Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/28(400)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ 

Վարչական գործ թիվ ՎԴ-3/0099/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ-3/0099/05/08
2
008 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լյովիկ Սուքիասյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արմինե Աբրոյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արարատի մարզի Մասիսի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), ՀՀ Արարատի մարզի Այնթափի գյուղապետարանի, Լյովիկ Սուքիասյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի նոտարական գրասենյակի` ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի 7-րդ փողոց թիվ 32 տուն հասցեում գտնվող Լյովիկ Սուքիասյանի անվամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, Արմինե Աբրոյանի սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի 7-րդ փողոցի 194,7քմ մակերեսով թիվ 32 տան և 0,065հա տնամերձ հողամասի նկատմամբ գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Արմինե Աբրոյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի 7-րդ փողոցի թիվ 32 տուն հասցեում գտնվող Լյովիկ Սուքիասյանի անվամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը և պարտավորեցնել գրանցելու իր սեփականության իրավունքը նույն հասցեում գտնվող 194,7քմ մակերեսով բնակելի տան և 0,065հա տնամերձ հողամասի նկատմամբ:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լյովիկ Սուքիասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմինե Աբրոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ, 24-րդ և 113-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի գնահատել պատասխանողի կողմից ներկայացված և գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես այն փաստը, որ Արմինե Աբրոյանի անունով 10.12.1992 թվականին տրված անհատական բնակֆոնդի բնակելի տան տեխնիկական անձնագրում նշված բնակելի տան մակերեսը` 126քմ, համապատասխանում է Լյովիկ Սուքիասյանին տրված բնակելի տան տեխնիկական անձնագրում բնակելի տան մակերեսին՝ 126քմ: Նշվածից հետևում է, որ Լյովիկ Սուքիասյանին տրված սեփականության իրավունքի վկայագրում նշված 194,7քմ ներառում է նաև 83,1քմ չջեռուցվող մակերեսը:

Դատարանի այն պատճառաբանությունը, որ Լյովիկ Սուքիասյանին տրված սեփականության իրավունքի վկայականներում բացի 650քմ տնամերձ հողամասից բնակելի տան մակերեսը 114,3քմ մակերեսի փոխարեն արդեն նշվել է 194,7քմ, ինչը 80,4քմ-ով ավելի է 10.07.1996 թվականի նվիրատվության պայմանագրում կատարված 114,3քմ մակերեսից, անհիմն է, քանի որ Լյովիկ Սուքիասյանը նվիրատվության պայմանագրով ստացած տարածքին ավելացրել է չջեռուցվող 83,1քմ մակերեսով տարածքը, որը նա կառուցել և ջեռուցվող է դարձրել, և դա ընդգրկվել է սեփականության իրավունքի վկայականում:

2) Դատարանը կիրառել է 1964 թվականի ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ և 257-րդ հոդվածները, «Անշարժ գույքի մասին» ՀՀ նախկին օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Լյովիկ Սուքիասյանը նվիրատվության պայմանագիրը կնքելուց հետո անմիջապես այն ներկայացրել է պետական գրանցման և միայն 4 ամիս անց է ստացել սեփականության իրավունքի վկայական, որն իր մեղքով չի եղել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճիռը և դատական ակտը փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

10.07.1996 թվականի նվիրատվության պայմանագրով Արմինե Աբրոյանն օտարել է վիճելի տան միայն 114,3քմ մակերեսը, իսկ դեռևս 20.10.1992 թվականին ձեռք բերված 83,1քմ մակերեսով չջեռուցվող տարածքը մնացել է իր սեփականության ներքո, ինչը տեխնիկական գույքագրման վարչության Մասիսի տեղամասի կողմից 27.11.1996 թվականին պետական գրանցում կատարելիս անտեսվել է, և սեփականության իրավունքի վկայականի հատակագծում ներառվել է ամբողջ երկհարկանի տունը, այդ թվում՝ 83,1քմ մակերեսով չջեռուցվող տարածքը, որի չափերը չեն փոխվել 1996 թվականից հետո:

Այսպես կոչված «չջեռուցվող տարածքն» արդեն իսկ ընդգրկված է եղել և կազմել Արմինե Աբրոյանի բնակելի տան մաս: Լյովիկ Սուքիասյանն այդ տարածքում վերակառուցում չի կատարել, այն առ այսօր այնպիսին է, ինչպես եղել է 1992 թվականին:

Անհիմն են նաև Լյովիկ Սուքիասյանին և Արմինե Աբրոյանին տրված տեխնիկական անձնագրերում բնակելի տան մակերեսների չափերը նույնը լինելու մասին հիմնավորումները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 10.07.1996 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Արմինե Աբրոյանը ՀՀ Մասիսի շրջանի Այնթափ գյուղի՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող տնատիրությունը` 81,6քմ մակերեսով բնակելի տարածությամբ, 32,7քմ մակերեսով օժանդակ տարածքով, 650քմ մակերեսով տնամերձ հողամասի հետ միասին նվիրել է Լյովիկ Սուքիասյանին:

2. Նվիրատվության պայմանագիրը նոտարական կարգով վավերացվել է 10.07.1996 թվականին, իսկ Լյովիկ Սուքիասյանի նվիրատվության պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցվել է 27.11.1996 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 10.07.1996 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Արմինե Աբրոյանը ՀՀ Մասիսի շրջանի Այնթափ գյուղի՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող տնատիրությունը` 81,6քմ մակերեսով բնակելի տարածությամբ, 32,7քմ մակերեսով օժանդակ տարածքով, 650քմ մակերեսով տնամերձ հողամասի հետ միասին նվիրել է Լյովիկ Սուքիասյանին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:

Հիմք ընդունելով պայմանագրում պարունակող բառերի տառացի նշանակությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն պայմանագրի առարկա է ամբողջ բնակելի տունը (տնատիրությունը)` որպես մեկ ամբողջական միավոր: Չնայած պայմանագրում նշվել է միայն բնակելի մակերեսը և օժանդակ շինությունները, սակայն դա չի նշանակում, որ չջեռուցվող մակերեսը պայմանագրում հատուկ նշված չլինելու պարագայում չի օտարվել:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով կիրառելի ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բնակելի տան և շինանյութերի նվիրատվության պայմանագրերը պետք է կնքված լինեն սույն օրենսգրքի համապատասխանաբար 241 և 2411  հոդվածներով սահմանված ձևով:

Նույն օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն` գյուղական բնակավայրերում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր և գրանցվի պատգամավորների գյուղական խորհրդի կոմիտեում: Բնակելի տան առուծախի պայմանագիրը կնքված է համարվում նրա գրանցման պահից: Գրանցումը պետք է կատարվի նոտարական վավերացման օրվանից ամենաուշը երեք ամսում: Այս հոդվածի կանոնների չկատարումը անվավեր է դարձնում տան առուծախի պայմանագիրը:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ դրանցով կարգավորվում են ոչ թե բնակելի տան նկատմամբ գնորդի իրավունքների պետական գրանցման, այլ բնակելի տան առուծախի պայմանագրի գրանցման հարցը, որով պայմանավորվում է դրա կնքման պահը: Այսինքն՝ վերոնշյալ հոդվածներով նախատեսվում է անշարժ գույքի օտարման պայմանագրի գրացման պարտավորություն և դրա չգրանցման հետևանքը, այն է՝ պայմանագրի անվավերությունը: Հետևաբար, պայմանագրի անվավերության հիմք էր պայմանագրի չգրանցումը, իսկ արդեն իսկ գրանցված պայմանագիրը չի կարող անվավեր ճանաչվել այն հիմքով, որ պայմանագրի գրանցումը կատարվել է դրա համար օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերը հիմնավոր համարելով՝ Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ, 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Արմինե Աբրոյանի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան