Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.06/42(414)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.09.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 08-1551

Քաղաքացիական գործ թիվ 3-486(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
Դատավորներ՝  Վ. Ավանեսյան

                Կ. Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

 

Վ. Աբելյանի

 

 

 Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Գայանե Հովհաննիսյանի, Դավիթ Բալասանյանի ընդդեմ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության, երրորդ անձ Գևորգ Բալասանյանի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության (այսուհետ՝ դատախազություն) ընդդեմ Գևորգ Բալասանյանի, Գայանե Հովհաննիսյանի, Դավիթ Բալասանյանի, Հրայր Բալասանյանի` բնակարանի բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան հայցվորները պահանջել են հանել գույքն արգելանքից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան դատախազությունը պահանջել է բնակարանի բաժինն առանձնացնել և բռնագանձում տարածել:

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գայանե Հովհաննիսյանը և Դավիթ Բալասանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը վերաբերում են իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածին և դրա բացթողնման հետևանքներին: Մինչդեռ, տվյալ դեպքում վեճը վերաբերել է դատական ակտի կատարմանը, որի դեպքում հայցային վաղեմություն չի կարող կիրառվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով որևէ գումար ենթակա չէ բռնագանձման Գևորգ Բալասանյանից, ինչը նշանակում է, որ որևէ գումարի բռնագանձում չպետք է իրականացվի:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.06.1999 թվականի դատավճռով Գևորգ Բալասանյանը դատապարտվել է ազատազրկման: Նույն դատավճռով որոշվել է Գևորգ Բալասանյանի տնտեսությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 5.250 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` որպես անհիմն շահառությամբ ստացված գումար:

2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Աջափնյակ և Դավթաշեն համայնքների բաժանմունքի հարկադիր կատարողի 11.12.2003 թվականի որոշմամբ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.06.1999 թվականի դատավճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է` Գևորգ Բալասանյանի տնտեսությունում գույք չհայտնաբերվելու պատճառաբանությամբ: Միաժամանակ, նույն որոշմամբ նշվել է, որ արգելանք է դրվել համասեփականությամբ Գևորգ Բալասանյանին պատկանող բնակելի տան վրա: Որոշմանը պահանջատերը տեղեկացված է եղել:

3. Ընդհանուր գույքից Գևորգ Բալասանյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ պահանջ ներկայացվել է 21.03.2007 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
       

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Համաձայն նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն oրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ հարկադիր կատարողի 11.12.2003 թվականի որոշմամբ պահանջատերը տեղեկացվել է իր իրավունքների չվերականգնման և դրանց վերականգնման նոր հնարավորության մասին, որ պահից և սկսվել է ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը: Փաստորեն, 11.12.2003 թվականից պահանջատերը հնարավորություն է ունեցել ձեռնամուխ լինել իրականացնելու իր խախտված իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ, հայցով դատարան է դիմել միայն 21.03.2007 թվականին` հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ և 337-րդ հոդվածները սխալ կիրառելու մասին բողոքում նշված պատճառաբանությունները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան