Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.05/66(656)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.07.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 08-1078

Քաղաքացիական գործ թիվ 3-480(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան
Դաատավորներ՝  Տ. Սահակյան

                  Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

 

 

Ս. Սարգսյանի

 

 

 Դ. Ավետիսյանի 

 

 

 Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հուլիսի 25-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Սոս Բաղդասարյանի՝ բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ճանաչել Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքը Երևանի Զ. Սարկավագի փողոցի 126/1 շենքի թիվ 14 բնակարանի 1/7 մասի նկատմամբ և բռնագանձում տարածել բնակարանի այդ մասի վրա:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 17.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.     

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունը և չի կիրառել նախկին ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածը, նախկին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի և արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական և հանրային ֆոնդի տներում բնակարանները, որպես սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թվականի թիվ 272-րդ որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետը, 04.03.1991 թվականի թիվ 155-րդ որոշման 1-ին և 2-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Երևանի Զ.Սարկավագի (նախկին Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի վարձակալ Սոսիկ Բաղդասարյանը 1993 թվականին դիմել է Խորհրդային շրջխորհրդի գործկոմին՝ ընտանիքի 7 անձով բնակարանն անհատույց սեփականաշնորհելու համար:

Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել, որ 20.03.1993 թվականին Սոսիկ Բաղդասարյանի դիմումին կցվել է տեղեկանք անձերի թվի վերաբերյալ, որոնք բնակվում էին տվյալ բնակարանում: Պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանը վարձակալի թոռն էր և նրա ընտանիքի անդամը, որն այդ ժամանակ անչափահաս էր:

Հետևաբար, լինելով վարձակալի ընտանիքի անդամ, նա նույնպես օրենքի ուժով դարձել է Երևանի Զ. Սարկավագի (նախկին՝ Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի համասեփականատեր:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Ընկերության կողմից որպես իրավական փաստարկ մատնանշված ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506 (ՎԴ) որոշումը, որում առկա գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ:

Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանը գտել էր, որ հիշատակված դատական ակտը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2008 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 07.09.1993 թվականի որոշմամբ թույլատրվել է Երևանի Կամոյի (ներկայիս Զ.Սարկավագի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանը վաճառել Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին որպես սեփականություն՝ հաշվի առնելով, որ նա ընտանիքի 7 անձով ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնելու վերը նշված բնակարանը:

2. Խորհրդային շրջանի 1, 2 և 3 բնակարանային շահագործման տեղամասի 15.03.1993 թվականի տեղեկանքի համաձայն՝ Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանի ընտանիքը բաղկացած է 7 անձից: Սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված էր նաև Սոս Աշոտի Բաղդասարյանը:

3. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 16.11.2006 թվականի վճռով Սոս Բաղդասարյանից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 4.715.050 ՀՀ դրամ:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
       

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի համաձայն՝ պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն վաճառվում են տվյալ բնակարանը զբաղեցնող վարձակալին կամ Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածում նշված նրանց ընտանիքի անդամներին՝ ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Նրանց համաձայնությամբ բնակարանը կարող է վաճառվել որպես նրանց ընդհանուր սեփականություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավական ակտի հիշատակված դրույթը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո: Տվյալ դեպքում, պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը, որի հիմնական նպատակը պետական և հանրային բնակարանային ֆոնդից յուրաքանչյուր քաղաքացու որոշակի սեփականության բաժնի հատկացումն էր:

Նշված տրամաբանությունից է ելնում նաև հետագայում՝ 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը, որի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն՝ վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 07.09.1993 թվականի որոշմամբ թույլատրվել է Երևանի Կամոյի (ներկայիս՝ Զ. Սարկավագի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանը վաճառել նշված բնակարանի վարձակալ՝ Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին, որպես սեփականություն՝ հաշվի առնելով, որ նա ընտանիքի 7 անձով ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնելու վերը նշված բնակարանը: Խորհրդային շրջանի 1, 2, 3 բնակարանային շահագործման տեղամասի 15.03.1993 թվականի տեղեկանքի համաձայն՝ Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանի ընտանիքը բաղկացած էր 7 անձից: Սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված էր նաև պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանը:

Վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանի ընտանիքին բնակվելու համար հատկացված Երևանի Զ.Սարկավագի (նախկին՝ Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանը չէր կարող վաճառվել ընտանիքի մեկ անդամին՝ մյուսներին զրկելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Զ.Սարկավագի (նախկին՝ Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանը Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին վաճառելիս, տվյալ բնակարանի նկատմամբ ծագել է նրա և նրա ընտանիքի բոլոր 6 անդամների՝ այդ թվում նաև պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանի սեփականության իրավունքը:

Հետևաբար, հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ վիճելի բնակարանն անձնական սեփականության իրավունքով հանձնվել է Սոսիկ Բալաբեկի Բաղդասարյանին և պատասխանողը չի կարող ճանաչվել Երևանի Զ. Սարկավագի (նախկին՝ Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի որևէ մասի սեփականատեր:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյո՞ք Ընկերության կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506(ՎԴ) գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար:

ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության՝ համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս, դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն, դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության՝ քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ, որոշելով դրանց նույնական լինելու կամ չլինելու հարցը:

Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506(ՎԴ) գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 13.05.1993 թվականի թիվ 10/235 որոշմամբ թույլատրվել էր Երևանի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 բնակարանը վաճառել բնակարանի վարձակալին որպես սեփականություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի 5 անձով ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնել վերոհիշյալ բնակարանը: Սեփականաշնորհման պահին բնակարանում հաշվառված էին վարձակալի ընտանիքի 5 անդամները: Վերոգրյալի հիման վրա նույն գործով Վճռաբեկ դատարանը գտել էր, որ Երևանի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 երկու սենյականոց բնակարանը վարձակալին վաճառելիս տվյալ բնակարանի նկատմամբ ծագել է նրա և նրա ընտանիքի բոլոր 5 անդամների սեփականության իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506(ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական են: Մասնավորապես, թե սույն քաղաքացիական գործի և թե Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506(ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հագամանքներն են՝ շրջխորհրդի գործադիր կոմիտեի որոշման առկայությունը, որով թույլատրվել էր բնակարանը վաճառել բնակարանի վարձակալներին, հաշվի առնելով, որ նրանք իրենց ընտանիքի անդամներով ներկայացրել էին անհրաժեշտ փաստաթղթեր և խնդրել թույլատրել գնելու բնակարանը: Երկու գործերում էլ բարձրացվում է վարձակալի ընտանիքի անդամի՝ սեփականաշնորհման սուբյեկտ լինելու հարցը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-506(ՎԴ) գործով կայացված որոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով նույնական փաստական հանգամանքների առկայությունը բավարար հիմք է Սոս Աշոտի Բաղդասարյանի սեփականության իրավունքի ճանաչման մասով Ընկերության հայցը բավարարելու համար:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով՝ Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ինչ վերաբերում է բնակարանի՝ Սոս Աշոտի Բաղդասարյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու Ընկերության հայցապահանջին, ապա այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանոթյամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն oրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

Նշված հոդվածից հետևում է, որ պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար, երբ բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է, և երբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են պարտապանի բաժինը ձեռք բերելուց:

Սույն գործում առկա փաստերի համաձայն՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 16.11.2006 թվականի վճռով պատասխանող Սոս Աշոտի Բաղդասարյանից հօգուտ Ընկերությանը բռնագանձվել է 4.715.050 ՀՀ դրամ գումար: Մինչդեռ, Ընկերությունը պահանջելով ճանաչել Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի մասի նկատմամբ և բռնագանձումը տարածել բնակարանի այդ մասի վրա, չի ներկայացրել որևէ ապացույց ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու մասին:

Հետևաբար, հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ հայցվորն իր պահանջը պետք է ներկայացներ նաև գործին մասնակից չդարձած և վիճելի բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցած Սոս Աշոտի Բաղդասարյանի ընտանիքի բոլոր անդամներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2008 թվականի վճռի՝ Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասը և այն փոփոխել. Ընկերության հայցը բավարարել մասնակիորեն՝ ճանաչել Սոս Բաղդասարյանի սեփականության իրավունքը Երևանի Զ. Սարկավագի (նախկին՝ Կամոյի) փողոցի թիվ 126/1 շենքի թիվ 14 բնակարանի 1/7 մասի նկատմամբ: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան