Գլխավոր տեղեկություն
Համար
N 1391-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.10/71(661) Հոդ.1295
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2008 թվականի N 1391-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 946-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «մեքենաներին» բառից հետո լրացնել «և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին» բառերով.

2) որոշմամբ հաստատված պահանջներում`

ա. վերնագիրը «մեքենաներին» բառից հետո լրացնել «և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին» բառերով,

բ. 1-ին կետը «(այսուհետ` ՀԴՄ)» բառերից հետո լրացնել «և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին» բառերով,

գ. պահանջները 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ կետերով.

«6.1. Հայաստանի Հանրապետությունում ՀԴՄ-ների շահագործման (չեկերի տպագրման) համար կիրառվող չեկային ժապավենները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից հաստատված ժապավենի թղթի տեխնիկական և որակական բնութագրերին` թղթի քաշին, հաստությանը, լայնությանը, թափանցիկությանը, թղթի վրա տպագրված (ջերմագրված) տեղեկատվության դիմացկունության նվազագույն ժամկետներին, արտաքին ազդեցությունների նկատմամբ թղթի դիմացկունությանը ներկայացվող պահանջները,

բ) ժապավենների համար կոմիտեի հաստատած պաշտպանվածության աստիճաններին` նախշանկարով խորքային ֆոնային ցանցին (գիլիյոշիրային ֆոնին), խոշորացման դեպքում ամբողջությամբ ընթեռնելի միկրոշրիֆտով տպագրված տեքստին, նախշանկարի թանաքին և թղթի պաշտպանիչ թելերին ներկայացվող պահանջները,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման համար կոմիտեի հայտարարած ժամանակահատվածում ժապավենների դարձերեսներին պետք է տեսանելի գույնով տպագրված լինեն հատուկ համարներ` ութ թվերի կամայական չկրկնվող համակցություններ: Հատուկ համարներում կամայական բաշխվածությամբ և հայերեն մեծատառերով պետք է տեսանելի գույնով տպագրված լինեն երկնիշ սերիաներ: Ժապավենի դարձերեսի յուրաքանչյուր հատուկ համարին կից պետք է տեսանելի գույնով տպագրված լինի կոմիտեի կողմից հաստատված տեքստով գրառում: Հատուկ համարները, դրանց սերիաները և գրառումները պետք է տպագրված լինեն միայն ժապավենի դարձերեսին:

6.2. Վիճակահանության անցկացման համար սույն պահանջների 6.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջների պարտադիր պահպանմամբ նույն կետի «գ» ենթակետով սահմանված պահանջներով ժապավենների ապահովման և հատուկ համարների միասնական հաշվառման համակարգի վարման նպատակով կոմիտեի կողմից հայտարարվում է մրցույթ` կոմիտեի հաստատած կարգով ու մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներով: Մրցույթի մասնակցության հայտի հետ միասին ներկայացվում է նաև վիճակահանության անցկացման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում ՀԴՄ շահագործողներին չեկային ժապավենների իրացման առավելագույն գնային առաջարկը: Մրցույթի մասնակցության պահանջների բավարարման դեպքում նախապատվությունը տրվում է ժապավենի թղթի տեխնիկական և որակական բնութագրերին, ժապավենների պաշտպանվածության աստիճաններին, հատուկ համարների հաշվառմանն ու միասնական համակարգի վարմանը ներկայացվող պահանջներին առավելագույն համապատասխանությամբ և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին: Մրցույթում հաղթող ճանաչված առևտրային կազմակերպությանը կոմիտեի կողմից տրվում է երաշխավորագիր` մեկից մինչև երեք տարի ժամկետով: Երաշխավորման ժամանակահատվածում երաշխավորված կազմակերպության կողմից սույն պահանջների կամ կոմիտեի հետ կնքված պայմանագրի պայմանների խախտման կամ երաշխավորված կազմակերպության լուծարման դեպքում կոմիտեն հայտարարում է նոր մրցույթ` սույն կետում նշված պայմաններով: Մրցույթների հրավերքները մրցույթի անցկացումից առնվազն տասն օր առաջ, իսկ մրցույթների արդյունքները` մրցույթի անցկացմանը հաջորդող հինգ օրվա ընթացքում հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրվում հարկային մարմնի ինտերնետային կայքում:

6.3. Կոմիտեի երաշխավորած կազմակերպության հետ կնքվող պայմանագրի պարտադիր պայմաններն են`

ա) վիճակահանության անցկացման համար սույն պահանջներին և Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ՀԴՄ-ների ժապավենների համար կոմիտեի ներկայացրած պահանջարկին համապատասխան ժապավենների տպագրումը և (կամ) ներմուծումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում ՀԴՄ-ներ շահագործողներին,

բ) հատուկ համարների հաշվառման միասնական համակարգի վարումը ժապավենների և դրանց հատուկ համարների հաշվառման համակարգչային ծրագրային փաթեթով, կոմիտեի հաստատած կարգով ու ժամկետներում ժապավենների շարժի, իրացման բաշխվածության, մնացորդների մասին և այլ անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումը կոմիտեի հետ,

գ) ժապավենի գլանափաթեթավորմանը (այդ թվում` գլանափաթեթավորման համար ժապավենի երկարությանը), գլանափաթեթի տրամագծին, գլանափաթեթների նույնականացման միջոցներին, գլանափաթեթների խմբավորմանը և փաթեթավորմանը ներկայացվող` կոմիտեի ներկայացրած պարտադիր պահանջները,

դ) ժապավենի դարձերեսի հատուկ համարների, դրանց սերիաների և գրառումների գույնին, տառաչափին, տառաձևին, սերիաների հերթականությանը, ժապավենի դարձերեսին դրանց դասավորվածությանը ներկայացվող` կոմիտեի ներկայացրած պարտադիր պահանջները,

ե) երաշխավորման ժամանակահատվածում մրցույթի մասնակցության հայտով ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում ժապավենների իրացման գնային առաջարկը չգերազանցելը:

6.4. Վիճակահանության անցկացման ժամանակահատվածից դուրս կոմիտեի կողմից հաստատված ՀԴՄ-ի ժապավենի նմուշը, ինչպես նաև այդ նմուշի ժապավեններ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկերը տեղադրվում են հարկային մարմնի ինտերնետային կայքում:»,

դ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետում նշված հաշվետվական փաստաթղթերի (հաշվետվությունների) տպագրումը (ստացումը) կարող է իրականացվել սույն պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:»,

ե. 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետում նշված հաշվետվությունների տպագրումը կարող է իրականացվել սույն պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:»,

զ. 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ֆիսկալային հաշվետվության տպագրումը (ստացումը) կարող է իրականացվել սույն պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 2

Երևան