Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-767
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.29/64(654) Հոդ.1094
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2008

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան 

21 հոկտեմբերի 2008 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.1 ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող` քաղաքացի Մ. Հարությունյանի ներկայացուցիչ Հ. Ալումյանի, պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Միշա Հարությունյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426.1 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Մ. Հարությունյանի` 24.07.2008 թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14.12.04 թ. ՀՕ-57-Ն ՀՀ օրենքի 2 և 3 հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը լրացվել էր համապատասխանաբար 408.1 և 410.1 հոդվածներով, որոնք սահմանում էին նոր հանգամանքների հետևանքով գործերի նորոգման հիմքերը և վարույթ հարուցելու կարգը: Միաժամանակ, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 25.05.06 թ. ՀՕ-91-Ն ՀՀ օրենքով որպես վճռաբեկ բողոք բերելու հիմք, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406 հոդվածում ամրագրվել էին նաև նոր հանգամանքները: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.07 թ. ՀՕ-270-Ն ՀՀ օրենքի 70 հոդվածով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նշված 408.1 և 410.1 հոդվածները, ի թիվս այլոց, ուժը կորցրած են ճանաչվել, և նշված օրենքի 81 հոդվածով օրենսգիրքը լրացվել է «Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» վերտառությամբ բաժին 12.1-ով՝ սահմանելով նոր հանգամանքների և նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման նոր իրավակարգավորում: Նույն օրենքով նաև փոփոխություն է կատարվել քրեական դատավարության օրենսգրքի 406 հոդվածում, որի արդյունքում նոր հանգամանքները դադարել են որպես վճռաբեկ բողոքի հիմք հանդիսանալուց:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 19.06.2002 թ. կայացված դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 99 հոդվածի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով: Դատավճիռը բողոքարկվել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան: Վերջինս 01.04.2003 թ. դատավճռով առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ: Դիմողի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատն իր՝ 08.05.2003 թ. որոշմամբ վերաքննիչ դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման:

Ներպետական պաշտպանության միջոցներն սպառելուց հետո դիմողն իր իրավունքների պաշտպանությամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան. վերջինս իր՝ 28.06.2007 թ. վճռով ճանաչել է, որ դիմողի նկատմամբ քրեական գործի քննության ընթացքում Հայաստանի Հանրապետությունը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը: 25.12.2007 թ. դիմողը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, խնդրելով նոր հանգամանքի՝ Եվրոպական դատարանի վճռի հիման վրա հարուցել վերանայման վարույթ, վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 08.05.2003 թ. որոշումը, բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 19.06.2002 թ. դատավճիռը, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 01.04.2003 թ. դատավճիռը: Վճռաբեկ դատարանն իր՝ 21.01.2008 թ. որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1 հոդվածով, ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2003 թ. որոշումը նոր հանգամանքներով վերանայելու վերաբերյալ դիմողի դիմումը փոխանցել է Հարավային քրեական դատարան: Վերջինս 28.02.2008 թ. որոշում է կայացրել նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին, իսկ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին 05.03.2008 թ. որոշմամբ որոշել է «Դատական ակտը նոր հանգամանքներով վերանայման վարույթ հարուցելու՝ Միշա Էդիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քր. օր. 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով քրեական գործով նշանակել դատական քննություն...»:

2008 թ. մարտի 14-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը, պարզաբանելով կողմերի իրավունքները, հայտարարել է, որ վերաքննիչ դատարանի կողմից Մ. Հարությունյանի նկատմամբ 01.04.2003 թ. դատավճիռը, ինչպես նաև՝ այդ դատավճռի դեմ բերված վճռաբեկ բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին վճռաբեկ դատարանի 08.05.2003 թ. որոշումը գտնվում են ուժի մեջ: Դատարանը պարզաբանել է նաև, որ Մ. Հարությունյանն ունի ամբաստանյալի կարգավիճակ, և Հարավային քրեական դատարանը քննում է քրեական գործն ըստ մեղադրանքի Մ. Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

3. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1 հոդվածի, 426.8 հոդվածի 1-ին մասի և 426.9 հոդվածի դրույթների սահմանադրականությունը, դիմողը գտնում է, որ այդ նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի 2-րդ մասին, 6 հոդվածի 4-րդ մասին, 18 հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 19 հոդվածի 1-ին մասին:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող հոդվածներում ամրագրված դրույթները հնարավորություն չեն տալիս անձին վերականգնելու իր խախտված իրավունքներն ու ազատությունները՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: Ըստ նրա՝ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայմանը վերաբերող նորմերը պետք է նախատեսեն դատական ակտերի վերանայման այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն կընձեռեր լիարժեքորեն վերականգնել խախտված իրավունքները և ազատությունները: Տվյալ դեպքում, Եվրոպական դատարանի կայացրած վճռի հիման վրա իր խախտված իրավունքը լիարժեքորեն վերականգնելու միջոցը դիմողը համարում է իր նկատմամբ կայացված դատական ակտերի՝ առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճռի, վերաքննիչ դատարանի մեղադրական դատավճռի և այդ դատավճիռներն անփոփոխ թողնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման վերանայումը:

