ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 հոկտեմբերի 2008 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու մասին երկրորդ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 09.09.2008թ.:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
Երկրորդ արձանագրության նպատակը 2000 թվականի հունիսի 20-ին ստորագրված` «1992թ. մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի և 2003թ. սեպտեմբերի 19-ին ստորագրված` 1992թ. մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության հիման վրա ռազմատեխնիկական համագործակցության հետագա կատարելագործումն է: Երկրորդ արձանագրությունն ուղղված է նաև անդամ պետությունների հակաահաբեկչական ներուժի զարգացմանը:
Երկրորդ արձանագրությունը նախատեսում է հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Համաձայնագրի 1-ին հոդվածի վեցերորդ պարբերությունը «ազգային զինված ուժերով» բառերից հետո լրացնել «, այլ զորքերով, զինվորական կազմավորումներով, իրավապահ մարմիններով և հատուկ ծառայություններով» բառերով,
- Համաձայնագրի 2-րդ հոդվածի առաջին պարբերությունը «ազգային զինված ուժերի» բառերից հետո լրացնել «, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների» բառերով:
Քննության առնվող Արձանագրությունը հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մասը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու մասին երկրորդ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
28 հոկտեմբերի 2008 թ. ՍԴՈ-774 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|