Գլխավոր տեղեկություն
Համար
N 264-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.09.2004-20.10.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.03.31/6 Հոդ.445
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.10.2018

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2004 թվականի N 264-Ն

 

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկելու նպատակով ստեղծել հանրապետական հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և միջգերատեսչական հանձնաժողով:

2. Սահմանել, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5, Հայաստանի Հանրապետության դատախազության 2 և հանրապետական հանձնաժողովում ընդգրկված մյուս պետական կառավարման մարմինների մեկական ներկայացուցիչներ:

3. Հաստատել`

ա) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները ներկայացնելու, քննարկելու և դրանց պատասխանելու կարգն ու ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի.

բ) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 11
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 264-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության

նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների

վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը փոփ. 29.07.04 N 1150-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 264-Ն որոշման

 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների (այսուհետ` քաղաքացի) դիմումները ներկայացնելու, քննարկելու և դրանց պատասխանելու կարգն ու ժամանակացույցը:

2. Սույն կարգի համաձայն քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դիվանագիտական մարմին), որը սահմանված կարգով գրանցում է դիմումը և ուղարկում համապատասխան զինվորական կոմիսարիատ:

3. Քաղաքացու դիմումը պետք է լինի ստորագրված, նշվի ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ներառի քաղաքացու մասին հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը և հայրանունը,

բ) քաղաքացիությունը,

գ) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում բնակության (հաշվառման) վայրը,

դ) պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը և պատճառները:

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները,

բ) բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանք,

գ) ընտանիքի կազմի մասին տեղեկանք,

դ) պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք տվող հիմքերը:

Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումների դեպքում հանրապետական և միջգերատեսչական հանձնաժողովները կարող են պահանջել այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

4. Զինվորական կոմիսարիատը քաղաքացու ներկայացրած կամ դիվանագիտական մարմնի կողմից ուղարկված դիմումն ու կից փաստաթղթերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում գրանցում է դրանք և քաղաքացու անձնական գործի հետ միասին ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Եթե քաղաքացու անձնական գործը գտնվում է դատախազությունում, ապա ներկայացման ժամանակ նշվում է դրա մասին:

5. Միջգերատեսչական հանձնաժողովն ստացված դիմումները քննարկում է 15-օրյա ժամկետում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում: Եթե դիմում ներկայացրած քաղաքացու անձնական գործը գտնվում է դատախազությունում, ապա միջգերատեսչական հանձնաժողովը պահանջում է այն:

6. Միջգերատեսչական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Քաղաքացու դիմումի քննարկման արդյունքում որոշումն ընդունվում է նիստին ներկա` հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ի դեպքում: Ընդունված որոշումը և մյուս փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացվում են հանրապետական հանձնաժողով:

Հանրապետական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը: Հանրապետական հանձնաժողովը միջգերատեսչական հանձնաժողովի ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում գործն ուղարկում է լրացուցիչ քննարկման:

Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը:

7. Քաղաքացու դիմումի վերաբերյալ բացասական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են դիմումի մերժման հիմքերը:

Քաղաքացու դիմումի վերաբերյալ դրական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են օրենքով սահմանված վճարը մուծելու համար բանկային հաշվի համարը և վճարը մուծելու վերջնական ժամկետը: Պատասխան գրությունում նշված ժամկետում վճարը չմուծելու դեպքում վճարը չի ընդունվում: Քաղաքացին սահմանված ժամկետում վճարի մուծումը հավաստող անդորրագիրը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 264-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

 

1. Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվում է սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի հիման վրա:

2. Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու համար միջգերատեսչական հանձնաժողովը համապատասխան տարածքի դատախազին է ուղարկում հանրապետական հանձնաժողովի հաստատած որոշումը և օրենքով սահմանված վճարի մուծված լինելը հավաստող անդորրագիրը:

3. Տարածքի դատախազը սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է համապատասխան զինկոմիսարիատ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան