Գլխավոր տեղեկություն
Համար
N 1472-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.30/11(44) Հոդ.1358
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1472-Ն

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԵՎ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյանի և օրացուցային գրանցումների վարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1472-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԵՎ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ՝ տնտեսավարող) կողմից օրգանական գյուղատնտեսության մեթոդի կիրառման վերաբերյալ ամփոփ և հավաստի տեղեկատվության հավաքագրման և օրացուցային գրանցամատյանի (այսուհետ՝ գրանցամատյան) վարման ընթացակարգը:

2. Գրանցամատյանում ներառված տեղեկատվության միջոցով օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության հավաստման (սերտիֆիկացման) մարմինը յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ իրականացնում է օրգանական գյուղատնտեսության միավորի արտադրական գործընթացի և փաստաթղթերի գնահատում:

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Տնտեսավարողն օրգանական գյուղատնտեսության մեթոդի կիրառմամբ արտադրություն կազմակերպելու համար՝ առաջին անգամ գործունեության սկզբից, իսկ այնուհետև յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը, կազմում է ծրագիր և այն գրանցում գրանցամատյանում: Ծրագրում ներառվում են՝

1) անցումային շրջանի հողերի համար՝ ըստ դաշտերի կամ մշակաբույսերի ցանքատարածությունների, վերջին երեք տարիների ընթացքում պարարտանյութերի (անօրգանական (քիմիական), հանքային և օրգանական) և բույսերի պաշտպանության միջոցների օգտագործման մասին տվյալները.

2) աճեցվող մշակաբույսերը և դրանց զբաղեցրած տարածությունն ու վայրը` ներառյալ հողի բերրիությունը բարձրացնող մշակաբույսերի աճեցման հերթագայությունը (շրջանառությունը).

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից օգտագործվող տարածքում հողի կառուցվածքի և բերրիության, բուսական ու կենդանական աշխարհի բազմազանության և արժեքավոր լանդշաֆտների պահպանման ու բարելավման միջոցառումները.

4) իրականացվելիք ագրոտեխնիկական միջոցառումները, այդ թվում՝ պարարտացման համար օգտագործվող օրգանական կամ հանքային նյութերի անվանումները, ծագումը, նյութերի բնույթը, քանակը և օրգանական նյութերի կոմպոստացման պայմանները.

5) բույսերի և կենդանիների վնասակար օրգանիզմների դեմ իրականացվելիք պայքարի միջոցառումները.

6) վնասակար օրգանիզմների դեմ կիրառվող պայքարի միջոցների (ներառյալ անասնաբուժական դեղամիջոցների) օգտագործման նվազեցմանն ուղղված միջոցառումները.

7) անասնաբուծական և բուսաբուծական արտադրանքի փակ շղթայի ապահովման եղանակները.

8) անասունների խնամքի, արածեցման և կերակրման գործընթացներն ու ձևերը, արոտային սեզոնի ժամկետները, դրանց բարեկեցության և առողջության բարելավմանն ուղղված միջոցառումները.

9) օրգանական և սովորական (ավանդական) զուգահեռ արտադրությունների կամ վերամշակման դեպքում օրգանական և սովորական արտադրանքի ու նյութերի առանձնացման սկզբունքները.

10) պահեստներում օրգանական և սովորական զուգահեռ արտադրությունների կամ վերամշակմամբ արտադրանքի առանձնացման ձևերը.

11) տնտեսություն՝ բույսերի պաշտպանության միջոցներ, անասնաբուժական դեղամիջոցներ, պարարտանյութեր, կերեր, հումք և այլ անհրաժեշտ նյութեր ներմուծումների չափաքանակները և դրանց կիրառման հիմնավորումը.

12) տնտեսությունում թափոնների կառավարումը։

4. Տնտեսավարողը գրանցում է արտադրության ընթացքում ծրագրում կատարված յուրաքանչյուր փոփոխությունը։

 

III. ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Տնտեսավարողը գրանցամատյանում իրականացնում է հետևյալ օրացուցային գրանցումները`

1) արտադրված գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի քանակական ցուցանիշները` ըստ ժամանակահատվածի և տեսակի.

2) բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցների անվանումները, արտադրողը, տեսակը, օգտագործված քանակը, օգտագործման ձևը.

3) գյուղատնտեսական կենդանիների տեսակը, գլխաքանակը, ծագումը, ներմուծման ամսաթիվը, օրգանական կարգավիճակը, անցումային շրջանը, եթե այդպիսին առկա է, անհատական համարանիշը, նախկինում ստացած անասնաբուժական միջամտությունը։ Նույն ձևով գրանցվում են նաև գրանցումից դուրս եկող կենդանիների տվյալները.

4) անասնաբուժական դեղամիջոցների անվանումը, դրանք գնելու ամսաթիվը, քանակը, դեղամիջոցի ակտիվ բաղադրիչը, գնելու վայրը և մատակարարողը, պիտանիության ժամկետը.

5) բուժում ստացած կենդանիների համարները, ախտորոշումը, դեղաչափը, բուժման սկիզբը և ավարտը (ամսաթվերը), դեղամիջոցի կիրառման մեթոդը և օգտագործված ընդհանուր քանակը.

6) կերերի տեսականին, դրանց բաղադրամասերը և ստացման աղբյուրները.

7) արտադրված կենդանական ծագման արտադրանքի ծավալները՝ ըստ ժամանակահատվածի.

8) արտադրանքի, դրա առանձին բաղադրամասերի և մթերքի բաղադրիչ նյութերի վերաբերյալ տվյալները, վերամշակված արտադրանքի քանակությունը (խմբաքանակների թիվը), որոնք հնարավորություն կտան վերականգնելու արտադրության ամբողջ հետադարձ շղթան՝ ապրանքի առաքումից մինչև արտադրանքի ստացումը։

 

IV. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Գրանցամատյանը տնտեսավարողի կողմից պահպանվում է առնվազն 5 տարի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան