ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2008 թվականի N 1478-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՔԵՆԴԼ» 3 ԳԷՎ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ 3-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Հայաստանում առաջատար կիրառական գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումն ապահովելու և տնտեսության գիտատար ուղղությունների համար անհրաժեշտ փորձարարական բազա ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա ստեղծվող միջազգային կենտրոնին տալ գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` «Քենդլ» կենտրոնի ղեկավարության հետ համատեղ պատրաստել նոր կենտրոնի ստեղծման համար հողատարածքի տրամադրման վերաբերյալ առաջարկ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` օտարերկրյա կազմակերպությունների կողմից ներկայացված ֆինանսական առաջարկությունների հիման վրա պատրաստել նախագծի իրականացմանը Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական մասնակցության վերաբերյալ առաջարկ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` ներկայացնել առաջարկներ «Քենդլ» նախագիծը Եվրախորհրդի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և այլ շահագրգիռ երկրների ու կազմակերպությունների հետ համագործակցության միջազգային գիտական ծրագրերում ներառելու վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ պատրաստել ապագա կենտրոնի կառուցվածքի և կազմակերպական կարգավիճակի վերաբերյալ առաջարկ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 18 Երևան |