ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-3213/2007թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-386(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Մ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
|
Հ. Ղուկասյանի | |
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի հուլիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մուշեղ Եկմալյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Մուշեղ Եկմալյանի ընդդեմ Լիլիթ Իշխանյանի՝ երեխային տեսակցելու կարգ սահմանելու պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մուշեղ Եկմալյանը խնդրել է սահմանել որդու՝ Գևորգ Եկմալյանի հետ տեսակցության հետևյալ կարգը. շաբաթը երեք օր, երկուական ժամ կամ երկու օր երեքական ժամ տևողությամբ, մոր՝ Լիլիթ Իշխանյանի բացակայությամբ՝ կոնկրետ ժամերը համապատասխանեցնելով երեխայի կենսաապահովման ռեժիմի հետ:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Հայցվորին թույլատրվել է տեսակցելու երեխային շաբաթը 2 օր 3 ժամ տևողությամբ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Հայցվորին թույլատրվել է տեսակցելու երեխային շաբաթը 2 օր (երկուշաբթի և հինգշաբթի օրերին) 2 ժամ տևողությամբ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մուշեղ Եկմալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Մուշեղ Եկմալյանին զրկել է երեխայի հետ տեսակցելու հնարավորությունից, քանի որ տեսակցության երկու օրն էլ աշխատանքային օրեր են և աշխատանքային ժամեր: Միակողմանի դաստիարակվող երեխան լուրջ հոգեբանական խնդիրներ կարող է ունենալ, ինչպիսի հանգամանքը դատարանի կողմից հաշվի չի առնվել:
Վերաքննիչ դատարանի վճռով ծնողների իրավունքների իրականացման հարցում խտրականություն է դրված, որը սույն գործով հայցվորի համար ծնողական իրավունքների իրականացման անհնարինություն է առաջացնում:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.06.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Մուշեղ Եկմալյանը և Լիլիթ Իշխանյանը 2005 թվականի հուլիս ամսից գտնվել են գրանցված ամուսնության մեջ, ունեցել են մեկ երեխա` 23.06.2006 թվականին ծնված Գևորգ Եկմալյանին:
2. 2007 թվականի հունվար ամսից կողմերը դադարել են համատեղ կյանք վարել և ներկայումս Գևորգ Եկմալյանը գտնվում է Լիլիթ Իշխանյանի խնամքին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):
Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին, ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին:
Նշված հոդվածներից հետևում է, որ ծնողների վրա է դրված երեխաների դաստիարակության, այդ թվում` առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման հարցերի լուծման պարտականությունը, ընդ որում, նշված պարտականությունը ծնողների միջև բաշխված է հավասարապես, ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ` իհարկե հաշվի առնելով երեխաների շահերը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՜ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, գումար բռնագանձելու պահանջով):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և սահմանելով երեխայի տեսակցության ավելի կրճատ ժամեր (ինչպես նաև փոփոխելով տեսակցության օրերը), որևէ կերպ չի հիմնավորել Դատարանի կողմից սահմանված տեսակցության կարգի աննպատակահարմարությունը և դրա անհամապատասխանությունը ծնողի և երեխայի շահերին:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը Գևորգ Եկմալյանի համար սահմանելով տեսակցության կարգ՝ ըստ էության հաշվի չի առել այն հանգամանքը, որ աշխատանքային երկուշաբթի և հինգշաբթի օրերին (ընդամենը օրական 2 ժամ) երեխաներին տեսակցելն անհարկի սահմանափակում է Գևորգ Եկմալյանի՝ երեխաների խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելու իրավունքը, ինչպես նաև չի բխում երեխայի շահերից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների համաձայն՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Միաժամանակ, հաշվի առնելով երեխայի տարիքը և մշտական խնամքի տակ գտնվելու անհրաժեշտությունը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում երեխայի տեսակցությունը սահմանել Լիլիթ Իշխանյանի ներկայությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2007 թվականի վճիռը և այն փոփոխել. Մուշեղ Եկմալյանին թույլատրել Գևորգ Եկմալյանին տեսակցել շաբաթը 2 օր. ուրբաթ օրը ժամը 18.00-ից 21.00-ը և շաբաթ օրը՝ ժամը 16.00-ից 19.00-ը՝ Լիլիթ Իշխանյանի ներկայությամբ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան Դատավորներ` Վ. Աբելյան Ս. Սարգսյան Դ. Ավետիսյան Հ. Ղուկասյան Ս. Օհանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|