ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:
2. Հանձնաժողովի խնդիրն է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրությունը`
ա) տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաև ոստիկանության գործողությունների իրավաչափության և համաչափության ուսումնասիրությունը.
բ) զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը.
գ) նման իրադարձությունների կրկնումը բացառող քաղաքական, իրավական և այլ լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
3. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`
ա) հարցումներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում` ոստիկանությանը և մյուս իրավապահ մարմիններին, որոնք հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ.
բ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրելու պաշտոնատար անձանց` նրանցից պարզաբանումներ ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ.
գ) իր աշխատանքներում ներգրավելու համապատասխան մասնագետների և փորձագետների, այդ թվում` միջազգային:
4. Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են այցելել ձերբակալվածների և կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց:
5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկուական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, և մեկ` դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:
Ձևավորվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը խորհրդակցական ձայնի իրավունքով իր աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղարկում Լ. Տեր-Պետրոսյանին և այն արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնց ցանկը որոշում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերին մասնակցում է նրանցից յուրաքանչյուրի մեկական ներկայացուցիչ:
6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:
7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին Ազգային ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որը բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:
8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ:
9. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:
10. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչև 2009 թվականի փետրվարի 25-ը զեկուցում է Ազգային ժողովի նիստում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները (այդ թվում` խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին:
(10-րդ կետը փոփ. 22.10.08 Ն-105-4)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Տ. Թորոսյան |
16 հունիսի 2008 թվականի, քաղ. Երևան Ն-086-4 |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N 1
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Ն-086-4 և Լ-248-4 որոշումների հիման վրա ձևավորել 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ | ||
ՆԻԿՈՅԱՆ Սամվել | «Հանրապետական» (ՀՀԿ) պատգամավորական խմբակցություն | |
Անդամներ | ||
ՆԱՂԴԱԼՅԱՆ Հերմինե | «Հանրապետական» (ՀՀԿ) պատգամավորական խմբակցություն | |
ՍԱՖԱՐՅԱՆ Արամ | «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցություն | |
ԶՈՀՐԱԲՅԱՆ Նաիրա | «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցություն | |
ՇԱՀԲԱԶՅԱՆ Արտյուշ | Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցություն | |
ՄԻՆԱՍՅԱՆ Արծվիկ | Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցություն | |
ՄԱՐԳԱՐՅԱՆ Հովհաննես | «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցություն | |
ԱՎՈՅԱՆ Արտաշես | «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցություն | |
ԽԱՉԱՏՐՅԱՆ Լյովա | Խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորներից |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Տ. Թորոսյան |
16 հունիսի 2008 թվականի, քաղ. Երևան |