Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-765
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.22/60.1 Հոդ.1086
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան 

8 հոկտեմբերի 2008 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՇԱՀԻՆՅԱՆԻ, ՌՈՒԲԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ՄԻՔԱՅԵԼ, ՄԱՐԻԵՏՏԱ ԵՎ ՄԱԴԼԵՆԱ ԲԱԲԱԼՅԱՆՆԵՐԻ, ՀԱԿՈԲ ՌԱՖՅԱՆԻ, ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 223 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 231 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 233 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-6-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ, «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1. ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ (28.11.2007Թ. ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ` 404 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ) ԵՎ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13 ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի,Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողներից՝ Հ. Ռուշանյանի, Գ. Գյոզալյանի, Խ. Շահինյանի, Հ. Վարդանյանի, Հ. Ռաֆյանի, ինչպես նաև դիմողներ Միքայել, Մարիետտա և Մադլենա Բաբալյանների ներկայացուցիչ Ռ. Տեր-Վարդանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Հովհաննես Ռուշանյանի, Գևորգ Գյոզալյանի, Խաչատուր Շահինյանի, Ռուբեն Մանուկյանի, Հրաչ Վարդանյանի, Միքայել, Մարիետտա և Մադլենա Բաբալյանների, Հակոբ Ռաֆյանի, Հայկ Միքայելյանի և Սամվել Միքայելյանի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 231 հոդվածի 2-րդ մասի, 233 հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի, 2-րդ և 4-րդ մասերի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ կետի (28.11.2007թ. խմբագրությամբ` 404 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի) և ՀՀ դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը վերոհիշյալ քաղաքացիների դիմումներն են սահմանադրական դատարան, որոնց հիման վրա, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածով, մինչև դատաքննությունն սկսվելը գործերը միավորվել են դատարանի նույն նիստում քննելու համար։

Լսելով գործով զեկուցողների հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ՀՀ դատական օրենսգիրքը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

ՀՀ դատական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի փետրվարի 21-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի ապրիլի 7-ին և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածին համապատասխան ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 18-ին:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2005 թվականի հունվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի հունվարի 22-ին:

ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերը կոչված են կարգավորելու ՀՀ դատարաններում քաղաքացիական և քրեական գործերով դատավարության կարգը և երաշխավորելու ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և իրավական այլ ակտերով նախատեսված` անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի դատական պաշտպանությունը:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածը սահմանում է.

 

«Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք

 

1. Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք` վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով.

2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:

2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք»:

Դիմող Գ. Գյոզալյանը գտնում է, որ օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթը՝ հավատարմագրված փաստաբանների մասով, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 14.1. և 18 հոդվածներին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

 

«Հոդված 231. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը
 

2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է հավատարմագրված փաստաբանը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Հավատարմագրված փաստաբանը բողոքին կցում է հասարակ գրավոր լիազորագիրը»:

Դիմող Գ. Գյոզալյանը գտնում է, որ վերոհիշյալ 231 հոդվածի 2-րդ մասի դրույթը՝ հավատարմագրված փաստաբանների մասով, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 14.1. և 18 հոդվածներին: Նշված դրույթը վիճարկվել է նաև դիմող Խ. Շահինյանի կողմից, որը գտնում է, որ այն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3, 5, 6, 18, 19, 35, 39 հոդվածներին, 48 հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, 91 և 92 հոդվածներին: Նույնաբովանդակ հիմնավորումներով 231 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը վիճարկել են նաև դիմողներ Հ. Միքայելյանը և Ս. Միքայելյանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածը սահմանում է.

 

«Հոդված 233. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

 

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե`

1) վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 231 հոդվածի և 234 հոդվածի 1-ին կետի պահանջներին, կամ

2) բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել, կամ

3) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, ով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի, կամ

4) վճռաբեկ բողոք ներկայացվել է օրենքով նախատեսված կամ վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետից ուշ, և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով, կամ

6) առկա է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքը:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից 10 օրվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ սույն օրենսգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի:

3. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

4. Առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել»:

Դիմողներ Հ. Ռուշանյանը, Հայկ Միքայելյանը և Սամվել Միքայելյանը գտնում են, որ վերոհիշյալ 233 հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի, 2-րդ և 4-րդ մասերի դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներին: Նշված դրույթները վիճարկվել են նաև դիմողներ Հ. Ռաֆյանի և Խ. Շահինյանի կողմից: Վերջիններս գտնում են, որ դրանք չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3, 5, 6, 18, 19, 35, 39 հոդվածներին, 48 հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, 91 և 92 հոդվածներին, քանի որ խախտում են դատական պաշտպանության իրավունքն անձամբ իրացնելու հնարավորությունը և արդարադատության իրականացումը պայմանավորում անձի ֆինանսական հնարավորություններով ու փաստաբանի հավակնությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին մասը (28.11.2007թ. խմբագրությամբ) սահմանում է.

 

«Հոդված 404. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք

 

1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դիմողները` վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով.

2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում»:

Դիմողներ Հ. Վարդանյանը, Միքայել, Մարիետտա և Մադլենա Բաբալյանները գտնում են, որ վերոհիշյալ 404 հոդվածի 1-ին մասի դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 5, 6, 14-21, 22, 91, 92, 93, 94 և 103 հոդվածներին:

Դիմող Ռ. Մանուկյանն իր՝ 21.04.2008թ. դիմումում նշել է. «... Վիճարկում եմ՝ Հ.Հ. վճռաբեկ դատարանի՝ 28.02.08թ. որոշման համար՝ հիմք ընդունված՝ Հ.Հ. քր. դատ. օր-ի 404-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետը և 407-րդ հոդվածի՝ 3-րդ մասի. – Կիրառված հոդվածների դրույթների սահմանադրականությունը՝ ըստ. Հ.Հ. Սահմանադրության. 3; 14; 14.1; 18; 19; 20; 22-րդ, րդ հոդվածների պահանջների»: Վիճարկում է նաև. «Հ.Հ. վճռաբեկ դատարանի կողմից. համաձայն Հ.Հ. դատական օրենսգրքի՝ 50-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 2-րդ մասի և Հ.Հ. քր. դատ. օր-ի 66-րդ հոդվածի. -Կիրառվելիք դրույթները՝ չկիրառելու սահմանադրականությունը՝ ըստ. Հ.Հ. Սահմանադրության. հոդված 11.3, հոդված 14, հոդված 14.1, հոդված 20 պահանջների»: Իր՝ 21.04.2008թ. դիմումում դիմող Ռ. Մանուկյանը սահմանադրական դատարանին խնդրել է. «... քննեք. իմ՝ կողմից վիճարկվող դրույթների օրինականությունները, կայացնելով օրինական, ողջամիտ որոշում: - Որով հնարավոր կլինի վերականգնելու. իմ՝ իրավունքները և գործարար համբավը.՝ ըստ. Հ.Հ. Սահմանադրության. հոդվածներ՝ 3; 14; 14.1; 18; 19; 20; 21; 23; 32; 37; 48 (1-ին մասի, 12-րդ կետի, 2-րդ մասի) պահանջներով:...»:

3. ՀՀ դատական օրենսգիրքը և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը կոչված են կարգավորելու համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության (բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի), ինչպես նաև փաստաբանության կազմակերպման և գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, ուղղված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և իրավական այլ ակտերով նախատեսված` անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի դատական պաշտպանության և անձանց` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորմանը:

ՀՀ դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետը սահմանում է.

 

«Հոդված 13. Դատավորի անձեռնմխելիությունը

 

6. Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ»:

Դիմողներ Միքայել, Մարիետտա և Մադլենա Բաբալյանները գտնում են, որ վերոհիշյալ 13 հոդվածի 6-րդ կետի դրույթը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 5, 6, 8, 14, 14.1. հոդվածներին, 16 հոդվածի 7-րդ կետին, 18 հոդվածին, 19 հոդվածի 1-ին պարբերությանը, 22 հոդվածին, 43 հոդվածի 2-րդ պարբերությանը, 91 հոդվածի 1-ին պարբերությանը, 92 հոդվածի 2-րդ պարբերությանը, 97 հոդվածի 1-ին պարբերությանը:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածը սահմանում է.

 

«Հոդված 29.1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանը

 

1. Հավատարմագիրը փաստաբանին տրամադրվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:

2. Հավատարմագիր ստանալու համար փաստաբանը յուրաքանչյուր տարի` նոյեմբերի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում, գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին:

3. Դիմումի հետ միասին ներկայացվում են հավատարմագիր տրամադրելու վերաբերյալ Պալատի տասը այլ փաստաբանների գրավոր համաձայնությունները:

Յուրաքանչյուր փաստաբան օրացուցային տարվա ընթացքում իրավունք ունի միայն մեկ փաստաբանի հավատարմագիր տրամադրելու համար համաձայնություն տալու: Եթե միևնույն փաստաբանը տվել է մեկից ավելի փաստաբանի հավատարմագրման համաձայնություն, ապա նախապատվությունը տրվում է վճռաբեկ դատարան ավելի վաղ ներկայացված համաձայնությանը:

4. Դիմումը և դրան կից փաստաթղթերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի գրասենյակ: Դիմումը և դրան կից փաստաթղթերն ընդունելիս դրանց վրա նշվում են հանձնման օրը և ժամը:

5. Հավատարմագրերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից` տվյալ փաստաբանին հավատարմագրելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, ստանալով փաստաբանի դիմումը և դրան կից փաստաթղթերը, ստուգում է դրանց համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին և հավատարմագրում է փաստաբանին դեկտեմբերի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում:

Հավատարմագիրը տրամադրվում է տասներեք ամիս գործողության ժամկետով:

7. Հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում, եթե`

ա) լրացել է հավատարմագրի ժամկետը.

բ) դադարեցվել է արտոնագրի գործողությունը.

գ) փաստաբանը գրավոր դիմել է հավատարմագրի գործողությունը դադարեցնելու համար:

8. Եթե վճռաբեկ բողոք բերած փաստաբանի հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում բողոքը ներկայացնելուց հետո, սակայն մինչև վճռաբեկ դատարանում բողոքի քննության պահը, ապա բերված բողոքը ենթակա է քննության:

9. Փաստաբանական պալատի նախագահը փաստաբանների արտոնագրերի գործողությունը դադարեցված ճանաչելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին:

10. Փաստաբանին տրամադրված փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տրամադրված հավատարմագրի գործողության կասեցման»:

Դիմող Գ. Գյոզալյանը գտնում է, որ վերոհիշյալ 29.1. հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 14.1. և 18 հոդվածներին։

4. Դիմումների ուսումնասիրությունը վկայում է, որ միմյանց հետ համակարգային առումով փոխկապակցված դրույթների սահմանադրականությունը վիճարկելու միջոցով դիմողները հիմնականում բարձրացնում են վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի կազմավորման, ինչպես նաև վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով վճռաբեկ բողոք բերելու պարտադիր պահանջ նախատեսելու սահմանադրականության հարցերը:

Քաղաքացիական դատավարության բնագավառում վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի առնչությամբ դիմողներն իրենց դիրքորոշումները հիմնականում պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

ա) Սահմանադրության 14.1. հոդվածի երկրորդ պարբերության և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ուժով խտրականությունը, կախված, ի թիվս այլոց, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Մինչդեռ օրենսդիրը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածով կիրառելով խտրականություն փաստաբանների միջև, այդուհանդերձ, չի բացահայտել բուն հարցի էությունը, այն է`

- ո՞րն է կիրառվող խտրականության մոտիվացիան,

- արդյո՞ք կիրառվող խտրականությունն օբյեկտիվ է և ողջամիտ,

- կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև արդյո՞ք առկա է ողջամիտ հարաբերակցություն,

բ) յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու, պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի, հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։ Դիմողներից քաղաքացի Գ. Գյոզալյանը հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Բելգիայի ոստիկանության ազգային արհմիությունն ընդդեմ Բելգիայի գործով 27.10.1975թ. վճռի 44-46-րդ կետերին՝ գտնում է, որ Սահմանադրության 14.1. հոդվածով սահմանված խտրականության ինստիտուտը չունի ինքնուրույն բնույթ, այն ավելի շատ հանդես է գալիս որպես ածանցյալ նորմ և լրացնում է Սահմանադրության այլ հոդվածները` կազմելով ինտեգրացված մասը Սահմանադրության յուրաքանչյուր հոդվածի, որոնք սահմանում են իրավունքներ և ազատություններ` անկախ իրենց բնույթից: Մինչդեռ վերը նշված հիմնավորման լույսի ներքո «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածով կիրառված խտրականությունը հնարավորություն է ստեղծում մարդու սահմանադրական այլ իրավունքների, մասնավորապես` Սահմանադրության 18 և 19 հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման համար,

գ) համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 231 հոդվածի 2-րդ մասի, 233 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` վճռաբեկ բողոք կարող է բերել միայն վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանը, իսկ քանի որ այդ բողոքը չի բխում վերջինիս շահերից, նման բողոք բերելու հնարավորությունը հավասարեցվում է զրոյի, և անձը, ձևականորեն զրկված չլինելով հավատարմագրված փաստաբանի միջոցով դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից, գործնականում զրկվում է այդպիսի հնարավորությունից, խախտվում է Սահմանադրության 18 և 19 հոդվածներով նախատեսված իրավունքների պաշտպանությունը:

Քրեական դատավարության բնագավառում վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի առնչությամբ դիմողներն իրենց դիրքորոշումները հիմնականում պատճառաբանում են նրանով, որ քրեական դատավարության բնագավառում հավատարմագրված փաստաբանի ինստիտուտը կարգավորող օրենսդրական դրույթները սահմանափակում են դատարանում գործերն անձամբ վարելու իրենց դատավարական իրավունքը` խախտելով Սահմանադրության 18 և 19 հոդվածներով նախատեսված իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերի, 2-րդ և 4-րդ մասերի առնչությամբ դիմող Հ. Ռուշանյանն իր դիրքորոշումը հիմնականում պատճառաբանում է նրանով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերի, 2-րդ և 4-րդ մասերի դրույթներն իրենց բնույթով այնպիսին են, որ առաջացնում են կոռուպցիոն ռիսկ` սահմանափակելով Սահմանադրության 18 և 19 հոդվածներով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը: Իսկ դիմող Հ. Ռաֆյանն օրենսգրքի 233 հոդվածի վերոհիշյալ դրույթների սահմանադրականության առնչությամբ պնդում է, որ ՀՀ վճռաբեկ դատարան դիմելու իրավունքի իրացումն ամբողջովին պայմանավորված լինելով միայն հավատարմագրված փաստաբանի ցանկությամբ, սահմանափակում է դատական մատչելիության իրավունքը և դրանով հակասում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթներին:

ՀՀ դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետի առնչությամբ դիմողներ Միքայել, Մարիետտա և Մադլենա Բաբալյանների ներկայացուցիչ Ռ. Տեր-Վարդանյանն իր դիրքորոշումը հիմնականում պատճառաբանում է նրանով, որ դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդման հարուցումը դատական ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված լինելու հանգամանքով պայմանավորելը հարիր չէ իրավական պետությանը, ստեղծում է ակնհայտ անարդար դատական ակտերի կայացման շարունակական գործընթացի հնարավորություն: Բացի դրանից, ըստ դիմողների ներկայացուցչի՝ դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդման հարուցումը դատական ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված լինելու հանգամանքով պայմանավորելը զրկում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում հարուցելու հնարավորությունից:

5. Առարկելով դիմողների փաստարկների դեմ՝ պատասխանող կողմը գտնում է, որ դիմումներում նշված վիճարկվող դրույթները կարելի է պայմանականորեն բաժանել հետևյալ խմբերի`

ա) վճռաբեկ դատարանում քրեական և քաղաքացիական գործերով հանդես գալու համար սահմանված հավատարմագրված փաստաբանի ինստիտուտի սահմանադրականության հարցը,

բ) վճռաբեկ բողոքի ընդունելիության ընթացակարգերի հարցը,

գ) դատավորի անձեռնմխելիության բարձր աստիճանը` կապված դատական ակտերի կայացման հետ:

Անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին՝ պատասխանողը նշում է, որ այդ դատարանի վճիռներում մասնավորապես շեշտվում է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ իրավունք չէ, և որ այն կարող է որոշակիորեն սահմանափակվել, հատկապես բողոքի ընդունելիության հարցում, քանի որ դատարան դիմելու դեպքում պետք է հաշվի առնվեն և կոնկրետ պետության դատական համակարգը, և առանձնահատկություններն ու օրենսդրական կարգավորումները, մասնավորապես՝ վերաքննիչ, վճռաբեկ ատյանների նշանակությունը, որտեղ վճռաբեկ բողոքի ընդունելիության համար կարող են նախատեսվել ավելի խիստ պայմաններ:

Ելնելով միջազգային իրավական մոտեցումներից և փորձից՝ պատասխանողը նաև կարևորեց, որ ներկայացուցիչների միջոցով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը չի կարող անհնարին դարձնել արդարադատության մատչելիության իրավունքի իրացումը յուրաքանչյուր անձի համար:

Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանում դատավարությունն ամբողջովին գրավոր է, ուստի գործի նյութերի հետազոտմանն անձնական մասնակցության անհրաժեշտություն չի առաջանում: Բացի դրանից, ապացույցներ չեն հետազոտվում: Անհրաժեշտ է, սակայն, որ վճռաբեկ բողոքը համապատասխանի օրենքի պահանջներին և ներկայացվի այն ներկայացնելու լիազորություն ունեցող անձի միջոցով: Հայաստանի Հանրապետությունում սահմանափակումը վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներին, ընդ որում, այդ սուբյեկտներից հավատարմագրված փաստաբանները հավատարմագրվում են փաստաբանների որոշմամբ` կամքի ազատ արտահայտմամբ, որը չի խաթարում փաստաբանական գործունեության անկախության սկզբունքը:

Ըստ պատասխանողի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «...թեև շարադրված է իրավունքի տեսքով, սակայն իրականում սահմանափակում է ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների այդ իրավունքը անձամբ իրականացնելու հնարավորությունը և սահմանում է ընթացակարգային արգելք, այն է` այդ իրավունքից հնարավոր է օգտվել բացառապես վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով»: Հիշյալ հարցում կիրառվել է օրենսդրական տեխնիկայի այն կանոնը, որ ընդհանրական սահմանափակումը փոխարինվում է հստակ ձևակերպված իրավունքով ու դրա իրականացման մեխանիզմով: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե վճռաբեկ դատարան դիմելու իրավունքի սահմանափակմանը, այլ այդ իրավունքի իրականացման մեխանիզմի հստակ սահմանմանը:

Միաժամանակ, պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի վարույթում գտնվող թե քրեական և թե քաղաքացիական գործերով այդ ինստիտուտի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ մի շարք գործերի առկայությունը թերևս ահազանգում է պրակտիկայում վճռաբեկ բողոքների ընդունելիությանն առնչվող խնդիրների մասին, ինչը ենթադրում է օրենսդրության կատարելագործման անհրաժեշտության մասին:

Վեճի առարկա այլ հոդվածների առնչությամբ պատասխանող կողմը գտնում է, որ եթե ընդունվում է, որ վճռաբեկ դատարան հավատարմագրված փաստաբանի միջոցով ներկայանալու ինստիտուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը նույնպես չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ծառայում է վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով ներկայանալու ինստիտուտի իրականացմանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը նույնպես չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ամրագրելով վճռաբեկ դատարան դիմելու համար օրենքով կամ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետներում բողոք բերելու իրավունքը և այդ իրավունքն իրականացնելու համար ժամկետներով սահմանափակված պարտականությունը՝ պարտադրում է գործի մասնակիցներին, հավատարմագրված փաստաբաններին և դատարանին օրենքով վերապահված լիազորություններն իրականացնել ժամկետային որոշակի շրջանակում, ինչն իր հերթին նպաստում է արդյունավետ արդարադատության իրականացմանը:

Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրությանը անհամապատասխանության վերաբերյալ ներկայացված հիմնավորումներն անհիմն են և դիմումը ենթակա է մերժման: Ըստ պատասխանողի՝ դատական ակտն արդար է այնքան ժամանակ, քանի դեռ չի բեկանվել օրենքով սահմանված կարգով: Դատական ակտի արդար կամ անարդար, կամ ակնհայտ անարդար լինելու մասին գնահատականը տրվում է բացառապես այն դատական ատյանի կողմից, որն իրավասու է բեկանել այն կամ թողնել օրինական ուժի մեջ: Եթե դատական ակտն անարդար կամ ակնհայտ անարդար է, այն կարող է վերանայվել օրենքով սահմանված կարգով և հիմքերով:

6. Բոլոր դիմողներն էլ ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի առանձին դրույթների, այնպես էլ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու միջոցով վիճարկում են մի ամբողջ դատավարական ինստիտուտի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի ինստիտուտի սահմանադրականության հարցը: Ուստի սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասին համապատասխան, հարկ է համարում անդրադառնալ այդ ինստիտուտի իրավակարգավորման բոլոր տարրերի, մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվող՝ օրենսգրքի 426.2 հոդվածի սահմանադրականությանը՝ այն մասով, որը վերաբերում է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերը վերանայելու կապակցությամբ դիմում ներկայացնելու՝ հավատարմագրված փաստաբանի իրավունքին, 426.5 հոդվածի սահմանադրականությանը՝ այն մասով, որ նոր երևան եկած հանգամանքների մասին հայտարարությունները և հաղորդումներն ուղարկվում են հավատարմագրված փաստաբանին, 426.6 հոդվածի սահմանադրականությանը՝ հավատարմագրված փաստաբանների գործողություններին վերաբերող մասով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությանը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հավատարմագրված փաստաբանի ինստիտուտն իր կարգավորումն է գտել նաև ՀՀ դատական օրենսգրքում (56 հոդված) և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում (19 հոդվածի 3-րդ մաս):

7. ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի նախատիպն է հանդիսանում հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների ինստիտուտը: Վերջինս նախատեսված էր ՀՀ Սահմանադրության՝ 1995թ. հուլիսի 5-ի խմբագրությամբ տեքստի 93 հոդվածով, որի համաձայն՝ «Օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները և որոշումները վճռաբեկ դատարանում վերանայվում են գլխավոր դատախազի, նրա տեղակալների կամ հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների բողոքների հիման վրա»: Այսինքն՝ հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանի ինստիտուտն ուներ սահմանադրաիրավական կարգավորում:

Մինչև 21.02.2007թ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-93-Ն և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»8 ՀՕ-98-Ն օրենքներով կատարված օրենսդրական փոփոխությունները նախատեսված էր քրեական և քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոք բերելու երկու կարգ` անմիջականորեն վճռաբեկ բողոք ներկայացնելու կարգ և միջնորդավորված կարգ: Միջնորդավորված կարգը, ՀՀ Սահմանադրության՝ մինչև 2005թ. փոփոխությունները տեքստի 93 հոդվածին համահունչ, իրացվում էր ոչ միայն ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների միջոցով, այլև հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների ինստիտուտի միջոցով: 2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում, նպատակ ունենալով բարձրացնել արդարադատության արդյունավետությունն ու մատչելիությունը, հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանի ինստիտուտի վերաբերյալ դրույթը ՀՀ Սահմանադրությունից վերացվեց: Սակայն մինչև ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերում 2006թ. հունիսի 1-ին կատարված բարեփոխումները, այն պահպանվեց ընթացիկ օրենսդրության մեջ: Արդյունքում, որոշ ժամանակահատվածում վճռաբեկ բողոք բերելու միջնորդավորված կարգը պահպանվեց միայն ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների առնչությամբ, քանի որ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հունիսի 1-ին ընդունված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»9 ՀՕ-107-Ն և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»0 ՀՕ-108-Ն օրենքներով (ուժի մեջ են մտել 16.07.06թ.) հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների ինստիտուտը վերացվեց նաև ընթացիկ օրենսդրության մեջ: Ընդ որում, ի տարբերություն քրեական դատավարության, քաղաքացիական դատավարությունում չնայած նույնպես վերացվեց հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պահանջը, այնուամենայնիվ, ամրագրվեց փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու պահանջը:

Անմիջականորեն վճռաբեկ բողոք ներկայացնելու կարգն ի սկզբանե վերաբերում էր միայն վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքներին, իսկ միջնորդավորված կարգը` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքներին: Նշված երկու կարգերի զուգահեռաբար գործելու իմաստը կայանում էր նրանում, որ բարձրացվեր դատավարության մասնակիցների դատավարական կարգապահությունը, երաշխավորվեր գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, ինչպես նաև, որպեսզի վճռաբեկ դատարանը զերծ մնար անհիմն վճռաբեկ բողոքներ ներկայացվելու հետևանքով ավելորդ ծանրաբեռնվածությունից:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում հիշատակել «Անձանց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածներով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի իրագործումն ապահովելու մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006թ. հունիսի 13-ի որոշումը, որն ընդունվել է մինչև 01.06.06թ. ՀՕ-107-Ն և ՀՕ-108-Ն օրենքների ուժի մեջ մտնելը և ըստ էության հանդիսացել է Սահմանադրության տեքստից (մինչև 2005թ. փոփոխությունները) հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի ինստիտուտի վերաբերյալ դրույթը վերացնելու իրավական արձագանք: Նախագահների խորհուրդը, մասնավորապես, հաշվի է առել, որ «ՀՀ Սահմանադրության (2005թ. խմբագրությամբ) դատական իշխանությանը նվիրված 6-րդ գլխում հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանի ինստիտուտ նախատեսված չէ: Բացի դրանից, լրացել է նաև նշված փաստաբանների հատուկ արտոնագրերի` օրենքով սահմանված ժամկետը: Իսկ հատուկ արտոնագրեր օրենքով սահմանված կարգով այլ փաստաբանի տրված չեն»:... Նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության (2005թ. խմբագրությամբ) 6-րդ հոդվածի համաձայն «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն», հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման անթույլատրելիությունը, մասնավորապես, որոշվել է, որ 1. Վճռաբեկ դատարանի կողմից քննության են ենթակա` 1.1. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ գործին մասնակցող անձանց, գործին մասնակից չդարձած անձանց, վճռաբեկ բողոքները, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

01.06.2006թ. ՀՕ-107-Ն և ՀՕ-108-Ն օրենքներով հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք ներկայացնելու պահանջը վերացնելուն հետևեցին 07.07.2006թ. ՀՕ-152-Ն և ՀՕ-153-Ն օրենքներով կատարված փոփոխությունները, որոնցով, ի թիվս այլոց, սահմանվեց վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու նոր կարգ: Համաձայն այդ փոփոխությունների՝ վերաքննիչ դատարանի ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

01.06.2006թ. ՀՕ-107-Ն և ՀՕ-108-Ն օրենքներով և 07.07.2006թ. ՀՕ-153-Ն և ՀՕ-152-Ն օրենքներով կատարված փոփոխությունների արդյունքում, փաստորեն, ՀՀ Սահմանադրության 2005թ. խմբագրությամբ տեքստին համահունչ, վերացվեց վճռաբեկ դատարան դիմելու միջնորդավորված կարգը (բացառությամբ՝ դատախազի և նրա տեղակալների մասով), իսկ անմիջական կարգը, վերաքննիչ դատարանի ակտերի ուժի մեջ մտնելու նոր կարգի սահմանման հետևանքով, պահպանվեց միայն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկման առնչությամբ: Օրենսդրական նման կարգավորումը շարունակվեց մինչև 21.02.2007թ. ՀՕ-98-Ն և ՀՕ-93-Ն օրենքների ընդունումը, որոնցով վերացվեց վճռաբեկ դատարան դիմելու անմիջական կարգը և սահմանվեց բացառապես հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի միջոցով գործող միջնորդավորված կարգը: Նշված օրենքներով կատարված փոփոխությունների արդյունքում վճռաբեկության կարգով բողոքարկման էին ենթակա առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռներն ու որոշումները, այն էլ միայն հավատարմագրված փաստաբանների միջոցով:

21.02.2007թ. ՀՕ-98-Ն և ՀՕ-93-Ն օրենքներին զուգահեռ ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.02.07թ. ընդունված և 07.04.2007թ. ուժի մեջ մտած` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-95-Ն օրենքով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը լրացվել է ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտին նվիրված 29.1. հոդվածով, որով սահմանվել է հավատարմագրի տրամադրման կարգը:

28.11.2007թ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-270-Ն և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-277-Ն ՀՀ օրենքներով փոփոխության ենթարկվեց նաև վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակը, ինչն արդյունք էր 18.05.2007թ. ուժի մեջ մտած ՀՀ դատական օրենսգրքի 22 և 50 հոդվածների պահանջների:

Փաստորեն, վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում գործում է վճռաբեկ դատարան դիմելու միայն միջնորդավորված կարգը և միայն վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի առնչությամբ:

8. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ մասի պահանջները, անհրաժեշտ է համարում պարզել.

- բխո՞ւմ է, արդյոք, փաստաբանների հավատարմագրման ինստիտուտը փաստաբանության վերաբերյալ միջազգային իրավական, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով հաստատագրված իրավակարգավորման ընդհանուր սկզբունքներից (մասնավորապես՝ ինքնակառավարման և իրավահավասարության սկզբունքներ),

- ապահովվա՞ծ են, արդյոք, վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների՝ ՀՀ վճռաբեկ դատարանից անկախությունն ու ինքնուրույնությունը,

- ապահովվա՞ծ են, արդյոք, վիճարկվող ինստիտուտի ներկա իրավակարգավորման պայմաններում անձի իրավունքների դատական պաշտպանության մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները:

9. Փաստաբանության ինստիտուտի կարգավիճակը սահմանված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով: Ըստ այդ օրենքի՝ փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, դուրս է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգից (օրենքի հոդված 3-ի 1-ին պարբերություն): Փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա:

Իր հերթին, փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած օրինական շահերի իրականացմանը` օրենքով չարգելված միջոցներով և եղանակներով: Որպես կանոն, փաստաբանական գործունեությունը կրում է ձեռնարկատիրական բնույթ:

Համաձայն ՀՀ փաստաբանների պալատի տրամադրած տեղեկությունների՝ 2008թ. հունիսի 11-ի դրությամբ փաստաբանական գործունեության արտոնագիր ունի 715 փաստաբան: 43 փաստաբանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված է: Պալատի գրանցման օրվանից ի վեր (2005թ. հոկտեմբերի 28) դադարեցվել է թվով 30 փաստաբանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողություն:

Համաձայն ՀՀ դատական դեպարտամենտի տրամադրած տեղեկատվության՝ ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի ներդրումից ի վեր՝ փաստաբանների կողմից հավատարմագիր ստանալու համար ՀՀ վճռաբեկ դատարանի գրասենյակ է ներկայացվել 62 դիմում, որից 59-ը բավարարվել է և, համապատասխանաբար, տրվել է 59 հավատարմագիր, 3-ը մերժվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ կազմված լինելու հիմքով:

10. ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի ինստիտուտի նախատիպը հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի ինստիտուտն էր: ՀՀ վճռաբեկ դատարանում փաստաբանների հավատարմագրման կարգի և վճռաբեկ դատարանում փաստաբանական գործունեության համար հատուկ արտոնագիր տրամադրելու կարգի համեմատական վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է այդ երկու ինստիտուտների ձևավորման կարգերի միջև հետևյալ առանցքային և հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի անկախության ու ինքնուրույնության ապահովման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող տարբերությունները.

ա) հատուկ արտոնագիր տրամադրելու գործընթացն սկսվում և ավարտվում էր փաստաբանների պալատի շրջանակներում, վճռաբեկ դատարանի նախագահն այդ գործընթացին որևէ մասնակցություն չուներ. հատուկ արտոնագիրը տրամադրում էր փաստաբանների պալատի նախագահը և այն էլ կոլեգիալ մարմնի` փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ընդունված որոշման հիման վրա: Մինչդեռ հավատարմագրված փաստաբանների դեպքում հավատարմագիրը տրամադրում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ փաստաբանների պալատի մարմիններն ըստ էության այդ գործընթացում որևէ դերակատարում չունեն,

բ) հատուկ արտոնագրի տրամադրման հիմքում ընկած էր փաստաբանական գործունեության արտոնագիր ունեցող փաստաբանների և հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների տարբերակման ծանրակշիռ չափանիշ, այն է՝ մասնագիտական պատրաստվածության աստիճանը և մասնագիտական գիտելիքների որակը: Եթե փաստաբանական գործունեություն իրականացնելու համար արտոնագիրը տրամադրվում էր որակավորման քննության արդյունքներով, ապա հատուկ արտոնագիրը տրվում էր հատուկ ծրագրով հանձնված որակավորման քննության արդյունքներով: Ընդ որում, հատուկ ծրագրով որակավորման քննություն հանձնած փաստաբաններից հատուկ արտոնագիր տրամադրվում էր այն թվով յոթ փաստաբաններին, ովքեր փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ստացել են առավելագույն ձայներ: Մինչդեռ, հավատարմագրի տրամադրման հիմքում դրվեցին այլ պայմաններ: Եթե հատուկ արտոնագրի տրամադրումը պայմանավորված էր այնպիսի գործոնով, ինչպիսին տվյալ փաստաբանի մասնագիտական պատրաստվածությունն է, ապա հավատարմագրի տրամադրումը հիմնականում պայմանավորված է այնպիսի սուբյեկտիվ գործոնով, ինչպիսին տասը փաստաբանների համաձայնությունն է,

գ) հատուկ արտոնագիր տրամադրելու կարգն այնպիսին էր, որ առաջին տարում երաշխավորվում էր թվով 7 հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների առկայությունը, իսկ հինգերորդ տարում՝ նույնիսկ թվով 35 հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների առկայությունը (արտոնագիրը տրվում էր հինգ տարի ժամկետով, և տվյալ տարվա ընթացքում կարող էր տրվել առավելագույնը 7 հատուկ արտոնագիր): Մինչդեռ հավատարմագիր տրամադրելու կարգն այնպիսին է, որ չի բացառվում այնպիսի իրավիճակ, երբ հավատարմագիր ունեցող փաստաբանների թիվը լինի նվազ, քան նույնիսկ 7-ը, քանզի հնարավոր է, որ տվյալ տարում տասը փաստաբանների համաձայնություն կարողանան ապահովել 7-ից պակաս թվով փաստաբան, որոնց գործունեության ժամկետն էլ ընդամենը 13 ամիս է: Իսկ հավատարմագիր ունեցող փաստաբանների նվազ թվաքանակը սահմանափակում է վճռաբեկ դատարան դիմող՝ դատավարության կողմերի ընտրության հնարավորությունը, ինչը կարող է լրացուցիչ գործոն հանդիսանալ վճռաբեկ դատարանի մատչելիությունը սահմանափակելու հարցում:

11. Հավատարմագրված փաստաբանների՝ անկախության, փաստաբանական ծառայության մատուցման ինքնակառավարման և իրավահավասարության սկզբունքների իրացման խնդրի համատեքստում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի իրավակիրառական պրակտիկային: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի 5-րդ մասով և «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 18.05.2007թ.) 23 հոդվածի 3-րդ մասի 4.1. կետով՝ իր 05.04.2007թ. N-12-Ա հրամանով հավատարմագրել է թվով 55 փաստաբանի: Հիմք ընդունված դրույթը սահմանում էր. «ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը … օրենքով սահմանված կարգով հավատարմագրում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրման հայտ ներկայացրած փաստաբաններին կամ մերժում նրանց հավատարմագրումը, ինչպես նաև դադարեցված է ճանաչում հավատարմագրի գործողությունը» (այս դրույթն ավելացվել էր 21.02.2007թ. ընդունված և 07.04.2007թ. ուժի մեջ մտած՝ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-94-Ն օրենքով): Նշված հրամանն ուժի մեջ է մտել 07.04.2007թ., այն է՝ փաստաբանների հավատարմագրման կարգը սահմանող՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» 21.02.2007թ. օրենքի և հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պարտադիր պայմանը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 21.02.2007թ. օրենքների ուժի մեջ մտնելու օրը: Հրամանն ընդունելիս՝ վճռաբեկ դատարանի նախագահը ղեկավարվել է «Դատարանակազմության մասին» օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի 4.1. կետով, որը, սակայն, ուժի մեջ է մտել միայն 07.04.2007թ.: Բացի դրանից, «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի նշված դրույթը սահմանում էր, որ հավատարմագրումը կատարվում է օրենքով սահմանված կարգով: Այդ կարգը սահմանվել է միայն հրամանի ընդունման օրվանից երկու օր հետո ուժի մեջ մտած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» 21.02.2007թ. օրենքով: Ավելին, ըստ նշված կարգի՝ հավատարմագրման նպատակով վճռաբեկ դատարան փաստաբանները դիմում են յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 20-ից 30-ը:

Հետագայում, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այլ փաստաբաններ, օրենքով սահմանված կարգով, 2007թ. նոյեմբերի 20-ից 30-ը դիմել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին և հավատարմագրվել: Այդ փաստաբանները թվով 4-ն են:

2007թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը՝ հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի դրույթները, կայացրել է N 79-Ա հրամանը, որով որոշվել է 2007թ. ապրիլի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների հավատարմագրերի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2009թ. հունվարի 10-ը: Վճռաբեկ դատարանի նախագահի այս հրամանի օրինականությունը վիճարկվել է ՀՀ վարչական դատարանում: Վերջինս 07.04.2008թ. իր վճռով մերժել է նշված հրամանն առոչինչ ճանաչելու վերաբերյալ պահանջը: Վճռի պատճառաբանությունը հիմնականում հանգում է նրան, որ «Դատարանը … հիմք ընդունելով, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի համաձայն՝ փաստաբաններին հավատարմագիր տրամադրելը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունն է, գտնում է, որ հավատարմագրերի տրամադրումը որոշակի ժամկետով չի բացառում դրա գործողության ժամկետի երկարաձգումը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից»: Դատարանի նշված իրավական դիրքորոշումը վկայում է այն մասին, որ իրավակիրառական պրակտիկայում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի՝ փաստաբաններին հավատարմագրեր տրամադրելու լիազորությունը մեկնաբանվել և կիրառվել է որպես հայեցողական լիազորություն: Վարչական դատարանի այս վճիռը, որի դեմ վճռաբեկ բողոքի քննության ընդունումը մերժվել է, իրավական հիմք է ստեղծում հետագայում ևս վճռաբեկ դատարանի նախագահի կողմից հավատարմագրերի գործողության ժամկետն իր հայեցողությամբ և ցանկացած ժամկետով երկարաձգելու համար: Նման մոտեցման արդյունքում, սահմանադրական դատարանը գտնում է, որ խախտվում են փաստաբանի ինստիտուտի գործունեության հիմքում ընկած այնպիսի կարևորագույն սկզբունքներ, ինչպիսիք են փաստաբանի անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքները:

12. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ հստակ ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել է, պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ նաև քաղաքացիական իրավունքների և պարտականությունների կապակցությամբ դատարանի մատչելիությունը:

Այն հանգամանքը, թե 6-րդ հոդվածը որքանով է կիրառելի վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների առնչությամբ, կախված է այդ դատարաններում վարույթի առանձնահատկություններից, դիտարկվելով իր ամբողջության մեջ՝ հաշվի առնելով վճռաբեկ դատարանի առանձնահատուկ կարգավիճակը (տես՝ Սիալկովսկան ընդդեմ Լեհաստանի գործով (Sialkowska v. Poland) 2007թ. մարտի 22-ի վճիռը):

ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը: Նույն հոդվածի համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներն ամրագրում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, այդ թվում՝ նաև արդարադատության մատչելիության իրավունքը: Նշված սահմանադրական դրույթների համադրված մեկնաբանությունը՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո, թույլ է տալիս արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող դատական պաշտպանության իրավունքը ներառում է նաև վճռաբեկ դատարանում անձի իրավունքների պաշտպանության իրավունքը, որն իր հերթին ներառում է վճռաբեկ ատյանի մատչելիության իրավունքը, որը պետք է ապահովվի՝ հաշվի առնելով վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը և վճռաբեկ դատարանում վարույթի առանձնահատկությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը և վճռաբեկ դատարանում վարույթի առանձնահատկությունները մանրամասնված են սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշման16 մեջ:

