ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/0213/05/08 |
Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Դիասերվ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Դիասերվ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Արաբկիրի հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն)` ստուգման ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 08.05.2007 թվականի թիվ 1021078 ստուգման ակտի 4-րդ կետի 2-րդ ենթակետը և 4-րդ կետի 4-րդ ենթակետի` 2-րդ ենթակետից բխող տույժերի և տուգանքների կիրառման մասը:
Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը կիրառել է ՀՀ հարկային տեսչության պետի 27.08.1997 թվականի թիվ 767 հրամանով հաստատված ««Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի 2-րդ և 4-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասը, որը պետք է կիրառեր, որի արդյունքում սխալ է մեկնաբանել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
««Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի 2-րդ կետով սահմանվում է, որ բժշկական այն պարագաների իրացումը, որոնք կարող են օգտագործվել ոչ բժշկական նպատակներով, ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ պարագաներն իրացվում են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց:
Մինչդեռ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ մասով որևէ պայման սահմանված չէ բժշկական պարագաների և տեխնիկայի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության կիրառման համար, այդ արտոնությունը սահմանված է առանց սահմանափակումների:
2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցադիմումին կից 14.10.2005 թվականի թիվ 181 և 03.04.2006 թվականի թիվ 62 հաշիվ ապրանքագրերում նշված չէ, որ վաճառվող ապրանքները նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման համար, և դատաքննությամբ հաստատված է համարել, որ ապրանքներն իրացվել են ոչ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձին:
Ապրանքները բժշկական օգնության և սպասարկման համար նախատեսված լինելու հանգամանքն ապացուցելու պարտականություն Ընկերության վրա դրված չէ, նշված արտոնությունից օգտվելու համար Ընկերությունը կարող է կրել ընդամենը ապրանքները բժշկական տեխնիկա և պարագաներ լինելու փաստն ապացուցելու պարտականություն, ինչը սույն գործով ապացուցման կարիք չունի, քանի որ չի հանդիսանում վեճի առարկա:
Բացի այդ, ստուգողները հարկային արտոնությունը կիրառելի չեն համարել ոչ թե իրացված ապրանքները բժշկական տեխնիկա և պարագաներ չհամարվելու հիմքով, այլ բժշկական ծառայություն մատուցող անձանց իրացված չլինելու հիմքով, դրանով իսկ հաստատելով, որ վիճարկվող մասով իրացված ապրանքներն իսկապես եղել են բժշկական տեխնիկա և պարագաներ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ծառայության 08.05.2007 թվականի թիվ 1021078 ստուգման ակտի 4-րդ կետի համաձայն` Ընկերությունը ներմուծել է ապրանքներ, որոնք դիտել է ավելացված արժեքի հարկից ազատված, սակայն այդ ապրանքներն ընդգրկված չեն ՀՀ հարկային տեսչության պետի 27.08.1997 թվականի թիվ 767 հրամանով հաստատված ««Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ» հրահանգում:
2) Ծառայության գանգատարկման հանձնաժողովի 15.06.2007 թվականի թիվ 166/2 որոշմամբ թիվ 1021078 ստուգման ակտը թողնվել է անփոփոխ այն հիմքով, որ չի հիմնավորվել Ընկերության կողմից իրացված ապրանքները բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց իրացվելու հանգամանքը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի համաձայն` ավելացված արժեքի հարկից ազատելը` հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: Ավելացված արժեքի հարկից ազատվում են նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները` դոնորային արյան, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում՝ կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը:
ՀՀ հարկային տեսչության պետի 27.08.1997 թվականի թիվ 767 հրամանով հաստատված՝ ««Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի 4-րդ կետի համաձայն` նույն կետում նշված բժշկական այն տեխնիկայի իրացումը, որը կարող է օգտագործվել ոչ բժշկական նպատակներով, ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե այդ տեխնիկան իրացվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց:
Սույն գործով Դատարանն Ընկերության հայցի մերժման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ հայցադիմումին կից թիվ 181 և թիվ 62 հաշիվ-ապրանքագրերում նշված չէ, որ վաճառվող ապրանքները նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձին իրացնելու համար, հետևաբար օրենքի հիման վրա հաստատված հրահանգով նախատեսված ավելացված արժեքի հարկից ազատվելու հիմքերը բացակայում են:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետը հստակորեն սահմանում է, որ բժշկական տեխնիկայի և պարագաների իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Հետևաբար այդ նորմի կիրառումը կարող է սահմանափակվել միայն օրենքով:
Մինչդեռ Ծառայության պետի 27.08.1997 թվականի թիվ 767 հրամանով բժշկական տեխնիկայի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու համար սահմանվել է որոշակի պայման, այն է` դրանք բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց իրացնելը, որն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի ուժով կիրառման ենթակա չէ:
2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 28-րդ կետի համաձայն` ՀՀ օրենսդրությամբ (այդ թվում` ՀՀ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն` ավելացված արժեքի հարկից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի դրույթների վերաբերյալ հրահանգները, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում է ՀՀ հարկային տեսչությունը` համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների նախարարության, ինչպես նաև օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` ՀՀ առողջապահության նախարարության հետ:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ օրենսդիրն ավելացված արժեքի հարկից ազատվող ապրանքների շրջանակի որոշման իրավասությունը թողել է ՀՀ կառավարության լիազորված մարմնին, եթե դրանք ուղղակիորեն օրենքով կամ միջազգային պայմանագրերով սահմանված չեն:
ՀՀ հարկային տեսչության պետի 27.08.1997 թվականի թիվ 767 հրամանով հաստատված՝ ««Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ» հրահանգով սահմանվել են ավելացված արժեքի հարկից ազատվող բժշկական պարագաների և տեխնիկայի ցանկը` ըստ դասակարգիչների:
Սույն գործով կազմված ստուգման ակտում նշվել է, որ Ընկերությունը 2005 թվականի ընթացքում ՀՀ տարածք է ներմուծել «ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկ» դասակարգչի 84716040 ապրանքախմբին դասվող ապրանքներ, որոնք ընդգրկված չեն վերոնշյալ հրամանով սահմանված ցանկում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի ոչ միայն ներմուծված ապրանքների բժշկական տեխնիկա հանդիսանալու փաստի ապացուցման հանգամանքը, այլ այդ ապրանքների` Ծառայության հրամանով հաստատված ցանկում ընդգրկված լինելու փաստը:
Հետևաբար հիմնավոր չեն վճռաբեկ բողոքում բերված այն փաստարկները, որ ստուգման ակտը կազմվել է միայն այդ ապրանքները բժշկական ծառայություններ չմատուցող անձին իրացնելու հիմքով, քանի որ ակտի կազմման հիմքում դրվել է նաև Ընկերության կողմից ներմուծված ապրանքները ՀՀ հարկային տեսչության պետի 27.08.1997 թվականի թիվ 767 հրամանով հաստատված հրահանգով սահմանված ցանկում ընդգրկված չլինելու հանգամանքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում նշված նյութական իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն դատական ակտը բեկանելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման: Մինչդեռ սույն գործով Դատարանը, սխալ պատճառաբանելով դատական ակտը, ըստ էության ճիշտ է լուծել վեճը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |