ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2008 թվականի N 1261-Ն
«ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 10 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի N 1261-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է 1998 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվում ստորագրված «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի (այսուհետ` հիմնական համաձայնագիր) վավերացումից հետո` նպատակ ունենալով աջակցելու համաձայնագրի մասնակից պետությունների միջև Եվրոպայի, Սև ծովի, Կովկասի, Կասպից ծովի և Ասիայի տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների, առևտրի և տրանսպորտային հաղորդակցության բնագավառների զարգացմանը: Համաձայնագրի դրույթներով կարգավորվում են մասնակից պետությունների միջև, ինչպես նաև վերջիններիս տարածքով տարանցմամբ միջազգային բեռնատար և ուղևորատար փոխադրումները:
2. Հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանվում են հանձնաժողովի նպատակները, գործառույթները, իրավունքները, ձևավորման կարգը և գործունեության կազմակերպումը:
3. Հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովն իրականացնում է հիմնական համաձայնագրի իրագործմանն ուղղված հետևյալ գործառույթները`
1) Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի ազգային և տարածաշրջանային նախագծերի քննարկում և հաստատում.
2) հիմնական համաձայնագրի դրույթների պահպանման ապահովում.
3) հանձնաժողովի գործունեության վերաբերյալ առաջարկությունների և որոշումների նախագծերի մշակում.
4) փոխադրումների ներդաշնակ զարգացման հետ կապված նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
5) Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի տրանսպորտային քաղաքականության իրականացման աշխատանքների համակարգում.
6) համապատասխան տեղեկատվության հավաքագրման և ազատ փոխանակման ապահովում.
7) սահմանված անցման կետերում կիրառման ենթակա մաքսային ընթացակարգերի կիրառման և փաստաթղթաշրջանառության ներդաշնակեցման ապահովում.
8) Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքով փոխադրումներ իրականացնող տրանսպորտային կազմակերպությունների և հաստատությունների միջև համագործակցությանն աջակցություն:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5. Հանձնաժողովն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի`
1) ընդունելու որոշումներ իր աշխատանքին առնչվող կազմակերպական և ընթացակարգային հարցերի մասին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմինների քննարկմանը ներկայացնելու իր գործառույթների իրականացման վերաբերյալ առաջարկություններ.
3) համաձայն հանձնաժողովի հետ պայմանավորվածության` ստեղծելու համատեղ` մշտական և ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ կամ հրավիրելու փորձագետների (կարճաժամկետ և երկարաժամկետ).
4) կազմակերպելու խորհրդակցություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործադիր իշխանության մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպությունների ղեկավարների և փորձագետների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների (կամավորության սկզբունքով) մասնակցությամբ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
6. Հանձնաժողովը բաղկացած է նախագահից, անդամներից և քարտուղարից:
7. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նշանակելով hանձնաժողովի նախագահին և քարտուղարին:
8. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի քարտուղարին նշանակում է hանձնաժողովի նախագահի առաջարկությամբ:
10. Հանձնաժողովի նախագահը`
1) համակարգում է հանձնաժողովի գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման աշխատանքները.
2) վարում է հանձնաժողովի նիստերը.
3) հանձնաժողովի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատասխանատուներ` hանձնաժողովի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաստման համար.
4) իրականացնում է հսկողություն հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ hանձնաժողովի կազմի փոփոխությունների, ինչպես նաև hանձնաժողովի գործունեության դադարեցման վերաբերյալ.
6) իրականացնում է այլ գործառույթներ` Հայաստանի Հանրապետության կառավարության և hանձնաժողովի որոշումներին համապատասխան:
11. Հանձնաժողովի նախագահը և hանձնաժողովի անդամներն իրավունք ունեն, առանց հատուկ լիազորությունների, բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման և այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ:
12. Հանձնաժողովի քարտուղարը պատասխանատու է hանձնաժողովի գործունեության կազմակերպման, hանձնաժողովի հանդիպումների համար փաստաթղթերի նախապատրաստման, hանձնաժողովի նախագահի` hանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարությունների և hանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին հետևելու, ինչպես նաև hանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական և վարչական հարցեր լուծելու համար:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովը նիստեր է գումարում նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում` ըստ գործողությունների ծրագրի:
14. Գործողությունների ծրագիրը մշակվում է յուրաքանչյուր տարվա համար` հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների առաջարկությունների հիման վրա: Գործողությունների ծրագիրը ներառում է միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց և սահմանում միջոցառումների կատարման պատասխանատուներին: Գործողությունների ծրագիրը հաստատում է հանձնաժողովի նախագահը:
15. Գործողությունների ծրագրում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի և իր աշխատանքային մարմինների կողմից` նշելով դրանց նախապատրաստման կարգը, քննարկման ժամկետները, ծավալը և նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու ժամկետները:
16. Հանձնաժողովը նախապատրաստում է հանձնաժողովի պատվիրակության մասնակցությունը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի տարեկան համաժողովին, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղարի մասնակցությունն աշխատանքային խմբերի նիստերին: Հանձնաժողովը քննարկում է «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի նախագծերի տեխնիկական առաջադրանքները, ներկայացնում դիտողություններ և լրացումներ առաջադրված տեխնիկական առաջադրանքների վերաբերյալ:
17. Հանձնաժողովի նիստը համարվում է իրավազոր` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մասնակցության դեպքում:
18. Նիստի օրակարգի յուրաքանչյուր հարցի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
19. Ընդունված որոշումներն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:
20. Լրացուցիչ հաստատում կամ իրագործման համար ներպետական իրավական ակտի ընդունում պահանջող որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար` լրացուցիչ հաստատվելուց կամ համապատասխան իրավական ակտ ընդունվելուց հետո:
21. Հանձնաժողովի նախագահը տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն իրենց ընթացիկ գործունեության մասին:
22. Ընդունված որոշումներն իրագործելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու ժամանակավոր և մշտական մարմիններ` ենթահանձնաժողովներ, հանձնախմբեր կամ աշխատանքային խմբեր:
23. Հանձնաժողովը որոշում է մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը: Այդ մարմինները միայն հանձնաժողովի կազմից ձևավորվելու դեպքում դրանց ստեղծման և անհատական կազմի հաստատման համար լրացուցիչ ներպետական իրավական ակտի ընդունում չի պահանջվում:
24. Ճանապարհածախսը և հանձնաժողովի հանդիպման ընթացքում մասնակիցների, ինչպես նաև մշտական և ժամանակավոր մարմինների անդամների՝ ընդունող երկրում գտնվելու հետ կապված ծախսերը հոգում է հանդիպմանը մասնակցելու համար իր ներկայացուցիչներին գործուղող պետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|