Գլխավոր տեղեկություն
Համար
N 1144-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.22/63(653) Հոդ.1091
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1144-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով, ինչպես նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սահմանված կարգով հաշվառված, սակայն թռիչքին չներկայացած կամ չվերթից ուշացած ուղևորներին պատկանող ուղեբեռները հանվում են օդանավից:».

2) հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատություններում կամ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխան սերտիֆիկացված օտարերկրյա ուսումնական հաստատություններում պատրաստականություն անցած և դրա հիման վրա համապատասխանության վկայական ստացած ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամները:».

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.1-ին կետով.

«30.1. Ավիացիոն անվտանգության հսկողության պիտակ - զննման գործառույթից հետո օդանավակայանի ստերիլ գոտիներ և օդանավ տարվող զննված ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի, փոստի, օդանավային պիտույքների, օդանավ տարվող սննդի բեռնարկղերի, ինչպես նաև օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտի օդանավակայանի աշխատողների կողմից տարվող առարկաների և իրերի վրա զննում կատարող աշխատողի կողմից փակցվող խիստ հաշվառման ենթակա համարանշված պիտակ:».

4) հավելվածի 63-րդ կետը «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ելնելով ավիացիոն անվտանգության միջոցառումների առանձնահատկություններից` պարբերաբար պետք է իրականացվի զննված ուղևորների և նրանց ձեռքի իրերի ընդհանուր թվի առնվազն 20 տոկոսի կրկնակի զննում:».

5) հավելվածի 82-րդ կետը`

ա. «ուղևորների ձեռքի իրերում» բառերից հետո լրացնել «և ուղեբեռում` բացառությամբ կարգի 82.1-ին կետով սահմանված դեպքերի,» բառերով.

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.

«ժգ) հեղուկներ, գելեր և աերոզոլներ:».

6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 82.1-ին, 82.2, 82.3, 82.4, 82.5, 82.6, 82.7, 82.8 և 82.9-րդ կետերով.

«82.1. Օդանավերի ուղևորասրահներ հեղուկ պայթուցիկ նյութերի փոխադրումը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մեկնող ուղևորներին, այդ թվում` տարանցիկ և տրանսֆեր, թույլատրվում է իրենց ձեռքի իրերում օդանավի ուղևորասրահ փոխադրել մինչև հարյուր միլիլիտրի չափով հեղուկներ, գելեր և աերոզոլներ:

82.2. Զննման ընթացքում ուղևորների մոտ հայտնաբերված մինչև հարյուր միլիլիտր տարողությամբ հեղուկներ, գելեր և աերոզոլներ պարունակող տարաները զննման կետում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից դրվում են հատուկ այդ նպատակով նախատեսված և ամբողջությամբ փակվող մեկ լիտր ծավալով 20,5 x 20,5 սմ կամ 25 x 15 սմ չափսերով պլաստիկ պարկի մեջ, պարկի վրա փակցվում է «զննված է» պիտակ, որից հետո ուղևորին թույլատրվում է մուտք գործել օդանավակայանի ստերիլ գոտի: Յուրաքանչյուր ուղևորի թույլատրվում է փոխադրել միայն մեկ այդպիսի պլաստիկ պարկ:

82.3. Ուղևորների մոտ հարյուր միլիլիտրից ավելի հեղուկ նյութերի հայտնաբերման դեպքում դրանք վերադարձվում են ուղևորների հարազատներին կամ ճանապարհողներին, հարազատների բացակայության դեպքում կազմվում է ուղևորից փոխադրման համար արգելված առարկաներ վերցնելու մասին արձանագրություն՝ սույն կարգի 83, 84, 85 և 86-րդ կետերով սահմանված կարգով:

82.4. Սույն կարգի 82.1-ին, 82.2-րդ և 82.3-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում թռիչքների օրերին իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ գտնվող օդանավերի թռիչքային անձնակազմերի անդամների վրա:

82.5. Օդանավակայանների անմաքս առևտրի կետերում ուղևորների կողմից ձեռք բերված հեղուկները, գելերը և աերոզոլները թույլատրվում է փոխադրել օդանավի ուղևորասրահ, եթե դրանք տեղադրված են չթույլատրված բացումից պաշտպանված պլաստիկ պարկերի (այսուհետ` պլաստիկ պարկեր) մեջ, որոնք օդանավակայանների անմաքս առևտրի կետերից գնումներ կատարած ուղևորներին հատկացնում են այդ կետերի աշխատողները՝ գնումների համար վճարումներ իրականացվող գանձարկղերի մոտ:

82.6. Օդանավակայանի անմաքս առևտրի կետերից ձեռք բերված հեղուկ նյութերից բացի պլաստիկ պարկերի մեջ կարող է դրվել միայն վճարման անդորրագրի կտրոնը: Այն պետք է տեղադրվի պլաստիկ պարկի վերևի ձախ անկյունում` այդ նպատակով նախատեսված գրպանիկում՝ այնպես, որ կտրոնի դիմային մասը տեսանելի լինի դրսից: Եթե անդորրագրի կտրոնը չի դրվել պլաստիկ պարկի մեջ կամ այն տեսանելի չէ, այդ դեպքում ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողները մինչև ուղևորների օդանավ նստեցումը պետք է պլաստիկ պարկի գրպանիկում անդորրագիր չունեցող ուղևորին ուղեկցեն անմաքս առևտրի խանութների վճարման կետեր, և հեղուկ նյութերն ու անդորրագրի կտրոնը տեղադրեն մեկ այլ պլաստիկ պարկի մեջ:

82.7. Ուղևորների մոտ գտնվող պլաստիկ պարկերը չպետք է բացվեն մինչև թռիչքի ավարտը, իսկ այն բացելու դեպքում տոպրակի պարունակությունը կարող է վերցվել օդանավի անձնակազմի կողմից և վերադարձվել ուղևորների թռիչքի ավարտից հետո:

82.8. Թռիչքի ընթացքում ուղևորների կողմից օդանավում ձեռք բերված և օգտագործվող հեղուկ նյութերի վրա սույն կարգի դրույթները չեն տարածվում:

82.9. Ուղևորների ուղեբեռում կարող են թույլատրվել փոխադրման սույն կարգի 82-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված առարկաների և իրերի նմանակները, խաղալիքներ, դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր և ձողեր, բիլիարդի խաղափայտեր, մականներ, թիեր, ձկնորսական կարթեր, աշխատանքային գործիքներ (սղոցներ, դանակներ, մուրճեր, ուրագներ, ձեռքի գայլիկոններ և շաղափներ, խարտոցներ, պտուտակահաններ, զոդման լամպեր և այլն), ավտոմեքենաների վերանորոգման գործիքներ, մինչև հինգ լիտրի չափով գործարանային փաթեթավորմամբ ալկոհոլային խմիչքներ՝ 24-70 տոկոս ալկոհոլի պարունակությամբ, կոսմետիկական պարագաներ, էլեկտրական սարքեր, ածելիներ և սույն կարգի 82-րդ կետի «գ» և «զ» ենթակետերով սահմանված առարկաները, իրերն ու սարքավորումները».

7) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 87-րդ կետը.

8) հավելվածի 108-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«108. Օդանավի ուղևորասրահներ ուղևորի ձեռքի իրերում թույլատրվում է փոխադրել թռիչքի ընթացքում ուղևորին անհրաժեշտ իրեր ու առարկաներ, մինչև հարյուր միլիլիտր տարողությամբ հեղուկ նյութեր, մանկական սնունդ, այնպիսի դեղամիջոցներ և դիետիկ նյութեր, որոնք օդանավով ուղևորման ընթացքում բժշկական նպատակներից ելնելով անհրաժեշտ են ուղևորների կյանքի և առողջության համար, մինչև մեկ տարեկան երեխայի մանկական օրորոցներ, հաշմանդամների սայլակներ: Նշված իրերի ընդհանուր թույլատրելի քաշը սահմանում է տվյալ չվերթն իրականացնող օդանավ շահագործող կազմակերպությունը:».

9) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 110-րդ կետը.

10) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 113.1-ին, 113.2-րդ, 113.3-րդ և 113.4-րդ կետերով.

«113.1. Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ուղևորներին և օդանավի անձնակազմին սննդով ապահովելու գործառույթներ, պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության հետևյալ պահանջները՝

1) սննդի արտադրամասի շենքում աշխատող բոլոր անձինք արտադրամաս մուտք գործելիս պետք է ենթարկվեն զննման.

2) սննդի պատրաստման համար նախատեսված խոհանոցային սարքավորումները և պարագաներն արտադրամաս փոխադրելիս պարտադիր կարգով պետք է զննվեն.

3) սննդի արտադրամաս տարվող սննդամթերքը, սննդի պատրաստման համար անհրաժեշտ կիսաֆաբրիկատները, միրգը, բանջարեղենը, ջուրը, ըմպելիքներն արտադրամաս փոխադրելիս պարտադիր կարգով ենթակա են զննման.

4) մինչև օդանավ փոխադրելը` պարտադիր դիտողական զննման են ենթակա նաև սննդի տարաների պարունակությունը և տրանսպորտային միջոցները:

113.2. Սննդի արտադրամասում զննման գործառույթներ իրականացնող ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի ներկայությամբ օդանավ տարվող պատրաստի սնունդը տեղադրվում է տարողությունների մեջ, տարողությունները տեղադրվում են նախապես զննված բեռնարկղի մեջ, որը դրոշմակնքվում է սննդի արտադրամասի հերթափոխի պետի կողմից` համապատասխան համարանիշ ունեցող դրոշմակնիքով: Սննդի արտադրամասի զննման կետում օդանավ տարվող սննդի բեռնարկղերը ենթարկվում են զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով, դրանց վրա փակցվում է «զննված է» մակագրությամբ կպչուն պիտակ, այնուհետև բեռնարկղերը տեղադրվում են սնունդն օդանավ փոխադրող տրանսպորտային միջոցի բեռնախցիկում, որից հետո դրոշմակնքվում են նաև տրանսպորտային միջոցի բեռնախցիկի դռները:

113.3. Սննդի բեռնարկղերի համար նախատեսված դրոշմակնիքները և կպչուն պիտակները մշտապես պետք է գտնվեն հսկողության տակ:

113.4. Արտադրամասից մինչև օդանավ սննդի տեղափոխման ընթացքում սննդի բեռնարկղերը պետք է պաշտպանված լինեն չթույլատրված բացումից և վերահսկվեն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից:».

11) հավելվածի 127-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«127. Եթե փոխադրման ընդունված բեռները հնարավոր չէ զննել ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներով, ապա դրանք պետք է ենթարկվեն դիտողական զննման և մինչև օդանավ փոխադրելն առնվազն 24 ժամ պահվեն օդանավակայանի բեռնային համալիրում:»։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 9

Երևան