«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008331
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
8 հոկտեմբերի 2008 թ. |
N 540-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգը (հավելված)։
2. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում մշակել բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացնել հաստատման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
|
Հավելված
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ. հոկտեմբերի 8-ի N 540-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
Սույն կարգով սահմանվում են գազամատակարարման համակարգում առաջացած անխուսափելի սահմանափակումների հանգեցնող իրավիճակներում (այսուհետ` անխուսափելի սահմանափակումների իրավիճակ) իրականացվելիք սպառողների գազամատակարարման սահմանափակման ծրագրերի մշակմանը ներկայացվող պահանջները:
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`
գազամատակարարման համակարգ՝ |
բնական գազի փոխադրման և բաշխման ցանցերի տեղակայանքները, դրանց կառավարման, պաշտպանության և ավտոմատիկայի, ինչպես նաև տեղեկատվական սարքավորումների համախումբ.
|
համակարգի օպերատոր` |
գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
|
անխուսափելի սահմանափակումների իրավիճակ՝ |
գազամատակարարման համակարգում առաջացած այնպիսի իրավիճակ, երբ համակարգի օպերատորի գնահատմամբ սպառողների գազամատակարարման սահմանափակումներն անխուսափելի են.
|
գազամատակարարման սահմանափակում`
|
անխուսափելի սահմանափակումների իրավիճակում սպառողի գազամատակարարման դադարեցում. |
բաշխող՝ |
բնական գազի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ։ |
Գ Լ ՈՒ Խ 2
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2. Գազամատակարարման համակարգի անվտանգությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված սպառողների գազամատակարարման առաջնահերթությունն ապահովելու համար անխուսափելի սահմանափակումների իրավիճակներում իրականացվող բնական գազի մատակարարման սահմանափակումների (այսուհետ` գազամատակարարման սահմանափակումների) ծրագրերը կազմում են համակարգի օպերատորը և բաշխողը համատեղ։
3. Գազամատակարարման սահմանափակումների ծրագրերը մշակվում են ըստ անխուսափելի սահմանափակումների իրավիճակների` հանրապետություն ներկրվող գազի մուտքի դադարեցում կամ մասնակի սահմանափակում, բնական գազի փոխադրման համակարգի վթար կամ թողունակության սահմանափակում և այլն: Ընդ որում, մասնակի սահմանափակումների դեպքում ծրագրերը կազմվում են բնական գազի փոխադրման համակարգից մատակարարվող գազի ծավալներին համապատասխան:
Ծրագրերը կազմվում են հիմք ընդունելով տվյալ անխուսափելի սահմանափակումների իրավիճակը վերացնելու համար սահմանափակվող գազի հաշվարկված ծավալները: Յուրաքանչյուր ծրագիր կազմվում է ըստ հերթերի (խումբ սպառողների), որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է բնական գազի սպառման որոշակի ծավալի:
4. Գազամատակարարման սահմանափակումների ծրագիրը կազմվում է հետևյալ պայմանների պարտադիր կատարմամբ.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված սպառողների և բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանափակվում է վերջին հերթում,
2) ավտոմոբիլային գազալիցքավորման ճնշումային կայանների գազամատակարարումը սահմանփակվում է նախավերջին հերթում,
3) բարդ և անընդհատ տեխնոլոգիական ցիկլերում գազ օգտագործող սպառողների գազամատակարարումը դադարեցվում է երկու փուլով`
ա. առաջին փուլում գազամատակարարումը սահմանափակվում է մինչև այն մեծությունը (ժամային ծախսը), որն անհրաժեշտ է սպառողի տեխնոլոգիական գործընթացը կամ արտադրական ցիկլը անվտանգ ավարտելու համար,
բ. երկրորդ փուլում գազամատակարարման պայմանագրով սպառողի տեխնոլոգիական գործընթացը կամ արտադրական ցիկլը անվտանգ ավարտելու համար սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո գազամատակարարումը դադարեցվում է:
5. Սույն կարգի պահանջների համաձայն մշակված կրիտիկական վթարային իրավիճակներում գազամատակարարման սահմանափակումների ծրագրերը հաստատվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:
6. Գազամատակարարման սահմանափակումների ծրագրերում ներառված սպառողների (բացառությամբ բնակիչ-բաժանորդների) գազամատակարարման պայմանագրերում կատարվում է գրառում սահմանափակման ծրագրի և հերթի վերաբերյալ:
7. Բարդ և անընդհատ տեխնոլոգիական ցիկլերում բնական գազ օգտագործող սպառողների գազամատակարարման պայմանագրում պարտադիր նշվում են սույն կարգի 4-րդ կետի 3)-րդ ենթակետում նշված բնական գազի մեծությունը (ժամային ծախսը) և տեխնոլոգիական գործընթացը կամ արտադրական ցիկլը անվտանգ ավարտելու ժամանակահատվածը։
8. Յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, հիմք ընդունելով սպառողների (բացառությամբ` բնակչության) հետ կնքված գազամատակարարման պայմանագրերում ամրագրված հաջորդ տարվա համար բնական գազի սպառման կանխատեսվող ծավալները, համակարգի օպերատորը և բաշխողը համատեղ վերանայում են անխուսափելի սահմանափակումների իրավիճակներում գազամատակարարման սահմանափակումների ծրագրերը, որոնք հաստատվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:
9. Անխուսափելի սահմանափակումների իրավիճակներում գազամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ որոշումը կայացնում է համակարգի օպերատորը:
10. Գազամատակարարման սահմանափակումների ծրագրերը իրականացվում են սպառողներին այդ մասին նախապես տեղեկացնելու պայմանով: Սպառողների (բացառությամբ բնակիչ-բաժանորդների) տեղեկացման ձևերը սահմանվում են գազամատակարարման պայմանագրով:
11. Անխուսափելի սահմանափակումների իրավիճակներում բաշխողը պարտավոր է համակարգի օպերատորի հրահանգով կատարել գազամատակարարման սահմանափակումներ:
12. Անխուսափելի սահմանափակումների իրավիճակների վերացումից հետո սպառողների գազամատակարարման վերականգնումը իրականացվում է ԳՄՕԿ-ով սահմանված կարգով: