Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 325-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.07.21/18.1 Հոդ.387
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.11.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2008

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008373

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 նոյեմբերի 2008 թ.

 թիվ 325-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը, 51-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 33-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 25-րդ կետում «14-օրյա» բառերը փոխարինել «որպես կանոն, 28 կամ 35 օրերի» բառերով:

2) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 28.2-րդ կետը լրացնել նոր՝ դ) ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.

«դ) Բանկի կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններից: Ընդ որում, ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից պետք է նվազեցվեն դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:»:

3) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 29.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«29.1. Սույն կանոնակարգի իմաստով երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն փոխառությունը, որի գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

1. փոխառությունը տրամադրվել է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով, և

2. փոխառությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, և

3. փոխառությունն ամբողջությամբ վճարված է, և

4. փոխառությունը չի տրամադրվել փոխառուի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց, և

5. փոխառությունը ենթակա չէ մարման, եթե փոխառության գումարի և/կամ դրա տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի բանկի տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը:»:

4) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 34.1 կետը «ներառյալ» բառից հետո լրացնել «ճանապարհին գտնվող և» բառերով:

5) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 34.3 կետը «ոսկի» բառից հետո լրացնել «(ներառյալ՝ ճանապարհին գտնվող բանկային ոսկին)» բառերով:

6) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ը լրացնել նոր 48.1. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«48.1. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող արտարժույթի առուվաճառքի սփոթ գործարքները, որոնց դեպքում բանկը ստանալու է Հայաստանի Հանրապետության դրամ կամ առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների արդյունքում արժույթների տրամադրումն ու ստացումն իրականացվելու է միևնույն բանկային օրվա ընթացքում, որը կարող է և չհամընկել գործարքի կնքման օրվա հետ:»:

7) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 49-րդ կետը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված չեն, սույն կետի ա)-է) ենթակետերում նշված ապահովվածության տեսակներով, չապահովված մասով ընդգրկվում են Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի մեջ, իսկ ապահովված մասը չի ընդգրկվում Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի մեջ: Ընդ որում, Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող պահանջների չապահովված մասերն իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:»:

8) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 51-րդ կետում «յուրաքանչյուր երկու շաբաթը» բառերը փոխարինել «, որպես կանոն, յուրաքանչյուր 28 կամ 35 օրը» բառերով:

9) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 52-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«52. ՀՀ դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու ժամանակահատվածը 2008 թվականի դեկտեմբերի 17-ից սկսած, որպես կանոն, ընդգրկում է չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկը, որպես կանոն, ընդգրկում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող 28 կամ 35 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում վերջին օրվա՝ Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:»:

10) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի 52.1. կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«52.1. Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու ժամանակահատվածը 2009 թվականի հունվարի 13-ից, որպես կանոն, ընդգրկում է երեքշաբթիից երկուշաբթի ընկած 28 կամ 35 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու ժամանակահատվածը, որպես կանոն, ընդգրկում է առաջին երեքշաբթիին հաջորդող չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում վերջին օրվա՝ Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:»:

11) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ը լրացնել նոր 52.2. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«52.2. Ընթացիկ տարվա պահուստավորման հաշվետու և փաստացի ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվությունը` պարտադիր պահուստավորման օրացույցը՝ հաստատված Կենտրոնական բանկի խորհրդի կողմից, տեղակայվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում, ոչ ուշ քան նախորդ տարվա նոյեմբերի 30-ը: Պահուստավորման օրացույցի օրինակելի ձևը ներկայացված է սույն կանոնակարգի հավելված 7-ում:»:

12) Կանոնակարգ 2-ի Հավելված 1-ի VII գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 

«Գ լ ու խ  VII.
 
Անցումային
դրույթներ
 

63. 2008 թվականի դեկտեմբերի 17-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ դրամով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորումն իրականացվում է հիմք ընդունելով 2008 թվականի դեկտեմբերի 3-ից 16-ն ընկած 14-օրյա հաշվետու ժամանակահատվածը, իսկ 2008 թվականի դեկտեմբերի 31-ից 2009 թվականի հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածի փաստացի պահուստավորումն իրականացվում է հիմք ընդունելով 2008 թվականի դեկտեմբերի 17-ից 30-ն ընկած 14-օրյա հաշվետու ժամանակահատվածը:

64. 2008 թվականի դեկտեմբերի 31-ից 2009 թվականի հունվարի 13-ն ընկած հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածում արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորումն իրականացվում է 2009 թվականի հունվարի 1-ից 13-ն ընկած 13-օրյա ժամանակահատվածում:»:

13) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.6. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը, բացառությամբ սույն որոշման 1 կետի 9) և 12) ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2008 թվականի դեկտեմբերի 17-ից, և 10) ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 13-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. նոյեմբերի 26

Երևան

 

 

Հավելված 7

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 325-Ն որոշման

 

Պարտադիր պահուստավորման օրացույցի ձԵՎ
 

Պարտադիր պահուստավորման օրացույցը ——— թ. համար

Հ/հ

ՀՀ դրամ

Արտարժույթ

Փաստացի օրերի քանակը

Հաշվետու ժամանակա-հատված

Փաստացի ժամանակա-հատված

Հաշվետու ժամանակա-հատված

Փաստացի ժամանակա-հատված

1

2

3

4

5

6

տտ-1

օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2

օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2

օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2

օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2

տտ-2

տտ-11

տտ-12