Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-784
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.30/11(44) Հոդ.1337
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

16 դեկտեմբերի 2008 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի հուլիսի 6-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 03.12.2008թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի հուլիսի 6-ին՝ Երևան քաղաքում: Համաձայնագրի նպատակն է շահութահարկի, եկամտահարկի և գույքահարկի շրջանակում բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առևտրի և ներդրումների վրա:

2. Համաձայնագիրը սահմանում է հարկման ենթակա գույքը և եկամուտների տեսակները, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճից գանձվող հարկերը, ձեռնարկությունների` ձեռնարկատիրական գործունեությունից ստացած շահույթը, վճարվող շահաբաժիններն ու տոկոսները, ռոյալթին:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

   Չեխիայի Հանրապետությունում հարկվող եկամուտ ստանալիս երաշխավորել ՀՀ ռեզիդենտի եկամտահարկի և գույքահարկի նվազեցում Չեխիայի Հանրապետությունում վճարված համապատասխան հարկերին հավասար գումարի չափով,

   Չեխիայի Հանրապետության քաղաքացիներին և ոչ քաղաքացի ռեզիդենտներին չենթարկել ավելի ծանր հարկման, քան միևնույն հանգամանքներում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել ՀՀ քաղաքացիները,

   Հայաստանի Հանրապետությունում երաշխավորել Չեխիայի Հանրապետության մշտական հաստատության ոչ պակաս բարենպաստ հարկում, քան համանման գործունեություն իրականացնող ՀՀ ձեռնարկությունների հարկումը,

   Չեխիայի ռեզիդենտին ՀՀ-ում վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները հարկվող շահույթի որոշման նպատակով նվազեցնել նույն պայմաններով, ինչպես Չեխիայի Հանրապետությունում ՀՀ ռեզիդենտին,

   Հայաստանի Հանրապետության այն ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է Չեխիայի Հանրապետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ անուղղակի կամ ուղղակի վերահսկվում է նրանց կողմից, առաջինը չենթարկել այլ կամ ավելի ծանր հարկման կամ պարտավորությունների կատարման, քան ՀՀ այլ համանման ձեռնարկությունները,

   ապահովել համաձայնագրի մասնակից պետությունների իրավասու մարմինների հետ անհրաժեշտ տեղեկությունների փոխանակում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի հուլիսի 6-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


16 դեկտեմբերի 2008 թ.

ՍԴՈ-784

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան