Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.05/66(656)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.09.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-4063

 Քաղաքացիական գործ թիվ 3-506(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

            Դատավորներ՝ Կ. Հակոբյան

              Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

   

Վ. Աբելյանի

   

 Հ. Ղուկասյանի

 

   

Ս. Օհանյանի

 

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով երրորդ անձ Ռոզա Մխիթարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ջուլիետա Ղազարյանի ընդդեմ Արմավիրի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` փաստաթղթում ուղղում կատարելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Ջուլիետա Ղազարյանը պահանջել է Արմավիրի մարզի Արմավիր գյուղում գտնվող Աշոտ Եղիազարյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականում նշված տան կիսանկուղը ճանաչել որպես առաջին հարկ, իսկ առաջին հարկը որպես երկրորդ հարկ և պարտավորեցնել Արմավիրի գյուղապետարանին տնտեսական գրքում և տնտեսական գրքի 9/850 քաղվածքի հիման վրա տրված 19.05.2000 թվականի տեղեկանքում կատարել ուղղում և ավելացնել իր անունը, իսկ Կադաստրին պարտավորեցնել Արմավիր գյուղում գտնվող տան չվաճառված մասի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 25.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոզա Մխիթարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ջուլիետա Ղազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը      

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.02.07 թվականին թիվ 07-1017 գործով կայացված վճռով Ջուլիետա Ղազարյանի և Արտաշես Եղիազարյանի հայցն ընդդեմ Աշոտ Եղիազարյանի, Ռոզա Մխիթարյանի, նոտար Ա. Ցականյանի և երրորդ անձ Կադաստրի` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին՝ մերժվել է: Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, գործի քննությունը կարճելու փոխարեն ըստ էության այն քննության առնելով` հայցը բավարարել է:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 133-րդ հոդվածը, ՀԽՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Կադաստրը վրիպակ է թույլ տվել, քանի որ Ռոզա Մխիթարյանի և Ռոբերտ Անտոնյանի անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի սխեմատիկ հատակագծում նախանշված են ինչպես նկուղային, այնպես էլ բնակելի և օժանդակ մասերը և պատշգամբները: Հետևաբար, Ռոզա Մխիթարյանի և Ռոբերտ Անտոնյանի սեփականության իրավունքը գրանցվել է և նկուղային, և բնակելի, և օժանդակ մասերի նկատմամբ, սակայն թվաբանական սխալի պատճառով մակերեսը պակաս է արձանագրվել:

Բացի այդ, Ռոզա Մխիթարյանը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.02.2007 թվականի վճռով վեճի առարկա բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ ճանաչվել է բարեխիղճ ձեռքբերող:

Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով Հոկտեմբերյանի ժողդատարանի 23.12.1983 թվականի վճիռը և վիճելի տունը դիտելով, որպես ամուսինների գույք, սխալ է մեկնաբանել նշված վճիռը, քանի որ վճռով վիճելի անշարժ գույքը որպես ամուսինների գույք չի ճանաչվել, այլ դիտվել է որպես ծխապատկան գույք և այդ իրավահարաբերությունները կարգավորվել են նախկին ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 127-133-րդ հոդվածներով: Նշված վճռով գույքը, որպես ծխապատկան գույք բաժանվել է ոչ թե ամուսինների, այլ ծխի անդամների միջև, հետևաբար տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն: Ավելին, տվյալ ժամանակաշրջանում գործող կարգին համապատասխան հայցվորը վերը նշված վճիռը չի ներկայացրել կատարման՝ համապատասխան գյուղական կամ շրջանային գործկոմներին գրանցման և ձևակերպման համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2008 թվականի վճիռը և դատական ակտը փոփոխել՝ Ջուլիետա Ղազարյանի հայցը՝ Արմավիրի մարզի Արմավիրի համայնքում գտնվող Աշոտ Եղիազարյանի անվամբ տրված տան կիսանկուղային հարկի և ըստ հատակագծի 1-ին հարկի 78,7 և 10,9 քմ պատշգամբների նկատմամբ սեփականատեր ճանաչելու և իրավունքը գրանցելու մասով՝ մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

 

Երրորդ անձ Ռոզա Մխիթարյանն իր բողոքի հիմքում դրել է այնպիսի փաստեր, որոնք միմյանց հակասում են և չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Հոկտեմբերյանի ժողդատարանի 23.12.1983 թվականի վճռով վճռվել է վիճելի բնակարանի 1-ին հարկի 34 քմ և 18,45 քմ սենյակները սեփականության իրավունքով հատկացնել Ջուլիետա Ղազարյանին՝ երկու որդիների հետ մեկտեղ:

Ջուլիետա Ղազարյանի սեփականության իրավունքը հիշյալ տան նկատմամբ ավելի շուտ է գրանցվել, քան Աշոտ Եղիազարյանինը, քանի որ տնտեսական գրքում Ջուլիետա Ղազարյանը հաշվառված է 722 համարի տակ, իսկ Աշոտ Եղիազարյանը` 850 համարի տակ:

Վեճի առարկա հանդիսացող տունը Աշոտ Եղիազարյանը ձեռք է բերել ամուսնության ընթացքում և այն նրանց ընդհանուր համատեղ սեփականությունն է, հետևաբար Աշոտ Եղիազարյանը իրավունք չուներ այդ տունը վաճառել առանց Ջուլիետա Ղազարյանի և Արտաշես Եղիազարյանի համաձայնության:

Վեճը դատարանում քննելու ժամանակ սեփականության իրավունքի վկայականում շտկված չի եղել վրիպակ կոչվածը, քանի որ դատական նիստի ժամանակ չի ներկայացրել ուղղված վկայականը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Աշոտ Եղիազարյանին 22.05.2000 թվականին տրված սեփականության իրավունքի վկայականում բնակելի տան հատակագծի մեջ նշված են նաև կիսանկուղային հարկի և 1-ին հարկի պատշգամբները:

2) 26.09.2006 թվականին Աշոտ Եղիազարյանի և Ռոզա Մխիթարյանի միջև կնքված բնակելի տան և տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` վաճառողը վաճառում է, իսկ գնորդը ձեռք է բերում բնակելի տուն իր տնամերձ հողամասով, որը կազմում է 0,20 հա: Ամբողջ տունն ունի 85,2 քմ բնակելի մակերես, 106,3 քմ մակերեսով օժանդակ շինություն:

3) Ռոզա Մխիթարյանին և Ռոբերտ Անտոնյանին 03.10.2006 թվականին տրված թիվ 2225406 սեփականության իրավունքի վկայականում բնակելի տան հատակագծում նշված են նաև կիսանկուղի և 1-ին հարկի պատշգամբները:

4) 09.02.2007 թվականին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից քննված գործով ներկայացված հայցապահանջը վերաբերել է սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելուն, դրա հիման վրա կնքված գործարքն անվավեր ճանաչելուն և անվավերության հետևանքները կիրառելուն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

Սույն գործի փաստերի համաձայն` 09.02.2007 թվականին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից քննված գործով ներկայացված հայցապահանջը վերաբերել է սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելուն, դրա հիման վրա կնքված գործարքն անվավեր ճանաչելուն և անվավերության հետևանքները կիրառելուն: Որպես հայցի հիմք ներկայացվել է այն հանգամանքը, որ խախտվել է հայցվորների սեփականության իրավունքը, քանի որ վիճելի բնակելի տան նկատմամբ նրանք հանդիսանում են համասեփականատեր: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով նեկայացված հայցապահանջը վերաբերում է Կադաստրի փաստաթղթերում ուղղում կատարելուն և չվաճառված գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի պետական գրանցմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի կիրառման հիմքը բացակայում է, քանի որ սույն քաղաքացիական գործի և նախկինում Վերաքննիչ դատարանի կողմից քննված գործի հիմքը և առարկան տարբեր են:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի լուծման համար կարևոր է Աշոտ Եղիազարյանի և Ռոզա Մխիթարյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի առարկան որոշելը: Առուվաճառքի պայմանագրի առարկան որոշելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պայմանագրի մեկնաբանմանը:

Սույն քաղաքացիական գործով 26.09.2006 թվականի բնակելի տան և տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրում նշվել է, որ վաճառողը վաճառում է, իսկ գնորդը ձեռք է բերում բնակելի տուն իր տնամերձ հողամասով, որը կազմում է 0,20 հա: Ամբողջ տունն ունի 85,2 քմ բնակելի մակերես, 106,3 քմ մակերեսով օժանդակ շինություն:

Վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս եկել է այն եզրահանգման, որ իրականում առուվաճառքի պայմանագրի առարկա են հանդիսանում միայն այդ տարածքները, իսկ նույն տան կիսանկուղը և պատշգամբները պամանագրի առարկան չեն կազմում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:

Հիմք ընդունելով պայմանագրում պարունակող բառերի տառացի նշանակությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն պայմանագրի առարկա է հանդիսանում ամբողջ բնակելի տունը` որպես մեկ ամբողջական միավոր: Չնայած պայմանագրում նշվել է միայն բնակելի մակերեսը և օժանդակ շինությունները, սակայն դա չի նշանակում, որ կիսանկուղը և պատշգամբները, որոնք պայմանագրում հատուկ նշված չեն, չեն վաճառվել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի 2-րդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով՝ Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2008 թվականի վճռի՝ հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. Ջուլիետա Ղազարյանի հայցը` Արմավիրի մարզի Արմավիրի համայնքում գտնվող Աշոտ Եղիազարյանի անվամբ տրված տան կիսանկուղային հարկի և ըստ հատակագծի 1-ին հարկի 78,7 և 10,9 քմ պատշգամբների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և գրանցելու մասով, մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

  

Վ. Աբելյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան