Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2008-01.01.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.11.09/16(58) Հոդ.335
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
08.10.2008
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008332

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

8 հոկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 539-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 199-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևի N 3 հավելվածը` ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագիրը, շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2009 թվականի ապրիլի 1-ը բնակիչ-բաժանորդների հետ կնքված գազամատակարարման պայմանագրերի N 3 հավելվածը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրված համաձայնագրի օրինակելի ձևին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` 

Ռ. Նազարյան

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2008 թ. հոկտեմբերի 8-ի

N 539-Ն որոշման

 

Հավելված N 3

Կենցաղային սպառման համար

բնական գազի մատակարարման

(Մատակարար - Բաժանորդ (Բնակիչ))

պայմանագրի

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման

 

1. Համաձայնագրի առարկան

 

1. Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատուցել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, իսկ Բաժանորդը՝ վճարել մատուցված ծառայության դիմաց:

2. Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումը ներառում է՝

1) գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների արտաքին զննումը, զոդակարերի, պարուրակային միացումների կիպության ստուգումը, իսկ գազի արտահոսքի առկայության դեպքում` դրա վերացումը.

2) գազասարքերի ծխատար խողովակների հավաքակցման, ծխատար ուղուն միացման, օդափոխության և այրման համար անհրաժեշտ օդաքանակի ներհոսքի համար նախատեսված բացվածքների զննումը, ծխաօդատար ուղիներում քարշի ստուգումը, որի բացակայության (խաթարված լինելու) դեպքում` ծխաօդատար ուղիների մաքրումը (ծխաօդատարի մաքրումն ընդգրկում է այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել ծխաօդատարի քարշն ապահովելու համար, այն է` մաքրել ծխաօդատարը մեխանիկական եղանակով (ծանրոցի օգնությամբ), ինչպես նաև վերացնել ցանկացած արգելք, բացառությամբ այն դեպքերի, որոնք կապված են ծխաօդատարի կառուցվածքային ամբողջության խաթարման հետ և որակվում են որպես սույն համաձայնագրի 9-րդ կետում բերված աշխատանքներ).

3) գազօգտագործող սարքավորումների աշխատանքի ստուգումը` գործարկված վիճակում: Անհրաժեշտության դեպքում բաց այրման խցով գազօգտագործող սարքավորումների այրման պրոցեսի կարգավորումը.

4) ներտնային գազասպառման համակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ սպասարկման պահին բնակարանում ներկա գտնվող և տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացիների հրահանգավորումը:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

3. Բաժանորդը պարտավոր է՝

1) օգտագործել բացառապես գործարանային արտադրության գազօգտագործող սարքավորումներ, օդափոխության նպատակով նախատեսված ուղիները չօգտագործել որպես ծխատար, ծխաօդատար ուղիներում քարշի բացակայության (խաթարված լինելու) դեպքում չօգտվել գազօգտագործող սարքավորումներից, պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության այլ պահանջները.

2) գազօգտագործող սարքավորումների փոխարինման կամ ներտնային գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել Մատակարարին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին.

3) սույն համաձայնագրով սահմանված ժամկետներում ու կարգով վճարել Մատակարարի կողմից մատուցած ծառայության համար.

4) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության կատարման ժամկետների վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում չխոչընդոտել Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը իր բնակարան (առանձնատուն), եթե վերջինս ներկայացնում է լիազորությունները հավաստող ծառայողական վկայականը՝ լուսանկարով:

4. Մատակարարը պարտավոր է՝

1) սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնել առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ).

2) ստուգել ներտնային գազասպառման համակարգի գազօգտագործող սարքավորումների միացման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում գործել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով.

3) առնվազն 3 օր առաջ Բաժանորդին կամ նրա ներկայացուցչին տեղեկացնել (տեսանելի վայրերում փակցնելով հայտարարություն) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնելու ժամկետների վերաբերյալ:

 

3. Մատուցված ծառայության հավաստումը

 

5. Սույն համաձայնագրի 2-րդ կետում նշված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման իրականացումը հավաստվում է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ակտում (հավելված): Ակտը կազմվում է երկու օրինակից` մեկական Մատակարարի և Բաժանորդի համար: Ակտը ստորագրում են Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը և Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը (տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացի):

 

4. Վճարման կարգը

 

6. Սույն համաձայնագրի 1-ին կետով նախատեսված ծառայության մատուցման համար Բաժանորդը Մատակարարին վճարում է Հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 1-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար վճար սահմանելու մասին» N 154-Ն որոշմամբ սահմանված` Մատակարարի կողմից բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճար՝ ______ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, որը.

1) մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում կազմում է 2400 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) երկու գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում կազմում է 5700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

3) երեք և ավելին գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում կազմում է 6900 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

7. Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար Բաժանորդը վճարում է յուրաքանչյուր ամիս՝ տարեկան վճարի 1/12 մասով, մատակարարված գազի վճարման փաստաթղթում (կամ տեսանելի տեղերում փակցված վճարման ցուցակներում կամ վճարման կետեր ներկայացրած հաշիվներում) նշված հաշվեհամարին (առանձին տողով և չափով):

8. Հանձնաժողովի կողմից ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարի փոփոխման դեպքում նոր վճարն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել սույն համաձայնագրում:

 

5. Այլ պայմաններ

 

9. Ծխաօդատար ուղիների նորոգման, վերականգնման կամ վերակառուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1843-Ն որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգով նախատեսված պարբերաբար կատարվող աշխատանքներն իրականացվում են ծխաօդատար ուղիների սեփականատիրոջ միջոցների հաշվին` համապատասխան լիազորություններ ունեցող «Հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություններ» միությանն անդամագրված ծխնելուզագործական ընկերությունների կողմից:

10. Սույն համաձայնագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պարտավորությունը խախտելու դեպքում.

1) Մատակարարը հաջորդ հաշվարկային կիսամյակի համար Բաժանորդից ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճար չի գանձում, ինչի մասին մինչև տվյալ հաշվարկային կիսամյակի վերջին ամսվան հաջորդող ամսվա 25-ը գրավոր տեղեկացնում է Բաժանորդին.

2) Մատակարարը պարտավոր է վճարել տույժ, սույն համաձայնագրի 6-րդ կետով սահմանված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարի 1/2-ի չափով, որը հաշվի է առնվում տվյալ հաշվարկային կիսամյակի վերջին ամիսը հաջորդող ամսին Բաժանորդի ծախսած բնական գազի համար ներկայացվող վճարման հաշվում:

11. Սույն համաձայնագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պարտավորության խախտում է համարվում հաշվարկային կիսամյակի ընթացքում ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չիրականացնելը:

12. Սույն համաձայնագրի 10-րդ կետը կիրառվում է 2009 թվականի ապրիլի 1-ից:

              

Բաժանորդ

 

Մատակարար

 

_________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
 

 

_____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը)

 

_________________________________
(ստորագրությունը)
 

 

_________________________________
(ստորագրությունը)
 

 

«_____» ____________________20 թ.  

 

«_____» ____________________20 թ.  

 

Պայմանագիր N ________

Կ.Տ.

                                                                 

 

Հավելված

Ներտնային գազասպառման համակարգի

տեխնիկական սպասարկման

 

_________________________________________

(սպասարկումն իրականացնող ընկերություն)

 

 

Ա Կ Տ

 

Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վերաբերյալ

 

Կատարման ամսաթիվ, ամիս, տարեթիվ

Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչ

Բաժանորդի կամ նրա ներկայացուցչի (տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացու)

անունը, ազգանունը

ստորագրու-թյունը

անունը, ազգանունը

ստորագրու-թյունը

Ծանոթություն
(լրացվում է դժգոհություն կամ առաջարկություն ունենալու դեպքում)

«__» ____
20____ թ.

         

«__» ____
20____ թ.

         

 

1. Բաժանորդը (տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացին) չի ստորագրում տվյալ հաշվարկային կիսամյակի համար կազմվող ակտը, եթե մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցիչը սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված աշխատանքները չի կատարել կամ մասնակի է կատարել: Այս դեպքում բաժանորդը (տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացին) ծանոթություն սյունակում կատարում է համապատասխան գրառում: