Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/28(400)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-829

Քաղաքացիական գործ թիվ 3-594(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ` Վ. Թորոսյան

               Ռ. Հակոբյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լիլիա Գրիգորյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «ԳԱՊ բնակշին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` անհիմն հարստացման գումարները վճարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Լիլիա Գրիգորյանը պահանջել է բռնագանձել 6.753.000,42 ՀՀ դրամ, որից 4.500.000 ՀՀ դրամը՝ որպես բնակտարածությունը պետության կարիքների համար վերցնելու կապակցությամբ անհիմն խնայած 2.000.000 ՀՀ դրամ աջակցության և 2.500.000 ՀՀ դրամ խրախուսման գումարների հանրագումար, 1.203.042 ՀՀ դրամը՝ որպես անհիմն խնայած գումարի վրա հաշվեգրված տոկոսներ` տոկոսների հաշվարկը շարունակելով մինչև մայր գումարի փաստացի վճարման օրը և 1.050.000 ՀՀ դրամ` պատճառված վնասի հատուցում:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2008 թվականի որոշմամբ Ընկերության բողոքը մերժվել է, իսկ Լիլիա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, 1092-րդ հոդվածի 1-ին մասը, 1097-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Երևանի Արամի փողոցի թիվ 76 հասցեի տան սեփականատերը գնային առաջարկը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տվել է իր համաձայնությունը մեկամսյա ժամկետում պայմանագիր կնքելու համար և պայմանագրով սահմանված ժամկետում տարածքն ազատել է: Մինչդեռ գործում բացակայում է ապացույց այն մասին, որ հայցվորը ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշման համաձայն գնային առաջարկ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տվել է համաձայնություն մեկամսյա ժամկետում կնքելու պայմանագիր և պայմանագրով սահմանված ժամկետում քանդման նպատակով տարածքն ազատելու մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2008 թվականի որոշումը՝ խրախուսման միջոցներ բռնագանձելու պահանջի մասով և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.11.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի, Ընկերության և Անահիտ Բադոյանի միջև 09.08.2005 թվականին կնքված թիվ 145 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 2.1-րդ կետի համաձայն` սեփականատերը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում շինությունն ազատել երրորդ անձանց իրավաբանորեն և փաստացի տնօրինումից, տիրապետումից, օգտագործումից, բնակեցումից, հաշվառումից և գույքից ազատ վիճակում, առանց դրանում փոփոխություններ կատարելու, Ընկերությանը հանձնել` կողմերի կազմած, նրանց ստորագրություններով ու կնիքներով վավերացված հանձնման-ընդունման ակտին համապատասխան:

Վերոնշյալ պայմանագիրն ուժի մեջ է մտել 09.08.2005 թվականին:

2) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի 19.10.2007 թվականի գրության համաձայն` Լիլիա Գրիգորյանը հաշվառված է եղել Երևանի Արամի փողոցի 76-րդ տուն հասցեում 18.06.2004 թվականից և տարածքն իրացնելու կապակցությամբ դուրս է գրվել նշված հասցեի հաշվառումից 17.05.2006 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759 որոշման հավելվածով սահմանված Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգի 7-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` անշարժ գույքի իրացման աշխատանքները սեղմ ժամկետներում կատարելու նպատակով կիրառվում են ֆինանսական խրախուսումներ` պայմանով, որ սեփականատերերը գնային առաջարկ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կտան համաձայնություն մեկամսյա ժամկետում կնքելու պայմանագիր և պայմանագրով սահմանված ժամկետում քանդման նպատակով տարածքն ազատելու մասին:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ 09.08.2005 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի, Ընկերության և Անահիտ Բադոյանի միջև կնքվել է պայմանագիր, որի 2.1-րդ կետով սեփականատերը պարտավորվել է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում շինությունն ազատել երրորդ անձանց իրավաբանորեն և փաստացի տնօրինումից, տիրապետումից, օգտագործումից, բնակեցումից, հաշվառումից և գույքից ազատ վիճակում, առանց դրանում փոփոխություններ կատարելու Ընկերությանը հանձնել` կողմերի կազմած, նրանց ստորագրություններով ու կնիքներով վավերացված հանձնման-ընդունման ակտին համապատասխան: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 09.08.2005 թվականին:

Վերոնշյալից հետևում է, որ ՀՀ կառավարության թիվ 759 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով նախատեսված խրախուսումները կիրառելի են այն դեպքում, եթե համապատասխան շինության սեփականատերը Հայաստանի Հանրապետության հետ կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում ազատի շինությունը երրորդ անձանց իրավաբանորեն և փաստացի տնօրինումից, տիրապետումից, օգտագործումից, բնակեցումից և հաշվառումից և այն սահմանված կարգով հանձնի Ընկերությանը:

Մինչդեռ սույն քաղաքացիական գործում առկա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի կողմից տրված 19.10.2007 թվականի գրության համաձայն՝ Լիլիա Գրիգորյանը տարածքն իրացնելու կապակցությամբ դուրս է գրվել Երևանի Արամի փողոցի 76-րդ տուն հասցեից 17.05.2006 թվականին՝ Պայմանագրի 2.1-րդ կետով սահմանված 10-օրյա ժամկետի ավարտից հետո:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով՝ Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշման՝ խրախուսման միջոցներ բռնագանձելու պահանջի մասը և այդ մասով օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.11.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան