040.0568.18.09.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1998 թվական N 568
քաղ. Երևան
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 18, 19 և 24 հոդվածներից, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցները «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու մասին» N 259 որոշումից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի միջև 1998 թվականի հուլիսի 2-ին կնքված Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգը հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը որպես սեփականություն փոխանցելու և դրա վճարման պայմանների մասին համաձայնագիրը (կցվում է):
2. Հիմք ընդունել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի միջև 1998 թվականի օգոստոսի 12-ին կնքված Հայաստանի Հանրապետության գազասպառողներին 1998-2001 թվականներին բնական գազի առաքման և դրա ծավալների մասին համաձայնագիրը (կցվում է):
3. «Հայգազ», «Հայտրանսգազ», «Երևանգազ», «Գազավտոտրանսպորտային», «Ստորգետնյա մետաղպաշտպանություն», «Տրանսգազշին», «Հայգազշին», «Արմավիրգազմեքենա», «Նյութատեխնիկական մատակարարում և կոմպլեկտավորում», «Շինանյութերի արտադրություն և շինարարական աշխատանքներ», «Գազկապշին» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միացման միջոցով վերակազմավորել «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 24 հոդվածներին համապատասխան:
4. Սույն որոշման 3-րդ կետի կատարման հետ կապված` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 16.10.03 N 1337-Ա)
բ) ապահովել «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 270 մլն ԱՄՆ-ի դոլար արժեք ունեցող` Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի ներդրումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մեջ` վերջինիս կանոնադրական հիմնադրամն ավելացնելու համար:
6. Սահմանել, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից «Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի փոխարեն Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի 148,5 մլն ԱՄՆ-ի դոլար արժեքով գույքի ներդրման դիմաց բնական գազով վճարումը կատարվում է «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
Ներդրված գույքի դիմաց ստացված բնական գազի իրացման վայրը և գինը (բացի Հայաստանի Հանրապետության տարածքից) որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ապահովել սույն որոշման 3-րդ և 5-րդ կետով նախատեսված գործառույթների իրականացման հետ կապված հաշվապահական ձևակերպումների աուդիտը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Դարբինյան |