ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0005/05/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0005/05/08 |
Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի սեպտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 15.04.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` ավելացված արժեքի հարկի գծով առաջացած 187.691.900 ՀՀ դրամի գերավճարը հաստատելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը հաստատելու ավելացված արժեքի գծով 187.691.900 ՀՀ դրամի գերավճարը:
Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, 14-րդ հոդվածը, կիրառել է նույն օրենքի 13-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի 8-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Դատարանը, գնահատելով «Ինտերկաուչուկ Լիմիթեդ» ընկերության և Ընկերության միջև կնքված պայմանագիրը, նշել է, որ Ընկերությանը մատուցված ծառայությունները հանդիսանում են ոչ թե իրավաբանական, այլ առևտրային գործակալի ծառայություններ: Սակայն կողմերի միջև կնքվել է գործակալության պայմանագիր, որի բնորոշումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածում:
Միաժամանակ, Դատարանը գտել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով առևտրային գործակալի ծառայությունների համար մատուցման վայրի բնորոշման առանձնահատկություն սահմանված չէ, ուստի «Ինտերկաուչուկ Լիմիթեդ» ընկերության կողմից մատուցված ծառայության վայրը հանդիսանում է այն վայրը, որտեղ ծառայություն մատուցող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:
Մինչդեռ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ դրանում նշված այլ ծառայությունների հետ միաժամանակ իրավաբանական ծառայությունների մատուցման համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայություն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են ծառայություններ: Տվյալ դեպքում, «Ինտերկաուչուկ Լիմիթեդ» ընկերությունը, հանդիսանալով օտարերկրյա կազմակերպություն, իրավաբանական ծառայություն է մատուցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված Ընկերությանը, հետևաբար` վիճելի իրավահարաբերության համար կիրառելի է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 15.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ծառայության պետի 21.06.2007 թվականի թիվ 1700453 հանձնարարականի հիման վրա Ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վելուծության վարչության, հարկային հաշվանցումների հսկողության վարչության 2-րդ բաժնի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության վերահսկողության և գանձումների 2-րդ բաժնի աշխատակիցներին հանձնարարվել է Ընկերությունում կատարել 01.03.2005-30.11.2006 թվականներին ընկած ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի գծով առաջացած դեբետային մնացորդի (գերավճարի) ուսումնասիրություն:
2) Ուսումնասիրության արդյունքում 09.07.2007 թվականին կազմվել է որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի դեպքում ուսումնասիրության արդյունքների արձանագրություն, որում նշվել է, որ խոշոր հարկ վճարողների Ծառայություն ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների համաձայն` ավելացված արժեքի հարկի գումարը նույն ժամանակաշրջանում կազմում է 1.403.073.700 ՀՀ դրամ, սակայն փաստացի այն կազմել է 1.402.690.500 ՀՀ դրամ: Նշված գերավճարի գումարից ենթակա չէ հաշվանցման «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուսումնասիրվող ժամանակաշրջանում «Ինտերկաուչուկ Լիմիթեդ» ոչ ռեզիդանտ իրավաբանական անձի (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքած պայմանագրի համաձայն վերջինիս կողմից մատուցված ծառայությունների դիմաց պակաս կրեդիտավորված 187.691.900 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի գումարը:
3) Ընկերության և «Ինտերկաուչուկ Լիմիթեդ» ընկերության կողմից կնքված գործակալական համաձայնագրի 1.1 կետով սահմանվել է, որ պրինցիպալը գործակալին հանձնարարում է պրինցիպալի անունից և նրա հաշվին, պարգևատրման դիմաց կատարել 1.2 կետում նշված իրավաբանական և այլ գործողություններ: Նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն` գործակալը պարտավորվում է ի կատարումն նույն Համաձայնագրի իրականացնել պրինցիպալի կողմից արտադրվող քլորոպրենային կաուչուկի գնորդների որոնում և կնքել պրինցիպալի կողմից արտադրվող քլորոպրենային կաուչուկի առուվաճառքի պայմանագրեր, որի քանակը նշվում է նույն համաձայնագրի անբաժանելի մասը կազմող Հավելվածներում:
6) Ընկերության գտնվելու վայրի հասցեն է` Երևան, Բագրատունյաց 70, իսկ Կազմակերպության գրանցման վայրը գտնվում է Միացյալ Թագավորությունում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը սույն գործի լուծման համար կարևորվում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք գործակալության պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափը կիրառվում է այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն oրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ծառայությունը համարվում է մատուցված Հայաստանի Հանրապետությունում, եթե ծառայությունների մատուցման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Ծառայությունների մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղ ծառայություն մատուցող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, իսկ այդպիսի վայրի բացակայության կամ որոշման անհնարինության դեպքում` նշված անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը, բացառությամբ նույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված դեպքերի):
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` արտոնագրերի, լիցենզիաների, հեղինակային իրավունքի, ապրանքանշանների և համանման այլ իրավունքների` այլ անձանց փոխանցման, գովազդային, խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայություններ, ինչպես նաև տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայություններ, բանկային, ֆինանսական և ապահովագրական (բացառությամբ չհրկիզվող պահարանների վարձակալության), շարժական գույքի վարձակալության (բացառությամբ բոլոր տեսակի փախադրամիջոցների վարձակալության) ծառայություններ օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայություն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են ծառայություններ, իսկ դրանց բացակայության դեպքում` նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ սույն քաղաքացիական գործով Կազմակերպության կողմից գործակալության պայմանագրի հիման վրա մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառելիության հարցին պատասխանելու համար պետք է որոշվի թե արդյո՞ք Ընկերության կողմից մատուցված համապատասխան ծառայությունները ընդգրկված են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված բացառությունների շարքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածի համաձայն` գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գործակալության պայմանագիրը ծառայությունների մատուցման պայմանագրի տեսակ է, որի շրջանակներում կատարվում են իրավաբանական և այլ գործողություններ: Հետևաբար, գործակալության պայմանագրի շրջանակներում պատուցվող ծառայությունները իրավաբանական ծառայություններ են, որոնք ներառված են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված բացառությունների շարքում: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև սույն քաղաքացիական գործով կողմերի միջև կնքված պայմանագրի առարկան կազմող գործողությունների բնույթը:
Քննվող քաղաքացիական գործի փաստերի համաձայն` ծառայությունները ստացած Ընկերության գտնվելու վայրը Երևան, Բագրատունյաց 70 հասցեն է, իսկ ծառայություններ մատուցած Կազմակերպության գրանցման վայրը գտնվում է Միացյալ Թագավորությունում:
Հետևաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի իմաստով գործակալության պայմանագրով մատուցված իրավաբանական ծառայության մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունն է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զրոյական դրույքաչափով հարկման վերաբերյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետը Ընկերությանը մատուցված ծառայությունների նկատմամբ կիրառելի չեն:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 15.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
Հ. Ղուկասյան | |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|