ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1477-Ն
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշման 83-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. դեկտեմբերի 11 Երևան
Տ. Սարգսյան
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիդեկտեմբերի 11-ի N 1477-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված կենդանիների պարտադիր ծանուցման վարակիչ հիվանդությունների (այսուհետ` վարակիչ հիվանդություն) ծանուցման և գրանցման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`
1) վարակիչ հիվանդության դեպք` կենդանու կամ դրա դիակի մոտ վարակիչ հիվանդության ախտորոշման լաբորատոր հաստատված դեպք.
2) վարակիչ հիվանդության առաջնային բռնկում` որոշակի տարածքում և ժամանակահատվածում տվյալ վարակիչ հիվանդության մեկ կամ ավելի դեպքերի արձանագրում, որը հիվանդության տեսակով պայմանավորված համաճարակային կապ չունի նույն տարածքում նախկինում կամ այլ տարածքում արձանագրված բռնկման հետ.
3) վարակիչ հիվանդության երկրորդային բռնկում` վարակիչ հիվանդության առաջնային բռնկման հետևանքով վարակիչ հիվանդության մեկ կամ ավելի դեպքերի արձանագրում միևնույն կամ այլ տարածքներում.
4) անապահով կետ` վարակիչ հիվանդության բռնկման վայրը` անասնապահական տնտեսություն, համայնքի տարածք:
3. Կենդանիների հիվանդացության և (կամ) մահացության դեպք արձանագրած անասնաբուժական ծառայության կողմից ախտաբանական նմուշների ստացումից հետո վարակիչ հիվանդության ախտորոշում իրականացնող լաբորատորիան անհապաղ տեղեկացնում է գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ` լիազոր մարմին):
4. Հիվանդության բռնկման մասին լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) 12 ժամվա ընթացքում կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը ծանուցում է առաջնային բռնկումից և հիվանդության ախտորոշումից հետո, ընթացիկ` հիվանդության երկրորդային բռնկումների ընթացքում մինչև հիվանդության վերացումը, և եզրափակիչ` հիվանդության վերացումից հետո: Ծանուցումը կատարվում է կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված ՎԱՀԻՍ (WAHIS) էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով:
5. Տեսչությունը կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, վերջինիս կողմից սահմանված ձևերին համապատասխան, ներկայացնում է կիսամյակային ու տարեկան հաշվետվություններ հանրապետությունում արձանագրված և գրանցված հիվանդությունների մասին:
6. Վարակիչ հիվանդության գրանցման նպատակով ախտորոշում իրականացնող լաբորատորիան տեսչությանը ծանուցում է հիվանդության բռնկումից և ախտորոշման հաստատումից հետո 12 ժամվա ընթացքում: Ծանուցումը ներառում է`
1) տվյալներ հիվանդության բռնկման առաջին դեպքի մասին` նշելով ծանուցման ժամը, ամսաթիվը, տարեթիվը.
2) համայնքի և մարզի անվանումները.
3) հիվանդության անվանումը և հարուցչի տեսակը կամ տարատեսակը` հնարավորության դեպքում.
4) համայնքում և մարզում համաճարակային բռնկման հերթական համարը.
5) համաճարակային բռնկման այն հերթական համարը, որը կասկածվում է որպես վարակի առաջնային օջախ.
6) համաճարակային բռնկման բնորոշումը` ըստ տարածվածության.
7) բռնկման վայրի անվանումը, աշխարհագրական տվյալները.
8) կարանտինային կամ սահմանափակումների գոտու տարածքները.
9) հիվանդության ախտորոշման ամսաթիվը և տարեթիվը.
10) հիվանդության վարակի օջախը.
11) հիվանդության ներթափանցման մոտավոր ժամկետը և ուղիները.
12) ձեռնարկված սահմանափակումները.
13) հիվանդության բռնկման ընթացքում հիվանդացած և անկած կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանիների տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).
14) հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանիների տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).
15) հիվանդության բռնկման ընթացքում հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանիների տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).
16) հիվանդության բռնկման ընթացքում ոչնչացված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանիների տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ):
7. Սույն կարգի 6-րդ կետում սահմանված տեղեկությունների հիման վրա տեսչությունը վարում է կենդանիների վարակիչ հիվանդությունների գրանցամատյան, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
8. Հիվանդության երկրորդային նոր բռնկումների մասին, որոնք արձանագրվել են մինչև նախորդ շաբաթվա վերջին օրվա կեսգիշերը, անասնաբուժական ծառայությունը լիազոր մարմնին ծանուցում է մինչև հիվանդության վերացումը, յուրաքանչյուր շաբաթվա առաջին աշխատանքային օրը: Եթե սահմանված տեղեկությունները չեն ներկայացվել, ապա հիվանդության երկրորդային նոր բռնկում չի եղել:
9. Հիվանդությունների վերացմանն ուղղված կարանտինը կամ սահմանափակումները հանելուց հետո անասնաբուժական ծառայությունը լիազոր մարմնին ծանուցում է 12 ժամվա ընթացքում: Ծանուցումը ներառում է`
1) ծանուցման ժամը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
2) համայնքի և մարզի անվանումները.
3) հիվանդության անվանումը.
4) կարանտինը կամ սահմանափակումները հանելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը.
5) առողջացված անապահով կետերի քանակը.
6) վարակված կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).
7) ոչնչացված կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).
8) սպանդի ենթարկված կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).
9) բուժման ենթարկված կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).
10) առողջացած կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).
11) պատվաստված կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).
12) օգտագործված ախտահանիչի տեսակը և խտությունը.
13) ախտահանված մակերեսը (մ2):
10. Լիազոր մարմինը հիվանդության առաջնային և (կամ) երկրորդային բռնկումների արձանագրման, հիվանդության վերացմանն ուղղված կարանտինի կամ սահմանափակումների կիրառման կամ հանելու մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային, տեղական ինքնակառավարման և շահագրգիռ այլ մարմիններին:
11. Հիվանդության առաջնային բռնկումից մինչև հիվանդության վերացումը` անասնաբուժական ծառայությունը լիազոր մարմնին, մինչև հաջորդող ամսվա 5-ը, ներկայացնում է ամենամսյա հաշվետվություններ տվյալ մարզի տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումների արձանագրման մասին:
12. Կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումների արձանագրման հաշվետվությունում ներառվում են`
1) հիվանդության անվանումը.
2) անապահով կետերի քանակը.
3) առողջացված անապահով կետերի քանակը.
4) անապահով մնացած կետերի քանակը.
5) հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի.
6) հիվանդացած կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի.
7) անկած կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի.
8) ոչնչացված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի և դիակների ոչնչացումն ավարտելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
9) հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի, և հարկադիր սպանդն ավարտելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
10) բուժման ենթարկված, այդ թվում` պատվաստված, շիճուկաբուժված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի.
11) առողջացած կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի:
13. Անասնաբուժական ծառայությունը, մինչև հաջորդող ամսվա 10-ը, լիազոր մարմնին ամենամսյա հաշվետվություններ է ներկայացնում տվյալ մարզի տարածքում հիվանդությունների նկատմամբ իրականացված անասնահակահամաճարակային միջոցառումների մասին:
14. Անասնահակահամաճարակային միջոցառումների մասին հաշվետվությունը ներառում է`
1) անասնահակահամաճարակային միջոցառման անվանումը.
2) պատվաստված կամ հետազոտված կամ բուժման ենթարկված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանիների տեսակի.
3) օգտագործված անասնաբուժական դեղամիջոցի տեսակը և քանակությունը.
4) միջոցառման ընթացքում օգտագործված անասնաբուժական դեղամիջոցի խոտանված քանակությունը, չօգտագործված մնացորդային քանակությունը:
15. Լիազոր մարմինն ամփոփում է սույն կարգի 11-րդ և 13-րդ կետերով սահմանված հաշվետվությունները, և տեղեկատվություն ներկայացնում համապատասխան մարմիններին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.05.2023, N 767-Ն | 20.05.2023, N 1477-Ն | |
14.01.2021, N 47-Ն | 20.01.2021, N 1477-Ն | |
02.05.2013, N 516-Ն | 08.06.2013, N 1477-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|