Գլխավոր տեղեկություն
Համար
N 607-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.15/42(316) Հոդ.377
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
12.11.2008
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 նոյեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008357

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 նոյեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 607-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 2.8 կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով:»:

2) Կանոնների 3.17 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.17 Մատակարարի կողմից բնակչության ներտնային համակարգի և բազմաբնակարանային շենքերում գտնվող կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների տեխնիկական սպասարկման վճարը սահմանում է Հանձնաժողովը, իսկ մյուս կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը հաշվարկում է մատակարարը` Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով:»։

3) Կանոնների 7.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7.3 Մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը`

ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները,

բ) վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում,

գ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,

դ) բաժանորդի կողմից հաշվառքի սարքի շրջանցմամբ գազի օգտագործման դեպքում,

ե) Պայմանագրով սահմանված ժամկետներում մատակարարված գազի կամ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում,

զ) օրենքով կամ Հանձնաժողովի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:»:

4) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.4, 7.5, 7.6 և 7.7 կետերով.

«7.4 ԳՄՕԿ-ի 7.3 կետի ա) և բ) ենթակետերում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի ընդհատել գազամատակարարումն առանց բաժանորդին նախազգուշացնելու: Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել բաժանորդին գազամատակարարման ընդհատման պատճառների և վերականգնման ժամանակի մասին: ԳՄՕԿ-ի 7.3 կետի գ) ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի Պայմանագրով սահմանված կարգով ընդհատել գազամատակարարումը՝ 1 օր առաջ նախազգուշացնելուց հետո: ԳՄՕԿ-ի 7.3 կետի դ) ենթակետում նշված դեպքում մատակարարը` կազմելով արձանագրություն խախտման մասին, իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը՝ դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին: ԳՄՕԿ-ի 7.3 կետի ե) ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 8.6 կետով սահմանված կարգով՝ դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:

7.5 ԳՄՕԿ-ի 7.3 կետի դ) և ե) ենթակետերում նշված դեպքերում գազամատակարարումը եռակցման միջոցով դադարեցնելու և վերսկսելու, ինչպես նաև հաշվառքի սարքի փոխարինման (նորոգման) ծախսերը փոխհատուցում է բաժանորդը:

7.6 Մատակարարը պարտադիր դադարեցնում է գազամատակարարումը`

ա) առանց Պայմանագրի (ապօրինի) սպառման դեպքում,

բ) բաժանորդի դիմումի համաձայն,

գ) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության կատարման նպատակով Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը բաժանորդի ներտնային գազասպառման համակարգին խոչընդոտելու դեպքում,

դ) օրենքով սահմանված այլ դեպքերում։

7.7 ԳՄՕԿ-ի 7.6 կետի ա) ենթակետում նշված դեպքում մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն, անմիջապես դադարեցնում գազամատակարարումը և ղեկավարվում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ կետով: ԳՄՕԿ-ի 7.6 կետի բ) ենթակետում նշված դեպքում գազամատակարարման դադարեցումը կատարվում է բաժանորդի առաջադրած խելամիտ ժամկետում: ԳՄՕԿ-ի 7.6 կետի գ) ենթակետում նշված դեպքում մատակարարը կազմելով խախտման մասին արձանագրություն, դադարեցնում է բաժանորդի գազամատակարարումը՝ առավելագույնը մեկ օրվա ընթացքում։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան