Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-780
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.11/36(626) Հոդ.1276
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.11.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

25 նոյեմբերի 2008 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` դիմող` քաղաքացի Ա. Շմավոնյանի ներկայացուցիչ Գ. Դավթյանի, պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արամ Շմավոնյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի և 118-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Ա. Շմավոնյանի` 19.05.2008 թ. դիմումն է սահմանադրական դատարան: Գործի դատաքննությունը երկու անգամ հետաձգվել է` մի դեպքում լրացուցիչ նյութեր ուսումնասիրելու նպատակով (16.09.2008 թ.), մյուս դեպքում` պատասխանող կողմի միջնորդության հիման վրա (18.11.2008 թ.):

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները, հետազոտելով վեճի առարկա օրենսգրքերն ու օրենքները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թ. մայիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թ. հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թ. հունվարի 1-ից:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1997 թ. ապրիլի 14-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1997 թ. մայիսի 12-ին և ուժի մեջ է մտել 1997 թ. մայիսի 30-ից:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1997 թ. մայիսի 14-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1997 թ. հունիսի 16-ին և ուժի մեջ է մտել 1997 թ. հուլիսի 1-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թ. նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2007 թ. դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թ. հունվարի 1-ից:

2. Ըստ գործի դատավարական նախապատմության՝ ՀՀ հարկային մարմինները դիմողին տուգանել են՝ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար: Տուգանք նշանակած՝ հարկային մարմնի համապատասխան ակտը դիմողի կողմից վիճարկվել է ՀՀ վարչական դատարանում: Վարչական դատարանն իր՝ 2008 թ. մարտի 6-ի վճռով մերժել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Արտաշատի տարածքային հարկային տեսչության՝ ՀՀ ԿԱ ՀՊԾ Արտաշատի ՏՀՏ-ի՝ 11.09.2007 թ. ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին դիմողի հայցը: Վերջինս վարչական դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231, 233 և 234-րդ հոդվածներով, իր՝ 2008 թ. ապրիլի 7-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

3. Դիմողն ի սկզբանե վիճարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերի, 4-րդ կետի 3-րդ ենթակետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115 և 118-րդ հոդվածների սահմանադրականությունը:

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմն իր՝ 03.06.2008 թ. որոշմամբ դիմումը քննության է ընդունել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի և 118-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ:

4. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածը սահմանում է. «Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է. «Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ սույն օրենսգրքով»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա (mսtatis mսtandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը»:

5. Դիմողը, վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 1-ին, 2-րդ, 33.1. հոդվածի 1-ին մասերին, 34 հոդվածին, 42 հոդվածի 2-րդ մասին, 45 հոդվածին, 8 հոդվածին և 98 հոդվածի 1-ին մասին, գտնում է, որ վիճարկվող դրույթներում ձեռնարկատիրական գործունեության սահմանումը, դրանում օգտագործվող առանձին հասկացությունների անորոշությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս, քանի որ չեն բացառում ցանկացած անձի գործունեությունն ինչպես ձեռնարկատիրական, այնպես էլ ոչ ձեռնարկատիրական համարելը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասության առնչությամբ դիմողը փաստարկում է, որ, ի տարբերություն ընդհանուր իրավասության և մասնագիտացված մյուս՝ քաղաքացիական և քրեական դատարանների, վարչական դատարանների ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և բողոքարկման են ենթակա միայն վճռաբեկության կարգով, ինչի արդյունքում, ի խախտումն ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածի, խտրական վերաբերմունք է դրսևորվում անձանց միջև: Դիմողը փաստարկում է նաև, որ առկա է հակասություն նաև վարչական դատավարության օրենսգրքի 115 և 118-րդ հոդվածների ու ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի միջև: Այս կապակցությամբ դիմողը, մասնավորապես, պնդում է, որ. «Եթե վարչական դատարանը համարվում է առաջին ատյանի դատարան, ապա ելնելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածից, այն պետք է լինի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան...»:

6. Պատասխանող կողմն ընդունելով, որ ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով տրված օրինադրույթը բովանդակում է տվյալ գործունեությունը բնութագրող սահմանափակ հատկանիշներ, ինչի արդյունքում դրա մեկնաբանությունը չի կարող ամբողջությամբ բացահայտել «ձեռնարկատիրական գործունեություն» եզրույթի էությունը, միաժամանակ գտնում է, որ ձեռնարկատիրական գործունեության մասին դրույթը համակարգային առումով անհրաժեշտ է վերլուծել նաև հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ արտացոլված դրույթների շրջանակում: Մասնավորապես, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասից և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածից հետևում է, որ անձի կողմից իրականացվող գործունեության բնույթը որոշելիս օրենսդիրը հստակեցրել է ձեռնարկատիրական գործունեության և տնտեսական գործունեության հարաբերակցության սահմանները, ինչպես նաև սահմանել է տնտեսական գործունեությունը բնութագրող պարտադիր հատկանիշները, որոնց առկայությունը բավարար հիմք կարող է համարվել հարկ վճարողին հարկային պարտավորություններ առաջադրելու համար:

Ինչ վերաբերում է «անձնական գույք» հասկացության բովանդակությանը, ապա այս կապակցությամբ ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ «սեփականության իրավունքով պատկանող» կամ «սեփական» գույքից «անձնական գույքի» տարբերակումը կարող է դրսևորվել անձի կողմից անձնական կարիքների համար տվյալ գույքի անմիջականորեն և անհատապես օգտագործման միջոցով, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ, 42-րդ և 45-րդ հոդվածների պահանջներից:

Վարչական դատավարության օրենսգրքի՝ դիմողի կողմից վիճարկվող դրույթների կապակցությամբ պատասխանողի ներկայացուցիչը նշում է, որ խտրականության դրսևորում առկա չէ, քանզի ինչպես նախկին, այնպես էլ գործող օրենսդրության մեջ կան նախադեպեր, երբ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ գործի շրջանակներում էական է, նախ՝ «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացության սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը: ՀՀ Սահմանադրության 33.1. հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք»: Այս ձևակերպումից հետևում է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն անձի սահմանադրական իրավունքն է, և որ այդ գործունեության բովանդակությունը (հատկանիշները), իրականացման կարգն ու պայմանները ենթակա են օրենսդրական կարգավորման: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի համաձայն երաշխավորվում է տնտեսական գործունեության ազատությունը, սակայն այդպիսի գործունեության հասկացության նորմատիվ-իրավական բնորոշումը (հատկանիշները) ընթացիկ օրենսդրությամբ լիարժեք չի հստակեցված: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց («Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մաս): Ձեռնարկատիրական գործունեության, որպես տնտեսական առանձին գործունեության, բովանդակության իրավական բնորոշումից բխում է, որ այն անձի՝ ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունն է, որի հիմնական նպատակը գույքի օգտագործումից, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է (ՀՀ քաղ. օրենսգրքի 2-րդ հոդված):

ՀՀ օրենսդրության վերլուծությունը միաժամանակ վկայում է, որ «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացության բովանդակությունը բացահայտված է նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքում (26-րդ հոդված):

Նշված օրենքներում «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացության վերաբերյալ դրույթների համադրված վերլուծությունից բխում է, որ այդ հասկացությունն ունի հետևյալ հատկանիշները.

- հանդիսանում է տնտեսական գործունեություն,

- հետապնդում է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակ,

- իրականացվում է ինքնուրույն և իր ռիսկով,

- իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց,

- ենթակա է պետական գրանցման ( առանձին դեպքերում՝ նաև լիցենզավորման),

- չի ներառում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

- իրականացվում է պարբերաբար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը հնարավորինս ամրագրել է «ձեռնարկատիրական գործունեությունը» բնութագրող նվազագույն հատկանիշները՝ չբացառելով լրացուցիչ հատկանիշների ներառումը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներից է բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացության հիմնական բնորոշման և այլ օրենքներում այդպիսի գործունեության առանձնահատկությունների բացահայտման իրողությունը: Սակայն նույնպիսի մոտեցում «տնտեսական գործունեություն» հասկացության բնորոշման առնչությամբ չի դրսևորված:

Միաժամանակ, օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացության և դրան բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, գործելով ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված իր սահմանադրաիրավական գործառույթի, այն է՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթի և այդ գործառույթն իրականացնելիս՝ իրավունքի զարգացմանը նպաստելու իրավասության շրջանակներում, իր թիվ 3-1161 (ՏԴ) որոշման մեջ մեկնաբանել է խնդրո առարկա հասկացության օրենսդրական բովանդակությունը՝ ըստ էության որոշակիացնելով դրա հատկանիշների շրջանակը: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշման միջոցով ՀՀ օրենսդրության մեջ, մասնավորապես, դիմողի կողմից վիճարկվող օրենքների համապատասխան դրույթներում, «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացությունը միատեսակ կիրառման առումով ավելի ամբողջական և լիարժեք բնույթ է ստացել՝ հնարավորություն տալով համապատասխան տնտեսավարող սուբյեկտներին կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետևանքները:

Ընդ որում, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն. «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի ... դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ ...»:

ՀՀ դատական օրենսգրքի նշված դրույթին համահունչ՝ դիմողի նկատմամբ կայացված՝ ՀՀ վարչական դատարանի 2008 թ. մարտի 6-ի վճռում վարչական դատարանը դիմողի գործունեությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն գնահատելիս առաջնորդվել է ոչ միայն վիճարկվող օրենքների դրույթներով, այլ նաև վճռաբեկ դատարանի կողմից վերոհիշյալ որոշմամբ ձեռնարկատիրական գործունեության հասկացութային մեկնաբանմամբ:

Ինչ վերաբերում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում «պարբերաբար» բառի իրավական անորոշությանը, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ այս բառի բովանդակությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից: Բացի դրանից, «գործունեություն» հասկացությունն ինքնին ենթադրում է գործողությունների շարունակական իրականացում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացության իմաստով պարբերականությունն առանձին երկրների օրենսդրական պրակտիկայում նկարագրվում է նաև թվային չափանիշների միջոցով: Սակայն նման մոտեցումն ունի նաև իր բարդությունները: ՀՀ օրենսդրության մեջ «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացության իմաստով պարբերականությունը թվային չափանիշների միջոցով արտահայտելը կստեղծի մի իրավիճակ, երբ, կախված գործի առանձնահատկություններից ու կոնկրետ հանգամանքներից, միևնույն թվաքանակով իրականացված գործարքները մի դեպքում կարող են համարվել ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում կատարված, մյուս դեպքում՝ ոչ:

Վիճարկվող օրենսդրական դրույթների և դրանց իրավակիրառական պրակտիկայի համադրված վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանց բովանդակությունն այնպիսին է, որ հիմնականում չի առաջացնում իրավական անորոշություն, և դրանք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս իրավասուբյեկտին կանխատեսելու իր վարքագծի իրավական հետևանքները: Այսուհանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովը, հաշվի առնելով նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները, պետք է դատական պրակտիկան հաշվի առնելով առավել հստակություն մտցնի «ձեռնարկատիրական գործունեության» և «տնտեսական գործունեության» հասկացությունների՝ հատկապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առավել ամբողջական և միասնական օրենսդրական ձևակերպման հարցում, հնարավորինս բացառելով տարաբնույթ մեկնաբանություններն ու կոռուպցիոն ռիսկը:

8. ՀՀ Սահմանադրության 33.1. հոդվածն ամրագրում է յուրաքանչյուրի՝ օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը: Այդ իրավունքը ներառում է բոլոր իրավական հնարավորությունները, որոնք անհատի համար նախապայմաններ են ստեղծում ինքնուրույնաբար որոշումներ ընդունելու իր տնտեսական գործունեությանն առնչվող հարցերով: Այդ իրավունքը ենթադրում է արդարացի մրցակցության ազատություն, առանց սահմանափակումների տնտեսական կազմակերպություններ ձևավորելու, իր գործունեության բնույթն ու ձևը փոխելու, գոյություն ունեցող տնտեսական կազմակերպությունները լուծարելու, պայմանագրեր կնքելու հնարավորություններ: Ձեռնարկատիրական գործունեության իրավունքի անբաժանելի բաղադրատարրն է կազմում նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձի՝ առանց արհեստական խոչընդոտների շուկա մտնելու և, ցանկության դեպքում, այդ շուկայից դուրս գալու հնարավորությունը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթները՝ իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի պահանջները, որևէ կերպ չեն կարող խոչընդոտել ձեռնարկատիրական գործունեության սահմանադրական իրավունքի իրացմանը:

9. ՀՀ դատական օրենսգրքի հիման վրա վարչական դատարանի ստեղծմամբ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում 2008 թ. հունվարի 1-ից ներդրվեց մասնագիտացված վարչական արդարադատության ինստիտուտը: Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի՝ վարչական դատարանը հանդիսանում է մասնագիտացված առաջին ատյանի դատարան, որն ըստ էության քննում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը: Ի տարբերություն ՀՀ դատական օրենսգրքով ստեղծված մյուս, այսպես կոչված, մասնագիտացված՝ քրեական և քաղաքացիական առաջին ատյանի դատարանների, վարչական դատարանի ակտերի բողոքարկման վերաքննիչ ատյան նախատեսված չէ. վարչական դատարանի ակտերը կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով:

Վարչական դատարանում վարչական գործերով դատավարության կարգը սահմանվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով և ՀՀ դատական օրենսգրքով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ վարչական գործերով դատավարության կարգը վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում սահմանվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով՝ այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ կիրառելի են («mutatis mutandis») վարչական դատավարության նկատմամբ և չեն հակասում վարչական դատավարության օրենսգրքին և վարչական դատավարության էությանը:

Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է վարչական դատավարության սկզբունքները: Առանձին սկզբունքներ էականորեն տարբերվում են քաղաքացիական դատավարության սկզբունքներից, մասնավորապես, օրենսգրքի 6-րդ հոդվածն ամրագրում է գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքը, որը վարչական դատավարությանը բնորոշ կարևորագույն սկզբունքներից մեկն է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Գործի քննությունը և լուծումը վարչական դատարանում» վերտառությամբ 2-րդ բաժնի 11-19-րդ գլուխներում կանոնակարգվում է վարչական դատարանում գործի քննության կարգը. նշված գլուխներում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումներին հղում է կատարվում միայն 88, 89, 98, 112 և 117-րդ հոդվածներում, որոնք համապատասխանաբար վերաբերում են հայցի ապահովման միջոցների կիրառմանը, գործի վարույթը վերսկսելուն, գործի քննությունը հետաձգելուն, դատական ակտի կայացմանը, դատական նիստի արձանագրմանը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանում վարչական գործերի վարույթին վերաբերում է միայն 20-րդ գլուխը՝ բաղկացած միայն 118-րդ հոդվածից, որը վարչական դատարանի դատական ակտերի և՜ բողոքարկման կարգի, և´ հիմքերի, և´ գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու առնչությամբ հղում է կատարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ վճռաբեկ վարույթը կանոնակարգող նորմերին: Ընդ որում, հարկ է նկատել, որ նշված գլուխը ներառված է «Գործի քննությունը և լուծումը վարչական դատարանում» վերտառությամբ 2-րդ բաժնում: Փաստորեն, լուրջ վերապահությամբ պետք է մոտենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածով նախատեսված նպատակի իրացմանը, համաձայն որի՝ «Սույն օրենսգիրքը սահմանում է վարչական դատարանում և վճռաբեկ դատարանում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց վարչական և նորմատիվ ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը»:

Իրականում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող 118-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմի իրավական բովանդակությունն ու էությունը կայանում են նրանում, որ այդ նորմն ուղղակիորեն վարչական արդարադատության ոլորտի նկատմամբ տարածում է վճռաբեկ վարույթի այն բոլոր կանոնները, որոնք կիրառվում են քաղաքացիական արդարադատության եռաստիճան համակարգում: Այսինքն՝ վճռաբեկ վարույթը կարգավորող՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը նույնակերպ վերարտադրվում են վարչական դատավարության օրենսգրքում: Ինչ վերաբերում է այդ նորմում «mutatis mutandis» վերապահման կիրառմանը, ապա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ վերապահումը որևէ կերպ չի փոփոխում վարչական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու հիմքերի կամ պայմանների, վճռաբեկ դատարանում վարչական դատարանի դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության կարգը և այդ կապակցությամբ վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակը:

10. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ դիմողի կողմից վիճարկվող հոդվածների, ինչպես նաև 9, 119, 120, 121 և 122-րդ հոդվածների, ՀՀ դատական օրենսգրքի 35, 36 և 39-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքները վկայում են, որ վարչական դատարանի ակտերի բողոքարկման իրավակարգավորմանը բնորոշ հիմնական տարրերն են.

- վարչական դատարանի ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չեն,

- վարչական դատարանի ակտերը ենթակա են բողոքարկման միայն վճռաբեկության կարգով,

- վարչական դատարանի ակտերը, վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում, վճռաբեկության կարգով կարող են բողոքարկվել այն նույն հիմքերով, որոնցով բողոքարկման են ենթակա նաև քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտերը,

- վարչական դատարանի ակտի դեմ ուղղված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու պայմանները նույնն են, ինչ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների ընդունելիության պայմանները,

- վճռաբեկ դատարանը վարչական դատարանի ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը քննում է նույն սահմաններում և այդ կապակցությամբ իրացնում է նույն լիազորությունները, ինչ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բերված բողոքների պարագայում,

- վճռաբեկ դատարանի կողմից վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության վերադարձնելու դեպքում վարչական դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ՝ այդ մասին կայացնելով միջանկյալ ակտ:

11. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ մասի պահանջները, անհրաժեշտ է համարել պարզել.

- արդյո՞ք վարչական դատարանի ակտերի բողոքարկման ներկա իրավակարգավորումն ունակ է ապահովելու վարչական արդարադատության ոլորտում անձի իրավունքների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը,

- արդյո՞ք վճռաբեկ դատարանում վարույթի առնչությամբ ընդհանուր հղումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի չորոշակիացված նորմերին՝ անգամ «mսtatis mսtandis» վերապահումով, համապատասխանում է օրենքի որոշակիության սկզբունքին,

- արդյո՞ք օրենսդրի տարբերակված մոտեցումն առաջին ատյանի տարբեր մասնագիտացված դատարանների հանդեպ իր հիմքում ունի որոշակի օբյեկտիվ արդարացում:

12. ՀՀ սահմանադրական դատարանն իր 2008 թ. սեպտեմբերի 9-ի ՍԴՈ-758 որոշման մեջ, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 92 հոդվածին, մասնավորապես նշել է, որ օրենսդիրն ազատ է մասնագիտացված դատարանների պարագայում սահմանելու վերաքննիչ ատյան: Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում հարկ է համարում Սահմանադրության 92 հոդվածի նշված մեկնաբանությունը դիտարկել ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներում ամրագրված՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների համատեքստում: Այս սահմանադրական դրույթների համադրված վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև օրենսդրի հայեցողությանն է թողնված վարչական արդարադատության շրջանակներում վերաքննիչ ատյանի ստեղծման հարցի լուծումը, այնուամենայնիվ, օրենսդիրն իր այս հայեցողությունն իրացնելիս պետք է առաջնորդվի մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, տվյալ դեպքում՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ պաշտպանության և այդ իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկի՝ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծել են, պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներից: Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ Եվրոպական դատարանի կողմից կիրառվող՝ Կոնվենցիայի մեկնաբանության կարևորագույն սկզբունքներից մեկը՝ Կոնվենցիայի արդյունավետ մեկնաբանության սկզբունքն իր հերթին պահանջում է, որ յուրաքանչյուր իրավունք մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ դրանք լինեն ոչ թե տեսական կամ երևակայական, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ: Այս սկզբունքային դիրքորոշումն ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահայտված է Եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներում:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, իր հերթին, մեծապես կարևորելով վարչական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության էական տարր, 2004 թ. դեկտեմբերի 15-ին ընդունել է Վարչական ակտերի դատական վերահսկողության վերաբերյալ (2004) 20 հանձնարարականը: Վերջինս իր 4-րդ (i) կետում ամրագրում է. «Վարչական ակտը վերանայող դատարանի որոշումը պետք է, գոնե կարևոր գործերում, ենթակա լինի բողոքարկման վերադաս ատյան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը, ներպետական օրենսդրությանը համապատասխան, ուղղակիորեն տրվում է վերադաս ատյանին»: Հանձնարարականը նաև ամրագրում է.

- Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ապահովեն, որպեսզի իրենց երկրի դատարանակազմությունը և դատական ընթացակարգերը համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին, որպեսզի երաշխավորվի վարչական ակտերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,

- դատական ակտը բողոքարկելու իրավունքը պետք է ճանաչվի յուրաքանչյուր անդամ պետությունում:

Հանձնարարականի բացատրական հուշագրում մասնավորապես նշված է, որ ներպետական օրենսդրությունը պետք է սահմանի բողոքարկման պայմանները և բողոքարկման մարմնի իրավազորությունը, որոնք պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին: Վարչական վարույթում վերադաս դատական ատյանի ներգրավումն էական նշանակություն ունի վարչական նախադեպային իրավունքի հետևողականությունն ապահովելու հարցում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև նշված հանձնարարականը չի ճշգրտում երկաստիճան վարույթի բաղկացուցիչ տարրերը՝ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանների միջև ընտրության հարցի լուծումը թողնելով անդամ պետությունների հայեցողությանը, այնուամենայնիվ, ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հետևողականորեն կիրառվող՝ իրավունքների արդյունավետ մեկնաբանության սկզբունքը, այնպես էլ հանձնարարականի նպատակն ու առարկան ուղղված են նրան, որ վարչական արդարադատության ոլորտում դատական երկաստիճան համակարգը լինի այնքան կենսունակ և արդյունավետ, որ կարողանա ապահովել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը և նվազագույնի հասցնի դատական սխալների հավանականությունը:

13. Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի վերոհիշյալ իրավական չափորոշիչները՝ քննության առարկա գործի շրջանակներում սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական արդարադատության ոլորտում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն առաջին հերթին պայմանավորված է ՀՀ վարչական արդարադատության երկաստիճան համակարգի մատչելիությամբ և դրա արդյունավետությամբ, մասնավորապես, վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման միակ ատյանի՝ վճռաբեկ ատյանի մատչելիությամբ և արդյունավետությամբ:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում վարչական արդարադատության ոլորտում վճռաբեկ դատարանի՝ որպես բողոքարկման միակ ատյանի մատչելիությունն ու արդյունավետությունն առաջին հերթին գնահատել վարչական դատարանի ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու հիմքերի և վճռաբեկ բողոքը քննության ընդունելու պայմանների համատեքստում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական արդարադատության երկաստիճան համակարգի պարագայում, երբ վերաքննիչ վարույթը բացակայում է, այս գործոնն է՜լ ավելի որոշիչ և էական դերակատարում է ձեռք բերում ոչ միայն վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի, այլ նաև մասնագիտացված վարչական արդարադատության երկաստիճան համակարգի մատչելիության և արդյունավետության ապահովման տեսանկյունից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող 118-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը, հաշվի չառնելով վարչական արդարադատության, հանրային-իրավական վեճերի լուծման առանձնահատկությունները, քաղաքացիական դատավարության եռաստիճան համակարգում կիրառվող՝ վճռաբեկության ինստիտուտի իրավակարգավորման բոլոր տարրերը, այդ թվում՝ նաև վճռաբեկ բողոքի հիմքերն ու ընդունելիության պայմանները, ինչպես նշվեց, տարածել է վարչական դատարանի ակտերի բողոքարկման վրա: Եթե վճռաբեկ բողոք բերելու՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերն ու բողոքի ընդունելիության պայմանները, պայմանավորված վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական գործառույթներով, եռաստիճան համակարգում իրավաչափ են ու ողջամիտ, ինչպես դա ընդունել է սահմանադրական դատարանն իր՝ 2007 թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշման մեջ, ապա երկաստիճան համակարգի պարագայում նշված գործոնները բողոքարկման միակ՝ վճռաբեկ ատյանի մատչելիությունը և արդյունավետությունը սահմանափակում են այնքան, որ խաթարվում է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը՝ բացասաբար անդրադառնալով նաև վարչական արդարադատության համակարգի կենսունակ գործունեության վրա:

Սահմանադրական դատարանն իրավաչափ չի համարում վերաքննիչ վարույթի բացակայության պայմաններում վարչական դատարանի ակտերի դեմ վճռաբեկ բողոքի առնչությամբ այն նույն հիմքերի և ընդունելիության պայմանների սահմանումը, որոնք կիրառվում են քաղաքացիական արդարադատության եռաստիճան համակարգում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական դատավարության մասնակիցների կողմից վարչական դատարանի ակտը վճռաբեկ դատարան բողոքարկելու կարգը, ներառյալ՝ վճռաբեկ բողոքի թույլատրելիության հիմքերը, ինչպես նաև վճռաբեկ վարույթի կարգն այդ գործերով, պետք է սահմանվեն վարչական դատավարության օրենսգրքով՝ հղումներ պարունակելով այլ օրենքներին միայն այն դեպքերում, երբ դրանք դուրս չեն գալիս դատական համակարգի ընդհանուր սահմանադրական սկզբունքների շրջանակներից: Նման մոտեցումը բխում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի և 2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

Ելնելով վերոհիշյալից՝ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող 118-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթը ոչ միայն սահմանափակում է վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը, այլ նաև չի բավարարում իրավական օրենքին ներկայացվող հստակության, ճշգրտության և կանխատեսելիության որակները:

Միաժամանակ, ընդունելով, որ ՀՀ դատական օրենսգրքով ստեղծված տարբեր մասնագիտացված առաջին ատյանի դատարանների միջև՝ վարչական դատարանի ակտերի վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն չնախատեսելու առումով տարբերակված մոտեցումն իր հիմքում ունի որոշակի օբյեկտիվ արդարացում, այն է՝ վարչական դատարանի քննությանը ենթակա գործերի բնույթը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման տարբերակված մոտեցումը պահանջում է նաև տարբերակված մոտեցում վարչական ակտերի վճռաբեկության կարգով բողոքարկման իրավակարգավորումը սահմանելիս:

14. Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ վարչական արդարադատության առկա երկաստիճան համակարգի անարդյունավետությունը պայմանավորող գործոն է հանդիսանում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող 115-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված այն դրույթը, որի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Դատական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքն իրավական հիմք է հանդիսանում այդ ակտի կատարման, այդ թվում՝ հարկադիր կատարման գործընթաց նախաձեռնելու համար: Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ կատարողական թերթ տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված է եռամսյա ժամկետ: Այսինքն՝ գործնականում հնարավոր է, որ մինչև վճռաբեկ բողոք բերելը վարչական դատարանի ակտն արդեն կատարված լինի: Նման պայմաններում վճռաբեկության կարգով բողոքարկումը կարող է դառնալ իմաստազուրկ և բացառել բողոքարկող կողմի համար անդառնալի բացասական հետևանքները կանխելու հնարավորությունը՝ դրանով իսկ պայմանավորելով վճռաբեկ դատարանի՝ որպես բողոքարկման միակ ատյանի, անարդյունավետությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res judicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջել վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու՝ վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական և կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական և անհետաձգելի հանգամանքների դեպքում (տես, մասնավորապես, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով 2003 թ. հուլիսի 24-ի վճիռը):

Նշված իրավական դիրքորոշմանը համահունչ կարգավորում է նախատեսված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածում, որի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանների և քաղաքացիական դատարանի՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Ելնելով վերոհիշյալից՝ սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական դատարանի ակտերի բողոքարկումը վճռաբեկ դատարան այնպիսի պայմաններում, երբ վարչական դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, ոչ միայն վճռաբեկ դատարանում իրավունքի պաշտպանությունը դարձնում է անարդյունավետ, այլ նաև խախտում է իրավական որոշակիության և անվտանգության սկզբունքները, որոնք հանդիսանում են ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված՝ իրավական պետության հիմնարար սկզբունքի բաղադրիչները:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ իրավական պետությունում, որպես կանոն, անթույլատրելի է ցանկացած դատական սխալի առկայության հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայումը: Դրանով իմաստազրկվում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու գաղափարը, որի էությունն այդ ակտերին հնարավոր կայունություն հաղորդելու և դրանց անփոփոխելիության հանդեպ դատավարության կողմերի վստահությունը պաշտպանելու մեջ է:

Սահմանադրական դատարանը որպես վարչական արդարադատության երկաստիճան համակարգի մատչելիության և արդյունավետության վրա ազդող գործոն է դիտարկում նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի որոշման, վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշումը բողոքարկելու հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ: Այսինքն՝ այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, անձը զրկված լինելով այն բողոքարկելու հնարավորությունից, ըստ էության ոչ միայն զրկվում է նման որոշման դեմ պաշտպանության միջոցից, այլ նաև նրա գործի քննությունը փաստացիորեն սահմանափակվում է միայն առաջին ատյանի դատարանի շրջանակներում:

15. Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2008 թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներին հակասող է ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն դրույթները, որոնք թույլ էին տալիս վճռաբեկ բողոք ներկայացնել միայն վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նշված որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի ուժով այդ դրույթները ժամանակավորապես պահպանում են իրենց ուժը, սահմանադրական դատարանը որպես վարչական գործերով վճռաբեկ ատյանի մատչելիությունը պայմանավորող գործոն է համարում նաև վարչական արդարադատության երկաստիճան համակարգում բողոքարկման միակ ատյան դիմելու համար հավատարմագրված փաստաբանի ծառայությունից օգտվելու պարտադիր պահանջը: Նման պահանջի առկայությունը երկաստիճան դատական համակարգում է՜լ ավելի է խաթարում դատական պաշտպանության արդյունավետ իրավունքի էությունը, քանզի, եթե եռաստիճան համակարգում անձը վերաքննիչ ատյանում օգտվում է անմիջական բողոքարկման հնարավորությունից, ապա վարչական արդարադատության ոլորտում անմիջական բողոքարկման հնարավորությունն ամբողջովին բացակայում է:

16. Մասնագիտացված արդարադատության, այդ թվում՝ վարչական արդարադատության, ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլոց, նպատակ է հետապնդում առաջին հերթին դատավորների մասնագիտացման միջոցով ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Մասնագիտացված դատարանների ստեղծումը բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից: Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, և այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է: Հետևաբար, այդ ինստիտուտի բնականոն և լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում:

Ելնելով վերոհիշյալից՝ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վարչական մասնագիտացված արդարադատության ոլորտում անձի իրավունքների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն բողոքարկման միակ ատյանի՝ վճռաբեկ դատարանի մատչելիությամբ և արդյունավետությամբ, այլ այդ իրավունքի արդյունավետությունը պայմանավորող կարևոր հանգամանք է նաև վճռաբեկ դատարանում մասնագիտացման գործոնի լիարժեք դրսևորումը: Մասնագիտացման գործոնը վճռաբեկ դատարանում կարող է ունենալ երկու հիմնական դրսևորում, այն է՝ գործերի քննությունը մասնագիտացված առանձին միավորի կողմից, և երկրորդ՝ գործերի քննության կազմակերպումը վարչական արդարադատության առանձնահատկություններին համապատասխան: Մինչդեռ վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության կապակցությամբ մասնագիտացման գործոնի նշված երկու դրսևորումներն էլ որևէ կերպ արտահայտված չեն:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, մատնանշելով ՀՀ վճռաբեկ դատարանի պալատները և ընդհանուր գծերով սահմանելով ՀՀ վճռաբեկ դատարանի ներքին կառուցվածքը, կատարել է ոչ միայն կառուցվածքային, այլ նաև գործառութային տարանջատում: Վճռաբեկ դատարանի ներքին կառուցվածքի կանխորոշումը սահմանադրի կողմից՝ այդ դատարանի պալատների առանձնացումը, նշանակում է այդ պալատներից յուրաքանչյուրին արդարադատություն իրականացնելու հատուկ լիազորության տրամադրում: Մինչդեռ ՀՀ դատական օրենսգիրքը (հոդվածներ 18 և 53), հաշվի չառնելով այդ հանգամանքը, վճռաբեկ դատարանի պալատների լիազորություններն ու գործառույթը սահմանափակել է միայն վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցի լուծմամբ: Վճռաբեկ դատարանը բողոքի կապակցությամբ ըստ էության որոշում է կայացնում լիագումար կազմով, որտեղ պալատը հանդես չի գալիս որպես մասնագիտացված միավոր. վարչական դատարանի ակտերի դեմ բերված բողոքների առնչությամբ ըստ էության որոշումներն ընդունվում են քրեական պալատի և քաղաքացիական ու վարչական պալատների դատավորների մասնակցությամբ: Նման պայմաններում, վճռաբեկ դատարանում վարչական գործերով արդարադատությունը զրկվում է իր առարկայական բնույթից:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ մասնագիտացված վարչական դատարանի ակտերը չեն կարող վերանայվել մի դատարանի կողմից, որը չունի մասնագիտացված համապատասխան դատական կազմ: Սահմանադրության մեջ վճռաբեկ դատարանի պալատների գոյության երաշխիքի ամրագրումը կիմաստավորվի միայն այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն ունենա լիարժեք, այն է՝ գործն ըստ էության քննող և լուծող մասնագիտացված համապատասխան պալատ: Մասնագիտացման գործոնը վճռաբեկ վարույթում բացակայելու արդյունքում վճռաբեկ դատարանում անձի իրավունքների պաշտպանության իրավունքը, հետևաբար նաև՝ վարչական արդարադատության ոլորտում անձի դատական պաշտպանության իրավունքն իր ամբողջության մեջ խաթարվում է և զրկվում արդյունավետությունից:

17. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մասնագիտացված վարչական արդարադատության ինստիտուտի անկատարությունը կայանում է ոչ միայն նրանում, որ մասնագիտացման գործոնը որևէ դրսևորում չի ունեցել վարչական դատարանի ակտերի բողոքարկման ատյանում: Համակարգային անկատարությունը դրսևորվում է նաև օրենսգրքի 135-րդ հոդվածում:

ՀՀ Սահմանադրությունը տարբերակում է սահմանադրական և ընդհանուր արդարադատության գործառույթները՝ սահմանադրական արդարադատության գործառույթը 93-րդ հոդվածով ուղղակիորեն վերապահելով սահմանադրական դատարանին: Սահմանադրությամբ նախանշված նման տարանջատումը սահմանադրական և ընդհանուր արդարադատության գործառույթների միջև ապահովում է արդարադատության ողջ համակարգի գործառնական դինամիկ հավասարակշռությունը: Ընդ որում, սահմանադրական դատարանին է իրավասություն վերապահված սահմանադրական արդարադատության միջոցով ապահովել ՀՀ իրավակարգում Սահմանադրության գերակայությունն ու անմիջական գործողությունը: Իր հերթին, վարչական արդարադատության մասնագիտացված մարմինը կոչված է ապահովելու վարչական մարմինների գործունեության օրինականությունը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց վարչական և նորմատիվ ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության միջոցով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի և 2, 9, 19, 118, 119, 122, 123, 125, 128, 141 և 156-րդ հոդվածների փոխկապակցված համադրումից, ինչպես նաև իրավակարգավորման առարկայի առնչությամբ 1-ին, 128 և 135-րդ հոդվածների համադրումից ակնհայտ է դառնում, որ ոչ միայն խնդիրներ են առաջացել վարչական արդարադատության վերահսկելի և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից արդյունավետ ընթացակարգ սահմանելու առումով, այլև, հաշվի չառնելով ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի միանշանակ պահանջը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետով վարչական արդարադատության ոլորտ է ներառվել սահմանադրական արդարադատության առարկան:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական և սահմանադրական արդարադատության առկա շփոթն իրավակիրառական պրակտիկայում կարող է ստեղծել սահմանադրական նորմերի մեկնաբանման տարակերպ մոտեցումներ, որը լուրջ վտանգ է ներկայացնում երկրում Սահմանադրության գերակայության ու անմիջական գործողության ապահովման և հասարակական հարաբերությունների սահմանադրականացման միասնական քաղաքականության իրականացման համար: Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա իրավակարգավորումը չի բխում նաև ՀՀ Սահմանադրության 1, 3, 5, 6, 92 և 94-րդ հոդվածների պահանջներից և երկրի իրավական անվտանգության սպառնալիք է իր մեջ պարունակում:

Սահմանադրական դատարանը` նկատի ունենալով, որ այս պարագայում կիրառելի չէ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասը, ուստի կարևոր է համարում, որպեսզի ՀՀ Ազգային ժողովն ուշադրություն դարձնի այս հիմնախնդրին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

4. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը և 118-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր:

5. Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-17-րդ մասերի դրույթներով, նկատի ունենալով, որ սահմանադրական դատարանի որոշման ընդունման պահից սույն գործով վեճի առարկա իրավանորմերի վերացումը կարող է առաջացնել իրավական բաց` խաթարելով այդ նորմերի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, սույն որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել 2009 թ. մարտի 31-ը` ՀՀ Ազգային ժողովին հնարավորություն տալով օրենսդրական կարգավորումները համալիր ձևով համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


25 նոյեմբերի 2008 թ.

ՍԴՈ-780