Սահմանադրական դատարանն իրավական պետության սկզբունքների և արդարադատության մատչելիության իրավունքի համատեքստում առանձնակիորեն կարևորում է վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը, քանի որ վերջինիս որոշումները՝ պայմանավորված այդ դատարանի սահմանադրական գործառույթներով, կարևորվում են ոչ միայն դատավարության կողմերի շահերի տեսանկյունից, այլ նաև ողջ հանրության շահերի տեսանկյունից:

13. ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի և վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի սահմանադրաիրավական բնույթը սահմանադրական դատարանը նախևառաջ հարկ է համարում գնահատել քրեադատավարական և քաղաքացիադատավարական օրենսդրության զարգացումների համատեքստում:

Այսպես, մինչև վերջին օրենսդրական փոփոխությունները վճռաբեկության կարգով կարող էին բողոքարկվել և´ առաջին ատյանի դատարանի, և´ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Ընդ որում, ուժի մեջ մտած ակտերի բողոքարկման առնչությամբ գործում էր միջնորդավորված կարգը, իսկ անմիջականորեն կարող էին բողոքարկվել վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը: Քրեադատավարական և քաղաքացիադատավարական օրենսդրության զարգացումն ընթացավ այն ճանապարհով, որ ոչ միայն վերացվեց վճռաբեկ դատարան անմիջական դիմելու կարգը, այլ նաև վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա ակտերի շրջանակն ըստ էության սահմանափակվեց միայն վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով: Ավելին, ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 28.11.2007թ. ՀՀ օրենքներով սահմանվեցին այնպիսի դրույթներ, որոնք ոչ միայն լուրջ խոչընդոտներ ստեղծեցին վճռաբեկ դատարան դիմելու խնդրում` էականորեն սահմանափակելով այդ դատարանի մատչելիությունը, այլ նաև սահմանափակեցին եռաստիճան դատական համակարգում իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունները: Մասնավորապես, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007թ. օրենքի 66 հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածը, որի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում: Բացի դրանից, այնպիսի պայմաններում, երբ առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այլևս չեն կարող բողոքարկվել վճռաբեկության կարգով, խստացվել են նաև այդ դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելուն ներկայացվող պահանջները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1. հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Փաստորեն, քրեադատավարական և քաղաքացիադատավարական օրենսդրության համապատասխան փոփոխությունների արդյունքում ոչ միայն դատավարության մասնակիցը զրկվել է առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռները՝ թեկուզ միջնորդավորված կարգով, վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից, այլ նաև վերացվել է այն միակ ուղին, որով ապահովվում էր դատավարության մասնակիցների անմիջական մուտքը վճռաբեկ դատարան (վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերն անմիջականորեն վճռաբեկության կարգով բողոքարկելու հնարավորությունը), ինչի արդյունքում վճռաբեկ դատարանի մատչելիությունը դատավարության մասնակիցների համար հասցվել է նվազագույնի:

Օրենսդրական զարգացումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի գոյության ազդեցությունը վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի վրա գնահատելիս՝ հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված վճռաբեկ բողոք բերելու հիմքերը, ինչպես նաև բողոքը քննության ընդունելու պայմաններն օրենսդրական փոփոխությունների արդյունքում բավականին սեղմվել են: Իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ նույնիսկ հավատարմագրված փաստաբանների կողմից կազմված վճռաբեկ բողոքների գերակշիռ մեծամասնությունը, չբավարարելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու բավականին սեղմ պայմանները, վերադարձվում է, ինչի արդյունքում հավատարմագրված փաստաբանի ծառայությունից օգտվելն ինքնին իմաստազրկվում է:

14. Հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պարտադիր պահանջի ազդեցությունը վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի վրա գնահատելիս սահմանադրական դատարանը կարևորում է նաև այն խնդիրը, թե արդյո՞ք գործող օրենսդրությունն ապահովում է վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրման իրավական հնարավորությունը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ո´չ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, ո´չ էլ ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերը չեն նախատեսում վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրում, այն է՝ վճռաբեկ բողոք կազմելու իրավական հնարավորություն:

ՀՀ փաստաբանների պալատի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ Հանրային պաշտպանի գրասենյակի 4 հավատարմագիր ունեցող հանրային պաշտպաններից երկուսի կողմից 16 դեպքում վճռաբեկ բողոքը կազմվել է անվճար հիմունքներով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ դատարաններում քննվող քրեական և քաղաքացիական բազմաթիվ գործերի պայմաններում խիստ աննշան է հավատարմագրված փաստաբանի կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու երաշխավորումը՝ այդպիսի կարգի և դեպքերի օրենսդրական հստակ ամրագրման բացակայության պայմաններում, և կախված է պարզապես հանրային պաշտպանի գրասենյակի «բարի կամքի» դրսևորումից:

Ելնելով վերոհիշյալից՝ սահմանադրական դատարանը գտնում է, որ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրման կարգ և վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների կողմից անվճար հիմունքներով երաշխավորված իրավաբանական օգնության տրամադրման որևէ մեխանիզմ չնախատեսելու պայմաններում՝ հավատարմագրված փաստաբանների գոյությունն անհամաչափորեն սահմանափակում է վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը՝ այդ դատարանում իրավունքների պաշտպանությունից օգտվելու դատավարության մասնակցի հնարավորությունը գործնականում պայմանավորելով նրա ֆինանսական հնարավորություններով:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 1-ին մասի ընկալմամբ՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է, նախ՝ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ՝ պետության պարտավորությունը՝ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն: Պետության նշված պարտավորությունը ենթադրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է փաստաբանի պարտադիր ներկայացուցչություն կամ այն բխում է դատավարության շահերից, յուրաքանչյուր կարիքավոր պետք է իրավունք ունենա ստանալու իրավաբանական որակյալ օգնություն: Դա բխում է արդարադատության իրականացման բնագավառում իրավաբանական ծառայության մատուցման եվրոպական փորձից, ինչպես նաև իրավաբանների և իրավաբանական ծառայության մատչելիության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված սկզբունքներից:

15. Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակող գործոն է նաև վճռաբեկ դատարանում փաստաբանների հավատարմագրման գործող կարգը: Մասնավորապես, վերջինս այնպիսին է, որ չի բացառվում այնպիսի իրավիճակը, երբ մի փաստաբանը չկարողանա հավաքել համապատասխան թվով ձայներ, ինչի արդյունքում վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների թիվը կարող է սեղմ լինել՝ կրճատելով և՜ անձի ընտրության հնարավորությունը, և՜ ընդհանրապես վճռաբեկ դատարանի պաշտպանությունից օգտվելու հնարավորությունը: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ 2007թ. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել և հավատարմագրվել ընդամենը 4 փաստաբան: Բացի դրանից, հարկ է հաշվի առնել, որ հավատարմագրված փաստաբանն իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն, ըստ էության ազատ է հրաժարվելու այս կամ այն գործով վճռաբեկ բողոք կազմելուց, ինչի արդյունքում դատավարության մասնակցի՝ վճռաբեկ բողոք բերելու հնարավորությունն է՜լ ավելի է նվազում՝ սահմանափակելով վճռաբեկ դատարանի մատչելիությունը: Նման իրավիճակում, փաստորեն, դատարանի մատչելիության իրավունքի իրացումը պայմանավորվում է որոշակի նախապայմանով, այն է՝ փաստաբանի համաձայնությամբ, ինչի արդյունքում հնարավոր է մարդու իրավունքների և ազատությունների ազատ իրացման սահմանափակում:

16. Սահմանադրական դատարանը՝ հաշվի առնելով, որ հավատարմագրված փաստաբանների և մյուս փաստաբանների միջև մասնագիտական պատրաստվածության և փորձառության հարցում չկա որևէ տարբերություն, որ օրենսդրությունը վճռաբեկ դատարան դիմելիս հստակորեն չի երաշխավորում անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու հնարավորությունը, որ նույնիսկ հավատարմագրված փաստաբանների կողմից կազմված բողոքների գերակշիռ մեծամասնությունը քննության չի ընդունվում վճռաբեկ դատարանում, ինչպես նաև նկատի ունենալով հավատարմագրված փաստաբանների սեղմ թվաքանակն ու նրանց գործունեության ձեռնարկատիրական բնույթով պայմանավորված՝ վճռաբեկ բողոք կազմելուց հրաժարվելու ազատությունը, գտնում է, որ արդարացի հավասարակշռությունը ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով վճռաբեկ դատարան ներկայացնելու պահանջի և դրանով հետապնդվող նպատակի միջև, այն է՝ ապահովել որակյալ վճռաբեկ բողոքների կազմումը, խախտված է այնքան, որ խաթարվել է վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի էությունը:

Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պարտադիր պահանջով վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը համաչափ չէ իր նպատակին, քանի որ նման սահմանափակումը թույլ չի տալիս արդյունավետորեն և անարգել իրացնել անձի արդար դատաքննության իրավունքը:

17. ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը հարկ է դիտարկել նաև ՀՀ Սահմանադրության՝ օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականությունն արգելելու սկզբունքներն ամրագրող 14.1. հոդվածի համատեքստում: Ընդ որում, այս սկզբունքներին խնդրո առարկան առնչվում է երկու տեսանկյունից՝ և՜ փաստաբանների շահերի տեսանկյունից, և՜ դատավարության մասնակիցների տեսանկյունից:

Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ վերաբերմունքի տարբերությունը խտրականություն է, եթե առկա չէ օբյեկտիվ և պատճառաբանված արդարացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ դատարանում հավատարմագրման համար օրենսդրությունը որպես չափանիշ է սահմանել ընդամենը 10 այլ փաստաբանների կողմից հավակնորդին տրված գրավոր համաձայնությունները, որ արտոնագիր ունեցող փաստաբանների և ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջև առկա չէ մասնագիտական ունակություններով և փորձառությամբ պայմանավորված որևէ օբյեկտիվ և իրավաչափ տարբերություն, սահմանադրական դատարանը գտնում է, որ հավատարմագիր չունեցող փաստաբաններին վճռաբեկ բողոք կազմելու հնարավորությունից զրկելը հանդիսանում է խտրական վերաբերմունք նրանց նկատմամբ:

Ինչ վերաբերում է դատավարության մասնակիցների համար օրենքի առջև հավասարության սկզբունքի նկատմամբ հարգանքն ապահովելուն, ապա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը վճռաբեկ բողոք կազմելու առնչությամբ չի երաշխավորում անվճար իրավաբանական օգնության տրամադրում, ինչպես նաև հիմք ընդունելով այն վիճակագրությունը, որ վճռաբեկ դատարան դիմելու միջնորդավորված կարգ սահմանելուց ի վեր կրկնակի կրճատվել է վճռաբեկ բողոքների քանակը, սահմանադրական դատարանը գտնում է, որ հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի առկայությամբ խախտվում է նաև հավասարությունը դատավարության մասնակիցների միջև՝ պայմանավորված նրանց գույքային վիճակով:

18. Սահմանադրական դատարանը գտնում է, որ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի և հավատարմագիր չունեցող փաստաբանի միջև մասնագիտական ունակություններով և փորձառությամբ պայմանավորված իրավաչափ տարբերության բացակայության հանգամանքը, վճռաբեկ դատարանում փաստաբանի հավատարմագրման կարգը, հավատարմագրված փաստաբանի կողմից իրականացվող փաստաբանական գործունեության խիստ սահմանափակ լինելու հանգամանքը, հավատարմագրված փաստաբանի և վճռաբեկ դատարանի փոխգործակցության բնույթը միանգամայն ավելորդ են դարձնում վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի ինստիտուտի գոյությունը: Ավելին, հաշվի առնելով նշված ինստիտուտի գործունեության ձեռնարկատիրական, մենաշնորհային բնույթը, դրա վրա հիմնված` հավատարմագրված փաստաբանների կողմից ընդամենը վճռաբեկ բողոք կազմելու համար պահանջվող համեմատաբար բարձր վճարները, սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար պաշտպանության միջոցներն սպառելու պարտադիր պահանջը, կարելի է փաստել, որ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտն իր գոյությամբ սահմանափակում է ոչ միայն վճռաբեկ դատարանի, այլ նաև սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մատչելիության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները, ըստ էության նպաստավոր պայմաններ է ստեղծում խտրական վերաբերմունքի ցուցաբերման հնարավոր դեպքերի համար` պայմանավորված անձի գույքային դրության հիմքով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պայմանավորված վճռաբեկ դատարանի գործառնական առանձնահատկություններով՝ փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պահանջը կարող է իրավաչափ համարվել, եթե բխում է ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերից` ներկայացուցչությունն իրականացնելով արհեստավարժ և փորձառու մասնագետների միջոցով:

Սահմանադրական դատարանը միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու ինստիտուտը` որպես այլընտրանքային տարբերակ, իրավաչափ կարող է համարվել միայն այն դեպքում, երբ օրենսդրությունը փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունը երաշխավորի յուրաքանչյուրի համար՝ անկախ տվյալ անձի ֆինանսական հնարավորություններից:

19. Դիմող Հ. Ռուշանյանը, ի թիվս այլոց, վիճարկում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի սահմանադրականությունը, որի համաձայն՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե` …4) վճռաբեկ բողոք ներկայացվել է օրենքով նախատեսված կամ վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետից ուշ, և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է»:

Այս դրույթը հարկ է դիտարկել ՀՀ սահմանադրական դատարանի 2008 թ. մայիսի 27-ի ՍԴՈ-754 որոշման լույսի ներքո, որով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 4-րդ մասը (նոր խմբագրությամբ 233 հոդվածի 4-րդ մասը)` առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում կրկին բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակման առումով:

Սահմանադրական դատարանի նշված որոշման հիմքում ընկած է այն ընդհանուր իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ քանի դեռ չի լրացել օրենքով վճռաբեկ դատարան դիմելու համար սահմանված եռամսյա ժամկետը, անձը կարող է, անկախ թերությունները շտկելու համար վճռաբեկ դատարանի կողմից ժամկետ մատնանշելու փաստից, կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել: Այսինքն՝ սահմանադրական դատարանի նշված որոշման իրավական հետևանքն այն է, որ եթե վճռաբեկ դատարանը թերությունների պատճառաբանությամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելիս դրանք շտկելու համար համապատասխան ժամկետ չի սահմանում, ապա անձը կարող է մինչև եռամսյա ժամկետի լրանալը կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել: Մինչդեռ, վիճարկվող դրույթի ուժով, բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը սահմանում է վճռաբեկ բողոքը ներկայացնելու ժամկետ, որն ավելի սեղմ է, քան օրենքով սահմանված եռամսյա ժամկետը, տվյալ անձն անհավասար վիճակում է հայտնվում այն անձանց համեմատությամբ, որոնց բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ չի սահմանվել. վիճարկվող հոդվածի 4-րդ մասի անվավերության պայմաններում հնարավոր է դառնում մի իրավիճակ, երբ վճռաբեկ դատարանի կողմից ժամկետ չսահմանելու դեպքում անձը կարող է լիարժեք օգտվել եռամսյա ժամկետից, իսկ ժամկետ սահմանելու դեպքում՝ ոչ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետի խախտումը չպետք է խոչընդոտ լինի վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելուն, եթե, այնուամենայնիվ, այն ներկայացվում է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերին, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ կետերում ամրագրված դրույթներն արդյունավետ վճռաբեկ վարույթ իրականացնելու անհրաժեշտ պայմաններ են:

20. ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-690 որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետի բ) ենթակետում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 2-րդ կետի (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) սահմանադրականությանը, ամրագրել է. վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև` արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով, ճանաչել այն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին և 2-րդ մասեր), 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանված լինելու անհրաժեշտությանը սահմանադրական դատարանն անդրադարձել է իր որոշման պատճառաբանական մասում, մասնավորապես, որոշման 10-րդ կետում նշված է. «Ուստի վճռաբեկ դատարանի կողմից «էական նշանակություն», «ծանր հետևանք» և «վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտ» արտահայտությունների` դատական գործերի հանգամանքներից բխող բովանդակային հստակեցումը, մեկնաբանումը, պատճառաբանումը պայման է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1. ենթակետում և 231.2. հոդվածի 1-ին կետում նախանշված հիմքերին համապատասխան` վճռաբեկ վարույթում անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը կանխատեսելի դարձնելու համար»:

«Էական նշանակություն», «ծանր հետևանք» և «վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած դատական ակտ» արտահայտությունները վերաբերում են վճռաբեկ բողոքն ընդունելու երեք հիմքերին, որոնք ներկայումս ամրագրված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր խմբագրությամբ 234 հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում:

Բացի դրանից, խնդրո առարկայի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն իր վերաբերմունքն է արտահայտել նաև 2008թ. մայիսի 27-ի ՍԴՈ-754 որոշման 5-րդ կետում, որտեղ, մասնավորապես, ամրագրվել է. «Սահմանադրական դատարանն իր նշված որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում ամրագրել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 2-րդ կետը (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) ... վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև` արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին և 2-րդ մասեր), 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»: Այսինքն՝ վճռաբեկ դատարանի կողմից՝ նշված հայեցողական լիազորության իրավաչափ և ոչ կամայական իրականացումն ապահովող կարևոր իրավական երաշխիք պետք է հանդիսանար նաև վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանման պարտադիր պայմանն օրենքով հստակ սահմանելը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական դատարանի նշված որոշման ընդունումից ի վեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում վերոհիշյալ իրավական երաշխիքները լիարժեքորեն չեն ապահովվել:

Այսպես՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007թ. նոյեմբերի 28-ի օրենքի 75 հոդվածի համաձայն՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 233 հոդվածի 2-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից 10 օրվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ սույն օրենսգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի»: Նույնաբովանդակ դրույթ է ըստ էության ամրագրված նաև ՀՀ դատական օրենսգրքի 50 հոդվածի 4-րդ մասում. վերջինս ևս վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանման պահանջը չի տարածում այն որոշումների վրա, որոնցում վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմքն այն է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը չի կարող էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը` նման բացառություն սահմանելով, լիարժեքորեն չի ապահովել սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշման կատարումը՝ խախտելով նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Իր ՍԴՈ-690 որոշման մեջ սահմանադրական դատարանը պատճառաբանվածության պարտադիր պահանջը կապում է ոչ թե վճռաբեկ բողոքի ընդունելիության այս կամ այն կոնկրետ հիմքի հետ, այլ` բացառապես բոլոր հիմքերի հետ: Նման պահանջն ինքնանպատակ չէ, և դրա նպատակն է ապահովել վճռաբեկ բողոքը վերադարձնելիս դատարանի հայեցողական լիազորության իրավաչափ և օրինական իրականացումը, ինչպես նաև դատական ակտի նկատմամբ անձի վստահության ապահովումը:

Ելնելով վերոգրյալից՝ սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական դատարանի նման որոշման առկայության պայմաններում ՀՀ Ազգային ժողովն օժտված չէ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմքերից որևէ մեկը «արտոնյալ» վիճակում դնելու հայեցողությամբ, և չի կարող սահմանել, որ այդ հիմքի վկայակոչումն «ինքնաբավ է» ու դրա առկայության հիմնավորման կարիք չկա: Ուստի, անկախ նրանից, թե օրենսդիրը վճռաբեկ բողոքի ընդունելիության ինչ հիմքեր կսահմանի, դրանցից բոլորը և յուրաքանչյուրը ենթակա են պատճառաբանման:

21. Անդրադառնալով դիմողներ Բաբալյանների կողմից վիճարկվող՝ ՀՀ դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետի դրույթների սահմանադրականության խնդրին, սահմանադրական դատարանը նշում է, որ օրենսգրքի՝ «Դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 13 հոդվածում կարևոր երաշխիքներ են նախատեսված ապահովելու համար ինչպես դատավորի անկախությունը, այնպես էլ արդարադատության արդյունավետությունը: Համանման երաշխիքներ են նախատեսված դատավորների անկախությունն ու անձեռնմխելիությունը կանոնակարգող ՀՀ օրենսդրության՝ այլ, ինչպես նաև միջազգային իրավական նորմերում: Որպես այդպիսի երաշխիք՝ օրենսգրքի վերոհիշյալ 6-րդ կետը նախատեսում է վերադասության կարգով դատական ակտի նախապես բեկանման պարտադիր սկզբունք՝ շահադիտական կամ անձնական այլ դրդումներով այդպիսի ակտ դատավորի կողմից կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում հարուցելու համար:

Սահմանադրական դատարանը հատուկ կարևորում է վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիության ապահովումն ինչպես ՀՀ դատական օրենսգրքի 13 հոդվածի վիճարկվող նորմում, այնպես էլ օրենսդրության՝ այլ, այդ թվում նաև քրեաիրավական նորմերում, դիտարկելով այն որպես ՀՀ Սահմանադրության 5, 94 և 97 հոդվածներում ամրագրված դատական իշխանության անկախության սկզբունքի իրականացման կարևոր երաշխիք: Դատական ակտի իրավական գնահատականը կարող է տրվել միմիայն արդարադատական ընթացակարգով այն քննության առարկա դարձնելու արդյունքում:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ սկզբունքը չի ենթադրում, որ դատավորը ենթակա չէ պատասխանատվության, այդ թվում քրեորեն պատժելի արարքի համար: Այդ իրավահարաբերություններն օրենսդրորեն պետք է կանոնակարգվեն ՀՀ Սահմանադրության 97 հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթների շրջանակներում: Դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետն իրավակիրառական պրակտիկայում չի կարող մեկնաբանվել այն բովանդակությամբ, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով անհնարին դարձվի դատական ակտերի բողոքարկումը դատախազության կողմից` ՀՀ Սահմանադրության 103 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով վերապահված լիազորության շրջանակներում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանի անկախության և օրենքի առջև դատավորի պատասխանատվության միջև խելամիտ հավասարակշռությունը խախտվել է մասնավորապես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 2007թ. նոյեմբերի 28-ի ՀՕ-270-Ն օրենքով կատարված փոփոխությունների 426.1. հոդվածով նախատեսված իրավակարգավորման արդյունքում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համանման նորմերի առնչությամբ իր իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանն արտահայտել է 2008թ. սեպտեմբերի 9-ի ՍԴՈ-758 որոշման19 մեջ: Այդ դիրքորոշումներն օրենսդրի կողմից հաշվի պետք է առնվեն նշված հավասարակշռությունը երաշխավորելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 233 հոդվածի 4-րդ մասի առնչությամբ գործի վարույթը կարճել, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի 2008թ. մայիսի 27-ի ՍԴՈ-754 որոշումը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իրավական որոշակիություն է ձեռք բերում միայն օրենսգրքի 233 հոդվածի 4-րդ մասի հետ համակցության մեջ:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածի 2-րդ մասը, 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 231 հոդվածի 2-րդ մասը` հավատարմագրված փաստաբանի ինստիտուտին առնչվող մասով, 233 հոդվածի 2-րդ մասը՝ «բացառությամբ սույն օրենսգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի» բառակապակցության մասով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ 28.11.2007 թ. խմբագրությամբ, հավատարմագրված փաստաբանի միջոցով բողոք բերելու մասով, 426.2 հոդվածը՝ այն մասով, որը վերաբերում է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերը վերանայելու կապակցությամբ դիմում ներկայացնելու՝ հավատարմագրված փաստաբանի իրավունքին, 426.5 հոդվածը՝ այն մասով, որը վերաբերում է նոր երևան եկած հանգամանքների մասին հայտարարությունները և հաղորդումները հավատարմագրված փաստաբանին ուղարկելուն (1-ին մաս), ինչպես նաև նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու և ուսումնասիրություններ կատարելու խնդրում հավատարմագրված փաստաբանի իրավունքի մասով (4-րդ մաս), 426.6 հոդվածը՝ հավատարմագրված փաստաբանների գործողություններին վերաբերող մասով (2-րդ և 3-րդ մասեր), ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

4. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1., 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

5. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:

6. ՀՀ դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

7. Նկատի ունենալով, որ սահմանադրական դատարանի որոշման ընդունման պահից սույն գործով վեճի առարկա իրավանորմերի վերացումը կարող է առաջացնել իրավական բաց` խաթարելով այդ նորմերի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 15-17-րդ մասերի դրույթների համաձայն սույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել 2008 թվականի դեկտեմբերի 31-ը` ՀՀ Ազգային ժողովին հնարավորություն տալով օրենսդրական կարգավորումները համալիր ձևով համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

8. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 հոկտեմբերի 2008 թ.

ՍԴՈ-765

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան