Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անօրինական միգրացիայի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
հիմնվելով միջազգային իրավունքի և Կողմերի ազգային օրենսդրությունների նորմերի վրա,
նշելով, որ անօրինական միգրացիան, սպառնալիք ներկայացնելով հասարակական և ազգային անվտանգությանը, տնտեսական կայունությանը, նպաստում է Կողմերի տարածքներում քրեական իրադրության բարդեցմանը,
իրենց համար առաջնային համարելով սեփական քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի ապահովման խնդիրը,
դիտելով անօրինական միգրացիայի հետ պայքարում համագործակցությունը որպես Կողմերի տարածքներում միգրացիոն գործընթացների կարգավորման կարևորագույն ուղղություններից մեկը և անօրինական միգրացիան կանխելու համար համատեղ միջոցների իրականացման նպատակով,
ձգտելով ապահովել իրավական հիմք անօրինական միգրացիայի դեմ պայքարում Կողմերի համագործակցության համար,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրում կիրառվող հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունները.
«անօրինական միգրանտներ»` երրորդ պետությունների քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր խախտել են Կողմերի տարածքներ մուտք գործելու, նրանց տարածքներից դուրս գալու կամ այդ տարածքներով տարանցելու կանոնները, ինչպես նաև Կողմերի քաղաքացիներ, ովքեր խախտել են Կողմերից յուրաքանչյուրի տարածքում նրա ազգային օրենսդրությամբ սահմանված կեցության կանոնները,
«երրորդ պետություններ»` սույն Համաձայնագրի մասնակիցներ չհանդիսացող պետություններ,
«մեկնելու պետություն»` անօրինական միգրանտի քաղաքացիական պատկանելության պետություն (քաղաքացիություն չունեցող անձանց համար` նրա սովորական բնակվելու վայր պետությունը) կամ պետություն, որի տարածքից ժամանել է անօրինական միգրանտը,
«մուտքի պետություն»` պետություն, որի տարածք ժամանել է անօրինական միգրանտը:
Հ ո դ վ ա ծ 2
Համաձայնագիրը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք ժամանել են Կողմերից որևէ մեկի տարածք ապաստան կամ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով, եթե նման կարգավիճակի տրամադրման մասին նրանց միջնորդությունը հանձնվել է մուտքի պետության համապատասխան մարմիններին` նրա օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 3
Երրորդ պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Կողմերի քաղաքացիների մուտքը Կողմերից որևէ մեկի տարածք հնարավոր է նրանց կողմից այդ պետության տարածք մուտք գործելու, նրա տարածքից դուրս գալու կամ այդ տարածքով տարանցելու կանոնների մասին նրա ազգային օրենսդրության պահանջները, ինչպես նաև միջազգային պայմանագրերը, որոնց մասնակիցներ են նրանք հանդիսանում, լիովին կատարելու պայմանով:
Փախստականներ ճանաչված կամ Կողմերից որևէ մեկի տարածքում ապաստան ստացած անձինք մուտք են գործում մյուս Կողմերի տարածք` սույն հոդվածի առաջին մասին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 4
Անօրինական միգրացիայի հետ պայքարի բնագավառում Կողմերը փոխգործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.
միգրացիոն հսկողություն,
պետությունների սահմանները անօրինականորեն հատող, Կողմերի տարածքներում անօրինականորեն գտնվող երրորդ պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Կողմերի քաղաքացիների, ինչպես նաև Կողմերից որևէ մեկի տարածք մուտքի թույլտվություն չունեցող քաղաքացիների հաշվառում,
անօրինական միգրանտների բռնագաղթման համար մեխանիզմների մշակում,
անօրինական միգրանտների և անօրինական միգրացիայի օժանդակություն ցուցաբերող անձանց բոլոր կատեգորիաների համար պատասխանատվության բնագավառում Կողմերի ազգային օրենսդրության ներդաշնակեցում,
անօրինական միգրացիայի մասին տեղեկությունների փոխանակում,
անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով զբաղվող Կողմերի համապատասխան մարմինների աշխատակիցների պատրաստում և որակավորման բարձրացում:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերից որևէ մեկի տարածքում հայտնաբերված անօրինական միգրանտները ենթակա են վտարման մեկնելու պետություն` մուտքի պետության օրենսդրությանը համապատասխան, եթե այլ բան չի նախատեսված միջազգային պայմանագրերով:
Այն դեպքում, եթե անօրինական միգրանտները մի Կողմի տարածք են ժամանել մյուս Կողմի տարածքից, ապա նրանք, դրա վերաբերյալ համապատասխան ապացույցների առկայության դեպքում, ենթակա են վերադարձման վերջինիս: Ընդ որում, անօրինական միգրանտների փոխանցումը իրականացվում է այդ բնագավառում Կողմերի առանձին պայմանավորվածություններին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը տեղեկություններ կփոխանակեն.
միգրացիայի բնագավառում ազգային օրենսդրության, ինչպես նաև դրանում կատարված փոփոխությունների մասին,
անձը հաստատող և պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի նմուշների, Կողմերի տարածքներ մուտք գործելու, մնալու և մեկնելու համար ձևերի և պահանջների փոփոխությունների մասին,
անօրինական միգրացիայի բացահայտված ուղիների, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի, այլ փաստաթղթերի և դրանց օգտագործման մասին, ինչպես նաև սույն Համաձայնագրի կատարման մյուս հարցերի մասին,
երրորդ պետությունների հետ կնքված մուտքի-ելքի բոլոր համաձայնագրերի մասին:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրի ստորագրումից հետո Կողմերը վեցամսյա ժամկետում կմշակեն անօրինական միգրանտների և սույն Համաձայնագրի մասնակից պետություններ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց մասին տվյալների ընդհանուր շտեմարանի մասին Կանոնադրություն` Կողմերի գործող ազգային օրենսդրություններին համապատասխան, ինչպես նաև կսահմանեն անօրինական միգրացիայի մասին տեղեկությունների փոխանակման կարգը` սույն Համաձայնագրի 4-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագրի կատարման կամ մեկնաբանման հետ կապված բոլոր հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են արձանագրություններով և հանդիսանում սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման Կողմերի ազգային օրենդրություններին համապատասխան և ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Համաձայնագիրն ավելի ուշ վավերացրած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում իրենց վավերագրերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերին համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 11
Կողմերից յուրաքանչյուրը իր համար սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո առնվազն մեկամսյա ժամկետում կորոշի լիազոր մարմինների ցանկը, որոնց վրա կդրվի Համաձայնագրի իրագործումը և կհայտնի այդ մասին ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրը բոլոր Կողմերի համաձայնությամբ բաց է դրա դրույթները կիսող Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած` նման միացման համաձայնության մասին վերջին հաղորդագրությունը ավանդապահի կողմից ստանալու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում, իսկ այնուհետև ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ՝ ևս 5 տարով:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի մարտի 6-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի օգոստոսի 13-ից: