Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-782
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.10/71(661) Հոդ.1278
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2008

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

2 դեկտեմբերի 2008 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՅԻԿ ԶԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող` քաղաքացի Ա. Զալյանի ներկայացուցիչ Հ. Ալումյանի, պատասխանող կողմի՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արայիկ Զալյանի դիմումի հիման վրա` ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Ա. Զալյանի` 21.08.2008 թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ դատական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ դատական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թ. փետրվարի 21-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի ապրիլի 7-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 18-ին:

ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածը վերնագրված է «Դատավորի անփոփոխելիությունը»: Հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատավորների ինքնաբացարկները բավարարելու կամ այլ պատճառներով առաջացած դատավորների թվի անբավարարության հետևանքով, վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ նույն ատյանի դատավորը կարող է մինչև 6 ամիս ժամկետով գործուղվել այդ դատարան կամ վճռաբեկ դատարանի այլ պալատ` իր հիմնական լիազորությունների իրականացման կասեցմամբ կամ առանց դրա: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն այն դեպքում, երբ դատավորի վարույթում գտնվող գործի քննությունը չի ավարտվել մինչև համապատասխան գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում»:

2. Ըստ գործում առկա դատական ակտերի` քրեական գործն ըստ մեղադրանքի Ռազմիկ Թորգոմի Սարգսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով, Մուսա Արտաշի Սերոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով և Արայիկ Միքայելի Զալյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով 12.06.2008 թ. որոշմամբ ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի կողմից (նախագահությամբ` դատավոր Հ. Մովսեսյանի) ընդունվել է վարույթ: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի` 12.06.2008 թ. թիվ 57-Ա հրամանով ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ մասի հիմքով թիվ ՀՅՔՐԴ1/0046/01/08/ քրեական գործը քննելու համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարտին Սարոյանը և Արմեն Խաչատրյանը գործուղվել են ՀՀ Հյուսիսային քրեական դատարան` մինչև վերոհիշյալ գործի դատաքննության ավարտը` առանց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունների կասեցման:

Նշված քրեական գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը դատավորներ Մարտին Սարոյանին և Արմեն Խաչատրյանին է ներկայացրել ինքնաբացարկի մասին միջնորդություն` պատճառաբանելով, որ «տվյալ գործով դատարանի կազմի մեջ ընդգրկված երեք դատավորներից երկուսը` Մ. Սարոյանը և Ա. Խաչատրյանը ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի դատավորներ չեն հանդիսանում, և նրանց մասնակցությամբ դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված, մինչդեռ Եվրոպական կոնվենցիայի 6 (1) հոդվածով երաշխավորվում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատարանը, որի կազմում են գտնվում այդ դատարանի դատավորներ չհանդիսացող անձինք, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:

Դատավորներ Մարտին Սարոյանը և Արմեն Խաչատրյանը ներկայացված ինքնաբացարկի մասին միջնորդությունը մերժել են համապատասխանաբար` «Պաշտպանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ» և «Ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժելու մասին» 18.07.2008 թ. որոշումներով:

Ընդ որում, դատավոր Մ. Սարոյանը, մերժելով ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, այն պատճառաբանել է հետևյալ կերպ. «… ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 11 կետի համաձայն օրենքով սահմանված կարգով տարիներ առաջ նշանակվել եմ առաջին ատյանի դատարանի դատավոր»: Անդրադառնալով միջնորդության այն հատվածին, համաձայն որի` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2008 թ. հունիսի 12-ի թիվ 57-Ա հրամանը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածի պահանջներին, դատավոր Մ. Սարոյանը պատճառաբանել է նաև, որ. «… բարձրացված հարցը ինքնաբացարկի միջնորդության հետ որևէ կապ չունի, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90 հոդվածում թվարկված ինքնաբացարկի հիմքերը կոնկրետ իմ նկատմամբ բացակայում է»:

Դատավոր Ա. Խաչատրյանը` մերժելով ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, այն պատճառաբանել է հետևյալ կերպ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90 հոդվածի 1-ին մասում նշված են դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու համար նախատեսված հիմքերը, որոնցում բացակայում են սույն քրեական գործով պաշտպանի կողմից նշված հիմքերը: Սույն քրեական գործը քննելու համար ՀՀ Հյուսիսային քրեական դատարան ես գործուղվել եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ` 12.06.2008 թ. թիվ 57-Ա հրամանով, ինչը բխում է օրենքից` ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից և տվյալ նորմով է սահմանված, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ նույն ատյանի դատավորը կարող է մինչև 6 ամիս ժամկետով գործուղվել այլ` նույն ատյանի դատարան: Այսինքն` ինձ ՀՀ Հյուսիսային քրեական դատարան գործուղելը և տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկելը կատարվել է օրենքի հիման վրա ու չի հակասում Եվրոպական կոնվենցիայի 6 (1) հոդվածի պահանջին, և իմ կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքեր չկան»:

Ըստ վերը նշված դատական ակտերի` նշված որոշումները բողոքարկման ենթակա չեն:

3. Վիճարկելով ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ մասի դրույթի սահմանադրականությունը, դիմող կողմը գտնում է, որ այն առաջացնում է իրավական անորոշություն, դրա հետևանքով` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2008 թ. հունիսի 12-ի թիվ 57-Ա հրամանի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 (1) հոդվածում` «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» բառակապակցության միջև հակասություն, և այդ հիմքերով հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 55-րդ հոդվածի 11-րդ կետին, 92-րդ հոդվածի 3-րդ մասին, 94-րդ հոդվածի 2-րդ մասին: Մասնավորապես, ըստ դիմող կողմի` «...օրենքից չի հետևում, թե ի՞նչ հանգամանքներ պետք է հաշվի առնվեն վճռաբեկ դատարանի նախագահի կողմից` որոշելու համար, թե դատավորներից ո՞ր մեկը պետք է գործուղվի այս կամ այն դատարան, որքա՞ն ժամանակով, արդյո՞ք գործուղվելու մասին որոշում կայացնելուց հաշվի են առնվում դատավորների մասնագիտացումը, տարիքը, նախասիրությունները, կոնկրետ գործի վերաբերյալ դիրքորոշումը կամ որևէ այլ հատկանիշներ: Արդյո՞ք գործուղումը կատարվում է մրցույթի արդյունքների կամ այլ ընտրության հիման վրա, թե որևէ այլ չափանիշներից ելնելով, արդյո՞ք հաշվի է առնվում այդ ժամանակ դատավորի ցանկությունը: Արդյունքում օրենքը վճռաբեկ դատարանի նախագահին հնարավորություն է տալիս ՀՀ Հյուսիսային քրեական դատարանը ամբողջությամբ ձևավորելու, օրինակ, վարչական դատարանի դատավորներից, կամ` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ամբողջ կազմով տեղափոխել Հարավային քրեական դատարան, իսկ Հարավային քրեական դատարանի դատավորներին` վարչական դատարան և այլն: Օրենքի նման անորոշությունը կամայական որոշումների հնարավորություն է տալիս»:

Ըստ դիմող կողմի` վիճարկվող դրույթի իրավական անորոշության հետևանքով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2008 թ. հունիսի 12-ի թիվ 57-Ա հրամանի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 (1) հոդվածում` «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» բառակապակցության միջև առաջանում է անհամապատասխանություն: Մասնավորապես, ըստ դիմող կողմի` վճռաբեկ դատարանի նախագահը, որոշում կայացնելով որոշակի քրեական գործ քննելու համար մեկ այլ դատարանից կոնկրետ դատավորներ գործուղելու մասին, ստեղծում է դատարան, որը պետք է քննի տվյալ գործը: Դատարան ստեղծելու իրավունք վճռաբեկ դատարանի նախագահին տալիս է վիճարկվող օրենքը: Սակայն այդ օրենքը, փաստորեն, թույլ տալով վճռաբեկ դատարանի նախագահին ստեղծելու դատարաններ, չի սահմանում դրանց ստեղծման կարգը և չափանիշները, որի արդյունքում վճռաբեկ դատարանի նախագահը հնարավորություն է ստացել իր բացարձակ հայեցողությամբ, կամայականորեն ստեղծելու դատարան` այս կամ այն գործը քննելու համար:

Նույն ատյանի դատարանի դատավորի` նույն ատյանի դատարան կամ վճռաբեկ դատարանի այլ պալատ գործուղվելը դիտարկելով որպես դատարանի ստեղծում, պնդելով իր այն տեսակետը, որ «Դատարան ստեղծելու իրավունք վճռաբեկ դատարանի նախագահին տալիս է վիճարկվող օրենքը», հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներն այն մասին, որ իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանող օրենքը չի կարող համարվել օրենք, դիմող կողմը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթի հիման վրա ստեղծված դատարանը չի համապատասխանում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 (1) հոդվածում` «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» բառակապակցության բովանդակությանը, քանի որ օրենքի վիճարկվող դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, ուստիև չի կարող համարվել օրենք:

