Գլխավոր տեղեկություն
Համար
N 1441-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2008-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ.1315
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2008 թվականի N 1441-Ն

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` վեցամսյա ժամկետում`

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել`

ա. Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական կադաստրի զարգացման 2010-2015 թվականների համալիր ծրագիրը,

բ. կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը.

2) հաստատել կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 13-ի N 1441-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը:

2. Կենդանական աշխարհի պետական կադաստրը (այսուհետ` պետական կադաստր) կենդանական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական ու որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, հանրապետությունում ու մարզերում տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ է:

3. Պետական կադաստրի վարումը նպատակ ունի բացահայտելու կենդանիների տեսակների ու համակեցությունների, դրանց ապրելավայրերի քանակական և որակական փոփոխությունները:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գտնվող անտառներում և անտառային հողերում պետական հաշվառումն ու պետական մոնիթորինգն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից, և ստացված արդյունքները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)` կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման նպատակով:

5. Պետական կադաստրի վարման համար կարող են օգտագործվել գիտական ուսումնասիրությունների, պետական հաշվառման և մոնիթորինգի, կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի և այլ տվյալներ:

6. Պետական կադաստրը վարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

7. Պետական կադաստրը կազմված է հետևյալ բաժիններից`

1) Հայաստանի Հանրապետության տարածքի վայրի կենդանիների տեսակային բազմազանություն (անողնաշարավոր, ողնաշարավոր).

2) կենդանական աշխարհի օգտագործում.

3) կենդանական աշխարհի պահպանություն, վերարտադրություն:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված պետական կադաստրի բաժինները ներառում են կենդանական տեսակի մասին հետևյալ տեղեկատվությունը`

1) կարգաբանական պատկանելությունը և գիտական անվանումը (հայերեն, լատիներեն), կարգավիճակը` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) դասակարգումը.

2) թիվը բնության մեջ և անազատ պայմաններում.

3) կենդանատեսակի տարածվածությունը` աշխարհագրական և վարչատարածքային.

4) պաշարը` աշխարհագրական որոշակի տարածքում առկա կենդանական տեսակների և համակեցությունների օգտագործման ենթակա քանակությունը.

5) բնակմիջավայրերը.

6) տեղեկատվության սկզբնաղբյուրը.

7) սպառնալիքները.

8) քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգտագործման տրված վայրի կենդանիները (օգտագործման իրավունքի և տեսակի, թույլատրված ու փաստացի).

9) տեսակի պահպանության ու կայուն օգտագործման միջոցառումները` առկա և նախատեսվող:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Պետական կադաստրի վարման տարեկան ծրագրերն օրենքով սահմանված կարգով մշակում է լիազոր մարմինը:

10. Պետական կադաստրի տվյալները գրանցվում են գրանցամատյանում, որի օրինակելի ձևը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:

11. Պետական կադաստրում տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:

12. Պետական կադաստրի վարման գրանցամատյաններում ներառվում են նաև կենդանական աշխարհի պետական հաշվառման տվյալները: Կենդանական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է պարբերաբար` ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:

13. Պետական կադաստրի վարման գրանցամատյանները վարվում են ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով, որոնց վարման ժամանակ պետք է ապահովվի դրանց համադրելիությունը: Փաստաթղթային և էլեկտրոնային կրիչների միջև տվյալների տարբերության դեպքում հիմք է ընդունվում փաստաթղթային տարբերակը:

14. Պետական կադաստրի վարման գրանցամատյաններում տվյալների մուտքագրումը և փոփոխությունն իրականացվում են դրանք ներկայացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

15. Պետական կադաստր վարող լիազոր մարմինը ճշգրիտ մուտքագրում է կենդանական աշխարհի հաշվառում և ուսումնասիրություններ իրականացնողների ներկայացրած փաստաթղթային և էլեկտրոնային տվյալները:

16. Սույն կարգի 8-րդ կետում նշված պետական կադաստրի ամփոփ տվյալները համարվում են պաշտոնական և կարող են հիմք հանդիսանալ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների համար` իրենց լիազորությունների սահմաններում որոշումներ ընդունելիս:

17. Պետական կադաստրի տվյալները կարող են տրամադրվել տեղեկանքների, հաշվետվությունների, գրաֆիկական և այլ նյութերի տեսքով:

18. Իրավաբանական անձինք և քաղաքացիները պետական կադաստրի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում են լիազոր մարմին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 1441-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան