ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
7 նոյեմբերի 2008 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված՝ մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից՝ Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրին Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի միանալու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 09.10.2008թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Արձանագրությունն ստորագրվել է 2007 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) գործողությունը Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի նկատմամբ տարածելու նպատակով:
2. Արձանագրությունը ԳՀՀ անքակտելի մասն է: ԳՀՀ-ն Եվրոպական միության հետ համագործակցության հիմունքները հաստատող գլխավոր փաստաթուղթն է:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի նկատմամբ ստանձնում է այն նույն պարտավորությունները, որոնք ստանձնել է Եվրոպական միության մյուս անդամ պետությունների հանդեպ:
4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես, արձանագրությունը հաստատել ներքին ընթացակարգերին համապատասխան, տեղեկացնել մյուս կողմերին այդ ընթացակարգերի ավարտի մասին, հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնել Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղարությանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2007 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված՝ մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից՝ Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրին Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի միանալու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
7 նոյեմբերի 2008 թ. ՍԴՈ-777 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|