Մինչդեռ, ըստ վիճարկվող դրույթների, ինքը զրկված է վճռաբեկ դատարանում վերջինիս որոշման վերանայմանը և առաջին ատյանի դատարանի ու վերաքննիչ քրեական դատարանի մեղադրական դատավճիռների բեկանմանը հասնելու հնարավորությունից: Նույնիսկ այն դեպքում, երբ Հարավային քրեական դատարանը վերանայի Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը, միևնույն է, իր խախտված իրավունքը չի վերականգնվի, քանի որ օրինական ուժի մեջ կմնան վերաքննիչ դատարանի դատավճիռն ու վճռաբեկ դատարանի որոշումը: Վերջիններս Հարավային քրեական դատարանի կողմից բոլոր դեպքերում վերանայվել չեն կարող: Ուստիև, դիմողը եզրակացնում է, որ վիճարկվող հոդվածներով նախատեսված՝ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման ընթացակարգն անձի խախտված իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց չէ:

Դիմողը գտնում է նաև, որ առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտի վերանայումն այնպիսի պայմաններում, երբ շարունակում են ուժի մեջ մնալ վերաքննիչ քրեական դատարանի մեղադրական դատավճիռը և վճռաբեկ դատարանի որոշումը, խախտում է նաև կողմերի հավասարության սկզբունքը:

4. Պատասխանողի ներկայացուցչի պնդմամբ՝ նոր և նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման նորովի կարգավորումը, վճռաբեկ դատարանին նոր և նոր երևան եկած հանգամանքներով գործի նորոգման գործառույթից ազատելը պայմանավորված է ՀՀ վճռաբեկ դատարանի նոր սահմանադրաիրավական կարգավիճակով, որը պահանջում է այդ դատարանին վերապահել այնպիսի լիազորություններ, որոնք ուղղակիորեն կբխեն նրա կարգավիճակից և ուղղված կլինեն վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի կենսագործմանը:

Ըստ պատասխանողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես նոր և նոր երևան եկած հանգամանքներով գործը վերանայելու իրավունքի, արդար դատաքննության իրավունքի սահմանափակում: Ավելին, գործող դատական համակարգի պայմաններում այս իրավունքների սահմանափակում կդիտվեր նոր և նոր երևան եկած հանգամանքներով քննության վերապահումը վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանին, քանի որ գործող վերաքննության կամ վճռաբեկության պայմաններում չէր կարելի գործի ամբողջ ծավալով և ըստ էության քննություն ակնկալել: Մինչդեռ առկա կարգավորման պայմաններում ողջ ծավալով ապահովվում է նաև դատական ակտերի վերանայման իրավունքը:

Պատասխանողը միաժամանակ ընդունում է, որ նոր և նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտը դրա կատարելագործմանն ուղղված հետագա լրամշակում է պահանջում, որի արդյունքում այն կվերածվի մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմի: Պատասխանողը վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թ. ՍԴՈ- 758 որոշումը՝ նշում է, որ օրենսդրական առկա կարգավորման պայմաններում ի հայտ եկած հակասությունների, իրավական բացերի, անհամապատասխանությունների շտկումն անհրաժեշտ է իրականացնել ամբողջ դատական համակարգի կազմակերպման և գործունեության համատեքստում՝ հաշվի առնելով ինչպես դատական կոնկրետ ատյանի դերն ու լիազորությունները, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները:

Ըստ պատասխանողի՝ «Նշված անհամապատասխանություններով հանդերձ, սակայն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը չի խախտում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու իրավունքներն ու ազատությունները»:

5. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող՝ 426.1 հոդվածը սահմանում է.

«Դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է դատական ակտ կայացրած այն առաջին ատյանի դատարանը, որը քննել է համապատասխան գործը կամ նյութը»:

Օրենսգրքի 426.8 հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով համապատասխան առաջին ատյանի դատարանը վերանայում է վերանայման վարույթ հարուցելու մասին որոշման հիման վրա»:

Օրենսգրքի 426.9 հոդվածը սահմանում է.

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն oրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Առաջին ատյանի դատարանի դատական ակտն oրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտը` համապատասխանաբար վճռաբեկ դատարան»:

6. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի՝ 30.07.2008 թ. որոշմամբ դիմումը քննության է ընդունվել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1 հոդվածի կապակցությամբ:

Դիմումի քննության արդյունքներով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև վիճարկվող դրույթում համապատասխան իրավակարգավորումը վերաբերում է զուգահեռաբար և´ նոր երևան եկած, և´ նոր հանգամանքներին, այնուամենայնիվ, քննությունը պետք է վերաբերի դրա սահմանադրականությանը միայն այն մասով, որով դա վերաբերում է նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայմանը, քանզի դիմողի նկատմամբ այդ դրույթները կիրառվել են միայն այդ մասով, և դիմողը նշված հոդվածների սահմանադրականությունը վիճարկում է միայն նոր հանգամանքների հիմքով դատական ակտերը վերանայելու առնչությամբ, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանադրական դատարանը որոշումներ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ:

Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասին համապատասխան, հարկ է համարում պարզել նաև վիճարկվող դրույթի հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվող՝ օրենսգրքի 426.8 հոդվածի սահմանադրականության հարցը:

7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական դատարանն իր՝ 2008 թ. սեպտեմբերի 9-ի ՍԴՈ-758 որոշմամբ լուծել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման իրավակարգավորումը սահմանող համապատասխան հոդվածների սահմանադրականության հարցը, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում համեմատական վերլուծություն կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ սահմանադրական դատարանի նշված որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված այդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտերի վերանայման իրավակարգավորումը սահմանող՝ խնդրո առարկա դրույթների միջև:

Համեմատական վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատավարական երկու օրենսգրքերում նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման իրավակարգավորման մեջ ընդհանրությունները հանգում են հետևյալին.

- ինչպես քաղաքացիական դատավարության, այնպես էլ քրեական դատավարության շրջանակներում նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու իրավասություն ունի միայն համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը,

- վերաքննիչ և վճռաբեկ դատարանները նշված հիմքերով դատական ակտերի վերանայման իրավասությամբ օժտված չեն,

- ինչպես քաղաքացիական դատավարության, այնպես էլ քրեական դատավարության շրջանակներում նոր հանգամանքներով վերանայման ենթակա են միայն առաջին ատյանի դատարանների դատական ակտերը,

- վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը նշված հիմքերով վերանայման ենթակա չեն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների բովանդակային մեկնաբանությունը հնարավորություն էր տալիս պարզելու, որ նոր հանգամանքներով վերանայման ենթակա են ոչ միայն գործն ըստ էության լուծող դատական ակտերը, այլ նաև միջանկյալ դատական ակտերը, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պարագայում նման մեկնաբանության հնարավորությունը բացակայում է:

8. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի համաձայն՝ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան։ Ելնելով նշված հոդվածի պահանջից՝ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկվող դրույթի կիրառման պրակտիկային:

Այսպես, դիմող Մ. Հարությունյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 410.1 հոդվածի հիման վրա նոր հանգամանքի հետևանքով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2003 թ. որոշումը վերանայելու համար: Ի պատասխան այդ դիմումի՝ ՀՀ վճռաբեկ դատարանը 2008 թ. հունվարի 21-ին կայացրել է վճռաբեկ բողոքը Հարավային քրեական դատարան փոխանցելու մասին որոշում: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ ինչպես ՀՀ Սահմանադրության, այնպես էլ ՀՀ դատական և դատավարական օրենսգրքերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանները, ինչպիսին հանդիսանում է Հարավային քրեական դատարանը, վճռաբեկ գործառույթով օժտված չեն, հետևաբար, չունեն նաև վճռաբեկ բողոքի քննության իրավասություն: Չնայած նշված հանգամանքին՝ վճռաբեկ դատարանի 2008 թ. հունվարի 21-ի որոշմանը հետևել է Հարավային քրեական դատարանի 2008 թ. փետրվարի 28-ի որոշումը, որով վարույթ է ընդունվել քրեական գործն ըստ մեղադրանքի Մ. Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: 2008 թ. մարտի 5-ին Հարավային քրեական դատարանը կայացրել է քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշում: Դատարանը որոշել է. «Դատական ակտը նոր հանգամանքներով վերանայման վարույթ հարուցելու՝ Միշա Էդիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քր. օր. 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով քրեական գործով նշանակել դատական քննություն...»:

Դիմողը սահմանադրական դատարան ներկայացված իր դիմումում, ինչպես նշվեց, մասնավորապես նշում է. «14.03.2008 թ. տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը, պարզաբանելով կողմերի իրավունքները, հայտարարել է, որ վերաքննիչ դատարանի կողմից Միշա Հարությունյանի նկատմամբ 01.04.2003 թ. դատավճիռը, ինչպես նաև՝ այդ դատավճռի դեմ բերված վճռաբեկ բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին վճռաբեկ դատարանի 08.05.2003 թ. որոշումը գտնվում են ուժի մեջ»:

Վերոհիշյալից բխում է, որ դիմողի դիմումի հիման վրա Հարավային քրեական դատարանում հարուցված վարույթի շրջանակներում վերանայվում է ոչ թե վճռաբեկ դատարանի որոշումը, այլ առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քանզի վճռաբեկ դատարանի որոշումը վերանայելու իրավասությամբ առաջին ատյանի դատարանն օժտված չէ. այլապես կառաջանար մեկ այլ անընդունելի իրավիճակ, երբ ստորին ատյանի դատարանը վերանայում է վերադաս դատարանի ակտը:

Ավելին, գործի հանգամանքները, մասնավորապես, Հարավային քրեական դատարանի 2008 թ. փետրվարի 28-ի որոշումը, 2008 թ. մարտի 5-ի որոշումը, դիմումում նշված՝ Հարավային քրեական դատարանում դիմողի գործով 14.03.2008 թ. նիստում նախագահող դատավորի վերոհիշյալ հայտարարությունը, վկայում են, որ Հարավային քրեական դատարանն առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերանայում է քրեական գործն ըստ մեղադրանքի Մ. Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, կրկին քննության առնելու միջոցով: Հարկ է նկատել նաև, որ այդ վարույթում դիմողը դատարանում հանդես է գալիս ամբաստանյալի կարգավիճակով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման մոտեցման դեպքում խախտվում է քրեական դատավարության իրավունքի այնպիսի կարևորագույն սահմանադրական սկզբունք, ինչպիսին է ne bis in idem (միևնույն արարքի համար կրկնակի պատասխանատվության մերժում) սկզբունքը:

Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում դրույթ, որն ուղղակիորեն կբացառեր նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների ակտերի վերանայման հնարավորությունը, այնուամենայնիվ, հաշվի առնելով առկա դատական պրակտիկան, այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարաններն օժտված չեն վերադաս դատարանի ակտը վերանայելու իրավասությամբ, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2008 թ. սեպտեմբերի 9-ի ՍԴՈ-758 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ առաջին ատյանի դատարանի կողմից վերադաս դատարանի դատական ակտի վերանայումն անթույլատրելի է՝ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խնդրո առարկա հոդվածներով՝ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման իրավակարգավորման առանձնահատկությունները (ինչպես քաղաքացիական դատավարության դեպքում) հանգում են նրան, որ փաստորեն վերանայման ենթակա է միայն առաջին ատյանի դատարանի ակտը և միայն առաջին ատյանի դատարանի կողմից:

9. Հաշվի առնելով վերոհիշյալ համեմատական վերլուծության և համապատասխան դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները՝ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, ըստ էության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթներով սահմանված՝ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման իրավակարգավորումն իր հիմնական տրամաբանությամբ, առանձնահատկություններով և մոտեցումներով համարժեք է այն իրավակարգավորմանը, որը սահմանված էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով: Ուստի սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը հենվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման իրավակարգավորումը սահմանող համապատասխան հոդվածների սահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի՝ 09.09.2008 թ. ՍԴՈ-758 որոշմամբ արտահայտած իր իրավական դիրքորոշումների վրա և գտնում է, որ այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները հավասարապես վերաբերում են նաև քրեական դատավարության օրենսգրքի 426.1 և 426.8 հոդվածներին:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, մատնանշել ՍԴՈ-758 որոշման մեջ արտահայտված այն սկզբունքային նշանակության իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման համակարգն արդյունավետ կարող է գործել միայն այն դեպքում, երբ կապահովվի նոր հանգամանքների հիմքով դատական բոլոր ատյանների ակտերի վերանայման հնարավորությունը, բացառելով ստորադաս ատյանի դատարանի կողմից վերադաս դատարանի ակտի վերանայումը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում հավելել, որ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման լիարժեք և արդյունավետ համակարգի առկայությունն է´լ ավելի է կարևորվում քրեական դատավարության շրջանակներում, քանզի քրեական պատասխանատվություն նախատեսող դատական ակտերն անձի փաստացի վիճակի վրա ազդեցության առումով ունեն առանձնակի նշանակություն, մասնավորապես՝ հաշվի առնելով անձի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու և դրանից բխող հետևանքների առկայության հանգամանքը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն առավել ապահովված կլինեն այն դեպքում, երբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վարույթը հարուցում է այն դատարանը, որը վերջնական դատական ակտ է կայացրել տվյալ քրեական գործով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1 հոդվածը և 426.8 հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով դրանք վերաբերում են նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման իրավասությունը միայն առաջին ատյանի դատարաններին վերապահելուն և առնչվում են միայն վերջիններիս կողմից կայացրած դատական ակտերին:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 հոկտեմբերի 2008 թ.

ՍԴՈ-767