մասին իր որոշումները, իսկ եթե նման որակում տրված է այլ իրավական ակտերով, ապա վերջինս իրավասու է այդ որակումը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը սահմանված կարգով ներկայացնել տվյալ իրավական ակտն ընդունած մարմին:

24. Հանձնաժողովը ծրագիրը բարեգործական որակելու կամ նման որակումը փոփոխելու, ինչպես նաև հարակից գործարքների մասին որոշումների մեկական օրինակը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և պետական կառավարման հանրապետական ու տարածքային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման այն մարմիններ, իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնց, ըստ տվյալ որոշման, պետք է ուղարկվի որոշման օրինակը:

Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործարքներ ներառող ծրագրերի մասին որոշման օրինակն ուղարկում է հարկային մարմին, որտեղից այն 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան տարածքային հարկային տեսչություն:

Հանձնաժողովը ապրանքների ներմուծման գործարքներ ներառող ծրագրերի մասին որոշման օրինակն ուղարկում է վերադաս մաքսային մարմին, որտեղից այն 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան մաքսատուն:

(24-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 66-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Կ Ա Ր Գ

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ) ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է բարեգործական (ներառյալ մարդասիրական օգնության) ծրագրերի (այսուհետ՝ ծրագրեր) շրջանակներում 2002 թվականին իրականացված ու ավարտված գործարքներով ավելացված արժեքի հարկի՝ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետով նախատեսված փոխհատուցումն իրականացնելու կարգը:

2. Ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

3. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետով սահմանված կարգով կարող են կատարվել ծրագրերի շրջանակներում ազատ շրջանառության մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն 2002 թվականին ներմուծված ապրանքների դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների՝ ծրագրեր իրականացնողներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հայտերով կատարման ենթակա, սակայն 2002 թվականին չկատարված փոխհատուցումները, ինչպես նաև ծրագրեր իրականացնողների կողմից 2002 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գծով կատարված գործարքներով մատակարարների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով կատարման ենթակա, սակայն 2002 թվականին չկատարված փոխհատուցումները (այսուհետ՝ ավելացված արժեքի հարկի գումարներ):

4. Ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված որոշման հիման վրա:

5. Ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից փոխհատուցվելու մասին հարցը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում սահմանված կարգին համապատասխան:

6. Ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկի գումարները փոխհատուցվում են ծրագիրն իրականացնողին՝ սույն կարգով սահմանված կարգով և ժամկետներում:

7. Ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) գործընթացն իրականացվում է հետևյալ կարգով և ժամկետներում՝

7.1. Փոխհատուցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունվելուց և այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագիրն իրականացնողը Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) է ներկայացնում փոխհատուցման մասին դիմում (այսուհետ՝ դիմում):

Դիմումը պետք է հղում պարունակի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմանը: Դիմումում պետք է նշվեն այն գործարքը կամ գործարքները, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոխհատուցում, ինչպես նաև տվյալ պահին փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների չափը կամ չափերը: Եթե անհրաժեշտ է հիմնավորել փոխհատուցում պահանջող գործարքի նշանակությունը տվյալ ծրագրի համար, ապա դիմումին պետք է կցվեն համապատասխան փաստաթղթեր: Դիմումին պետք է կցվեն նաև՝

ա) մաքսային հայտարարագիրը, եթե պահանջվում է ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցում.

բ) մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվի պատճենը, եթե պահանջվում է փոխհատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործարքի կապակցությամբ:

7.2. Հանձնաժողովի նախագահի տեղակալը դիմումն ստանալուց հետո ճշտում է դիմումի համապատասխանությունը ծրագրերի վարչական ռեգիստրի տվյալներին, ինչպես նաև փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը և հանձնաժողովի նախագահին ներկայացնում է համապատասխան առաջարկություն դիմումին ընթացք տալու վերաբերյալ:

Եթե դիմումը չի համապատասխանում ծրագրերի վարչական ռեգիստրի տվյալներին կամ դիմումում հիմնավորված չէ փոխհատուցման պահանջը, ապա հանձնաժողովի նախագահը, դիմումն ստացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին գրավոր հայտնում է դրա մասին: Դրանից հետո դիմողն իրավունք ունի սահմանված կարգով ներկայացնելու նոր դիմում:

Եթե դիմումը համապատասխանում է ծրագրերի վարչական ռեգիստրի տվյալներին և դիմումում հիմնավորված է փոխհատուցման պահանջը, ապա հանձնաժողովի նախագահը, դիմումն ստացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված չափը չգերազանցող գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցելու մասին հայտ: Յուրաքանչյուր գործարքին առնչվող հայտը ներկայացվում է առանձին: Հայտին կցվում է մաքսային հայտարարագիրը կամ տվյալ գործարքով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվի պատճենը: Հայտն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հայտի վրա դրվում է հանձնաժողովի կնիքի դրոշմը:

7.3. Սույն կետի 7.2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, դրանք ստացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման ենթակա գումարի չափով ձևակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախս՝ որպես ծրագիրն իրականացնողին փոխհատուցվող գումար և, միաժամանակ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտ կամ որպես ծրագիրն իրականացնողի կողմից ապրանքների ներմուծման համար վճարված ավելացված արժեքի հարկ, կամ որպես ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերման գործարքով հաշվարկված ավելացված արժեքի հարկի կապակցությամբ մատակարարի կողմից կատարված վճարում, ընդ որում, վերջիններս տվյալ գործարքին ուղղակիորեն առնչվող ձեռքբերումների գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմինների կողմից գանձված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումներ չեն կատարում, և այդ գումարները միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին:

7.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 7.3-րդ ենթակետում նշված ձևակերպումները կատարելուց հետո դուրս է գրում վճարումը հաստատող փաստաթուղթ՝

ա) 4 օրինակից, եթե փոխհատուցումն առնչվում է ապրանքների ներմուծմանը.

բ) 5 օրինակից, եթե փոխհատուցումն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը:

7.5. Սույն կետի 7.4-րդ ենթակետին համապատասխան ձևակերպված փաստաթղթի մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում:

Եթե փոխհատուցումն առնչվում է ապրանքների ներմուծմանը, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 7.4-րդ ենթակետին համապատասխան ձևակերպված փաստաթղթի մեկ օրինակն ուղարկում է վերադաս մաքսային մարմին, իսկ 2 օրինակը՝ հանձնաժողով:

Եթե փոխհատուցումն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 7.4-րդ ենթակետին համապատասխան ձևակերպված փաստաթղթի մեկ օրինակն ուղարկում է հարկային մարմին, իսկ 3 օրինակը՝ հանձնաժողով:

(7.5-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

7.6. Սույն կետի 7.5-րդ ենթակետին համապատասխան՝ հարկային մարմնում կամ վերադաս մաքսային մարմնում ստացված փաստաթուղթը 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան տարածքային հարկային տեսչություն կամ մաքսատուն:

(7.6-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

7.7. Սույն կետի 7.5-րդ ենթակետին համապատասխան հանձնաժողովում ստացված փաստաթղթի օրինակներից մեկը պահվում է հանձնաժողովի աշխատակազմում, իսկ մյուսները, դրանք ստացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի նախագահն ուղարկում է ծրագիրն իրականացնողին:

7.8. Եթե փոխհատուցումն առնչվում է ազատ շրջանառության մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքներին, ապա ծրագիրն իրականացնողը սույն կետի 7.7-րդ ենթակետին համապատասխան ստացված փաստաթղթի օրինակը պահում է իր մոտ:

Եթե փոխհատուցումն առնչվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը, ապա ծրագիրն իրականացնողը սույն կետի 7.7-րդ ենթակետին համապատասխան ստացված փաստաթղթի օրինակներից մեկը պահում է իր մոտ, իսկ մյուսը ներկայացնում տվյալ գործարք կատարող մատակարարին:

8. Սույն կարգի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ համաձայնեցնելով հարկային մարմնի և վերադաս մաքսային մարմինի հետ:

(8-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

9. Սույն կարգում նշված փաստաթղթերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան