Գլխավոր տեղեկություն
Համար
N 221-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.04.2005-28.05.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.08.15/20(138) Հոդ.301
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.06.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 հունիսի 2003 թ.

N 221-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 29-րդ հոդվածների դրույթներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի 1-ի (կցվում է),

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 198 որոշումը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան

 

2003 թ. հուլիսի 2

Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի հունիսի 18-ի
թիվ 221-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է:

2. Կենտրոնական բանկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

3. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է (Վազգեն Սարգսյան 6):

4. Կենտրոնական բանկը, նրա մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանով և իրենց անվանումով կնիք:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

6. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ընդունել նորմատիվ և անհատական իրավական ակտեր:

7. Կենտրոնական բանկի նորմատիվ և անհատական իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

8. Կենտրոնական բանկի նախագահն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է միայն անհատական որոշումներ և կարգադրություններ, ինչպես նաև Կենտրոնական բանկի, որպես բանկ հանդես գալու դեպքում, ներքին ակտեր:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ

 

9. Կենտրոնական բանկի խորհրդի անդամների միջև պարտականությունների բաշխումն իրականացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը՝ Կենտրոնական բանկի նախագահի առաջարկությամբ:

10. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը կոորդինացնում է Կենտրոնական բանկի գործունեության՝ իրեն վերապահված կոնկրետ ոլորտի աշխատանքները և պատասխանատվություն կրում այդ ոլորտում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ

 

11. Կենտրոնական բանկի խորհրդի անդամն իր պաշտոնեական պարտականությունները կատարելու նպատակով կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից կարող է իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով խորհրդակցություններ:

12. Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ նրանց կողմից լիազորված մասնագետները մասնակցում են այդ խորհրդակցություններին և իրենց մասնագիտական գիտելիքներով օժանդակում Կենտրոնական բանկի խորհրդի անդամների պաշտոնական պարտականությունների կատարմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

13. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումները նրա ներքին կառուցվածքային միավորներն են: Դրանք են՝

ա) վերստուգիչ խումբը,

բ) վարչությունները,

գ) մամուլի ծառայությունը,

դ) կենտրոնները‚

ե) ռեգիստրը

զ) ֆինանսական դիտարկումների կենտրոնը:

(«զ» ենթակետը լրաց. 03.03.05 N 99-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

14. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը ղեկավարում են՝

ա) վերստուգիչ խումբը՝ գլխավոր վերստուգիչը,

բ) վարչությունը՝ վարչության պետը և/կամ վարչության պետի տեղակալը, իսկ իրավաբանական վարչությունը՝ վարչության պետը, գլխավոր իրավական խորհրդականը,

գ) մամուլի ծառայությունը՝ մամուլի քարտուղարը,

դ) կենտրոնը՝ կենտրոնի տնօրենը,

ե) ռեգիստրը՝ ռեգիստրի ղեկավարը

զ) ֆինանսական դիտարկումների կենտրոնը՝ կենտրոնի ղեկավարը:

(«զ» ենթակետը լրաց. 03.03.05 N 99-Ն)

15. Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործունեությունն իրականացնում են ստորաբաժանման տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան, որը հաստատվում է Կենտրոնական բանկի նախագահի կողմից:

Յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պատասխանատվություն է կրում տվյալ ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄՇՏԱԿԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

16. Առանձին հարցերի քննարկման համար Կենտրոնական բանկի նախագահի կողմից Կենտրոնական բանկում կարող են ստեղծվել մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ:

17. Կենտրոնական բանկի մշտական հանձնաժողովները Կենտրոնական բանկի նախագահի կողմից ստեղծվող, մշտապես (անժամկետ) գործող և Կենտրոնական բանկի խնդիրների իրագործմանն օժանդակող հանձնաժողովներն են:

18. Կենտրոնական բանկի ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքները կրում են ժամանակավոր բնույթ և պայմանավորված են որոշակի աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ: Աշխատանքների կատարումից (ավարտից) հետո հանձնաժողովի աշխատանքները դադարում են:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

19. Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները նրա մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն են:

20. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է հիմնել իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղեր և ներկայացուցչություններ՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

21. Կենտրոնական բանկի մասնաճյուղը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և Կենտրոնական բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է Կենտրոնական բանկի անունից և վերջինիս կողմից տրված լիազորությունների սահմաններում:

22. Կենտրոնական բանկի մասնաճյուղն ունի իր կանոնադրությունը, որը հաստատվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կանոնադրությունը սահմանում է՝

ա) մասնաճյուղի անվանումը,

բ) մասնաճյուղի գտնվելու վայրը,

գ) մասնաճյուղի ղեկավարների լիազորություններն ու պարտականությունները,

դ) մասնաճյուղի լիազորությունները, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող գործառնությունները,

ե) մասնաճյուղի գործունեության վերաբերյալ այլ դրույթներ:

23. Կենտրոնական բանկի ներկայացուցչությունն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը ներկայացնում է Կենտրոնական բանկը, ուսումնասիրում է ֆինանսական շուկան և իրականացնում իր կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

24. Ներկայացուցչության կանոնադրությունը հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կանոնադրությունը սահմանում է՝

ա) ներկայացուցչության անվանումը,

բ) ներկայացուցչության գտնվելու վայրը,

գ) ներկայացուցչության ղեկավարների լիազորություններն ու պարտականությունները,

դ) ներկայացուցչության լիազորությունները,

ե) ներկայացուցչության գործունեության վերաբերյալ այլ դրույթներ:

25. Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները լուծարվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

 

26. Կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոնները Հայաստանի Հանրապետության որևէ տարածքում տեղակայված Կենտրոնական բանկի դրամարկղային հանգույցներն են, որոնք իրականացնում են Կենտրոնական բանկի դրամարկղի բոլոր գործառույթները տվյալ տարածաշրջանում, և որոնց նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում դրամաշրջանառության կարգավորումը, հնամաշ թղթադրամների դուրսբերումը, կանխիկ դրամի փոխադրումների օպերատիվության և անվտանգության բարձրացումը, տարածաշրջաններում գործող բանկերի և նրանց մասնաճյուղերի դրամարկղային սպասարկման օպերատիվության բարձրացումը, ինչպես նաև կանխիկ դրամի հանդիպակաց փոխադրումների բացառումը:

27. Կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոններում դրամարկղային գործառնությունների իրականացման պայմանները սահմանվում են օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  X

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ

 

28. Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերի նախագծումն իրականացվում է պատասխանատու կամ նախաձեռնող կառուցվածքային ստորաբաժանումների կողմից (այսուհետև՝ նախաձեռնող ստորաբաժանում):

29. Նախաձեռնող ստորաբաժանումը Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծը ներկայացնում է Կենտրոնական բանկի շահագրգիռ ստորաբաժանումների համաձայնեցմանը:

30. Շահագրգիռ ստորաբաժանումների համաձայնությունն ստանալուց հետո որոշման նախագիծը ներկայացվում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն՝ իրավական-փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով:

31. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնում է իրավական-փորձագիտական եզրակացություն, որն ստորագրում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետը:

32. Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծը իրավական-փորձագիտական եզրակացության հետ միասին վերադարձվում է նախաձեռնող ստորաբաժանմանը և ներկայացվում Կենտրոնական բանկի աշխատակազմ (այսուհետև՝ աշխատակազմ)՝ Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգով սահմանված ժամկետներում:

33. Աշխատակազմը, ստանալով որոշման նախագիծը, այն ներառում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստի օրակարգում և ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը՝ համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգի:

34. Կենտրոնական բանկի խորհուրդը ներկայացված նորմատիվ որոշման նախագիծը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգի պահանջներին համապատասխան:

35. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից որոշումն ընդունվելուց հետո աշխատակազմը, նախաձեռնող ստորաբաժանման հետ համատեղ, երկօրյա ժամկետում խմբագրում է որոշման նախագիծը և այն ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի և խորհրդի անդամների ստորագրմանը:

 

Գ Լ ՈՒ Խ  XI

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

36. Նախաձեռնող ստորաբաժանումը որոշումն ստանալու օրվանից մեկօրյա ժամկետում պատրաստում է նորմատիվ իրավական ակտը գրանցման ներկայացնելու վերաբերյալ համապատասխան գրություն՝ ուղղված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և այն ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահի ստորագրմանը:

37. Սույն կանոնադրության 36-րդ կետով նախատեսված գրության ստորագրումից հետո մեկօրյա ժամկետում նախաձեռնող ստորաբաժանումը Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուղեկցող գրությամբ ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

38. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից արդեն գրանցված որոշումը պահվում է աշխատակազմի կողմից:

39. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած յուրաքանչյուր որոշման՝ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հերթական համարում պաշտոնապես հրապարակվելու մասին գրավոր տեղեկացնում է աշխատակազմին:

40. Աշխատակազմը Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության տեղեկացումից հետո մեկօրյա ժամկետում հրապարակված որոշման մասին տեղյակ է պահում Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարներին, բանկերին և այլ շահագրգիռ անձանց:

41. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցումը կասեցված որոշումը Կենտրոնական բանկ մուտքագրվելուց հետո հասցեագրվում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն:

42. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը, նախաձեռնող ստորաբաժանման հետ համատեղ, պետական գրանցման կասեցման վերաբերյալ որոշումն ստանալու պահից հարցը ներկայացնում է Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը՝ պատրաստելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցման կասեցումը ընդունելու, չընդունելու կամ մասնակի չընդունելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշում:

43. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից պետական գրանցման կասեցումն ընդունելու, չընդունելու կամ մասնակի չընդունելու մասին համապատասխան որոշում ընդունվելուց հետո նախաձեռնող ստորաբաժանումը կրկին պատրաստում է համապատասխան փաթեթ՝ գրանցման կասեցումը չընդունելու կամ մասնակի չընդունելու վերաբերյալ հիմնավորումը համաձայնեցնելով Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության հետ:

44. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո նախաձեռող ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ուղարկում պետական գրանցման կասեցումն ընդունելու, չընդունելու կամ մասնակի չընդունելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը և հետևում է այդ փաստաթղթերի կատարման ընթացքին ու ժամկետներին:

 

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2003 թվականի հունիսի 18-ի
թիվ 221-Ն որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ

 

1.(1-ին կետն ուժը կորցրել է 13.04.04 N 93-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 13.04.04 N 93-Ն)

3.(3-րդ կետն ուժը կորցրել է 13.04.04 N 93-Ն)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 13.04.04 N 93-Ն)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 13.04.04 N 93-Ն) 

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 13.04.04 N 93-Ն)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 13.04.04 N 93-Ն)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 13.04.04 N 93-Ն)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 13.04.04 N 93-Ն)

10. Բանկային վերահսկողության վարչություն

11. Իրավաբանական վարչություն

12. Բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչություն

13. Տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչություն

14. Գործերի կառավարչություն

15. Ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչություն

16. Ռիսկերի կառավարման վարչություն

17. Տեղեկատվական համակարգերի կառավարման վարչություն

18. Վճարային և տեղեկատվական համակարգերի զարգացման վարչություն

19. Գործառնական վարչություն

20. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխիկ դրամով գործառնությունների վարչություն

21. Ֆինանսական դիտարկումների կենտրոնը

(19-րդ կետը լրաց. 29.07.03 N 257-Ն, փոփ., լրաց. 13.04.04 N 93-Ն, լրաց. 03.03.05 N 99-Ն)