Վերլուծելով վիճարկվող դրույթի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետի և 92 հոդվածի երրորդ մասի դրույթների փոխառնչությունները, հիմնվելով «արտակարգ դատարան» հասկացության բովանդակության մեկնաբանության սեփական տարբերակի վրա, դիմող կողմն ընդհանուր հետևություն է անում, որ վիճարկվող դրույթի հիման վրա դատարանի ստեղծումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետին համապատասխան դատարանների ստեղծման կարգին, և վիճարկվող դրույթով սահմանված կարգով ստեղծված դատարանն արտակարգ դատարան է, որի ստեղծումն արգելված է ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի երրորդ մասով:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող դրույթը սահմանադրականության խնդիր չի առաջացնում:

Պատասխանող կողմը, ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող դրույթը հիմնականում վերլուծելով «օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և անկողմնակալ դատարանի»` Կոնվենցիայի չափանիշներին համապատասխանության տեսանկյունից, հղում կատարելով Coeme and others v. Belgium գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2000 թ. հունիսի 22-ի վճռում արտահայտված իրավական դիրքորոշմանը, գտնում է, որ նշված իրավական դիրքորոշման մեջ արտահայտված ձևական պահանջը ՀՀ օրենսդրությամբ լիովին պահպանված է, քանի որ «...դատական համակարգի կազմակերպման կանոնները սահմանված են բացառապես օրենքներով: Օրենքով է սահմանված նաև դատավորին մեկ այլ դատարան գործուղելու` վճռաբեկ դատարանի նախագահի իրավունքը և գործուղման ընթացակարգը»: Պատասխանող կողմը շեշտում է նաև այն հանգամանքը, որ թիվ 63486/00 գանգատի հիման վրա հարուցված` «Պոսոխովն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գանգատի քննության ընթացքում չի անդրադարձել ժողովրդական ատենակալների նշանակման դատավարական կարգին, քանի որ միայն այն հանգամանքը, որ նշանակումն իրականացվում է օրենքի հիման վրա, դատարանը բավարար է համարել ատենակալների մասնակցությամբ դատարանը «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» դիտելու համար:

Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ մասում հստակ սահմանված են դատավորներ գործուղելու մասին որոշում կայացնելու անհրաժեշտ իրավական չափանիշները, որոնք առավել հստակ ու մանրամասն են շարադրված, քան եվրոպական երկրների օրենսդրությամբ դատավորի գործուղման ընթացակարգի կանոնակարգումն է: Հիմնավոր չհամարելով դիմողի առաջարկությունն այն մասին, որ գործուղման մասին որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել դատավորների մասնագիտացումը, տարիքը, նախասիրությունները, կոնկրետ գործի վերաբերյալ դիրքորոշումը կամ որևէ այլ հատկանիշ` պատասխանող կողմը գտնում է, որ տարիքը և նախասիրությունները կազմակերպական բնույթի են, և վճռաբեկ դատարանի նախագահի կողմից կարող են հաշվի առնվել գործուղման մասին որոշում կայացնելիս, իսկ կոնկրետ գործի վերաբերյալ դիրքորոշումը դատավարական բնույթի է, և օրենքով նախատեսված են դրան հակազդելու համապատասխան դատավարական մեխանիզմներ, ինչպիսին, ի թիվս այլոց, դատավորին բացարկ հայտնելու` մեղադրյալի իրավունքն է:

Հիմնվելով «արտակարգ դատարան» հասկացության բովանդակության մեկնաբանության սեփական տարբերակի վրա` պատասխանող կողմը հիմնավոր չի համարում վիճարկվող դրույթներով արտակարգ դատարան ստեղծելու հնարավորության մասին դիմող կողմի տեսակետը և ընդհանուր հետևություն է անում, որ «ՀՀ դատական համակարգի կազմակերպման և գործունեության կարգը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Օրենքով են նախատեսված նաև դատավորներին գործուղելու մասին որոշում կայացնելու` վճռաբեկ դատարանի նախագահի իրավունքը և գործուղման պայմանները: Վճռաբեկ դատարանի նախագահը գործուղման մասին որոշում կարող է կայացնել միայն օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում: ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով գործուղվում են միայն օրենքով սահմանված կարգով նշանակված դատավորները, գործուղումն իրականացվում է բացառապես օրենքով նշված հիմքերի առկայության պայմաններում և կարգով, գործուղված դատավորներն արդարադատություն իրականացնում են օրենքի հիման վրա` ապահովելով Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված սկզբունքների կենսագործումը»:

Պատասխանող կողմը մատնանշում է նաև, որ դատավորի գործուղման ինստիտուտը նախատեսված է նաև այլ պետությունների, մասնավորապես` Բուլղարիայի, Լիտվայի, Լատվիայի, Սերբիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Գերմանիայի դատարանակազմական օրենսդրությամբ:

Պատասխանող կողմն ընդունում է, որ, այնուամենայնիվ, դատավորների գործուղման ինստիտուտի կանոնակարգումը պետք է համապատասխանի ամբողջ դատական համակարգի կազմակերպման և գործունեության տրամաբանությանը, ինչի արդյունքում այն կդիտվի ոչ թե որպես օրինաչափություն, այլ դատական համակարգի բնականոն գործունեությունն ապահովող բացառիկ միջոց:

5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն իր իրավունքների խախտումը հիմնականում պայմանավորում է ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող դրույթում, իր կարծիքով, իրավական անորոշության առկայությամբ, դրա հետևանքով` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2008 թ. հունիսի 12-ի թիվ 57-Ա հրամանի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 (1) հոդվածում` «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» բառակապակցության միջև հակասությամբ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին մասի և 68 հոդվածի 7-րդ մասի պահանջները, սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ մասի դրույթի սահմանադրաիրավական իմաստի բացահայտման, դրա կիրառման պրակտիկայում դրսևորված մոտեցումների գնահատման, օրենքի վիճարկվող դրույթի իրավակարգավորման ուղղվածության, խնդիրների և նպատակների բացահայտման անհրաժեշտությունը:

6. ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի վիճարկվող դրույթի իրավակարգավորումն ունի երկու բաղադրիչ.

ա) դատավորի գործուղման իրավակարգավորումը տարածվում է նույն ատյանի դատավորի «այդ դատարան կամ վճռաբեկ դատարանի այլ պալատ` իր հիմնական լիազորությունների իրականացման կասեցմամբ կամ առանց դրա» գործուղելու նկատմամբ,

բ) նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

Վերը նշված իրավակարգավորման վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործուղման իրավակարգավորման խնդիրը մի դատավորին մեկ այլ դատավորով ժամանակավորապես փոխարինելն է կամ դատական ծանրաբեռնվածության հաղթահարումը` ողջամիտ ժամկետում գործերի քննության համար, ինչը, իր հերթին, նպատակաուղղված է դատական պաշտպանության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների իրացման ապահովմանը, որով հետապնդվում է իրավաչափ նպատակ:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետը վերաբերում է դատարանների` որպես պետական իշխանության մարմինների կազմավորմանը: Մինչդեռ վիճարկվող դրույթը վերաբերում է բացառիկ դեպքերում, իրավաչափ նպատակով պայմանավորված օրենքի հիման վրա ստեղծված դատարանում այլ դատարանի դատավորի (դատավորների) ընդգրկմամբ դատական կազմի ձևավորմանը: Հետևաբար` նման լուծումները չեն կարող հանգեցնել դատարանի` որպես առանձին պետական իշխանության մարմնի ստեղծման: Տվյալ դեպքում գործուղվող դատավորի լիազորությունները դադարեցվել կամ դադարել չեն կարող, առկա չէ տվյալ դատարանի դատավորների` օրենքով սահմանված թվակազմի նվազում, առկա չէ դատավորի թափուր պաշտոն, հետևաբար` դատարանի կազմավորման կարգով դատական կազմ ձևավորելու պահանջ: Փոխարինվող դատավորը` ՀՀ Նախագահի կողմից նշանակված լինելով տվյալ դատարանի դատավոր, պարտավոր է շարունակել մնալ այդպիսին, ընդգրկված մնալ տվյալ դատարանի դատավորների` օրենքով սահմանված թվակազմում` իր լիազորությունների ողջ ծավալով, գործուղման ժամանակ գործուղված դատավորի լիազորությունների որևէ ձևով դադարեցում տեղի չի կարող ունենալ: Հետևաբար, գործուղման հիման վրա ձևավորված դատական կազմերի միջոցով գործի քննությունը միանգամայն իրավաչափ է և իրականացվել է դատավարական պատշաճ ընթացակարգով:

Հիմնական խնդիրն այն է, որ վեճի առարկա դրույթում «իր հիմնական լիազորությունների իրականացման կասեցմամբ կամ առանց դրա» արտահայտությունը որոշակի շփոթ է առաջացրել: Անորոշ է մնացել, թե տվյալ իրավակարգավորման շրջանակներում որո՞նք են հիմնական և ոչ հիմնական լիազորությունները: Ի՞նչ տարբերակում է դրված «լիազորությունների իրականացման կասեցում» և «լիազորությունների կասեցում» հասկացությունների միջև: Առկա իրավակարգավորումը կարող է ենթադրել նաև, որ փաստորեն վճռաբեկ դատարանի նախագահը նոր, ժամանակավոր նշանակում է կատարում` կասեցնելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, նրան ժամանակավորապես նշանակելով մասնագիտացված դատարանի դատավոր: Այնինչ, ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետը և 95 հոդվածը դատավորների նշանակման և լիազորությունների դադարեցման միանգամայն այլ ընթացակարգեր են սահմանել, և որևէ բացառություն նախատեսված չէ:

ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետի և 95 հոդվածի պահանջները հաշվի առնելով, նկատի ունենալով, որ դատավորը ՀՀ արդարադատության խորհրդի առաջարկությամբ ՀՀ Նախագահի կողմից նշանակվում է որպես կոնկրետ դատարանի դատավոր, տվյալ դատարանում նրա լիազորությունների ժամանակավոր կասեցմամբ այլ դատարան բացառիկ անհրաժեշտությունից ելնելով գործուղման խնդիրը կարող էր լուծվել միմիայն դատավորի պաշտոնում նշանակման գործընթացի տրամաբանության սահմաններում: Օրենքը չի կարող վճռաբեկ դատարանի նախագահին լիազորել կասեցնել ՀՀ Նախագահի հրամանագրի գործողությունը` թեկուզ ժամանակավորապես: Օրենքով նրան վերապահված նման լիազորությունը չի բխում ՀՀ Սահմանադրության 1-ին, 6, 49, 55 և 95 հոդվածների դրույթներից: Իրականում նման մոտեցում արտահայտված է ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի` վեճի առարկա 3-րդ մասում և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 5-րդ մասում: Վերջինս նախատեսում է, որ «Այն դեպքում, երբ տվյալ դատարանում քննվող գործերի ծավալը փոքր է տվյալ դատարանում աշխատող դատավորների թվի համեմատ, այդ դատարանի դատավորը կարող է վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ մինչև 6 ամիս ժամկետով գործուղվել այլ դատարան` իր հիմնական լիազորությունների իրականացման կասեցմամբ: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն այն դեպքում, երբ դատավորի վարույթում գտնվող գործի քննությունը չի ավարտվել մինչև համապատասխան գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում»:

7. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դատավորի գործուղման վերաբերյալ վիճարկվող իրավակարգավորումը դիտարկել նաև ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներով սահմանված` դատական պաշտպանության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների տեսանկյունից:

ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի առաջին մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի առաջին մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»: Դատական պաշտպանության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները նախատեսված են նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6 և 13 հոդվածներով:

Պետությունը պարտավոր է համապատասխան իրավական, կազմակերպչական, ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծել սահմանադրական այդ իրավունքներն իրականացնելու ուղղությամբ:

Նման իրավական երաշխիք է տվյալ դատարանում դատավորների թվի անբավարարության հետևանքով գործի քննության անհնարինության դեպքում նույն ատյանի դատարանի դատավորին նույն ատյանի դատարան կամ վճռաբեկ դատարանի այլ պալատ գործուղելու իրավական հնարավորությունը` նախատեսված ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածով:

Անդրադառնալով դատավորի գործուղման իրավաչափությանը նրա կարգավիճակից բխող գործունեության անթույլատրելիության տեսանկյունից` սահմանադրական դատարանը, սույն որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումների շրջանակներում, հիմք ընդունելով նաև ՀՀ Սահմանադրության 97 հոդվածի առաջին մասը և ՀՀ դատական օրենսգրքի 4 հոդվածի 2-րդ մասը, որոնց համաձայն դատավորն օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ, գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքում` վիճարկվող դրույթի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի այլ դրույթներով սահմանված գործուղման հնարավորության նախատեսումն ինքնին իրավաչափ է, պայմանավորված է բացառիկ դեպքերում, իրավականորեն արդարացված` տվյալ դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով գործի քննության անհնարինության հետևանքների հաղթահարման անհրաժեշտությամբ:

Այս ինստիտուտի անհրաժեշտությունը թելադրված է անձի դատական պաշտպանության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների ապահովմամբ և հիմնավորված է նաև Դատավորի կարգավիճակի մասին եվրոպական խարտիայում:

Այլ խնդիր է, թե որքանով են գործուղման փաստացի իրավակարգավորումներն ու դրանից բխող իրավակիրառական պրակտիկան ապահովել արդարադատության իրականացման սահմանադրական պահանջները, այդ ոլորտում մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, դատական պաշտպանության արդյունավետությունը:

8. Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում անհրաժեշտ է համարում նշված խնդիրը դիտարկել նաև «նույն ատյան» հասկացության սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, ինչպես նաև դատավորների գործուղման գործընթացի իրավակարգավորման լիարժեքության տեսանկյուններից:

ՀՀ Սահմանադրությունը, սահմանելով ՀՀ դատական համակարգի կառուցվածքը, միևնույն ժամանակ հնարավոր է համարել այնպիսի իրավիճակի ձևավորում, որտեղ հասարակական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև դրանց առավել բարդ իրավական կարգավորվածության պայմաններում արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար կպահանջվի առավել խոր մասնագիտական մոտեցում և լուծումներ: ՀՀ Սահմանադրությունը, նման իրավիճակի գնահատման լիազորությունը վերապահելով օրենսդրին, նախատեսում է նաև օրենքով մասնագիտացված դատարաններ ստեղծելու հնարավորություն: Սահմանադրական նորմի բովանդակության նորմատիվ տարրն է կազմում այն պահանջը, համաձայն որի` նման դատարանը պետք է իրականացնի արդարադատություն որոշակի իրավազորության շրջանակներում. դա այդ մարմնի բացառիկ իրավասությունն է, այլ դատարան իրավասու չէ քննել նման գործեր, ինչպես նաև մասնագիտացված դատարանն իրավասու չէ քննել այլ դատարանի իրավասությանը վերապահված գործեր: Նույն կերպ, մասնագիտացված դատարանի դատավորը, որն օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ, որպես մասնագիտացված դատարանում դատավորի պաշտոն զբաղեցնող անձ կոչված է իրականացնելու արդարադատություն` բացառապես իրավունքի այդ կոնկրետ բնագավառում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքով այս խնդիրը կանոնակարգելիս հետևողականություն չի դրսևորել ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի պահանջները լիարժեք հաշվի առնելու հարցում: Այդ մասին սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև 2008 թ. սեպտեմբերի 9-ի ՍԴՈ-758 որոշման մեջ:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մասնագիտացված դատարան ստեղծելու` սահմանադրական նորմի տված հնարավորության իմաստը ոչ թե գործերի մեխանիկական բաժանումն է տարբեր դատարանների միջև, այլ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող համակարգի ստեղծումն է, որտեղ գործերի բաշխումը տարբեր իրավասությամբ օժտված դատարանների միջև կիրականացվի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման տեսանկյունից արդարացված չափանիշներով, որի պայմաններում իրավասու դատարաններն իրենց մասնագիտական որակավորմամբ ի վիճակի կլինեն իրականացնել արդյունավետ մասնագիտական արդարադատություն:

Այդ պահանջից ելնելով է, որ գործող օրենսդրությունը որոշակի տարբերակում է դրել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների միջև: Մասնավորապես, դա վերաբերում է թե՜ այդ դատարանների քննությանը ենթակա գործերի բնույթին ու շրջանակներին և թե՜ դատավորների նշանակման ու առաջխաղացման կարգերին: Օրինակ, ՀՀ դատական օրենսգրքի 22 հոդվածը սահմանել է, որ «Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ քաղաքացիական, քրեական և վարչական դատարանների ենթակայությանը վերապահված գործերի»: Միարժեքորեն օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքի 22, 27, 31 և 35 հոդվածների 1-ին մասերով տարբերակել է ՀՀ դատական օրենսգրքով ձևավորված մասնագիտացված դատարաններին և ընդհանուր իրավասության դատարաններին ընդդատյա գործերի շրջանակները: Դրանով իսկ այդ դատարանները գործառութային առումով չեն կարող դիտվել որպես նույն ատյանի համասեռ դատարաններ: Բացի դրանից, ՀՀ դատական օրենսգրքի 122, 123, 126 և 127 հոդվածները սահմանում են ընդհանուր իրավասության դատարանների դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու, դրանց կողմից առաջարկն ընդունելու կարգի և չընդունելու հետևանքների, թափուր պաշտոնում դատավոր նշանակելու, դատավորների պաշտոնների փոխանակման այնպիսի կարգեր, որոնք նույնական չեն նույն օրենսգրքի 128, 129, 130, 131, 133 և 134 հոդվածներով առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների առնչությամբ նախատեսված կարգերի հետ: Ավելին, նույն օրենսգրքի 135 հոդվածը, սահմանելով դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, առաջին ատյանի մասնագիտացված, վերաքննիչ դատարանի դատավորի, վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և նախագահի նշանակման հետ կապված` քվեաթերթիկներով քվեարկության ժամանակ հաշվի առնվող հատկանիշները, այս ցանկում բնականորեն չի ներառում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներին:

Դատական օրենսգրքի նշված և մի շարք այլ հոդվածների (մասնավորապես` 3-6-րդ գլուխների և 136 ու 137 հոդվածների) համալիր վերլուծությունից հետևում է, որ իրավակարգավորման տարբեր մոտեցումներ են դրսևորվում ընդհանուր իրավասության առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների հանդեպ:

Նկատի պետք է ունենալ նաև, որ ԵԽ Նախարարների կոմիտեի` անդամ պետություններին դատավորների անկախության, արդյունավետության և դերի մասին No. R (94) 12 հանձնարարականի` «Դատավորների անկախության ընդհանուր սկզբունքները» մասի 2-րդ կետի c. ենթակետի համաձայն` դատավորների պրոֆեսիոնալ մասնագիտացմանը վերաբերող բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն օբյեկտիվ չափանիշների վրա, դատավորների ընտրությունը և մասնագիտացումը պետք է հիմնված լինի այն հատկանիշի վրա, որը կապված է որակավորման, ազնվության, ունակության և արդյունավետության հետ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ մասում «նույն ատյան» բառակապակցությունը տվյալ օրենքով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում կիրառելի է միայն կառուցակարգային և գործառնական նույնաբնույթ կարգավիճակ ունեցող դատարանների առնչությամբ: Դա չի կարող մեկնաբանվել այնպես, որ նույն հարթության վրա դրվեն գործառնական տարբեր իրավասություն ունեցող ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանները: Այստեղ նույնպես հիմնական խնդիրը վերաբերում է առաջին ատյանում դատարանների նման մասնագիտացման հիմնավորվածությանը, և կասկած չի կարող առաջանալ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից իրականացված արդարադատության իրավաչափության առումով:

9. Սահմանադրական դատարանը գտնում է, որ բացառված չեն այնպիսի իրավիճակները, երբ անհրաժեշտություն առաջանա կառուցակարգային և գործառնական նույնաբնույթ որևէ ատյանի դատարանի դատավորի գործուղումը նույն ատյանի մեկ այլ դատարան` ողջամիտ ժամկետներում և արդյունավետ արդարադատություն իրականացնելու նպատակով: Ինչպես նշվեց, գործուղման ինստիտուտի գոյությունն ինքնին իրավաչափ է: Սակայն, մյուս կողմից, այդպիսի գործուղումները պետք է լինեն բացառություն և ոչ թե դառնան ընդհանուր կանոն կամ իրականացվեն գործառնական տարբեր իրավազորություն ունեցող դատարանների միջև:

ՀՀ իրավակիրառական պրակտիկայի վերլուծությունից հետևում է, որ միայն 2008 թ. փետրվար-սեպտեմբեր ամիսներին Հարավային քրեական դատարան են գործուղվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների` 5, իսկ Հյուսիսային քրեական դատարան` 14 դատավոր: Վերջիններիս թիվն ավելի քան չորս անգամ գերազանցում է Հյուսիսային քրեական դատարանի դատավորների թիվը: Որպես կանոն, գործուղվել է երկուական դատավոր, և մասնագիտացված դատարանի մեկ դատավորի հետ ձևավորվել է դատարան` դրան վերապահելով առանձնապես ծանր քրեական գործի քննության իրավասություն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման վիճակի պատճառը նաև ոչ հիմնավոր մոտեցումն է Հյուսիսային և Հարավային քրեական դատարանների կազմավորմանը: Մի դեպքում` նախագահի և երեք դատավորի, մյուս դեպքում նախագահի և երկու դատավորի կազմով ստեղծված դատարանները փաստորեն ի սկզբանե ձևական բնույթ են կրել: Օրինակ, Հարավային քրեական դատարանը` նախագահի և երկու դատավորի կազմով, միայն դատավորների օրինական արձակուրդի դեպքում գրեթե չորս ամիս չէր կարող դատական կազմ ձևավորել` ՀՀ դատական օրենսգրքի 18 հոդվածի 3-րդ մասի հիմքով գործ քննելու համար: Իսկ այն դեպքում, երբ անհրաժեշտ է երեք դատավորի կազմով գործ քննել, ապա 4-5 ամիս անհնարին կլինի որևէ այլ գործ քննել: Դա այն դեպքում, երբ 2008 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին այդ դատարանում մուտքագրվել է 202 գործ, իսկ 2007 թվականի նույն ժամանակահատվածում այդ դատարանի սպասարկման դատական տարածքում մուտքագրված է եղել 227 գործ:

Դատարանակազմական ոչ հիմնավոր լուծումների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն մի կոնկրետ գործի համար վճռաբեկ դատարանի նախագահը ձևավորել է մասնագիտացված քրեական դատարան, որի կազմում մեծամասնություն են կազմել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորները` բացառապես հայեցողական ընտրության արդյունքում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավիճակը չի բխում իրավական պետության հիմնարար սկզբունքներից, իրավաչափ չէ ու նաև կոռուպցիոն ռիսկ է պարունակում:

10. Անդրադառնալով դատավորի գործուղման առկա իրավակարգավորումների շրջանակներում դատական պաշտպանության արդյունավետության ապահովվածությանը` դատավորների գործուղման գործընթացի իրավակարգավորման լիարժեքության տեսանկյունից, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատավորների գործուղման և դատարանների ձևավորման իրավակարգավորումների խնդրին:

ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածն ամրագրել է դատավորների երկու կատեգորիա, որոնք կարող են գործուղվել այլ դատարան: Դրանք են.

ա) գործող դատավորը (14 հոդվածի 3-րդ և 5-րդ մասեր),

բ) ռեզերվային դատավորը (14 հոդվածի 4-րդ մաս` 7-րդ մասի համադրությամբ):

Կրճատված դատավորի վերաբերյալ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 6-րդ մասով նախատեսված է դրույթ, սակայն նախատեսված չէ նրա գործուղման հնարավորությունը:

ՀՀ դատական օրենսգրքի 14, 18, 24, 122, 129 հոդվածների համեմատական վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.

ա) արդարադատության արդյունավետ իրականացման առումով հիմնավոր չէ քրեական դատարանների նման կազմերով ձևավորումը,

բ) ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով սահմանված իրավակարգավորումը լիարժեք չէ այն իմաստով, որ.

- « ...նույն ատյանի դատավորը կարող է մինչև 6 ամիս ժամկետով գործուղվել այդ դատարան...» բառակապակցության մեջ հստակեցված չէ գործառնական առանձնահատկությանը վերաբերող պահանջը, որի հետևանքով տեղ է գտել վերը ներկայացված իրավակիրառական պրակտիկան,

- չի նախատեսում որևէ սահմանափակում, որպեսզի դա համատարած բնույթ չկրի,

- հստակ չէ «...իր հիմնական լիազորությունների իրականացման կասեցմամբ...» արտահայտությունը:

Վերջինս, փաստորեն, ենթադրում է դատավորի լիազորությունների ժամանակավոր դադարեցում, որը ՄԱԿ-ի 1985 թ. Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների համաձայն թույլատրելի է միայն իր գործունեության շարունակման անհնարինության կոնկրետ հիմքերի դեպքում:

11. ՀՀ դատական օրենսգրքի 61 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն. «Վճռաբեկ դատարանի նախագահը ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը»: Նույն հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի համաձայն. «Վճռաբեկ դատարանի նախագահը իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ»: Նշված երկու նորմերի համադրված վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 61 հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի ուժով օրենքով վճռաբեկ դատարանի նախագահին կարող են վերապահվել այնպիսի լիազորություններ, որոնք իրենց բնույթով չեն հակասում օրենքով և, մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 61 հոդվածի 3-րդ մասով վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված մյուս լիազորություններին:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածով վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված` դատավորներին գործուղելու վերաբերյալ լիազորությունը չի բխում նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջներից:

Բացի դրանից, ՀՀ դատական օրենսգրքի 70 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը և Դատարանների նախագահների խորհուրդը հանդիսանում են դատական իշխանության ինքնակառավարման մարմիններ, որոնց ՀՀ դատական օրենսգրքի համապատասխանաբար` 71 և 72 հոդվածների 3-րդ մասերի 1-ին կետերով վերապահված է նաև դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարցի քննարկման իրավասություն: Դրանով հանդերձ, սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված նորմերում նույնպես «դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարցի քննարկում» բառակապակցությունը չի կարող ենթադրել «ցանկացած հարցի լուծում», առավել ևս` այնպիսի հարցերի, որոնք ՀՀ Սահմանադրությամբ վերապահված են պետաիշխանական լիազորություններով օժտված այլ մարմինների իրավասությանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 101 հոդվածի 6-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1, 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության շրջանակներում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի 2-րդ մասի, 18 հոդվածի 1-ին մասի, 55 հոդվածի 11-րդ մասի և 95 հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասի հիմքերով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 5-րդ մասը:

3. Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-17-րդ մասերի դրույթներով, նկատի ունենալով, որ դատական համակարգի հետագա բարեփոխումների հայեցակարգային մոտեցումների շրջանակներում նաև վեճի առարկա հիմնահարցերի վերաբերյալ նախապատրաստվում են օրենսդրական բարեփոխումներ, հաշվի առնելով, որ սահմանադրական դատարանի որոշման ընդունման պահից սույն գործով վեճի առարկա իրավանորմերի վերացումը կարող է առաջացնել իրավական բաց, սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին և 2-րդ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել 2009 թ. մարտի 1-ը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


2 դեկտեմբերի 2008 թ.

ՍԴՈ-782